18:48
11/18/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Նրա գործունեությունն ուղղված է հայկական երկու պետականությունների անկասելի հզորացմանը

2013-06-14 11:16

«Դե Ֆակտո» 69 էքսկլյուզիվ (2012թ.)

 

Էբա Բաբայան, աշխ.գ.թ., պրոֆեսոր

 Հայկական պետականության կայացման գործում իր կարևոր դերն ու նշանակությունն է ունեցել ազգի համախմբվածությունը։ Եվ այս առումով հատկանշական է մարդկանց ինքնակամ համախմբումը այնպիսի անհատների շուրջ, որոնք, առանց կողմնակի հորդորների, միշտ պատրաստակամորեն իրենց լուման են ներդրել հայրենիքի հզորացման գործում։

 Անշուշտ, այդպիսի անհատներից է նաև Սպարտակ Մելիքյանը, ով վերջին տարիներին մեր հանրության լայն շրջանակների կողմից ճանաչվեց որպես «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցության նախագահ, Աժ պատգամավոր, նաև «Գարդմանա երկիր» հ/կ պատվավոր նախագահ։ Նրա գործունեությունը, ինչպես տարիներ առաջ, այսօր էլ նպատակաուղղված է մնում հայ մարդու բարեկեցության բարձրացմանը, նրա արժանապատիվ ապագայի համար նախադրյալների ձևավորմանը, հայոց մեծ հայրենատիրության գաղափարի կենսագործմանն ու հայկական երկու պետականությունների` ՀՀ-ի և ԼՂՀ-ի, հետագա անկասելի հզորացմանը։ Խորապես գիտակցելով, որ Հայաստանի Հանրապետությանը` իր տարածքի փոքրության և բնական ռեսուրսների սակավության պատճառով, վիճակված է զարգացման հիմնական շեշտադրումները կատարել ազգի մտավոր ներուժի վրա, Սպարտակ Մելիքյանը, արդեն որերորդ տարին, իր հետևողական ջանքերն է գործադրում Հայաստանում մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ։ Այդ մասին է վկայում, մասնավորապես, Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի բազմամյա, բեղուն գործունեությունը։ Համալսարանում, եռամսյա պարբերականությամբ, հրատարակվում է «ՀՀ սոցիալ տնտեսական կայուն զարգացման հիմնախնդիրները» գիտական հոդվածների ժողովածուն, որը համապատասխանում է ԲՈՀ-ի կողմից հաստատված բոլոր պահանջներին։ Դրանում տեղ են գտնում հայ անվանի տնտեսագետների գիտական հոդվածները` նվիրված մեր տնտեսության տարբեր ոլորտներին։ Բացի այդ, համալսարանի գիտական խորհրդի երաշխավորությամբ տարեկան թողարկվում են 8-12 տպագիր հրատարակումներ, ուսումնամեթոդական ձեռնարկներ, գրքույկներ և բառարաններ։ Անց են կացվում գիտական գիտաժողովներ` ժամանակակից, համընդհանուր հետաքրքրության թեմաների վերաբերյալ։ Ըստ Սպարտակ Մելիքյանի, յուրաքանչյուր երկրի հզորությունը և միջազգային հեղինակությունը պայմանավորված են ոչ միայն և ոչ այնքան զբաղեցրած տարածքով ու բնակչության թվով, որքան` գիտելիքով ու դրա հիման վրա ստեղծված արտադրությամբ։ Կրթության զարգացման տնտեսական հիմնավորումը նախևառաջ կապված է տնտեսությունը համապատասխան որակավորմամբ կադրերով ապահովելու հետ։ Հայաստանում առկա մարդկային և գիտա-կրթական ռեսուրսի պայմաններում վերոհիշյալ խնդիրը կարող է լուծում ստանալ արդյունավետ և տնտեսության հետ հաշվեկշռված կրթական ռազմավարության պայմաններում։ Միաժամանակ, տնտեսության հաջող զարգացումը մեծապես պայմանավորված է գիտատար արտադրական ճյուղերի առաջընթացով։ Սպարտակ Մելիքյանը գտնում է, որ տնտեսական զարգացման գործում գիտության և կրթության դերի մեծացման պայմաններում նպատակահարմար կարող է դիտարկվել ոչ միայն այդ բնագավառների, այլև տնտեսության գիտելիքահենքային հատվածներում մոնիթորինգային համակարգի ներդրումը։

 Պարոն Մելիքյանը, լինելով հայ լավագույն տնտեսագետներից մեկը, չի կարող անտարբեր լինել բուն տնտեսական խնդիրների նկատմամբ։ Նրա` որպես տնտեսագետի, նաև ԺԱԿ կուսակցության նախագահի և ԱԺ պատգամավորի, ուշադրության կենտրոնում է եղել ՀՀ-ում փոքր և միջին բիզնեսի զարգացման խնդիրը։ Այս ոլորտին է նվիրված Սպարտակ Մելիքյանի պաշտպանած ատենախոսականը։ Հաշվի առնելով այն փաստը, որ փոքր և միջին բիզնեսը հիմնականում ապահովում է տնտեսության ճկունությունը և նոր տեխնոլոգիաների ներհոսքը, պարզ է դառնում, թե որքանով է կարևոր այս ոլորտը ՀՀ ողջ տնտեսության համար։ Սպարտակ Մելիքյանը խորապես գիտակցելով փոքր և միջին բիզնեսի դերն ու նշանակությունը` փորձ է արել իր լուման ունենալ այս չափազանց կարևոր ոլորտի կայացման հարցում։ Նա տնտեսական ազատ մրցակցային համակարգի ջատագովներից մեկն է, և փոքր և միջին բիզնեսի զարգացման հիմքը տեսնում է միայն այս համատեքստում։ Նա գտնում է, որ ներկա պայմաններում անհրաժեշտ, խիստ հրատապ է ՀՀ փոքր և միջին բիզնեսի համար առավել հարմարավետ կլիմայի ստեղծումը, որը չի կարող իրականցվել առանց օրենքի գերակայության։ Ըստ նրա, փոքր և միջին բիզնեսի զարգացումը եղել է, և կա, Հայաստանի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման կարևոր նախապայմաններից մեկը, թեպետ, ավաղ, այս ոլորտը Հայաստանում դեռևս չի գտել իր արժանի տեղը։ Վերը գրվածը հատուկ ընդգծելով՝ պետք է նաև նշել, որ Սպարտակ Մելիքյանը` երկրի օրենքները գրողներից մեկը, իր և իր գործընկերների հիմնական խնդիրներից մեկն է տեսնում ՀՀ տնտեսական համակարգի ամրացումը և աղքատության նվազեցումը, մասնավորապես, փոքր և միջին բիզնեսի զարգացման ճանապարհով։ Նա ողջ պատասխանատվությամբ հասկանում է, որ կայուն տնտեսական զարգացման ճանապարհը լի է բազմաթիվ ներքին և արտաքին խոչընդոտներով, սակայն այդ հարցում առաջընթացի ապահովումը, ինչ-որ իմաստով, թույլ կտա ամրապնդել ՀՀ պետականությունը հետագա տարիների ընթացքում։ Այս համատեքստում Սպարտակ Մելիքյանը համոզված է, որ համախմբված, միասնական և նպատակաուղղված աշխատանքը հայկական օրենսդիր մարմնում, անպայման կտա իր դրական արդյունքները։ Ըստ նրա՝ խորհրդարանական աշխատանքը անընդհատ գործընթաց է, որն ամեն օր առաջադրում է նորանոր հրատապ խնդիրներ։ Սակայն Սպարտակ Մելիքյանի հետաքրքրությունների շրջանակը չի սահմանափակվում միայն այսքանով. հանդիսանալով «Գարդմանա երկիր» հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ՝ նա ԱԺ ամբիոնից բարձրաձայնում է փախստականների խնդիրների մասին` միաժամանակ իր գործնական, կոնկրետ մասնակցությունը  բերելով դրանց լուծման գործին։ Հասկանալով, որ փախստականներն արդեն հանդիսանում են մեր հասարակության լիարժեք անդամները, նա ակնկալում է, որ մոտ ապագայում «փախստական» տերմինը` տվյալ համատեքստում, դուրս կմղվի մեր բառապաշարից։ Նրա առաջնահերթ խնդիրներից է հասարակական կյանքում փախստականների համակողմանի, լիարժեք և վերջնական ինտեգրմանն աջակցելը։ Սպարտակ Մելիքյանը հետագա խորհրդարանում իր գործունեությունը շարունակելու պարագայում պատրաստ է իր սեփական ներուժը դնել փախստականների խնդրի վերջնական լուծմանը հասնելու գործում։

 Պարոն Մելիքյանը, սակայն, լուրջ ուշադրություն է դարձնում ոչ միայն ներքին խնդիրներին։ Օրինակ, որպես ԱԺ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ, նա գործնականորեն կարևորում է ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության հետագա խորացումը` ինչպես ռազմաքաղաքական և հումանիտար, այնպես էլ տնտեսական բնագավառներում։ Միաժամանակ, նա նաև գիտակցում է, որ ՀՀ 20-ամյա անկախ պետության ամրապնդման գործում էական նշանակություն ունեն միջազգային ներդրումային ներհոսքերը։

 Այսպիսով, ամփոփելով վերն ասվածը, կարիք կա ևս մեկ անգամ նշելու, որ ՀՀ պետության հետագա զարգացումն անհնար է առանց մեր ժողովրդի մտավոր ներուժի և կարողությունների գործնական կարևորման։ Հետևապես, Սպարտակ Մելիքյանի և այլ նվիրյալ հայորդիների հետագա ակտիվ ներգրավումը երկրի առջև ծառացող մարտահրավերների հաղթահարման գործում, հարկ է ընդունել հայկական պետության զարգացման առանցքային նախապայմաններից մեկն է։



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-10-01 12:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց