00:37
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայի տրամաբանությունը, խոհեմությունը միշտ հաղթանակող է եղել

2013-04-23 14:05

«Դե Ֆակտո»  23 (2008թ.)

Հարցազրույց ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հետ

-Տիկի՛ն Նաղդալյան, քանի որ ավարտվել են Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիները, ինչպե՞ս կգնահատեք նրա կառավարման  տարիները։

-Ամեն ինչ իր ժամանկն ունի, և կգա ժամանակ, երբ բավականին լուրջ վերլուծության կենթարկվի այն տասնամյակը, որը մտավ Հայաստանի պատմության մեջ որպես Ռոբերտ Քոչարյանի կառավարման տասնամյակ։ Վերլուծության կենթարկվի այն ժառանգությունը, որ ստացավ նախագահ Քոչարյանը ու այն լուրջ, էական փոփոխությունները, որ կատարվեցին երկրում, այն նվաճումները, որ ունեցանք, իսկ դրանք բավականին շատ են, և դժվարությունները, որոնք ծառացել են ու հաղթահարելու համար դեռ երկար ժամանակ կպահանջվի։ Շատերը Հայաստանում հիշում են այն իրավիճակը, երբ նախագահ Քոչարյանը ստանձնեց երկրի ղեկավարման ղեկը, և թե ինչպիսինն էր տնտեսական անկման աստիճանն ու  բարոյահոգեբանական մթնոլորտը երկրում։ Տարիներ առաջ շատ հաճախ կարող էինք լսել, թե որքան խորը փոսի մեջ ենք մենք գտնվում։ Մեծ ջանքեր էին պահանջվում փոսից դուրս գալու և տարեկան 10-14 տոկոս տնտեսական աճ ապահովելու համար։ Տնտեսական աճի մասին խոսելիս շատ լավ հասկանում ենք, որ դեռևս հեռու ենք մասսայական բարեկեցությունից, բայց այս տեմպերով շարունակելով` մոտ ժամանակներում մենք կունենանք այն էական փոփոխությունը, որի արդյունքը հայաստանյան յուրաքանչյուր ընտանիք ու յուրաքանչյուր քաղաքացի կզգա իր ապրելակերպի վրա։ Տնտեսական աճը շատերի համար այսօր դեռ վիրտուալ է, վերացական, բայց, վստահ եմ, որ շատ շուտով դրա ազդեցությունը կլինի ռեալ ու կազդի քաղաքացիների բարեկեցության վրա։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների կարևորագույն իրադարձություններից է նաև մեր երկրի` անդամակցությունը Եվրոպայի Խորհրդին, որով կարծես թե պատուհան բացեցինք դեպի Եվրոպա և առևտրի համաշխարհային կազմակերպություն։   Թվում է, թե դրանք առանձին մարդկանցիցհեռու կամ պայմանական երևույթներ են, այնինչ` դրանք յուրաքանչյուր պետության համար զարգացման լրջագույն փուլեր են։

-Տիկի՛ն Նաղդալյան, ի՞նչ եք կարծում` նախագահ Սերժ Սարգսյանը շարունակելու է տանել երկիրը այն ուղով, որը սկսել է նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

-Ես կարծում եմ, որ լինելու է երկու ուղղությունների զուգակցում։ Մեծամասամբ շարունակվելու է տնտեսական քաղաքականությունը, պահպանվելու է քաղաքական հիմնական ուղղվածությունը։ Քանի որ մենք բարեփոխումների երկրորդ փուլ ենք թևակոխում, ամեն ինչ նորովի է դիտարկվելու` պահպանելով նույն ուղին։ Այդ ուղին հետևյալն է` պահպանել տնտեսության հետևողական աճ, բոլոր այն ոլորտները, որոնք կարող են մրցակցային լինել համաշխարհային շուկաներում, կարող են լինել Հայաստանի դեմքը, բրենդները, նաև գտնել այնպիսինները, որոնք Հայաստանի տնտեսության համար նոր ձեռքբերումներ կլինեն։ Սա կարծում եմ` անհերքելի մոտեցում է, որը կտանի մեզ դեպի զարգացում։ Մենք պետք է համաշխարհային տնտեսությանը ինտեգրվենք, որպես լիիրավ անդամ պետք է կարողանանք գտնել մեր տեղը։

-Այսօր շատ է խոսվում այն մասին, որ առաջիկա ամիսներին կոշտ և դաժան բարեփոխումներ են սպասվում։ Տնտեսական առումով դա ի՞նչ է նշանակում։ Մեր տնտեսվարող սուբյեկտները հաճախ խոսում են ստվերի ու հարկային ոչ հավասար պայմանների մասին։ Հնարավո՞ր է վերացնել այդ անհավասարությունը։

-Կոշտ և դաժան բառերի փոխարեն կուզենայի օգտագործել արդարացի ու արդյունավետ բառերը։ Իմ կարծիքով լինելու են արդարացի փոփոխություններ, և այդ փոփոխություները դրական արդյունքներ կբերեն։ Դա չափազանց կարևոր է, որովհետև և՛ վաչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ, և՛ նախընտրական գործընթացների ժամանակ հայտնաբերվում  էին այն կարևորագույն հանգույցները, որոնք այսօր դեռ շարունակում են խանգարել տնտեսությանը, որոնք ծանրացած են տնտեսվարողների ուսերին և արգելակում են նրա առավելագույն զարգացումն ու արդյունավետ աշխատանքը։ Պետական ցանկացած գործողություն պետք է ուղղված լինի գործարարի ու պետության համար առավել արդյունավետ աշխատանք ապահովելուն։ Ես կուզենայի, որ բոլորն ուշադրություն դարձնեն այն փաստին, որ նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությունից հետո առաջին միտքը, որ հայտնեց նորընտիր նախագահը, հնչում էր մոտավորապես այսկերպ` «Երբ ես բարձրաձայն երդվեցի ՀՀ Սահմանադրության և Վեհամոր Ավետարանի վրա, դահլիճում ներկա պետական պաշտոնյաների ստվար բանակը, կարծում եմ, որ ևս իր մտքում պետք է այդ երդումը տված լիներ»։

-Իսկ Դուք երդվեցի՞ք դահլիճում։

-Ինչո՞ւ ես դրա վրա հատուկ ուշադրություն դարձրեցի և ուրախացա այդ մտքից` որովհետև դա ինձ հոգեհարազատ էր։ Ես մինչ այդ էլ իմ աշխատանքի մեջ ձգտել եմ լինել այնպիսին, որ կարողանամ երբևէ հանգիստ ու մաքուր խղճով երդվել, որպեսզի օգտակար լինեմ, իմ աշխատանքը լինի արդյունավետ իմ երկրի, իմ ժողովրդի համար, և այսուհետև էլ այդպես եմ շարունակելու ապրել ու աշխատել։ Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը, լինելով ՀՀ նախագահ, հետևողական է լինելու այն հանգամանքին, որ պետական յուրաքանչյուր պաշտոնյա իր աշխատանքով համապատասխանի այդ բարձր երդմանը։

-Որքան էլ կամային և ուժեղ բնավորություն ունենա անձը, նա պետք է ունենա պրոֆեսիոնալ և կազմակերպված աշխատանքային թիմ` որպեսզի կարողանա երկիրը ղեկավարել։ Ի՞նչ եք կարծում` Սերժ Սարգսյանի թիմը ի վիճակի է իր ուսերին վերցնել այդ պատասխանատվությունը։

 -ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի նախագահն է նաև, իսկ մեր կուսակցությունը, ինչպես հայտնի է, տարիներ շարունակ բավականին հեղինակավոր և պատասխանատու դեր է ունեցել երկրում ու ընտրությունից ընտրություն մեծացնում է իր մասնակցությունը Օրենսդիր մարմնում, ընտրողի կողմից արդյունքում ՀՀԿ-ի գործունեության գնահատականը յուրաքանչյուր ընտրությունից հետո ավելի է բարձրանում։ Ծանրագույն ժառանգություն ստանալով` այս տարիների ընթացքում ՀՀԿ-ն կարողացավ իրեն դրսևորել և աշխատել այնպես, որ մենք ունենանք այսօրվա ձեռքբերումները։ Այս ամենը կատարվել է, իհարկե, այդ նույն թիմով։ Ես կարծում եմ, որ արդեն նախագահ Սերժ Սարգսյանը հետագայում ևս աշխատելու է այդ նույն թիմով։ Նա ունի այդ թիմի աջակցությունը, նվիրումը, և բացի դրանից` դիմելով ընդդիմադիր ուժերին, համագործակցության առաջարկ անելով, ստեղծելով այսօրվա կոալիցիան` բոլոր ուժերի մեջ Սերժ Սարգսյանը փորձում է գտնել լավագույն կադրային ներուժը, որը կարողանալու է երկրի առջև ծառացած խնդիրները լուծել։

-Շատ են դեպքերը, երբ ազնիվ մարդիկ նշանակվում են պաշտոնների և կարճ ժամանակ անց այդ երբեմնի ազնիվ անձինք անհայտ ճանապարհներով հարստություն են դիզում։ Ի՞նչ եք կարծում` երբևէ մեր երկրում կգործի այն մեխանիզմը, որի արդյունքում կպատժվեն երկրի հաշվին հարստացողները։

-Իհարկե, մեր աչքի առջև կան բացասական օրինակներ, բայց ես կցանկանայի հիշեցնել, որ Սերժ Սարգսյանը նախընտրական շրջանում բազում անգամներ ասել է, որ երկրում արտոնյալներ չեն լինելու, հարկեր չվճարողներ, անօրինական գործողություններ անողներ չեն լինելու։ Այս մտքերը շատ են դուր եկել ընտրողներին։ Ես,  ճանաչելով ու վստահելով Հանրապետության նախագահին, այսօր կարող եմ վստահորեն ասել, որ այն ամենը, ինչ ասել և խոստացել է Սերժ Սարգսյանը, անպայման արվելու է ու արդյունքները շատ շուտով մենք տեսնելու ենք։

-Տիկի՛ն Նաղդալյան, ՀՀ վարչապետ նշանակվեց Տիգրան Սարգսյանը։ Հավանաբար շատերը ՀՀԿ-ից ակնկալիքներ ունեին զբաղեցնելու այս պաշտոնը, բայց, այնուամենայնիվ, ՀՀ վարչապետ է նշանակվում ոչ ՀՀԿ-ից։ Ինչպե՞ս եք վերաբերում այս նշանակմանը։

-Այս թեմայով շատ և տարբեր մեկնաբանություններ եղան։ Կարծում եմ` կարևորն այն է, որ ՀՀԿ-ն վստահում է իր ղեկավարի ընտրությանը։ Այն հույսերն ու սպասելիքները, որ ունի նախագահը, կիսում ենք նաև մենք։

-Այսինքն` այս որոշումը միանձնյա որոշում է։

-Ո՛չ, այս որոշումը միանձնյա չի եղել։ Հրապարակվել է Կուսակցության Խորհրդի որոշումը, և Գործադիր մարմնի որոշումը։ Այդ որոշումները քննարկվել են կուսակցության ներսում և արդյունքում ընդունվել է տվյալ որոշումը։

-Տիկի՛ն Նաղդալյան, ըստ մեր ամսագրի կատարած հարցումների` Դուք ամենահայտնի կին քաղաքական գործիչներից մեկն եք ճանաչվել։ Դժվա՞ր չէ, լինել կին և միևնույն ժամանակ նաև ճանաչված քաղաքական գործիչ։
-Կարծում եմ` թե Խորհրդարանում, և թե քաղաքական գործչի համար ամենակարևորը սեռը չէ։ Կա առավել կարևոր հանգամանք` պրոֆեսիոնալ լինելու հանգամանքը։ Սա, իհարկե, կարևոր է ամենուրեք, բայց առանձնապես կուզենայի, որ այս ասպարեզում լինեն ազնիվ պրոֆեսիոնալներ, և կանայք էլ, հատկապես այդ դեպքում, իրենց արժանի տեղն ունենային, քանզի նրանց մասնակցությամբ քաղաքականության մեջ հիմնարար տեղ է ունենում բարոյական սկիզբը, կանայք մայրություն, մեղմություն, բարություն են ներմուծում քաղաքականության մեջ։ Իհարկե, կնոջ համար աշխատելու, ընտանիքը և աշխատանքը զուգակցելու դեպքում բազում դժվարություններ են ի հայտ գալիս։ Իսկ եթե այդ աշխատանքը քաղաքականությունն է, ապա դժվարությունները բազմապատկվում են։ Շատ կարևոր է, որ կինը կարողանա կազմակերպել իր օրը և աշխատանքը այնպես, որ ո՛չ ընտանիքը, ո՛չ աշխատանքը չտուժեն։

 

 

 -Տիկի՛ն Նաղդալյան, Ձեր գործընկերները մեծամասամբ տղամարդիկ են, Ձեր ամուսինը չի՞ խանդում Ձեզ։

-Իմ ամուսինը ինձ չի խանդում, այլ` վստահում և հարգում, որը փոխադարձ է։ Խանդի համար պետք է հիմքեր լինեն։ Ամուսնական կապերը պետք է ստեղծվեն և պահպանվեն զգացմունքի ու վստահության հիմքի վրա, իսկ խանդելու համար առիթներ ես երբևէ չեմ ստեղծել։ Ես աշխատել եմ և՛ տնտեսության բնագավառում, և՛ գիտության, և՛ քաղաքականության ասպարեզներում։ Իմ ընտանիքն ընդունել է իմ կենսակերպը և հարմարվել իմ` աշխատանքով ծանրացած առօրյային։ Պետք է կարողանաս օրդ ու կենցաղդ կազմակերպել այնպես, որ ընտանիքի ոչ մի անդամ ուշադրության պակաս չզգա։

-Տիկի՛ն Նաղդալյան, Դուք կցանկանայի՞ք, որ հետագայում Ձեր երեխաները նույնպես զբաղվեն քաղաքականությամբ։

-Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր ապրած կյանքով, իր կենսագրությամբ որևէ հարստություն է ստեղծում, խոսքը նյութական հարստության մասին չէ, կենսագրությունդ գլխավոր արժեքն է, որ կուզենայիր փոխանցել երեխաներիդ։ Բայց ինձ համար կարևորագույնն այն է, որ իմ երեխաները գտնեն իրենց իրական տեղն ու դերը կյանքում։ Ես երեք որդի և երկու դուստր ունեմ ու կցանկանայի, որ երեխաներս երջանիկ լինեն նաև իրենց մասնագիտության մեջ։

-Ի՞նչ ծաղիկներ եք սիրում նվեր ստանալ և ի՞նչ եք կարծում` ավելի հաճելի է նվերներ ստանալը, թե՞ նվիրելը։

-Սիրում եմ բոլոր ծաղիկները, առանց բացառության։ Անհնար է ծաղիկներ չսիրել։ Շատ սիրում եմ նաև բույսեր տնկել, խնամել, հետևել, թե ինչպես են դրանք աճում։ Սիրում եմ ծաղիկներ նվիրել, հատկապես` իմ աճեցրած ծաղիկները։ Ինձ համար էլ ամենահաճելի նվերը ծաղիկներն են, և գրեթե բոլորն ինձ ծաղիկներ են նվիրում։

-Ետադարձ հայացք նետելով դեպի Ձեր անցած ուղին` ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը, և կա՞ որևէ երազանք, որը մինչ այսօր չեք իրագործել ու անհասանելի է թվում Ձեզ։

-Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումն իմ ընտանիքն է։ Անիմաստ եմ համարում նաև հաճախ հնչող այն հարցը, թե ինչն է ավելի կարևոր` ընտանիքը, թե՞ աշխատանքը։ Ես ձգտել եմ ապրել այնպես, որ իմ երեխաները երբեք չամաչեն ասել, որ իրենք Հերմինե Նաղդալյանի երեխաներն են։ Ես շատ ուզում եմ, որ խորհրդարանական աշխատանքը մարդկանց համար շատ ավելի արդյունավետ լինի։ Չնայած որ այս աշխատանքը միայն ինձանով չէ պայմանավորված, ես փորձում եմ հնարավորինս արդյունավետ աշխատանք կատարել։

-Այսօր հասարակությունը պառակտված է ընդդիմադիրների ու իշխանամետների։ Ինչպե՞ս կարելի է վերացնել այդ անհանդուրժողականության մթնոլորտը և ինչպիսի՞ն եք տեսնում երկխոսության ճանապարհը։

-Յուրաքանչյուրս մեր հնարավորությունների չափով պետք է ամեն ինչ անենք հասարակության այսօրյա երկփեղկվածությունը, պառակտումը վերացնելու համար։ Այս տեսակ պառակտումները հայ ժողովրդի համար միշտ չափազանց վտանգավոր ու աղետաբեր են եղել, բայց ես վստահ եմ, որ հայ ազգը կարող է դա հաղթահարել։

-Իսկ ի՞նչն է Ձեզ այդպիսի վստահություն ներշնչում։

-Հայի տրամաբանությունը, խոհեմությունը միշտ հաղթանակող է եղել։ Ես ուզում եմ, որ պետական, հասարակական բոլոր մարմինները, յուրաքանչյուրս մեր մասնագիտական դաշտում, ունենանք մեր ներդրումը այս գործում։

-Այսօր շատերը պնդում են, որ ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանն է պայքարում իշխանավորների դեմ, այլ` այս պայքարում հիմնականում շահագրգռված են արտասահմանյան այլ ուժեր։

-Ըստիս, այնքան էլ կարևոր չէ, թե ով է պայքարում իշխանության դեմ. ամենակարևորն այն է, որ հասարակության մի ստվար զանգված դժգոհ է իշխանություններից։ Շատերը լուրջ խնդիներ ունեն, և այս մասին է, որ մենք պետք է մտածենք։ Մարդիկ դժգոհություններ ունեն և բարձրաձայնում են իրենց դժգոհությունները։ Մենք պետք է կարողանանք լսել ու օգնել միմյանց, ամեն ինչ անենք, որ բողոք և դժգոհություն ունեցող մարդկանց թիվը որքան հնարավոր է պակասի։ Պետք է աշխատենք այնպես, որ ավելանա բարեկեցիկ ու պաշտպանված ընտանիքների թիվը։ Մենք պետք է ոչ մեկին հիմքեր չտանք` այսպիսի իրավիճակներ ստեղծելու համար։ Կարծում եմ, որ եթե երկրում չլինի դժգոհողների բանակ, ապա պայթունավտանգ իրավիճակներ էլ չեն ստեղծվի։ Եվ այս խնդրի լուծման հիմքում պետք է լինի հենց այս մոտեցումը` աշխատել այնպես, որ վերանան դժգոհության հիմքն ու պատճառները։

-Քաղաքականության մեջ կուռքեր ունե՞ք։

-Բիբլիական ճշմարտություն է` կուռք մի՛ ստեղծիր, բայց երևի թե չկա մարդ, ով չցանկանա որևէ մեկից օրինակ վերցնել։ Ինձ հիացնում է Մարգարետ Տետչերի կերպարը։ Աշխատում եմ կարդալ նրա բոլոր ստեղծագործությունները, ուսումնասիրել եմ կենսագրությունը։ Շատ անգամ ընթերցելիս մտովի  վիճում եմ հեղինակի հետ, փորձում եմ ձևակերպել սեփական տեսակետս, ունենալ սեփական պատկերացումներս այս կամ այն խնդրի շուրջ։

-Ազատ ժամանակն ինչպե՞ս եք լրացնում։

-Այդպիսի հարց չի ծագում։ Գրեթե ողջ ազատ ժամանակը նվիրում եմ ընտանիքիս։ Սիրում եմ զբաղվել ընթերցանությամբ և մշակել իմ ծաղիկները։

Հարցազրույցը` Մենուա Հարությունյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...