14:17
12/22/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
-Ջավախքի ապագան մեր` հայերիս, ձեռքում է

2013-06-17 12:06

«Դե Ֆակտո» 50 (2010թ.)

Արամ Սանոսյան, գործարար

-Պարո՛ն Սանոսյան, կպատմե՞ք`  ի՞նչ ուղի եք անցել, մինչ հասնելն այն ամենին, ինչ այսօր ունեք:

-1989թ. ընդունվել եմ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ, սովորել եմ ՙՊատմություն և իրավունք՚ բաժնում: 1994թ. ավարտել եմ ինստիտուտը և մեկնել Ռուսատան: Այնտեղ ստեղծել եմ շինարարական ընկերություն, որը շինարարական բիզնեսի ոլորտ մուտք գործեց` նախաձեռնելով հիմնականում բնակելի տների շինարարություն: Շինարարական ընկերությունը գործում է մինչ այսօր:

2008թ. գարնանը ընտանիքիս հետ տեղափոխվել ենք Երևան և այսօր էլ բնակվում ենք Երևանում: Ունեմ երեք զավակ` մեկ տղա, երկու աղջիկ: 

-Ինչպե՞ս որոշեցիք գործունեություն ծավալել նաև Ջավախքում: 

-Ջավախքն այն տարածաշրջանն է, դեպի ուր, նախ և առաջ, ինձ  հոգուս կանչն է ուղղորդում, Ջավախքն իմ հայրենիքն է. այնտեղ եմ ծնվել, մեծացել: Այսօր Ջավախքն ավելի ծանր ու դժվարին վիճակում է, քան Հայաստանն ու  Ղարաբաղը: Վիճակը ծանր է հատկապես այն պատճառով, որ Ջավախքում նկատվում է մեծ մասշտաբների հասնող հայաթափություն: Վերջին 10-15 տարվա ընթացքում բնակչությունը 30-40 տոկոսով կրճատվել է: Ջավախքը պահելու միակ տարբերակը այնտեղ աշխատատեղեր ստեղծելն է:   

-Ինչպիսի՞ գործունեություն եք ծավալում Ջավախքում:

-Ջավախքում նախաձեռնել ենք մի շարք բիզնես-ծրագրեր: Առաջինը կարի ֆաբրիկան է, որը զբաղվում է ջինսերի  արտադրությամբ: Ֆաբրիկան հագեցած է ժամանակակից տեխնիկայով և բավականին  հզոր ռեսուրսներ ունի, որոնք կարող են նպաստել, որ մեր ներկայացրած ապրանքանիշը` ՙԱրամԱնի՚-ին, մոտ ապագայում մեծ ճանաչում և համբավ ձեռք բերի:

-Ջինսերի ապրանքանիշի անվանումն ինչո՞վ է պայմանավորված:

-Մեր ջինսերի ապրանքանիշը իմ և ավագ աղջկաս անունների միաձուլումն է` ՙԱրամԱնի՚:

-Ֆաբրիկան քանի՞ աշխատող ունի:

-Երկու հերթափոխով աշխատելու դեպքում ֆաբրիկան կարող է մինչև 500 աշխատող ունենալ: Այսօր աշխատում ենք մեկ հերթափոխով, 230-240 մարդ է աշխատում այնտեղ:

-Ուրիշ ի՞նչ ծրագրեր եք իրականացնում Ջավախքում: 

-Մենք ստեղծել ենք նաև գազային ընկերություն,որտեղ մշտական աշխատանքով ապահովված են հարյուրից ավել մարդիկ և այն  իրականացնում է գազաֆիկացման աշխատանքներ Ջավախքի տարածքում: Այդ  ընկերությունն 97 տոկոսով մեր սեփականությունն է: Մեկուկես տարվա ընթացքում մենք գրեթե 100 տոկոսով գազաֆիկացրել ենք Ախալքալաք քաղաքը, որի բնակչության գրեթե 70 տոկոսն օգտվում է բնական գազից: Այս տարի ծրագրել ենք նման աշխատանքներ իրականացնել նաև Նինոծմինդա քաղաքում, որտեղի աշխատանքները 100 տոկոսով կավարտենք մյուս տարվա վերջին:

Այս տարի մենք նախատեսել ենք գազաֆիկացման աշխատանքներ  իրականացնել նաև գյուղերում: Արդեն հինգ գյուղ գազաֆիկացված է: Կարծում եմ` 2-3 տարվա ընթացքում բոլոր գյուղերը  կգազաֆիկացվեն, և Ջավախքի ողջ բնակչությունը հնարավորություն կունենա օգտվել բնական գազից:  Այդ աշխատանքները կատարվում են մեր սեփական միջոցներով` առանց պետական ֆինանսական աջակցության:

Հաջորդ նախագիծը, որ մենք ուզում ենք իրականություն դարձնել,  տարածաշրջանում մեծ շուկա ստեղծելու ծրագիրն է: Իրականացվել են միջազգային բարձր որակի շինարարական աշխատանքներ, շուկան արդեն պատրաստ է:

-Կմեկնաբանե՞ք` ի՞նչ նկատի ունեք` տարածաշրջանում մեծ շուկա ստեղծել ասելով:

-Մեր նախագիծը ենթադրում է ստեղծել շուկա, որը  դառնալու է մեծ առևտրի կենտրոն` Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան-Հայաստան առևտրական խաչմերուկում: Ջավախքը չեզոք  տարածք է,  նրա աշխարհագրական դիրքը հիանալի հնարավորություն է տալիս և՛ ադրբեջանցիներին, և՛ թուրքերին, և՛ վրացիներին, և՛ հայերին միմյանց հետ առևտրական կապեր հաստատել, ինչպես նաև կբացվեն անհամեմատ մեծ քանակով աշխատատեղեր:

Մենք Ջավախքում կառուցել ենք նաև ալրաղաց, որն արդեն երեք տարուց ավելի է` գործում է: Ալրաղացը հագեցած է արդիական սարքավորումներով: Այն իր ողջ հզորությամբ գործարկելու դեպքում ամբողջ Ջավախքին կապահովի տեղական ալյուրով: 

-Ալրաղացում աշխատողների թիվը որքա՞ն է:  

-Ալրաղացը փոքր ձեռնարկություն է, 20 աշխատող ունի:

-Ապագա ի՞նչ ծրագրեր ունեք:   

-Մեր հիմնական նպատակն է առավել հզորացնել այն ծրագրերը, որոնք իրականացնում ենք: Այսինքն` եթե  մենք ունենք ջինսերի արտադրություն, որը եզակի է տարածաշրջանում, ապա պետք է  մեծացնենք դրանց արտադրությունը, ինչպես նաև սպառման քանակները: Այժմ աշխատանքներ են տարվում ռուսական, ուկրաինական շուկաների հետ կապեր հաստատելու ուղղությամբ:

-Ջինսերի որակական հատկանիշերի մասին ի՞նչ կասեք:

-ՙԱրամԱնի՚ ապրանքանիշը կրող ջինսերի որակը շատ բարձր է: Դրանում կարելի է համոզվել` ՙԱրամԱնի՚ ջինսեր կրելով: Ժամանակ է հարկավոր, որ  շուկան ուսումնասիրի և համոզվի դրանում: Կարծում եմ` մենք այդ փորձաշրջանը գրեթե անցել ենք:

-Հայաստան բերվո՞ւմ են այդ ջինսերը:

-Այո՛, Հայաստանում մեր ապրանքանիշը շրջանառության մեջ է: Մենք արդեն երևանյան փողոցներում տեսնում ենք մեր ջինսերը հագած մարդկանց, ովքեր մեծ գոհունակությամբ են խոսում ՙԱրամԱնի՚-ի մասին: ՙԱրամԱնի՚ ջինսերի հիմնական ներկրողը Հայաստան ՙԼուսինե՚ ՍՊԸ-ն է, որն իրացնում է մեր արտադրանքը հայաստանյան շուկայում:

-Հայաստանում ՙԱրամԱնի՚  ապրանքանիշը ներկայացնող խանութ չե՞ք նախատեսում բացել:

-Նպատակ, անշուշտ, ունենք Հայաստանում ունենալ ոչ թե մեկ խանութ, այլ խանութների ցանց: Դա, հավանաբար, կլինի մյուս տարի: Առայժմ, պարզապես ուզում ենք գնորդին սովորեցնել, որ մեր հագուստը շատ ավելի լավն է, որակյալ, քան չինականն ու թուրքականը, որից հետո  խանութ բացելը դժվարություն չի ներկայացնի:

-Հայաստանում գործունեություն ծավալելու լուրջ ծրագրեր ունե՞ք: 

-Հայաստանում` ոչ, նախընտրում եմ Ջավախքում իրականացնել ծրագրեր, որովհետև այնտեղ գործունեության լայն դաշտ կա, չկա մեծ մրցակցություն, կա մարդկային ռեսուրս, ինչպես նաև բարենպաստ հարկային դաշտ: Երևի ամբողջ տարածաշրջանում հարկային այդպիսի բարենպաստ դաշտ չկա, ինչպես Վրաստանում:  Վրաստանն այսօր շատ օրինապահ երկիր է, որտեղ բիզնեսի համար շատ նպաստավոր պայմաններ են ստեղծված:

-Հայաստանից այլ գործարարներ ներդրումներ անո՞ւմ են Ջավախքում:

-Այսօր ներդրողների մեծ արտահոսք է նկատվում Հայաստանից դեպի Վրաստան: Կան մեկ-երկու խոշոր ձեռներեցներ, որոնք արդեն գործունեություն ծավալում են Ջավախքում:

Ես կարող եմ խորհուրդ տալ  մեր հայ գործարարներին, որ նախընտրեն ներդրումներ կատարել Ջավախքում: Ջավախքը գրեթե 99 տոկոսով բնակեցված է հայերով ու այնտեղ շատ բարենպաստ պայմաններ կան բիզնեսի համար: Բիզնեսի համար ամենակարևոր գործոնը մարդկային ռեսուրսն է, որը  Ջավախքում կա. այնտեղ կարող է 100 խոշոր գործարան աշխատել:

-Ինչպիսի՞ն է վրացական իշխանության վերաբերմունքը հայ գործարարների նկատմամբ:

-Այսօր Վրաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ, անկախ ազգությունից, նույնիսկ ազգությամբ ռուսը, եթե նախընտրում է գործարարությամբ զբաղվել Վրաստանում, ապա այդ անձը կամ ընկերությունն արդեն հայտնվում է երկրի ուշադրության կենտրոնում, և իշխանությունները ամեն ինչով աջակցում են նրան: Նրանք այդ անում են, որ, առաջին հերթին, հզորանա իրենց երկիրը: Երևի ոչ մի երկրում այդպիսի վերաբերմունք չկա բիզնեսի և բիզնեսմենի հանդեպ, ինչպես Վրաստանում:

-Ջավախքի ծաղկումն ու հզորացումը մտավախություններ չի՞ առաջացնում վրացական իշխանությունների մեջ:    

-Իմ կարծիքով` պետությունն այսօր իր առջև խնդիր է դրել զարգացնել Ջավախքը, և ոչ միայն Ջավախքը, ողջ Վրաստանը: Ես ուզում եմ համեմատության ձևով պատասխանել: Ռուսաստանը գրեթե 10 տարի պայքարեց ու պայքարում է Չեչնիայում սեպարատիզմի դեմ: Ռուսաստանի իշխանությունները  համոզվեցին, որ զենքով կամ կոպիտ ուժով հնարավոր չէ սեպարատիզմի դեմ պայքարել, քանի որ սերնդափոխության բնական ընթացքում նոր սերունդն ավելի հզոր, ավելի դաժան է պայքարում, և այդ պայքարը կարող է 100-ամյակներ տևել: Իսկ սեպարատիզմի դեմ պայքարելու միակ միջոցը գործազրկության դեմ պայքարն է: Այդ պատճառով այսօր Ռուսաստանը հզոր միջոցներ է ներդնում  Չեչնիայում, որպեսզի, առաջին հերթին, մարդկանց ապահովի աշխատատեղերով: Երբ մարդը աշխատում է, ապահովված է կենսական բավարար պայմաններով, նրա մտքով անգամ չի անցնում դառնալ տեռորիստ կամ սեպարատիստ: Նույնը այսօր վրացական իշխանություններն են անում: Ջավախքում չի էլ եղել սեպարատիզմ: Որպեսզի ընդհանրապես չլինի, ամենալավ միջոցը մարդկանց աշխատատեղերով ապահովելն է, որն այսօր գիտակցում են  վրացական իշխանությունները: Մի գուցե կար ժամանակ, օրինակ, Շևարդնաձեի,  Գամսախուրդիայի ղեկավարման տարիներին, երբ իշխանությունը կմտածեր այնպես անել, որ Ջավախքը չզարգանա, որպեսզի այնտեղից հայերը հեռանային, բայց դա անցյալում էր:

-Նշեցիք, որ Վրաստանում բիզնեսի համար նպաստավոր պայմաններ են ստեղծված, որո՞նք են դրանք: 

-Բիզնեսի համար նպաստավոր պայման ասվածի առաջին կետը կոռուպցիայի բացակայությունն է, գործարարը ցանկացած  հարց կարող է լուծել առանց բյուրոկրատական քաշքշուկի: Մյուս նպաստավոր պայմանը հարկային օրենսդրությունն է: Վրաստանում օրենքները գործում են: Այդ  նույն օրենքները կան ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում, սակայն խնդիրն այն է, թե  որքանով են դրանք գործում:  Ես կարող եմ վստահեցնել, որ Վրաստանում ստվերային  տնտեսություն չկա և չկա օլիգարխների համակարգ, մոնոպոլիա: Գործարարը, լինելով նոր մարդ այդ երկրում, ոչ մեկից վախենալու խնդիր չունի. մի հզոր օլիգարխ չի հարվածի իր բիզնեսին կամ անձին:  Վրաստանում նաև շատ քիչ են հանցագործությունները: Վերջին մի քանի տարվա ընթացքում Վրաստանի իշխանություններին հաջողվեց գրեթե արմատախիլ անել հանցագործ գործունեությունը. այդ ընթացում չկա որևէ  չբացահայտված սպանություն:

-Ինչպե՞ս է դա նրանց հաջողվել:

-Դա, կարծում եմ, իշխանության կամքի դրսևորում է:

-Ջավախքի բնակչությունն այսօր ինչո՞վ է ապրում:

-Այսօր Ջավախքի բնակչությունը շատ ծանր կացության մեջ է հայտնվել: Նույնիսկ սովետական միության տարիներին Ջավախքի բնակչությունն ապրում էր Ռուսաստանում արտագնա աշխատանքի շնորհիվ. վեց ամիս աշխատում էին այնտեղ, մյուս մեց ամիսը` անցկացնում ընտանիքի հետ: Այսօր այդ համակարգը փլուզվեց, քանի որ Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները խզվեցին: Վրաստանի քաղաքացուն Ռուսաստանում աշխատանքի իրավունք չի տրվում, այդ պատճառով  արտագնա աշխատանքը գրեթե 90 տոկոսով կրճատվեց: Դա մարդկանց հարկադրեց, որպեսզի նրանք վաճառեն իրենց բնակարանները և  ընտանիքներով հեռանան Ջավախքից: Այդպիսիները շատ-շատ են:

-Ինչպե՞ս կարելի է դրա դեմն առնել:

-Այդ գործընթացն ընդհատելը շատ դժվար է լինելու: Եթե Ռուսաստանը ցանկանա, որպեսզի Ջավախքը չհայաթափվի, պետք է վրաստանի  բնակիչներին թույլ տա առանց դժվարությունների աշխատանք գտնել Ռուսաստանում:

-Ջավախքում աշխատատեղերն այդքան քի՞չ են:           

-Այո՛, շատ քիչ են: Այնտեղ հիմնականում գյուղատնտեսությունն է զարգացած, որը կարելի է համարել նաև չզարգացած, քանի որ գյուղացիներն իրենց աշխատանքում չեն օգտագործում արդիական տեխնոլոգիաներ, աշխատում են հին մեթոդներով, հնացած սերմերով: Նրանք նաև ինֆորմացիայի կարիք ունեն: Ես չեմ ասում, թե Հայաստանից թող ֆինանսական օգնություն տրվի նրանց, կարելի է ուղղակի աշխատանք տանել այն ուղղությամբ, որ մարդիկ սովորեն ճիշտ վարել գյուղատնտեսական աշխատանքները, որի արդյունքում` կբարձրանա նրանց արտադրանքի արտադրողականությունը:

Այսօր Ջավախքում գործում է ընդամենը 2-3 գործարան: ՙՇանթ՚ ընկերությունն իր քույր ձեռնարկությունն է բացել Ախալքալաքում: Պետք  է նշեմ, որ այժմ մի հզոր գործարան է կառուցվում Ջավախքում` գարեջրի գործարան:  Դա մեծ ներդրում է, հզոր գործարան է, իսկ նրա տիրոջը, ճիշտ է, ես ծանոթ չեմ, բայց համարում եմ իսկական հայրենասեր: Շատերն են գալիս, շատերն են փորձում. լավ է լինելու: Մի գուցե մեկ-երկու տարի հետո այդ գործարանների թիվը տասնապատկվի:

-Որքա՞ն է Ջավախքում ապրող հայերի թիվը:

-Ընդհանուր առմամբ, նշվում է մոտավորապես` 200 հազարի չափով տարածաշրջանում: Ախալքալաքում  և Նինոծմինդայում գրեթե 100 հազար մարդ է ապրում:

-Պարո՛ն Սանոսյան, ինչպիսի՞ն եք տեսնում Ջավախքի ապագան: 

-Ջավախքի ապագան մեր` հայերիս, ձեռքում է: Այստեղ մեծ դեր ունեն Հայաստանի իշխանությունները: Եթե Հայաստանի իշխանությունները ցանկություն ունեն Ջավախքը պահելու, ապա Ջավախքը կպահվի: Մի քանի հայրենասերներով երկիր պահել հնարավոր չէ: Այնտեղ  փաստացի 20-30 հազար աշխատատեղի կարիք կա: Հայաստանի իշխանություններն այսօր պետք է նպաստեն, հովանավորեն այն գործարարներին, որոնք ցանկանում են Ջավախքում ներդրում անել: Վրացական իշխանությունները ոչ միայն կողմ են դրան, այլ նույնիսկ  ամեն ինչով պատրաստ են  ընդունելու այդ բիզնեսմենին:

Ես նկատել եմ, որ որոշ քաղաքական գործիչներ, դիվանագետներ,  բիզնեսմեններ հայրենասիրական Ջավախք բառն արտաբերելիս հուզվում են, բայց նրանց արցունքները հակառակ ազդեցություն են թողնում, բոլորը հասկացել են, որ դրանք կեղծ են ու անիմաստ, մարդիկ չեն հավատում նրանց, քանի որ սերը խոսքերով չպետք է արտահայտել, այլ գործերով:

Ես կոչ եմ անում բոլորին, մինչև հայրենասիրական Ջավախք բառն արտասանելը, թող  մի քիչ մտածեն, թե իրենք ինչ են արել Ջավախքի համար, որովհետև այդպիսի քաղաքական գործիչներին Ջավախքում չեն սիրում: Թող խոսեն նրանք, ովքեր գործ են անում: 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...