01:20
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Վետերանը մեծ արժեք է, որին պետք է հարգել և գնահատել, իր արժանվույն տեղը հատկացնել մեր պատմության կայացման, ինչպես նաև երիտասարդության դաստիարակության գործում

2013-05-11 10:54

«Դե Ֆակտո» 83 (2013թ.)

Հարցազրույց Հայաստանի Հանրապետության պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ Պետրոս Պետրոսյանի հետ

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակը մեզ տրվեց մարդկային, ապա նաև նյութական աննկարագրելի կորուստների գնով։ Համաձայն վերջին տվյալների` այդ պատերազմում Խորհրդային Կարմիր բանակի կազմում զոհվել է 275 000 հայ զինվոր։ Հայ ժողովրդի զավակներն ընկան ռազմաճակատներում` գիտակցական մահով ապահովելով իրենց երկրի ու սերունդների գոյատևումն ու ազատությունը։

Այս առիթով կայացած հարցազրույցը Հայաստանի Հանրապետության պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի նախագահ Պետրոս Պետրոսյանի հետ սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողին։

-Մի քանի խոսքով պատմեք Ձեր անցած ուղու ու ծավալած գործունեության մասին։

-Ծնվել եմ 1923թ դեկտեմբերի 19-ին Ալեքսանդրապոլում` ներկայիս Գյումրիում։

1941թ պատերազմը սկսվելուն պես կամավոր մեկնել եմ ռազմաճակատ, մասնակցել մի շարք խոշոր ճակատամարտերի` Մոսկվայի, Կուրսկի, Օրյոլի, Ուկրաինայի ազատագրմանը, հասել եմ մինչև Բեռլին։ Երեք անգամ ծանր վիրավորվել եմ, ապաքինվելուց հետո նորից  վերադարձել եմ ռազմաճակատ։ Բանակից զորացրվելուց հետո ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

Միաժամանակ աշխատել եմ Ազգային անվտանգության ծառայությունում։ Երկար տարիներ բազմաթիվ առաջադրանքներով եղել եմ աշխարհի տարբեր երկրներում։ Կատարել եմ բարդ հանձնարարություններ, եղել եմ Ազգային անվտանգության ծառայության արտաքին հետախուզության պետ։ Գրել եմ «Էջեր հետախույզի կյանքից» գիրքը, որտեղ համառոտ բնութագրված է իմ անցած ուղին։ Զբաղեցրել եմ մի քանի գերատեսչությունների ղեկավար պաշտոններ։ Ազգային անվտանգության ծառայության բարձրագույն գիտաուսումնական կենտրոնում դասավանդել եմ և ներկայումս հրավերքի դեպքում կարդում եմ դասախոսություններ։

2010թ-ից ՀՀ պատերազմի և զինված ուժերի կոմիտեի նախագահն եմ։

Պատերազմի ավարտից հետո, ինչպես միլիոնավոր այլ ռազմիկներ, հայ զինվորականների մեծ մասը ևս զորացրվեց և լծվեց ավերված երկիրը վերականգնելու և ստեղծագործ աշխատանքի։ Հաղթանակի 10 –ամյակի տոնակատարության ժամանակ` 1955թ, որոշվեց հրավիրել պատերազմի վետերանների համամիութենական կոնֆերանս, ստեղծել նախաձեռնող խումբ, որը պետք է մշակեր նրանց կողմից ստեղծվելիք հասարակական կազմակերպության կանոնադրության նախագիծը, նախապատրաստեր պատերազմի վետերանների հիմնադիր կոնֆերանսի հիմնական փաստաթղթերը։

1955թ ստեղծվեցին վետերանական կոմիտեներ և բաժանմունքներ  Խորհրդային Միության բոլոր հանրապետություններում։ 1956թ այդ կոմիտեներն արդեն կանոնավոր կերպով գործում էին, նրանց  հեղինակությունը գնալով աճում էր, քանի որ գործունեության զգալի մասը կապված էր բանակի հետ։

Վետերանների առաջին կոնֆերանսը տեղի ունեցավ 1956թ սեպտեմբերին։ Կոնֆերանսը միահամուռ համաձայնություն տվեց «Պատերազմի վետերանների կոմիտե» անվամբ հասարակական կազմակերպություն ստեղծելու մասին նախաձեռնող խմբի առաջարկին։

Պատերազմի կոմիտեի հանրապետական բաժանմունքները ստանալով կոմիտեի կարգավիճակ, ամենայն բարեխղճությամբ աշխատանքներ էին կատարում թե՛ երկրի տնտեսական վերականգման, թե՛ հատկապես երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ։

Պատերազմի վետերանների կոմիտեի բարձրագույն մարմին էր համարվում 4-5 տարին մեկ անգամ հրավիրվող կոնֆերանսը։

Այսպիսով,1956թ  սեպտեմբերի 28-ին Հայաստանում ևս հիմնադրվեց Պատերազմի վետերանների կոմիտեն, որի առաջին նախագահ ընտրվեց փառավոր մարտական անցյալ ունեցող Խորհրդային Միության հերոս, գեներալ-լեյտենանտ Սարգիս Սողոմոնի Մարտիրոսյանը, ով կարողացավ այն ժամանակների դժվարին պայմաններում իր շուրջը համախմբել վետերան-էնտուզիաստների ու հիմք դրեց նպատակասլաց և կանոնավոր գործունեության։

Հետագայում նախագահներ են ընտրվում գեներալ-մայոր Հայկ Մարտիրոսյանը, գնդապետ Պերճ Բոշնաղյանը, գնդապետ Հրանտ Հովհաննիսյանը և վերջապես 2010թ սեպտեմբերից մինչ օրս կոմիտեն ղեկավարում եմ ես։

-Իսկ մեր այսօրվա դժվարին պայմաններում ինչպե՞ս եք խրախուսում  վետերաններին։

-Կոմիտեն առանձնահատուկ տեղ է հատկացրել պատերազմում զոհվածների հիշատակը  հավերժացնելու կարևոր գործին. նրանց անուններով փողոցներ ու դպրոցներ են անվանակոչվել, հուշատախտակներ են փակցվել այն շենքերի ճակատներին, որտեղ նրանք բնակվել են, գրվել են հոդվածներ, հեռուստատեսությամբ և ռադիոյով լուսաբանվել է նրանց անցած ուղին։

Դրսևորած հայրենասիրական արարքի համար, կոմիտեի նախաձեռնությամբ «Մարշալ Բաղրամյան» մեդալով են պարգևատրվել հայորդիներ Արբակ Գալստյանը և Հրաչյա Պողոսյանը։ Նման մոտեցումները արժանի են մեծարման և բարձրագույն հարգանքի։ Դրանք ունեն բարոյահոգեբանական, դաստիարակչական մեծ արժեք։

-Հիմնականում ո՞ր կազմակերպությունների հետ եք համագործակցում ու ինչպիսի՞ ռազմահայրենասիրական գործունեություն եք ծավալում

-Ակտիվ համագործակցում ենք ՀՀ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության, ՀՀ արդարադատության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունների, զինկոմիսարիատների, Ազգային արխիվի, «Մայր Հայաստան» թանգարանի, Վետերանների միավորման, Երիտասարդական հասարակական կազմակերպությունների` «Ժայռ», «Ապագա», «Երիտասարդության կամք», Սուրեն Արոյանի անհատական և Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի պատմաերկրագիտական թանգարանների և բազմաթիվ այլ կազմակերպությունների հետ։

Համագործակցում ենք նաև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հայկական վետերանական կազմակերպությունների հետ, որոնց անդամները ինչպես տեղացի, այնպես էլ Հայաստանից արտագաղթած Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերաններն են։

 Պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի առաջնահերթ խնդիրը եղել և մնում է սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը, հատկապես հայ ժողովրդի ու նաև Խորհրդային Միության մյուս ժողովուրդների համար Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի կարևորությունը բացատրելը, երիտասարդներին մեր սերնդի նվիրվածությունը, անձնազոհությունը, մասսայական խիզախության դրսևորումները, հայրենիքին ազնվորեն և նվիրումով ծառայելու գաղափարը փոխանցելը։

Ռազմահայրենասիրական դաստիարակության աշխատանքներում կոմիտեն կարևորում է Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնելու գործը։

Դաստիարակչական աշխատանքներում մեծ տեղ է հատկացվում ինչպես դպրոցականների, այնպես էլ զորակոչիկների, ուսանողության, զորամասերի անձնակազմերի հետ վետերանների հանդիպումներին։ Այդ կարևոր գործում մեծ դեր են խաղում Զինված ուժերի վետերանները, դպրոցների զինղեկները։ Հանդիպումներն առավել նպատակասլաց են, հատկապես հիշարժան, տոնական, հոբելյանական հանդիսությունների ժամանակ, ճանաչված հրամանատարների, ռազմաճակատների զորահրամանատարների հոբելյանների առիթներով, որը գեղեցիկ ավանդույթ է, այն պետք է պահպանել ու հնարավորինս ավելի բովանդակալից ու հետաքրքիր դարձնել։

Կոմիտեն փոխգործակցում է Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների համապատասխան կառույցների հետ, մասնակցում այդ երկրների և միջազգային կառույցների սեմինարներին և այլ միջոցառումներին։

Կոմիտեի աշխատանքներում լայն տեղ է հատկացվում, պատանիների ռազմահայրենասիրական դաստիարակությանը։ Այդ նպատակով ստեղծվեցին «Հայրենիքի պատանի պաշտպաններ», «Պատանեկությունը ազատության և խաղաղության համար մղվող պայքարում», «Պատանի հետախույզներ» կազմակերպությունները, որոնք կարճ ժամանակում ձեռք բերեցին բարձր հեղինակություն։ Այդ աշխատանքները լայն տարածում են գտել և մեծ արձագանք ստացել արտերկրների պատանիների և երիտասարդների շրջանում, որոնք իրենց ակտիվ պայքարով, ներկայացրած պահանջներով նպաստել են խաղաղության ամրապնդմանը։

Նախկինում հայրենասիրական դաստիարակության ուղղվածություն ունեին դպրոցականների «Զարնիցա», «Օռլյոնոկ» ռազմական խաղերը, բանակումները, արշավների և այլ միջոցառումների կազմակերպումը։ Դրանք կազմակերպվում էին երկրի տնտեսության և բանակի համար մասնագիտական կադրեր պատրաստող ԴՕՍԱԱՖ կազմակերպության միջոցով։

Պատերազմի վետերանների կոմիտեն նպատակահարմար է գտնում Հայաստանում վերականգնել այդ միջոցառումները։

Հանրապետության դպրոցներում, ուսումնական այլ հաստատություններում, գրադարաններում ստեղծվել են թանգարաններ, ակումբներ, փառքի սենյակներ, անկյուններ, ցուցափեղկեր, ցուցադրվում են Մեծ Հայրենականին նվիրված հարուստ փաստա վավերագրական նյութեր, լուսանկարներ, որտեղ արտացոլվում են պատերազմի տարիներին հայ մարտիկների հերոսական ուղին և քաջագործությունները, թիկունքի աշխատողների գործունեությունը։  

Դպրոցներում, ուսումնական հաստատություններում, զորամասերում ռազմահայրենասիրություն դաստիարակելու նպատակով` երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ ստեղծվել և գործում են աշխատանքային խմբեր։

-Իսկ ո՞րն է կազմակերպության հիմնական նպատակը։

-ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի գործունեության գլխավոր նպատակներից մեկը հայրենիքի համար նահատակված  հերոսների հիշատակը հավերժացնելն է։ Հայրենիքի համար հերոսաբար զոհվածների հիշատակի պահպանումը ապրողների սուրբ պարտականությունն է ։

Պատերազմում հայ զինվորին ոգևորել, արիության ու հերոսության օրինակ են ծառայել Հաբեթոսյան Հայկի և Արամի, Տիգրան Մեծի, Տրդատ Մեծի, Վարդան Մամիկոնյանի, Աշոտ Երկաթի, Դավիթ Բեկի, Անդրանիկի, ինչպես նաև մեր էպոսի հերոսների` հանուն հայրենիքի կատարած սխրագործությունները։

-Մի  քանի խոսքով պատմեք ձեր  ծրագրերի  մասին, և ունե՞ք  աջակիցներ։

-2006թ հոկտեմբերին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, պաշտպանության նախարարության անմիջական աջակցությամբ,  նախարարության գեներալների, պատերազմի վետերանների, ինչպես նաև արցախյան պատերազմի վետերանների մասնակցությամբ մեծ շուքով նշվեց Հայաստանի Հանրապետության պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի 50 ամյակը։

Ելույթ ունեցողները բարձր գնահատեցին կոմիտեի կատարած աշխատանքը մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում, որի վառ ապացույցներից մեկը Արցախի պատերազմում մեր տարած փառահեղ հաղթանակն է։

2007թ պաշտպանության նախարարության հետ համատեղ նշվել են կարևոր այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Հայոց բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 15-ամյա հոբելյանները, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 110-ամյակը, Հայկ Բժշկյանցի` Գայի ծննդյան 120-ամյակը։

Պաշտպանության նախարարության անմիջական նախաձեռնությամբ` Հայաստանում բարձր մակարդակով անցկացվեցին  «Մենք  հաղթանակի ժառանգներն ենք» միջազգային ակցիայի միջոցառումները։ Այդ կապակցությամբ` բավական ծավալուն աշխատանքներ կատարեցին ՀՀ պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեն, ինչպես նաև վետերանների տարածքային կազմակերպությունները։   

2010 թ. մեծ շուքով նշվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65 ամյակը։ Հանրապետական զինկոմի, պաշտպանական զինկոմի, պաշտպանական մարզատեխնիկական կազմակերպության և Վետերանների կոմիտեի ակտիվ մասնակցությամբ` կազմակերպվեցին դասախոսություններ և գիտական կոնֆերանսներ։

Կոմիտեի խնդրանքով Ֆրանսիայի վետերանների կազմակերպությունը որոնել և հայտնաբերել է 20 հայ պատերազմի վետերանների գերեզմաններ, որոնք թաղված են Ֆրանսիայի տարբեր քաղաքների գերեզմանատներում։

Կոմիտեն նախապատրաստվում է նշել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 68-րդ տարեդարձը, մասնակցել Կուրսկի ճակատամարտի, Կիևի ազատագրման 70-ամյակների միջոցառումներին։ Նախապատրաստվում է 2015թ ապրիլի 24-ին  Մեծ եղեռնի զոհերի 100-ամյա հիշատակը հարգելու, ինչպես նաև կազմվել է միջոցառումների  պլան 2015թ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը նշելու։

-Ինչպե՞ս կբնութագրեք վետերան երևույթը կամ հասկացողությունը։

-Վետերանը մեծ արժեք է, որին պետք է հարգել և գնահատել, իր արժանվույն տեղը հատկացնել մեր պատմության կայացման, ինչպես նաև երիտասարդության դաստիարակության գործում։

- Ներկայիս վետերաններից ում կնշեք։

-Աբգարյան Ռոզալիա, Գրիգորյան Միհրան, Գրիգորյան Մնացական, Սողոյան Պերճ, Թունյան Ժորա, Հարությունյան Գերասիմ, Ստեփանյան Սուրեն, Հարությունյան Սարգիս,Դրամփյան Խաժակ, Թովմասով Հրաչ, Զավարյան Աղասի, Մանուչարյան Արտեմ, Խառատյան Հենրիկ և բազմաթիվ այլ վետերաններ, որոնք շնորհակալ աշխատանք են տանում երիտասարդների ռազմահայրենասիրության դաստիարակության հարցում։

-Ի՞նչը կարող է  միավորել  վետերաններին։

-Վետերաններին միավորում է հայրենիքի նկատմամբ ունեցած սերը, նվիրվածությունը Հայաստան աշխարհին, սերունդների դաստիարակելը` ազնիվ լինել իրենք իրենց հետ։

Երիտասարդներին ներկայացնել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի դերն ու կարևորությունը, մեր երկրի նվիրվածությունը, անձնազոհությունը, հայրենիքին ազնվորեն և նվիրումով ծառայելու գաղափարը։

Վետերաններին միավորում է մեկ գաղափար` ինչպես անել,որ հայրենիքը լինի խաղաղ, բարգավաճի և զերծ մնա անցանկալի գործողություններից։

-Հավատո՞ւմ եք, որ կգա համախմբման ժամանակները։

-Մեր ժողովուրդը իր օրհասական պահերին միշտ համախմբված է եղել, որի շնորհիվ մշտապես կարողացել է հաղթահարել իր առջև դրված յուրաքանչյուր խնդիր։

-Ին՞չ հասարակական պահանջ է դրված  վետերան մարդու առջև։

-Վետերանների, ինչպես և ողջ հայ ժողովրդի առջև դրված է մեկ նպատակ` անառիկ պահել մեր սահմանները, պահպանել երկրում խաղաղություն, և որպեսզի ամբողջ աշխարհը ճանաչի թուրքերի կողմից հայ ժողովրդի դեմ իրագործած եղեռնը և վերադարձվի մեր պապենական հողերը։

-Ո՞րն է վետերանի  տեղը։

-Վետերանն իր հայրենիքում  է զգում իրեն պաշտպանված և հարգված։

-Ին՞չ երազանքներ  ունեն  վետերանները։

-Երազում ենք մեր Հայաստան աշխարհը լինի խաղաղ, բարգավաճ և վետերանները իրենց մայրամուտի շեմին տեսնեն Հայաստան աշխարհը ամբողջական։

-Ձեր կարծիքով ինչպիսի՞ կարգավիճակում են գտնվում մեր երկրի  վետերանները։

-Պետք է անկեղծորեն խոստովանել, որ Հայաստանում, համեմատած ԱՊՀ մյուս երկրների, վետերանները ապրում են ոչ բարվոք վիճակում` կենսաթոշակները ցածր են, առողջապահական ցանկալի սպասարկում չկա և բազմաթիվ այլ հարցեր։

-Իսկ մեր  ներկայիս սերունդն  ինչպե՞ս  է պահպանում ու հիշում մեր հերոսներին։

-Ներկա սերնդից մենք գոհ ենք, նրանք միշտ հիշում են վետերաններին, մասնակցում միջոցառումներին, մեծարում նրանց և հիշարժան տարեթվերին միշտ վետերանների կողքին են։ Ցանկալի է էլ ավելի ուշադիր լինել վետերանների նկատմամբ, քանի որ նրանց թիվը պակասում է։

- Խոսք` ուղղված մեր հայ  վետերաններին։

-Վետերաններին ցանկանում եմ առողջություն, երկար և բարեկեցիկ կյանք, լինել լավատես ապագայի նկատմամբ։

- Կա՞ մի բան, որ  ասել չեք  կարող։

-Վետերանը լինելով պատերազմի թոհ ու բոհով անցած մարդ չի կարող չասել այն ինչ մտածում է։

-Ձեր խրատը այսօրվա  վետերաններին։

-Խրատում եմ վետերաններին հավատալ իրենց ուժերին, մնացած կյանքը նվիրեն Հայաստանի բարօրությանը, դաստիարակեն սերունդներին լինել ազնիվ և բարի, նվիրված հայրենիքին։

-Շուտով մոտենում է մայիսի 9-ը, ինչպիսի՞ ապրումներով ու հուշերով եք այն նշելու։

-Յուրաքանչյուր տարի մայիսի 9-ը և՛ ուրախություն, և՛ տխրություն է պատում  վետերաններին։ Լինելով 17-18 տարին չլրացած երիտասարդ մեկնել են պատերազմ, իրենց երիտասարդությունը անցկացրել սրի, թնդանոթի, կրակի, մահվան թոհ ու բոհի մեջ։  Այդ պատկերը միշտ մեր աչքերի առջև է, ինչպես նաև 1945թ մայիսի 9-ի Հաղթանակի օրը, որը ցնծություն էր ամբողջ աշխարհում։

-Արդյո՞ք ձեր կոմիտեն պատմական նոր էջ կբացի մեր նորագույն պատմության մեջ

-ՀՀ պատերազմի և զինված ուժերի կոմիտեն իր ստեղծման օրից`1956թ սեպտեմբերի 28-ից, մեծ ներդրում է ունեցել Խորհրդային Հայաստանի կայացման գործում։

Բավական է նշել, որ կոմիտեի կողմից 1975թ հրատարակվել  և 2009թ  վերահրատարակվել է «Սովետական Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945թթ» գիրքը, որտեղ ներկայացված են Հայաստանից պատերազմին մասնակցած մարշալներ, գեներալներ, փառքի շքանշանի ասպետներ, հերոսներ։ 2011թ Կոմիտեի ստեղծման 55 ամյակի առթիվ հրատարակվել է «Հայաստանի Հանրապետության պատերազմի և զինված ուժերի հիմնադրումը և գործունեությունը» գիրքը, որտեղ համառոտ ներկայացված է կոմիտեի 55 տարիների ընթացքում կատարած աշխատանքները։ Կոմիտեն մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության ձեռբերման, արցախյան պատերազմի հաղթանակի գործում։ Դաստիարակում, կրթում է երիտասարդ սերունդներին` լինել նվիրված հայրենիքին։

-Ի՞նչ խնդիրներ ունեք, որ համարում եք անլուծելի

-Անլուծելի խնդիրներ չեն լինում, ցանկության դեպքում նրանք դառնում են լուծելի։ Կոմիտեն երբեք դժվարությունների առջև կանգ չի առնում, յուրաքանչյուր հարցի համար պայքարում է և լուծումներ գտնում։

Գարիկ Ավետիսյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...