05:02
12/27/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մարդն իր կյանքի ընթացքում ընտրության անսահման հնարավորություն ունի

2013-06-11 10:57

                            «Դե Ֆակտո» 8 (2007թ.)

Հետաքրքիր է, չէ՞, որ մարդը իր կյանքի ընթացքում ընտրության անսահման հնարավորություն ունի, բացի երեք բանից. մարդը չի կարող ընտրել իր հայրենիքը, չի կարող ընտրել իր ծնողներին, և անհնարին է ընտրել սեփական զավակներին։  Մարդը հնարավորություն ունի նույնիսկ իր մահվան օրն ընտրել, բայց ոչ ծննդյան։ Ահա, թե որտեղ է գաղտնիքը… Երեք սահմանափակում, որն ի սկզբանե Աստված դրել է մարդու առջև։

Եվ երևի թե այս Անհնարին Երեքը մեզ մտորելու տեղիք պիտի տա.

ժամանակը հոսում է, փոխվում են հասարակարգերը, ճաշակը, կորուսյալ հոգիները հազարամյակների հեռուներից վերադառնում են տուն ու գտնում իրենց կորցրած մարմինները։ Ժամանակի ու շարժման խաչմերուկում սառույցները համառորեն հեռանում են հյուսիս, ժայռերն աննկատ դառնում են ավազ և ապառաժի հիշողությունն իրենց մեջ պահած՝ հոսում են հարավ՝ իրենց տակ թաղելով ամենայն կենդանություն՝ պատմություն, քաղաքակրթություն և մեր՝ ապրողներիս խեղճ կենսագրությունը։ Ապրողներ, որոնք հնարավորություն ունեն ընտրելու բնակավայր, սիրած մարդ, պատգամավոր, կոշիկ, երգ… ասենք թեկուզ՝ աշխարհքումս իմն դուն իս կամ  ի՜նչ տխուր է Վենետիկը, երբ մենք իրար չենք սիրում։ Եվ հնչում է երգը, ա՜խ, ինչպես է հնչում, այնինչ մեր բոլորի հիացմունքի ու սիրո ծիրից հեռու Վենետիկ հրաշալի քաղաքը աննկատ սուզվում է ծովի ջրերում։ Եվ մեծամեծ գործեր անելու մեր ցանկությունը մնում է՝ որպես Արարատին նետած քար։

Ի՞նչ է մնում մեզ. Աստծո դրած երեք արգելքը սրբորեն պահպանել՝ Հայրենիք, Ծնող, Զավակ  և Մեր Սերը, Սերը  անվախճան, որոնցից մենք փախուստ չունենք, քանզի չենք կարող հաղթահարել…

 Ուրեմն, սիրելինե՛ր, վաղը մենք մեր միայնակ, բայց նշմարելի ձայնով գնում ենք ընտրությունների։ Խնդրում եմ՝ մի՛ մոռացեք Մեր Հայրենիքը, Մեր Ծնողը, Մեր Զավակը, Մեր Սերը,  որը մեր չժանգոտվող արյան հավերժական հետագիծն է այս հայտնիի և անհայտի աշխարհում։

Մերուժան Տեր-Գուլանյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...