13:58
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Քանի դեռ բառը բերանիցդ դուրս չի եկել, ինքն է քո գերին, հենց որ բերանիցդ դուրս է գալիս, դու ես դառնում նրա գերին

2013-06-20 11:40

«Դե Ֆակտո» 41 (2009թ.)

-ԵՍ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ՉԵՄ ՏԱԼԻՍ,  ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՄ  ԱՇԽԱՏԵԼ…

Հարցազրույց ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության քաղաքական խորհրդի նախագահության անդամ, տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի հետ:

-Պարո՛ն Պողոսյան, ճգնաժամն ինչպե՞ս ազդեց Ձեր մարզի վրա: 

-Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հարվածեց գրեթե բոլոր պետությունների տնտեսությանը, և մեր երկիրը անմասն չմնաց այդ հարվածից: Բնականաբար, ճգնաժամն անտարբեր չանցավ  նաև մեր մարզի կողքով: Մեր մարզում աշխատատեղերի սղության պատճառով արտագնա աշխատանքի մեկնողների քանակը բավական մեծ է` չհաշված արտերկրում արդեն բնակություն հաստատած մարդկանց, ովքեր ֆինանսապես ապահովում են այստեղ ապրող իրենց հարազատներին: Արտագնա աշխատանքի մեկնողների քանակը  մոտավորապես քսան հազար է, սակայն ճգնաժամի  հետևանքով քսան հազար մարդուց միայն հինգ հազարը կարողացան մեկնել, փաստորեն, տասնհինգ հազար աշխատող ձեռք  մնաց տանը: Ճգնաժամով էր պայմանավորված նաև այն, որ կարտոֆիլը չիրացվեց: Դա մեր մարզի համար մեծ հարված էր: Եթե ամբողջ հանրապետության կարտոֆիլի պահանջարկը 600 հազար տոննա է, ապա մենք դրա կեսն արտադրում ենք:

-Այդ դեպքում մյուս կեսն ինչպե՞ս է իրացվում: 

-Կարտոֆիլն իրացվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեծ քանակությամբ` դրսում: Երբ Վրաստանը սահմանը մեկ շաբաթ  բացեց, այդ ժամանակահատվածում իրացվեց 500 տոննա կարտոֆիլ, որից հետո սահմանը փակվեց, և չկարողացանք կարտոֆիլն իրացնել: Իհարկե, իրացումն այլ կերպ էլ է լինում. վրացիներն  են գալիս մեր մարզից կարտոֆիլ գնում, բայց դա խնդրի լուծում չէ:

-Գյուղատնտեսության ո՞ր ճյուղերն են առավել զարգացած մարզում:

-Մարզում հիմնականում զարգացած է անասնապահությունը:

-Արդյունաբերության զարգացման միտումներ չկա՞ն:

-Արդյունաբերությունը զարգացած չէ, միայն  մեկ ոսկու հանք ունենք, որտեղ աշխատում է  250 մարդ: Նախկինում քաղաքը յոթ մեծ գործարան է ունեցել, որտեղ աշխատել են քաղաքաբնակները, բայց այսօր ժամանակները փոխվել են, այդ նույն քաղաքաբնակը անասուն է պահում, քաղաքացին քաղաքի կյանքով չի ապրում:

-Զբաղվածության խնդիրը լուծելու համար Ձեր կողմից  իրականացվե՞լ է  որևէ ծրագիր:

-Մեր մարզն արտադրության կարիք ունի, որպեսզի գյուղացին կարողանա մթերել իր մթերքը: Պարսկական մի ընկերություն  որոշել է մեր մարզում արտադրություն հիմնել: Այդ ընկերության ներկայացուցիչը հայ է, որի հետ մենք համագործակցության ծրագրեր ենք մշակում:  Նրանք ցանկանում են 15 մլն ԱՄՆ դոլար ներդրում կատարել և հիմնել մսի վերամշակման կոմբինատ, որի համար նրանց անհրաժեշտ է 10 հա տարածք:  Կոմբինատում աշխատելու հնարավորություն կունենա  շուրջ 600 մարդ: Կոմբինատի աշխատանքը կխթանի նաև անասնապահության զարգացումը: Բավականին բարձր գներով մթերելու են մանր և խոշոր անասունների միս:  Ես հնարավոր ամեն ինչ անում եմ, որ այս նախագիծն իրականա:

-Եթե անասնապահությունը զարգանա, արոտավայրե՞րն էլ կշատանան:

-Այո՛, իհարկե, մենք այսօր արոտավայրեր ունենք, որոնք չեն օգտագործվում: Արտադրության աշխատանքի դեպքում այդ տարածքները կօգտագործվեն:

-Գեղարքունիքի մարզը դրսում աշխատող գործարարներ շատ ունի: Ինչո՞ւ նրանք ներդրումներ չեն կատարում այստեղ:

-Ներդրում կատարելու համար անհրաժեշտ են նախապայմաններ, որոնք վստահություն կներշնչեն, որ ներդրված գումարները չեն կորչի և կծառայեն նպատակին: Մեր մարզը բավական հեռու է մայրաքաղաքից և պարփակված է իր ներսում: Բացի այդ` կարևոր են նաև բնակլիմայական պայմանները, որոնք մեր մարզում նույնպես նպաստավոր չեն: Գուցե նաև ՙՈրտեղ` հաց, այնտեղ` կաց՚-ն է խոսում նրանց հոգեբանության մեջ: Միանշանակ ասել չեմ կարող: 

-Մարզը համաչա՞փ է զարգանում, թե՞  շրջանների մեջ տարբերություններ կան:

-Տարբերություններ կան, բայց այդ տարբերությունը պայմանավորված է արտագնա աշխատանքի մեկնողներով: Օրինակ` Մարտունիում բուռն շինարարություն է ընթանում, երբեք չես մտածի, թե ճգնաժամը որևէ ազդեցություն  է թողել այդ շրջանի վրա: Արտերկրում աշխատող մեր համաքաղաքացիներն այստեղ առանձնատներ են կառուցում:  Բայց, օրինակ, Ճամբարակում բոլորովին այլ պատկեր է. քաղաք է, բայց քաղաքացիները միայն անասնապահությամբ են զբաղվում` փորձելով բավարարել իրենց ընտանիքի նվազագույն պահանջները: Վարդենիսի շրջանն աչքի է ընկնում իր մշակելի հողատարածքներով, այս հատվածը փոքր Արարատյան դաշտավայր ենք անվանում, որտեղից մեծ քանակությամբ բերք ենք ստանում: Սևանի շրջանում  զբոսաշրջության հետ կապված աշխատատեղեր  լինում են, բայց այս տարի չորս-հինգ օր են եղանակային պայմանները նորմալ  եղել: Ջրի ջերմաստիճանը 20˚C-ի չի հասել:

-Սևանը նաև թանկ հաճույք չէ՞:

-Այո՛, մենք երբեմն ասում ենք, որ Սևանում ամեն ինչ թանկ է, բայց հաշվի չենք առնում այն հանգամանքը, որ Սևանում մեծ ներդրումներ են կատարվել, և սեփականատերերը շտապում են վերականգնել իրենց գումարները, քանի որ զբոսաշրջության համար բնակլիմայական պայմանները կարճ ժամանակ են նպաստավոր լինում: Սևանում գումար ներդնելը ռիսկային է:

-Սևանի ջրի մակարդակի բարձրացման խնդրի վերաբերյալ ի՞նչ տեսակետ ունեք: 

-Այսօր ՀՀ նախագահին կից Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը, հանձին  հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի,  զբաղվում է այդ հարցով:

Ես` և՛ որպես Սևանի նախկին բնակիչ, և՛ որպես մարզպետ, երկընտրանքի մեջ եմ: Եթե ջուրն ավելացնենք, դրան զուգահեռ` մեծ անտառներ ենք կտրելու: Այս դեպքում հարց է առաջանում` մեզ անտա՞ռն է պետք, թե՞ ջուրը: Ջրի բարձրանալու համար մենք շուրջ 2000 հա անտառ ենք կտրելու: Ամեն դեպքում ես կողմնակից եմ այսօրվա ջրի մակարդակը  և անտառները  պահպանելուն:

-Մարզի կարևոր ճանապարհները վերանորոգվա՞ծ են:

-Ճանապարհների նորոգման ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվում: Սևանա լճի ջրի բարձրացման հետևանքով ճանապարհային խնդիրներ են առաջացել: Օրինակ` Լճաշենում աշխատանքներ են տարվում,  որ ճանապարհը  մոտավորապես 3մ բարձրանա: Այդ աշխատանքներն իրականացվում են պետության կողմից: Հաջորդ տարվա վերջին այդ բոլոր աշխատանքները կավարտվեն:

-Մարզում ջրամատակարարման խնդիրը լուծվա՞ծ է:  

-Խմելու ջրի հետ կապված` մենք լուրջ խնդիրներ ունենք, քանի որ խողովակները վատ վիճակում են: Մենք նախատեսել ենք ջրամատակարարման հարցը  լուծել սոցներդրումների ծրագրով:

-Գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցություն կա՞:

-Գյուղատնտեսության նախարարության հետ մենք ակտիվ համագործակցում ենք, նախարարի հետ մշտական շփման մեջ ենք: Գյուղնախարարության միջոցով մենք կարողացանք մաքրել  սելավատարը և  ազատել  մեր ազգաբնակչությանն այդ խնդրից, քանի որ ջուրը լցվել էր բնակիչների տների նկուղները:

-Մարզն առաջին հերթին ինչի՞ կարիք ունի:

-Մարզին օդի ու ջրի նման անհրաժեշտ է կարտոֆիլի վերամշակման  կոմբինատ, որ մեր ազգաբնակչությունը ազատվի մթերման խնդրից:

-Դուք` որպես մարզպետ,  խոստումներ տվե՞լ եք մարզի բնակչությանը:

-Սովորաբար ես խոստումներ չեմ տալիս, նախընտրում եմ աշխատել, իսկ եթե տալիս եմ, ապա շատ կարճ ժամանակում իրականացնում եմ դրանք: Մեր ազգաբնակչությունը շատ բան չի պահանջում` միայն ուշադրություն և ազնվություն: Եթե մեր մարզի բնակիչն  ինչ-որ հարցով դիմում է ինձ, ապա անկախ պատասխանից` անպայման ստանում է հստակ բացատրություն, թե ինչու մերժվեց կամ ընդունվեց իր խնդրանքը: Մեր բնակիչը մարզպետարանից խաբված դուրս չի գալիս:

-Կարո՞ղ ենք ասել, որ գյուղացին այսօր հողի հետ հույս չի կապում: 

-Հնարավոր է, մենք այդպիսի օրինակ ունենք: Մենք Ճամբարակի բնակիչներին առաջարկեցինք հողն անվճար սեփականաշնորհել և մշակել, բայց բոլորը հրաժարվեցին հողից, որովհետև սոցիալական ծառայությունից զրկվելու էին: Ակնհայտ է, որ գյուղացիները հողի հետ հույս չկապեցին: Չեմ կարող նրանց մեղադրել, քանի որ մեր բնակլիմայական պայմաններն իրոք ռիսկային են, բայց մյուս կողմից էլ` այս ամենի մեջ ես  վտանգ եմ տեսնում, քանի որ եթե  վախերով առաջնորդվենք,  ոչինչ չպետք է անենք:

-Պարո՛ն Պողոսյան, Դուք ընդունելության օրեր ունեք: Հատկապես ի՞նչ հարցերով են մարզի բնակիչները դիմում Ձեզ:

-Մարզում 240 հազար բնակիչ ունենք: Ամեն երեքշաբթի ինձ  մոտ ընդունելության օր է, իսկ ամեն ամիս գնում եմ մարզի որևէ շրջան` ազգաբնակչությանը հանդիպելու:

Ընդունելության օրերին հիմնականում գումարային խնդիրներով են ինձ դիմում, գումար են խնդրում որևէ հարց կարգավորելու համար: Օրինակ` այսօր տասներեք քաղաքացու եմ ընդունել, և նրանցից միայն մեկն է հողային հարցով դիմել մեզ:  Աշխատում եմ մեր ազգաբնակչությանն ամեն հարցով աջակցել:

-Մարզպետարանի բյուջեն հնարավորություն տալի՞ս է գումարային խնդիրները կարգավորելու:

-Կառավարությունը մեզ հնարավորություն ընձեռել է, որ կարողանանք բնակիչների փոքր խնդիրները լուծել, ամբողջ տարվա համար այդ նպատակով 20մլն դրամ հատկացում է արվում:

-Հիմնականում ի՞նչ խնդիրներ են լուծվում այդ գումարով:

-Մարզում բնակարանների տանիքային խնդիրներն են գերակշռում. կամ տանիքը կաթում է, կամ քամին է տանիքը տարել: Խնդիրները բազմապիսի են և տարաբնույթ: Նման խնդիրներն  ամբողջությամբ լուծել չենք կարող, պարզապես հնարավորինս աջակցում ենք մեր բնակչին:

Այս տարի մենք նաև սողանքային գոտի ունեցանք, այդպիսի բան չէր եղել. Այգուտ գյուղի կեսը դրա զոհը դարձավ: Կառավարության որոշմամբ` միջգերատեսչական հանձնաժողով ստեղծվեց և հիսուն տան տերերի գումար շնորհվեց: Մինչ այդ, նրանց տնակներ էինք տրամադրել, հիմա այդ տնակներն ազատ են: Մենք ընտանիքներ ունենք, որոնք բնակարաններ չունեն, ուզում ենք այդ տնակները նրանց տրամադրել:

-Ձեր աշխատանքը օրվա ո՞ր ժամերն է խլում, և ե՞րբ եք Դուք ազատ ժամանակ ունենում: 

-Ես աշխատում եմ առավոտյան ժամը իննից  մինչև  վեցն անց կեսը:  Աշխատանքից դուրս`  նույնպես աշխատում եմ ու ազատ ժամանակ շատ քիչ  եմ ունենում: Եթե ազատ  ժամանակ ունենում եմ, ապա այն անպայման անցկացնում եմ ընտանիքիս հետ:

-Թոռների հետ ժամանակ անցկացնել հասցնո՞ւմ եք:

-Այո՛, իհարկե: Ես անպայման նրանց հետ ժամանակ եմ անցկացնում, ավելի շատ` փոքրի հետ, քանի որ նա ինձ հետ է ապրում, մյուսները Հայաստանում չեն, տարին մեկ անգամ են գալիս Հայաստան:

-Ընտանիքն ի՞նչ դեր ունի աշխատանքում:

-Ընտանիքի դերը շատ կարևոր է աշխատանքում: Եթե ընտանիքի բարոյահոգեբանական մթնոլորտը լավ չէ, դու չես կարող հանգիստ և արդյունավետ աշխատել: Եթե տղամարդն ընտանիքում չկարողանա մթնոլորտ ձևավորել, ապա աշխատանքի վայրում նույնպես չի կարողանա:

-Կա՞ մի կարգախոս, որով Դուք առաջնորդվում եք:

-Իմ նշանաբանը միայն աշխատելն է: Ես միշտ ասում եմ`  տղամարդը երբևէ չպետք է սուտ խոսի: Ես շատ եմ կարևորում նաև տղամարդու պատասխանատվության զգացումն իր խոսքի և գործի համար: Միշտ ասում եմ` քանի դեռ բառը  բերանիցդ դուրս չի եկել, ինքն է քո գերին, հենց որ բերանիցդ դուրս է գալիս, դու ես դառնում նրա գերին:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...