06:23
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ապագայի ոստիկանը մարմնով և հոգով առողջ, կիրթ և բարի մարդն է

2013-03-23 11:36

«Դե Ֆակտո» 81 (2013թ.)

Հարցազրույց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի հետ

Ոստիկանության տարբերանշանի վրա պատկերված է սուր և վահան. վահանը պաշտպանում է, իսկ սուրը` պատժում: Մենք առաջին հերթին հասարակության պաշտպաններն ենք, իսկ սուրը մեզ անհրաժեշտ է հանցագործությունները կանխելու և պատժելու համար:

-Պարո՛ն Վարյան, որպես գերատեսչության ղեկավար, որը նախապատրաստում է ապագա մասնագետներ իրավապահ  մարմիններում աշխատելու համար` ինչպիսի առանձնահատկություններ պետք է ունենա ապագա ոստիկանը:

-Ես տեսնում եմ ապագա ոստիկանին էությամբ բարի, պատրաստակամ, օրենքով և պետությամբ իրեն տրված լիազորությունները չչարաշահող մարդու, մարդ, ով կկատարի իր պարտականությունները` հանուն հասարակության և երկրի բարօրության: Գաղտնիք չէ, որ մենք` ավագ հին դպրոցի ոստիկաններս, դեռ ԽՍՀՄ ժամանակներից դաստիարակվում էինք իբրև առանձին կաստա` մեզ սովորեցնում էին, որ մենք հասարակության մեջ շատերից բարձր ենք կանգնած, և մեզ շատ բաներ ներվում էր: Արդյունքում` հաճախ էին հանդիպում, այն ժամանակվա լեզվով ասած, միլիցիոներների կողմից կատարվող խախտումներ, բռնություններ և չարաշահումներ: Խոսելով խորհրդային շրջանի միլիցիայության կրթական ցենզի մասին` ես չեմ կարող շատ դրական բաներ ասել, այն ժամանակներում միլիցիոներների մասին նույնիսկ հումորային մանրապատումներ էին պտտվում:

Արևմտյան հասարակություններում և մեզ մոտ վերաբերմունքը ոստիկանի նկատմամաբ  ծայրահեղ տարբեր է. եթե այնտեղ ոստիկանը պաշտպան է, մարդ, որը յուրաքանչյուր դժվարին իրավիճակում պատրաստ է օգնության հասնելու քաղաքացուն, ապա մեր հասարակությունում երկար տարիներ ոստիկանի անվամբ վախեցնում էին երեխաներին, ինչը մնում է նրանց ենթագիտակցության խորքերում և ուղեկցում վերջիններիս ողջ կյանքում:

-Իսկ ինչո՞վ էր դա պայմանավորված:

-Դա պայմանավորված էր նրանով, որ միլիցիոների աշխատանքը ցածր վարձատրվող, անշնորհակալ աշխատանք էր, և եզակի ինտելեկտուալներ էին ձգտում աշխատել այդ համակարգում: Մեծ դեր ուներ նաև հոգեբանական գործոնը. մարդիկ, ովքեր մտածում էին, որ իրենց մտավոր ունակություններով գիտելիքների փոքր պաշարով հազիվ թե մեծ բաների հասնեն, օգտագործում էին ուսադիրներն ու համազգեստը ինքնահաստատվելու, հասարակության մեջ առանձնանալու համար: Ցավոք, նրանցից շատերը ունեին կրթության ցածր որակ, սակայն միաժամանակ պետք է ընդգծեմ այն փաստը, որ միլիցիայության աշխատակիցների մեծամասնությունը նվիրված էին իրենց գործին, ազնվորեն կատարում էին իրենց ծառայողական պարտքը` հաճախ վտանգելով սեփական կյանքը` հանուն հասարակության:

Ապագայի ոստիկանը մարմնով և հոգով առողջ, կիրթ, և չեմ վախենա այս բառից` բարի մարդն է: Արևմտյան հասարակություններում և մեզ մոտ վերաբերմունքը ոստիկանի նկատմամաբ  ծայրահեղ տարբեր է. եթե այնտեղ ոստիկանը պաշտպան է, մարդ, որը յուրաքանչյուր դժվարին իրավիճակում պատրաստ է օգնության հասնելու քաղաքացուն, ապա մեր հասարակությունում երկար տարիներ ոստիկանի անվամբ վախեցնում էին երեխաներին, ինչը մնում է նրանց ենթագիտակցության խորքերում և ուղեկցում վերջիններիս ողջ կյանքում: Հասարակությունը պետք է հասկանա, որ մեր տարբերանշանը սուրն ու վահանն են. վահանը պաշտպանում է, իսկ սուրը` պատժում: Սակայն սա չի նշանակում, որ մենք պատժիչ մարմին ենք միայն, բնավ, մենք առաջին հերթին հասարակության պաշտպաններն ենք, իսկ սուրը մեզ անհրաժեշտ է հանցագործությունները կանխելու և պատժելու համար:

Այսօրվա ուսանողները ոստիկանության ապագա սպաներն են, ապագա թաղայինները, օպերատիվ աշխատակիցները, քննիչները, և ես գիտակցում եմ ինձ վրա դրված ողջ պատասխանատվությունը նրանց դաստիարակության հարցում, հասկանում եմ, թե որքան կարևոր է նրանց նախևառաջ որպես լավ մարդ դաստիարակելը:

-Կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ մեր հասարակությունը ենթագիտակցաբար վատ է տրամադրված ոստիկանի նկատմամբ: Եվ ինչպիսի՞ բարեփոխումներ են իրականացվում հասարակության վերաբերմունքը դեպի դրականը փոխելու ուղղությամբ:

-Վերջին տարիներին մի շարք միջազգային կազմակերպությունների` մասնավորապես ԵԱՀԿ հետ համատեղ մենք անց ենք կացնում բարեփոխումներ և բազմաթիվ միջոցառումներ` անցանկալի երևույթները վերացնելու և հետագայում դրանք բացառելու ուղղությամբ: Պետք է նշեմ, որ հատուկ ուշադրություն է հատկացվում կրթության ոլորտին: Մենք հասկանում ենք, որ այսօրվա ուսանողները ոստիկանության ապագա սպաներն են, ապագա թաղայինները, օպերատիվ աշխատակիցները, քննիչները, և ես գիտակցում եմ ինձ վրա դրված ողջ պատասխանատվությունը նրանց դաստիարակության հարցում, հասկանում եմ, թե որքան կարևոր է նրանց նախևառաջ որպես լավ մարդ դաստիարակելը: Ես քաջ գիտակցում եմ, որ ինձ վրա պատասխանատվություն է դրված ապագա աճող սերնդի անվտանգության համար, հասարակության համար, որտեղ ապրելու են իմ երեխաներն ու թոռները, և այդ անվտանգության ապահովման համար պետք է պատասխանատվություն կրի  հենց այն մարդը, որն այսօր կրթություն է ստանում իմ ղեկավարության ներքո:

Հարկ է նշել, որ այսօրվա երիտասարդ ոստիկանների հոգեբանությունը բոլորովին այլ է, և զուգահեռներ անցկացնելով իմ և այսօրվա սերունդների ինտելեկտուալ մակարդակների միջև, ուրախ եմ փաստել, որ նոր սերունդն ունի շատ ավելի լայն աշխարհընկալում և ինտելեկտուալ զարգացման բարձր տեխնոլոգիական մակարդակ: Իսկ այսպիսի մարդիկ, ես վստահ եմ, չեն կարող իրենց խղճին դեմ գնալ և անազնիվ լինել շրջապատող մարդկանց նկատմամբ:

-Իչպիսի՞ չափանիշերով է ընտրվում օրենքի ապագա պաշտպանը: Այդուհանդերձ որքանո՞վ են կարևորվում նրա մարդկային որակները:

-Նախորդ տարվանից, կրթական համակարգի բարեփոխումների շրջանակներում, ընդունելության քննություններն անցկացվում են թեստային տարբերակով համակարգիչների միջոցով: Քննությունների այս տարբերակն ընդունված է աշխարհի մի շարք երկրներում, մասնավորապես` ԱՄՆ բանակն այս մեթոդով է ընդունելությունը կազմակերպում դեռևս 1950-ականներից: Այդ թեստը բաղկացած է ավելի քան 100 հարցից, որոնք վեր են հանում ապագա ոստիկանի բարոյա-գործնական հատկանիշները: Թեստը թույլ է տալիս վերհանել դիմորդների մոտ ագրեսիայի առկայությունը, որոշել արդարության և ազնվության մակարդակը, ինչպես նաև ընդհանուր ինտելեկտուալ մակարդակը: Ակադեմիայի  դիմորդների համար  թեստը բարդացված է. նրանում ընդգրկված են լրացուցիչ հարցեր հայոց լեզվի իմացությունը պարզելու համար: Բացի այս թեստի արդյունքներից` դիմորդը պետք է նաև ֆիզիկական պատրաստվածության քննություն հանձնի: Ինչպես գիտեք,  ոստիկանի ֆիզիկական պատրաստվածության մակարդակը պետք է բարձր լինի միջին վիճակագրական քաղաքացու վիճակից, քանի որ ծառայողական պարտքի կատարման ժամանակ նա երբեմն ստիպված է լինում ֆիզիկական ուժ գործադրել, օրինակ` վազել հանցագործի հետևից, գործել օրգանիզմի համար ոչ բարենպաստ պայմաններում և այլն,  իսկ դրա համար պետք է կատարյալ ֆիզպատրաստվածություն:

-Ձեզ համար որքանո՞վ է կարևոր ուսանողի բարոյահոգեբանական պատրաստվածությունը: Ինչպիսի՞ ծրագրեր են իրականացվում այս ուղղությամբ:

-Մեր ակադեմիայի պարտադիր ծրագրով նախատեսված է ոստիկանության աշխատակիցների հոգեբանական պատրաստվածության հատուկ դասընթաց, անցկացվում են ապագա ոստիկանների բարոյական դաստիարակությանն ուղղված համապատասխան պարապմունքներ: Նախանցյալ տարվանից մենք առարկայական ծրագրերի ցանկում ներառել ենք այնպիսի առարկաներ, ինչպիսիք են դիվանագիտական վարվեցողությունը` ինչպես վարվել սեղանի շուրջ, ինչպես օգտվել սպասքից և այլն, արվեստի պատմությունը, քանի որ մեզ համար կարևոր է, որ մեր աշխատակիցը կարողանա տարբերել Սարյանի կտավը ասենք` 17-րդ դարի հոլանդական դպրոցի նկարչի վրձնի գործից, կրոնի պատմությունը. այս առարկան դասավանդվում է հոգևորականների կողմից և ընդհանուր պատկերացում է տալիս աշխարհի կրոնների և դրանց ուղղությունների վերաբերյալ, կարծում եմ` սա ևս կարևոր է մարդու բարոյա-հոգեբանական դաստիարակության համար: Պետք է նշեմ, որ ընդմիջումների ընթացքում մեզ մոտ հնչում է դասական երաժշտություն, որը ենթագիտակցորեն ազդում է ապագա ոստիկանի ներաշխարհի վրա` դարձնելով նրան ավելի բարի ու հավասարակշռված: Առանձնահատուկ կերպով ցանկանում եմ նշել, որ մեր ուսանողների համար պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում մշակույթի, արվեստի և քաղաքական ոլորտի կարկառուն գործիչների հետ:

Ի տարբերություն ՀՀ այլ ուսումնական հաստատությունների` ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ընդունելության գործընթացը բավականին բարդ է, ինչը պայմանավորված է մասնագիտության առանձնահատկություններով

-Ինչպիսի՞ միջոցներ եք ձեռք առնում կրթահամալիրի ընդունելության անաչառությունն ու օբյեկտիվությունը ապահովելու ուղղությամբ:

-Ընդգծեմ, որ ի տարբերություն ՀՀ այլ ուսումնական հաստատությունների` մեզ մոտ բավականին բարդ է ընդունելության գործընթացը: Դա կապված է ոստիկանական գործի առանձնահատկություններով: Սկզբում դիմորդները անցնում են մանդատային հանձնաժողովով, որը կազմավորվում է ՀՀ ոստիկանապետի հրամանով, նրանում ընդգրկվում են տարբեր ծառայությունների աշխատակիցներ, հանձնաժողովը ընտրություն է կատարում հատուկ չափանիշերի հիման վրա (հասակ, կրթական ցենզ, ծառայություն բանակում, բնակության և աշխատանքի վայրից բնութագրեր): Մանդատային հանձնաժողովի խնդիրն է կանխել անցանկալի էլեմենտների մուտքը մեր համակարգ: Գաղտնիք չէ, որ հանցագործ աշխարհը միշտ հնարավորություններ է փնտրում ներմուծելու իր մարդկանց ոստիկանության համակարգ` սեփական նպատակների իրագործման համար. դա կարող է լինել փակ ինֆորմացիա ստանալու, պաշտոնական դիրքն օգտագործելով` քննիչների նկատմամբ ճնշում գործադրելու, քննության ընթացքը նենգափոխելու  և այլն, և այլն:  Նախնական ընտրությունից հետո մանդատային հանձնաժողովը բոլոր թեկնածուներին ուղարկում է բժշկական հետազոտության: Բժշկական հանձնաժողովը ստուգում է բոլոր դիմորդների առողջական վիճակը, ինչից հետո նրանք գալիս են մեզ մոտ, որտեղ հանձնում են թեստը և ֆիզպատրաստվածության քննությունը, ինչի մասին արդեն ասել եմ:

-Վերջին տարիներին կամա թե ակամա Հայաստանում գործունեության բոլոր ոլորտները համեմատվում են երկու մոդելների հետ` արևմտյան և ռուսական: Ո՞ր մոդելին է հետևում ՀՀ ոստիկանությունը: Ո՞րն է մեզ համար առավել նախընտրելի:

-Միանշանակ կարող եմ ասել, որ մենք ունենք ոստիկանության մեր մոդելը: Սակայն այն ոչ մի դեպքում չի հրաժարվում այն բոլոր դրական տարրերից, որոնք հատուկ են ռուսական կամ արևմտյան ոստիկանությանը: Այս առումով մենք բավականին սերտ համագործակցում ենք արտասահմանյան ոստիկանական ծառայությունների հետ, անցկացնում թրենինգներ, մեր դասավանդողները մեկնում են գործուղումների, արտասահմանցի մասնագետներն են գալիս Հայաստան, կատարվում է փորձի փոխանակում, նոր գիտելիքների ձեռքբերում և համադրում: Մենք բավականին արդյունավետ հարաբերություններ և կապեր ունենք Դանիայի, Հոլանդիայի, Իռլանդիայի, Ֆրանսիայի, ՌԴ-ի, ԱՄՆ-ի հետ, ինչն, անշուշտ, ուրախալի է: Մենք փորձում ենք նորանոր կապեր հաստատել միջազգային առաջատար ոստիկանական ծառայությունների հետ` փորձի փոխանակման նպատակով:

-Դուք ինչպե՞ս կբնութագրեք արևմտյան և ռուսական ոստիկանությունները:

-Իմ սեփական դիտարկումները ցույց են տալիս, որ իրավիճակը արևմուտքում և Ռուսաստանում ավելի  լավը չէ, քան Հայաստանում: Պետք է ասեմ, որ պրոֆեսիոնալիզմի առումով հայ ոստիկանները ոչնչով չեն զիջում արտասահմանյան ոստիկանական ծառայությունների աշխատակիցներին: Մենք հետ ենք արևմուտքից զուտ տեխնիկական հագեցվածության և ֆինանսավորման առումով: Սակայն միանգամայն օբյեկտիվորեն կարող եմ նշել, որ մեր արտասահմանցի կոլեգաները մեզանից շատ բան ունեն սովորելու հասարակական կարգի պահպանման և ճգնաժամային իրավիճակներում գործելու հմտությունների առումով:

-Շուրջ 12 տարի եղել եք ներքին գործերի նախարարի տեղակալը, կխնդրեի խոսել այս նախարարության լիկվիդացման պատճառների և հետևանքների մասին, եթե կարելի է:

-ՀՀ ՆԳՆ լիկվիդացիայի առավել կարևոր պատճառներից մեկը ոստիկանական համակարգի ապաքաղաքականացումն էր: Ինչպես ձեզ հայտնի է, լինելով նախարարություն` մենք մտնում էինք կառավարության կազմի մեջ, սակայն կարևոր է, որ ՆԳՆ համակարգի ղեկավարը չլինի քաղաքական գործիչ, չներկայացնի այս կամ այն կուսակցությունը կամ քաղաքական ուժը: Չէ՞ որ մեր խնդիրն է ոչ թե սատարել այս կամ այն կուսակցությանը, այլ մեր պարտականությունների կատարումը, օրենքի գերակայության և սահմանադրական կարգի ապահովումն ու պահպանումը: Ես համարում եմ այս որոշումը արդարացի, քանի որ ոստիկանությունը պետք է լինի քաղաքականությունից դուրս:

-Պարո՛ն Վարյան, այս տարիների ընթացքում Դուք եղել եք ՀՀ ՆԳ մի քանի նախարարների տեղակալ: Դուք աշխատել եք Վանո Սիրադեղյանի, ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի, Սուրեն Աբրահամյանի և Հայկ Հարությունյանի հետ: Կարո՞ղ եք համեմատել 20-ամյա անկախ Հայաստանի այդ շրջափուլերը:

-Որ ոքի համար գաղտնիք չէ, որ Վանո Սիրադեղյանը բավականին էքսցենտրիկ մարդ էր: Ցավոք, կուսակցականությունը բացասաբար էր անդրադառնում ոստիկանության համակարգի գործունեության արդյունավետության վրա: Սակայն ոչ մի դեպքում չի կարելի մոռանալ այդ ժամանակաշրջանի առանձնահատկությունները. ծանր ժամանակներ էին 90-ականները, պատերազմ, քաոսային վիճակ, համատարած աղքատություն: Այդ դժվարին շրջանում նախարար դարձավ Սերժ Սարգսյանը, որի ղեկավարման շրջանում էլ հենց սկսվեցին առաջին բարեփոխումները: Առաջին լուրջ ձեռքբերումները կոռուպցիայի և անօրինականությունների դեմ պայքարում սկսվեցին հենց այդ ժամանակ: Սուրեն Աբրահամյանը նախարարի պաշտոնում աշխատել է ընդամենը 6 ամիս, 27.10.1999 ԱԺ ողբերգությունից անմիջապես հետո վերջինս հրաժարական տվեց, ինչն, անկեղծ ասած, այդքան էլ ողջունելի քայլ չէր նրա կողմից: Դա չափազանց լարված շրջան էր, իսկ նախարարությունն էլ փաստացի կարծես գլխատված լիներ: ՆԳ նախարար նշանակվեց Հայկ Հարությունյանը, ով շատ կարճ ժամանակամիջոցում անեմ ինչ իր տեղը գցեց: Հենց այս շրջանում էր, որ ներքին գործերի նախարարությունը վերափոխվեց ՀՀ ոստիկանության: Ապա սկսվեցին էական բարեփոխումները. ոստիկանական համակարգից հանվեցին ոլորտի հետ կապ չունեցող որոշ գործառույթներ` հրշեջ պաշտպանության ծառայությունը, ուղղիչ հաստատությունների ղեկավարումը (բանտեր, գաղութներ), ինչպես նաև մի շարք այլ բարեփոխումներ` հենվելով մեր արտասահմանյան կոլեգաների ունեցած փորձի վրա: Ես նաև աշխատել և շարունակում եմ աշխատել վերջին երկու ոստիկանապետերի` Ալիկ Սարգսյանի և Վլադիմիր Գասպարյանի հետ, որոնց հետ ինձ կապում է դեռ լեյտենանտական ժամանակների ընկերությունը, ուստի` իմ գնահատականը կարող է սուբյեկտիվ լինել (ժպտում է), բայց մի բան կարող եմ վստահ ասել` հեշտ է աշխատել, երբ կա փոխադարձ հարգանք և ըմբռնում:

Հայաստանն իր աշխարհագրական դիրքով ոչ բարենպաստ տարածաշրջանում է, ուստի մեր ոստիկանը պետք է լինի ոչ միայ ներքին անվտանգության պահապանը, այլև անհրաժեշտության դեպքում պաշտպանի մեր երկրի սահմանները:

- Հոգեպես պատրա՞ստ եք այսօր արդեն խոսելու Ձեր ժամանակավոր հանգստի անցնելու մասին:

-Գիտեք` 12 տարի լինել նախարարի տեղակալ և ղեկավարել հասարակական կարգի պահպանության ծառայություններ, բավականին բարդ է: Աշխատանքային գործունեության ընթացքում ինձ մոտ առողջական խնդիրներ են ի հայտ եկել. երկու անգամ սրտի վիրահատություն եմ տարել, ձեռք եմ բերել խրոնիկական հիվանդություններ: Ֆիզիկական և հոգեկան այս ողջ լարվածությունն ու ծանրաբեռնվածությունն էին պատճառը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով գնացի վաստակած հանգստի և միայն 2,5 տարի անց Ալիկ Սարգսյանի միջնորդությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով վերադարձա աշխատանքիս, ինչի համար ես շատ ուրախ եմ: Ես սիրում եմ իմ աշխատանքը և ցանկանում եմ, որ ապագա ոստիկանը լինի մեր հայրենի պետության արժանի քաղաքացի և օրենքի պաշտպան: Հայաստանն իր աշխարհագրական դիրքով ոչ բարենպաստ տարածաշրջանում է, ուստի մեր ոստիկանը պետք է լինի ոչ միայ ներքին անվտանգության պահապանը, այլև անհրաժեշտության դեպքում պաշտպանի մեր երկրի սահմանները:

-Եվ վերջում, Ձեր բարեմաղթանքը մեր քաղաքացիներին և ընթերցողներին:

-Ես շատ եմ ցանկանում, որ մեր քաղաքացիները վստահեն ոստիկանությանը, հարգեն մեր ոստիկանի դժվարին աշխատանքը, ոստիկանի, ով պատրաստ է իր կյանքը տալու մեր քաղաքացիների պաշտպանության համար: Իսկ մենք մեր հերթին կփորձենք անել հնարավոր ամեն ինչ այդ հարգանքին հասնելու համար:

Հարցազրույցը` Մարիաննա Քաբաբյանի

Թարգմանեց Թեհմինա Արզումանյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...