08:19
09/19/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Երբ գեղեցիկն այսքան անուշ է…

2013-06-07 11:17

«Դե Ֆակտո» 54 (2010թ.)

«Արթսուիթ» ընկերությունն այս տարի տոնում է իր հիմնադրման 20 ամյակը։ Ընկերությունը տարեցտարի  ընդլայնվող իր անուշահամ տորթերի, թխվածքի և քաղցրավենիքի  լայն տեսականիով, բարձր որակով և յուրահատուկ դիզայնով` հանդիսանում է առաջատարներից մեկը հրուշակեղենի արտադրության ոլորտում։

 «Արթսուիթ» ընկերության հիմնադիր տնօրեն Նաիրա Բալասանյան

-Տիկի՛ն Նաիրա, ե՞րբ և ինչպե՞ս որոշեցիք գործունեություն ծավալել հրուշակագործության բնագավառում։ 

-1990թ.-ն էր, երբ արդեն ավարտել էի թեկնածուական դիսերտացիայի գործնական մասը և կայացել էր նախնական պաշտպանություն։ Մասնագիտությամբ քիմիկոս եմ, սակայն այդ դժվարին տարիներին էլեկտրաէներգիայի բացակայությունը գրեթե անհնարին էր դարձրել լաբորատոր աշխատանքների իրականացումը։ Ուստի, քանի որ չէի կարող մնալ անգործ` որոշեցի սեփական գործունեություն ծավալել։ Չմոռանանք, որ քիմիան համարվում է նաև գիտական խոհանոց, որը ինձ բավականին հոգեհարազատ է. այդ է պատճառը, որ ընտրեցի հենց այս ոլորտը։ Սկզբնական շրջանում թխվածքի արտադրությամբ զբաղվելը լուրջ բնույթ չէր կրում, սակայն սպառողի պահանջը ստիպեց վերջնական ընտրություն կատարել քիմիայի և հրուշակագործության միջև. փաստորեն վերջնականապես հրաժեշտ տվեցի քիմիային, որի համար այսօր  և՛ ափսոսում եմ, և՛ ոչ։ Սկսեցի ավելի լուրջ վերաբերվել ձեռնարկածս գործին, և 20 տարիների աշխատանքի արդյունքն այսօր արդեն ակնհայտ է` «Արթսուիթ» ընկերությունը տորթերի և թխվածքի  արտադրության բնագավառում առաջատարներից մեկն է։ Ներկա դրությամբ ընկերությունն արտադրում է ավելի քան 60 անուն խմորեղեն, ինչպես նաև ունի  թեմատիկ տորթերի անսահման մեծ տեսականի։ 

-Ո՞րն է Ձեր ընկերության առանձնահատկությունները, և ինչո՞վ եք տարբերվում շուկայում գործող մյուս ընկերություններից։

-Շուկայում տարբերվում ենք տորթերի ու թխվածքի ինչպես դիզայնի, այնպես էլ համի հաճախակի փոփոխմամբ։ Յուրաքանչյուր դիզայնի փոփոխմամբ, փոխվում է նաև համը, որին զուգահեռ, իհարկե, աշխատում ենք միշտ բարձր պահել որակը։ Կրեմային արտադրանքի թարմության հարցում սպառողների կայուն վստահության համար նպատակահարմար ենք գտել մեր ապրանքատեսակների իրացումը կազմակերպել միայն  «Արթսուիթ»-ի ֆիրմային խանութներում։ Իսկ խմորների ու կրեմների հատուկ բաղադրատոմսերը մշակված են իմ կողմից։ Օրինակ` այսօր բոլորին հայտնի «Կարալ» թխվածքը ստեղծել եմ ես, սակայն այն արդեն առաջարկվում է գրեթե բոլոր սրճարաններում և խանութներում։

-Դիզայներները, մասնագետներն  որքանո՞վ են պրոֆեսիոնալ և  արդյո՞ք բարեխիղճ  են։

-Բոլոր մասնագետները բավականին պրոֆեսիոնալ և բարեխիղճ են։ Տորթերի դիզայնի վրա աշխատում են պրոֆեսիոնալ նկարիչներ, ովքեր ավարտել են Երևանի պետական գեղարվեստի ակադեմիան։ Նրանք  կարող են տորթերի վրա նկարել ցանկացած մարդու դիմանկար, ցանկացած պատկեր, ինչ ցանկանում է հաճախորդը. ցանկացած մտահղացում իրականություն կարող է դառնալ մեր փորձառու մասնագետների կողմից։

-Ունե՞ք աշխատանքային սկզբունքներ։

-Արտադրական գործընթացն իրականացվում է առանձնացված ընթացակարգերով` մաքուր և հարմարավետ պայմաններում։ Ինձ համար աշխատանքային առաջնային սկզբունքը աշխատանքի մեջ սանիտարահիգենիկ կանոնների պահպանելն է, որը մեր արտադրամասում խիստ է դրված. բոլորն աշխատում են համապատասխան համազգեստով և պարտադիր կրում են գլխարկներ ու ձեռնոցներ։ Բոլոր աշխատակիցները պարտադիր պայմանով պարբերաբար անցնում են նաև բուժստուգումներ։

-Տիկի՛ն Նաիրա, երկու ամիս է ինչ բացել եք խանութ-սրճարան։ Ո՞րն էր սրճարան բացելու նպատակը։

-Նոր խանութ-սրճարանի բացման հիմնական նպատակն է` էլ  ավելի ընդլայնել սպառման ցանցը, որպեսզի ավելի մատչելի և հասանելի լինենք բոլորին։ Սրճարանում կարող են ճաշակել ոչ միայն ֆիրմային թխվածքի լայն տեսականի, այլև փորձառու խոհարարների կողմից պատրաստված պիցցաներ, սենդվիչներ, «ռուսական» կարկանդակներ, նրբաբլիթներ և աղցանների լայն տեսականի։ Օգտագործում ենք թարմ, տեղական մսամթերք, ըստ որի` ավելի է բարձրանում առաջարկվող տեսականու պահանջարկը։

-Մրցակցային դաշտն ինչպիսի՞ն է, կա՞ն այս բնագավառում լուրջ մրցակիցներ։

-Այս ոլորտում չի կարելի ասել` մեկը մյուսից առավել կամ պակաս է։ Բոլորը փորձում են իրենց արտադրանքը  պահել որակական և համային բարձր մակարդակի վրա։ Արտադրանքի որակի ապահովման կարևոր գործոն է բարձրորակ հումքի ընտրությունը։ Մենք միշտ աշխատում ենք նույն մատակարարների հետ և պարտադիր պահանջում ենք որակի սերտիֆիկատ։

-Ո՞րն է Ձեր ընկերության կարգախոսը։

-«Արթսուիթ» ընկերությունն իր յուրահատուկ ձևավորմամբ և համային անկրկնելի հատկանիշներով ընդունել է իրեն համապատասխան կարգախոս` «երբ գեղեցիկն այսքան անուշ է»։

-Տիկի՛ն Նաիրա, իսկ Ձեզ համար, որպես կին, դժվար չէ՞ ստեղծել և ղեկավարել բիզնես։

-Կյանքում դժվար է ամեն ինչ։ Կարծում եմ` դժվարությունը մարդու համար է և այն պետք է հաղթահարել նպատակաուղղված աշխատանքով. չէ՞ որ  արդյունքը միշտ հանում է  հոգնածության զգացումը և դրական զգացողություններով պարուրում քեզ։

-Ո՞րն եք համարում Ձեր հաջողության գրավականը։

-Ես մշտապես օգտվում եմ գրականությունից, շատ հետևողական եմ բոլոր հարցերում, բծախնդիր եմ հումքի ընտրության մեջ և միշտ հետևում եմ բոլոր նորամուծություններին։ Մեր հաջողության ամենամեծ ապացույցը` հաճախորդների գոհունակ ժպիտներն ու շնորհակալական խոսքերն են։

-Ինչպե՞ս ազդեց տնտեսական ճգնաժամը  Ձեր ոլորտի վրա և ինչպե՞ս դիմակայեցիք ճգնաժամային պայմաններում։

-Իհարկե, ինչպես բոլորի, այնպես էլ այս  ոլորտի վրա այն մեծ ազդեցություն ունեցավ։ Սակայն ի  տարբերություն շատ ընկերությունների` ես այդ ճգնաժամային պայմաններում նախընտրեցի ստանալ ավելի քիչ եկամուտ, բայց անփոփոխ պահել «Արթսուիթ» ընկերության աշխատակազմը։

 -Բոլորի մոտ կա կարծիք, որ ավելի լավ է ուտել տան պայմաններում պատրաստածը, քան դրսից գնածը։ Դուք ինքներդ ինչպե՞ս եք վերաբերվում նման կարծիքներին։

-Դա այդպես չէ, օրինակ մենք մեր արտադրանքի մեջ սկզբունքորեն չենք օգտագործում որևէ քիմիական հավելում, և եթե ես իմ պատրաստած հրուշակեղենը  չուտեմ, հետևաբար այն չեմ առաջարկի գնորդին։ Ցանկացած պահի ես պատասխանատու եմ մեր ընկերության յուրաքանչյուր  արտադրանքի համար և միշտ ամեն ինչ անում ենք, որպեսզի որակը գերազանցի գնին։

-Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք։

-Քանի որ այսօր մեծ  ուշադրություն են դարձնում արտաքին տեսքին, ուստի փորձում ենք  էլ  ավելի եվրոպականացնել արտաքին տեսքը` միշտ բարձր պահելով որակը և համը։

ՀարցազրույցըԼուսինե Գրիգորյանի



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-07-04 16:31

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց