07:31
04/18/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայ-վրացական հարաբերությունների սերտացմանը զուգահեռ՝ Ջավախքն ավելի շատ կզգա մայր հայրենիքի աջակցությունը

2013-06-11 11:07

                           «Դե Ֆակտո» 72 (2012թ.)


Տաճատ Վարդապետյան, ՀՀ ԱԺ պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» հ/կ համանախագահ

-Պարո՛ն Վարդապետյան, շուտով կձևավորվի նոր Ազգային ժողով։ Ինչպե՞ս կգնահատեք խորհրդարանի հինգ տարիների աշխատանքը։

-Ես  խորհրդարանի աշխատանքները բարձր եմ գնահատում, հատկապես Հովիկ Աբրահամյանի ղեկավարության տարիներին։ Հինգ տարիների ընթացքում խորհրդարանը բազում օրենսդրական նախաձեռնություններ է կյանքի կոչել, որոնք միտված են Հայաստանի Հանրապետության կայուն զարգացմանը, հասարակական կյանքի որակական փոփոխություններին։

Լինելով պոեզիայի մեծ սիրահար և նաև «Դեպի Ջավախք» կոչվող բանաստեղծությունների փոքրիկ ժողովածուի հեղինակ՝ ուզում եմ հատկանշել, որ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո, նրա նախաձեռնությամբ մեկնարկեց ասմունքի փառատոնը։ Մոտ 130 հազար հայ աշակերտներ հաղորդակից եղան հայ պոեզիային։ Կարևորն այն է, որ շատ գնահատելի ավանդույթ  ստեղծվեց  Հովիկ Աբրահամյանի կողմից, որը շարունակական բնույթ  կունենա։

Խորհրդարանի վերջին շրջանի աշխատանքներից կուզենայի առանձնացնել նաև մեր վերջին այցը Թբիլիսի։ ԱԺ փոխխոսնակ Աամվել Բալասանյանի հետ մեկնեցինք Վրաստան, եղանք նրանց  խորհրդարանում, հանդիպեցինք Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակին՝ Միխեիլ Մաչավարիանիին։  Հետագա համագործակցության բավականին լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, որոշեցինք համատեղ նիստերից մեկն  անպայման Ջավախքում անցկացնել։ Հետաքրքրականն այն էր, որ վրացական կողմն  ընդունում է այն ցանկալի իրողությունը, որ Ջավախքը պետք է լինի հայ-վրացական հարաբերությունների հյուրասեղանը, այն ստուգատեսը, որտեղ տեղի ունեցող բարեփոխումները պետք է վկայեն հայ-վրացական հարաբերությունների մակարդակի բարձրացման մասին։  

Ջավախքը հոգսաշատ է և մայր հայրենիքի, մայրական հոգածության կարիքն ունի։ Ինձ թվում է՝ ժամանակի ընթացքում, հայ-վրացական հարաբերությունների սերտացմանը զուգահեռ, Ջավախքն ավելի շատ կզգա մայր հայրենիքի աջակցությունը։ Դրա համար պետք է զարգանա նաև խորհրդարանական դիվանագիտությունը։

-Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ հայ-վրացական հարաբերությունների սերտացումից։

-Այսօր մենք բավականին խնդիրներ ունենք Ջավախքի հետ կապված՝ սկսած մաքսակետերում մաքսազերծման պայմաններից, բեռների փոխադրման, սահմանային կետերում  սահմանային ծառայության խնդիրներից, մինչև հայկական գրականությունն անարգել  Ջավախք տեղափոխելը։ Մենք պետք է հիշենք, որ Վրաստանում մոտ կես միլիոն հայ է ապրում, որոնք անընդհատ կապի մեջ են մայր հայրենիքի հետ, իսկ մենք փորձում ենք տարբեր ծրագրերով խթանել այդ կապի խորացմանն ու ամրապնդմանը, այդպիսին էր, օրինակ, ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրը։

-Կարո՞ղ ենք ասել, որ ԱԺ-ում Դուք ձեր առաքելությունն եք համարում Ջավախքի խնդիրների լուծմանը հետամուտ լինելը։

-Միանշանակ, ես դա իմ առաքելությունն եմ համարում և շատ ուրախ կլինեմ, եթե նոր ձևավորվող ԱԺ-ում ջավախքցի պատգամավորների թիվն ավելանա, թեև միայն Ջավախքի խնդիրներով չէ, որ ես պետք է զբաղված լինեմ ԱԺ-ում։ Ես պատրաստ եմ մասնակցելու ԱԺ բոլոր աշխատանքներին։

-Ըստ Ձեզ՝ կհաջողվի՞ ստեղծել նոր որակի Ազգայի ժողով։

-Ինձ մոտ նախ լավատեսի ակնկալիքն է գործում ու նաև բացասման բացասման փիլիսոփայությունը, որ ամեն հաջորդը պետք է նախորդից որակապես բարձր լինի։ Հաջորդ խորհրդարանը պետք է ավելի լուրջ նվաճումներ ունենա։

-Ի՞նչ ծրագրեր կան, որոնց լուծումն արդեն կապում եք հաջորդ խորհրդարանի հետ։ 

-Բազում ծրագրեր կան և ուրվագծվում են կապված հայ-վրացական փոխհարաբերությունների ջերմացման հետ։ Ուզում եմ, որ առկա  խնդիրների լուծումը  բարեկամության, ձեռքսեղմումի, փոխադարձ հարգանքի ձևավորման արդյունքում լինի։ Ես դեմ եմ գործընթացի հեղափոխական դրսևորումներին։ Երբեմն թեժ կոչեր են հնչում ավելի ջավախքասեր երևալու համար։ Համաձայն եմ, որ պետք է լուրջ բարեփոխումներ իրականացնել Ջավախքում, սակայն կրակոտ ելույթները պետք է զուգորդվեն քաղաքական հեռատեսությամբ, այլապես դրանք չեն ծառայի իրենց  նպատակին։

Դրականն այն է, որ Ջավախքում ներդրումները խրախուսվում են Վրաստան պետության կողմից։ Անցյալ տարի իմ ակտիվ միջնորդությամբ Ջավախքում գործարկվեց «Բալլիս» գարեջրի գործարանը։ Այդ միջոցառմանը ներկա էր բավականին ներկայացուցչական կազմ և՛ Վրաստանից, և՛ Հայաստանից։ Ջավախքահայերը շատ ոգևորված էին։

-Քանի՞ աշխատատեղ բացվեց։

-Բացվեց 120 աշխատատեղ, բայց այդ թիվը կկրկնապատկվի։

-Ինչպե՞ս կգնահատեք «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ծրագրերը Ջավախքում։

-«Տաշիր» բարեգործական հիմնադրամը ամենաբարձր գնահատականին է արժանի, չնայած Կարապետյան եղբայրները վերապահումով են մոտենում իրենց հասցեին հնչեցվող գովեստի խոսքերին։ Երբ Կարեն Կարապետյանը թողեց իր պաշտոնը, շատ ընդդիմախոսներ կարծում էին, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կփոխի իր գործունեության ուղղությունը, կնվազեցնի բարեգործությունների, ներդրումների քանակը։ Բայց եղավ հակառակը՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամն ավելի ընդլայնեց իր գործունեության աշխարհագրությունը՝ ներգրավելով նաև Ջավախք աշխարհը։

Ամանորի նախաշեմին «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից Ջավախքի նախադպրոցական և դպրոցական մոտ տաս հազար  մանուկների ամանորյա նվերներ բաժանվեցին (իմ ուղեկցությամբ)։ Ամանորին հիմնադրամը նվերներ էր նախապատրաստել նաև Ախալցխայի և Ասպինձայի վրացական դպրոցների երեխաների համար։

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի իրականացրած վերջին՝ կրթական ծրագիրը, հիմնադրամի բարեգործության քարավանի ոսկե օղակներից մեկն էր, որի շնորհիվ միայն 120 բարձր առաջադիմություն դրսևորած ջավախքահայ ուսանողներ արժանացան 200 հազար դրամի չափով դրամական աջակցության։ Պետք է խոստովանենք, որ այդ աջակցության կարիքը նրանք, անշուշտ, ունեին։ Այդ ծրագրում «Վիրահայերի միասնություն» հ/կ-ն ակտիվ մասնակցություն ունեցավ ուսանողների ցուցակների ճշտման գործում։

Շուտով «Տաշիր» բարեգործական հինադրամի հովանավորությամբ լույս է տեսնելու Վ. Տերյանի բանաստեղծությունների լիակատար ժողովածուն, որի խմբագրական խորհրդի նախագահը Կարեն Կարապետյանն է։

 

-Պարո՛ն Վարդապետյան, Դուք նաև «Վիրահայերի միասնություն» հ/կ համանախագահն եք։ Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն է Ձեր հ/կ-ի քաղաքական դիրքորոշումը։

 

-«Վիրահայերի միասնություն» հ/կ-ն առաջիկա ընտրություններին սատարելու է ՀՀԿ-ին, որի համամասնական ցուցակում նաև ես եմ ընդգրկված։ Մեր հասարակական կազմակերպությունը և Հայաստանի հանրապետական կուսակցությունը արդեն հինգ տարուց ավելի է, ինչ համագործակցում են։ Մենք ՀՀԿ-ն համարում ենք կայուն և հուսալի  հեռանկար ունեցող, ազգային գաղափարախոսությունը միշտ վառ պահող քաղաքական ուժ, որի գործունեությունը միտված է Հայաստանի Հանրապետության առաջընթացին և զարգացմանը։

-Պարո՛ն Վարդապետյան, Դուք կարող եք ավելի ճշգրիտ բնորոշել ջավախքահային։ Ինչպիսի՞ հատկանիշերով են օժտված ջավախքահայերը։

-Այդ հարցին պատասխանելիս պետք է մի քիչ գլուխ գովեմ։ Ինձ համար ջավախքցին հայի կատարյալ տեսակն է իր լեռնական թույլատրելի կոպտությամբ, առնականությամբ, հաստատակամությամբ, անդավաճանությամբ և հայրենիքի նկատմամբ ունեցած հավերժական նվիրումով։

Կարծում եմ՝ ջավախքցի կինը հայ կնոջ ամենականացի տեսակն է։ Իմ գնահատմամբ՝ կանացիության ամենաընդգծված որակը կնոջ հնազանդությունն է։

Ջավախքից էն կողմ էլ ի՞նչ սրբություն,

Էլ ի՞նչ Էվերեստ, երբ Աբուլը կա,

Տերյանից բացի կա՞ հավերժություն,

Ի՛մ հուր ու հրաշք Փարվանան վկա։

 

Լեռների գահին բազմած իմ երկիր,

Իմ ջիվանատուն, հյուրընկալ Ջավախք,

Տա՛ր մանկությունս քո պաղ ջրերում,

Իմ ոսկի անձրև, ցավ, կարոտ ու բախտ…

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...