16:21
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Էկոսենս»-ի բացառիկ նվաճումները` միջազգային հավատարմագրում ստանալու ճանապարհին

2020-01-29 12:19

 «Դե Ֆակտո» N 5/151 (11-12/2019թ.) 


Հանրային վստահություն և հավատ վայելող «Էկոսենս» ախտորոշիչ կենտրոնների ցանցը շարունակում է ներդնել նորանոր բացառիկ հետազոտություններ, որոնք միակն են Հայաստանում և կենտրոնացած են աշխարհի մի քանի երկրներում: Ցանցի հիմնադիր տնօրեն Ինեսսա Նազարյանի նպատակն է Հայաստանի ազգաբնակչությանը հասանելի դարձնել դժվար ախտորոշվող հիվանդությունների համար նախատեսված հետազոտությունները, դրանք իրականացնել Հայաստանում` միջազգային որակով ու մակարդակով, որպեսզի այլևս կարիք չլինի այդ նպատակով արտերկիր մեկնել: Այս և այլ թեմաների մասին առավել մանրամասն` Ինեսսա Նազարյանի հետ մեր հարցազրույցում:

-Տիկի՛ն Նազարյան, Ձեր աշխատանքային դրայվը զարմանալի է և գովելի, քանի որ դրա արդյունքում «Էկոսենս» ախտորոշիչ կենտրոններում ներդրվում են նորանոր, ժամանակակից հետազոտություններ` ուղղված հանրային առողջության պահպանմանը: Նախ ուզում եմ հարցնել, ինչպիսի՞ տարի էր 2019թ. Ձեզ համար:


-2019թ. մեզ համար շատ լարված, բեղմնավոր, հետաքրքիր նորություններով ու նորամուծություններով լի տարի էր: Մենք որդեգրեցինք այն կարգախոսը, որ «Ոչ» բառը չենք ասելու մեր այցելուներին, և մեր բոլոր հնարավորությունները` մտավոր, ֆինանսական, օգտագործելու ենք «Էկոսենս»-ում ներդնելու և ՀՀ ազգաբնակչությանը հասանելի դարձնելու ճշգրիտ ախտորոշման աշխարհում ընդունված բոլոր այն հետազոտությունները, որոնց կարիքը, հատկապես կա Հայաստանում, որպեսզի որևէ ախտորոշում անցնելու համար այլևս արտերկիր մեկնելու անհրաժեշտություն չառաջանա: Խոսքս, իհարկե, լաբորատոր հետազոտությունների մասին է:
Պետք է խոստովանեմ, որ բավականին դժվար ու ծանր ճանապարհ անցանք, քանի որ նման նպատակ իրականացնելու համար պետք է ճանաչելի և ընդունելի լինել միջազգային ասպարեզում, դառնալ միջազգային ճանաչում ունեցող լաբորատորիաների գործընկերը, ձեռք բերել եզակի համագործակցության պայմանագրեր: Իսկ դրա համար պետք է պարտադիր տեղում իրականացնել լաբորատոր այն մակարդակի և որակի հետազոտություններ, որոնք ընդունված են աշխարհում` միջազգային ստանդարտներին համապատասխան: Այդ ճանապարհին մենք ստացանք ազգային ISO 1900 սերտիֆիկատ, իսկ այժմ պատրաստվում ենք միջազգային ISO սերտիֆիկատ ստանալուն, որը մեզ թույլ կտա արդեն ամբողջ աշխարհին հայտարարել, որ մեր լաբորատորիան գործում է միջազգային ստանդարտներին համապատասխան:
Մենք կնքել ենք բացառիկ պայմանագրեր մի շարք առաջատար լաբորատորիաների հետ, որոնք այս կան այն հիվանդության գծով միակն են աշխարհում` որպես ախտորոշիչ կենտրոն, և այդ հետազոտություններն այժմ հասանելի են նաև մեր ազգաբնակչությանը: Խոսքը Գերմանիայում, Իսպանիայում, Կիպրոսում, Հոլանդիայում գործող ախտորոշիչ կենտրոնների մասին է, որոնք իրականացնում են դժվար ախտորոշվող հիվանդությունների հետազոտություններ:
Այս գործընթացը շարունակական է, որովհետև մենք հույս ունենք, վերջ ի վերջո Հայաստանում ունենալ միջազգային հավատարմագրում ունեցող լաբորատորիա: Իսկ միջազգային հավատարմագրում ստանալը այն բարձրագույն գնահատականն է, որին կարող է հավակնել լաբորատորիան, ինչը բազում գործընթացներ է պարունակում: Այն իր մեջ ներառում է ոչ միայն որակյալ հետազոտությունների իրականացում, այլ նաև լաբորատոր աշխատանքների ողջ ծավալը, սկսած նյութերի պահպանման և կիրառման նորմերից` վերջացրած ծառայությունների մատուցման որակով, մասնագետների շարունակական կրթական համալիր միջոցառումներով, վերջիններիս համապատասխանությամբ` իրենց զբաղեցրած պաշտոններին և այլն: Իր մեջ պարունակելով այդ ամենը` հավատարմագրման պահանջները պարտադրում են բոլոր գործընթացները կատարել միջազգային ստանդարտներին համապատասխան, որոնք սևով սպիտակին գրված են և ենթակա չեն փոփոխման:
Մենք ընտրել ենք այդ ճանապարհը, որն անցնելը մասնագիտական մեծ ջանքեր են պահանջում, բայց մենք պատրաստ ենք, որովհետև բացի որակից, ուրիշ ոչ մի ցուցիչ չկա, որը ցույց տա` դու լավագույնն ես: Մենք կարող ենք դա ապացուցել միայն մեր աշխատանքի որակով:

-Երկար տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ` «Էկոսենս»-ը վաստակել է հանրային վստահություն և բարձր վարկանիշ` հավատարիմ մնալով իր սկզբունքներին և ընտրած ուղուն: Դրա մասին են փաստում նաև Ձեր ստացած մրցանակները: Այս տարի «Սպառողի գնահատական» միջազգային մրցանակաբաշխության շրջանակներում «Էկոսենս»-ը հաղթող ճանաչվեց «Լայն սպառման և պահանջարկի» անվանակարգում: Ի՞նչ կարևորություն ունեն նման մրցանակները Ձեզ համար:

-Սպառողի գնահատականով պայմանավորված մրցանակ ստանալը շատ մեծ պատասխանատվություն է, քանի որ մենք աշխատում ենք սպառողի համար, և նրա դժգոհությունը, ոչ գոհունակությունը ամենավառ վկայությունն է այն մասին, որ աշխատանքը ճիշտ չի կազմակերպված: Մենք ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի մեր այցելուն գոհ ու շնորհակալ դուրս գա «Էկոսենս»-ից` ճշգրիտ հետազոտությունները ձեռքին: Դա բազմակողմանի և մեծածավալ աշխատանք է` սկսած այն բանից, թե այդ այցելուն ինչպես պետք է սպասարկվի առաջին փուլից մինչև վերջինը:
Մի կարևոր հանգամանք ևս` սպառողի բարձր գնահատականը վայելելը, իհարկե, հաճելի է, սակայն մրցանակը պարտավորեցնում է պահպանել ունեցած որակը, ինչը շատ ավելի դժվար է, քան մրցանակ ստանալը, քանի որ փոքրիկ սխալմունքը կամ թերությունը կարող է ստվերել տարիների կատարած աշխատանքը` նույն վայրկյանին իջեցնելով սպառողի գնահատականը, իսկ բարձունքից ընկնելը ցավոտ է, մանավանդ, երբ սեփական քրտինքով ես վաստակել այն: Դրա համար մենք անընդհատ ինքնակատարելագործման գործընթացի մեջ ենք, պատրաստ ենք պահպանել մեր ձեռքբերումները և ինչու ոչ, ավելացնել դրանք:

-Հետաքրքիր է, որքանո՞վ է մեծացել կանխարգելիչ հետազոտություններ անցնել ցանկացողների թիվը:

-Տարիներ շարունակ տարբեր ԶԼՄ-ների միջոցով մենք բավականին մեծ աշխատանք ենք կատարել` կանխարգելիչ հետազոտությունների դիմելու անհրաժեշտությունը կարևորելուն ուղղված, և պետք է նշեմ, որ մեր ազգաբնակչության շրջանում զգալիորեն բարձրացել է տեղեկացվածության մակարդակը, մարդիկ հասկանում են, իրենց մաշկի վրա զգում, որ տարին մեկ անգամ հետազոտվելը նրանց պաշտպանում և փրկում է տարբեր, երբեմն` ծանր հիվանդությունների զարգացումներից, ստեղծում մեծ հնարավորություններ լիարժեք ապաքինվելու:
Մեր ազգաբնակչությունը դարձել է շատ ավելի գրագետ, փոխել իր մոտեցումը սեփական առողջության նկատմամբ, ինչը ես ողջունում եմ և ցանկանում, որ մեր հասարակության բոլոր շերտերը ներգրավվեն այդ առողջ գործընթացում:

-Այս տարվա ընթացքում նաև ակտիվ մասնակցություն ունեցաք արտերկրում կազմակերպված բազմաթիվ մասնագիտական ֆորումների, Հայաստանյան սեմինարների: Մի փոքր պատմեք դրանց մասին:

-Այս տարի մենք շարունակական կրթական շատ մեծ ծրագրեր ենք իրականացրել` մեր մասնագետների գիտելիքները զարգացնելուն և միջազգային նորամուծություններից ոչ մի քայլ հետ չմնալուն ուղղված: Ողջ տարվա ընթացքում թե՛ մեր նեղ մասնագետները և թե՛ լաբորատորիայի աշխատակիցները մասնակցել են տարբեր միջազգային կոնֆերանսների, կոնգրեսների: Ես կարևորում եմ նրանց մասնակցությունը նման միջոցառումներին և չեմ վարանում վճարել գիտելիքի ստացման համար, քանի որ մասնագիտական կոնֆերանսները մեծ հորիզոններ են բացում, հնարավորություն ստեղծում տեսնելու, տեղեկանալու, թե ինչպես են աշխատում կոլեգաներդ, ինչ նորություններ կան աշխարհում, և զինվելով այդ գիտելիքներով` վերադառնալ քո աշխատանքին և ներդնել այդ բոլոր նորությունները քո աշխատանքում, կիրառել դրանք նույն որակով ու մակարդակով, ինչ լավագույն կլինիկաները:
Մեր մասնագետները լաբորատոր կոնգրեսներին ոչ միայն լսողի դերում են եղել, այլ նաև ներկայացրել մեր արդյունքները և ստացել բարձր գնահատական` որպես առաջատար լաբորատորիա, որի հետազոտությունները ընդունվում են միջազգային կոնգրեսներում:


-«Էկոսենս» ախտորոշիչ կենտրոնում ներդրվել են պտղի գենետիկ ախտորոշման ոչ ինվազիվ պրենատալ թեստերը: Հետաքրքիր է, ինչպե՞ս հաջողվեց կնքել բացառիկ պայմանագիր NIPD Genetics-ի հետ և ի՞նչ առանձնահատկություն ունեն թեստերը:

-Թեստն անցնելու գործընթացը շատ նուրբ ու պատասխանատու է, որովհետև պտղի գենետիկ հետազոտությունները ամբողջ աշխարհում նորամուծություն են և վերջին տարիներին բուռն զարգացում են ապրել: Ամեն տարի ավելի ու ավելի ընդլայնվում է հետազոտված գեների քանակը և որակը ու այսօր լավագույնը աշխարհում համարվում է Կիպրոսում գործող NIPD Genetics ինստիտուտը, որը այդ հետազոտությունները կատարում է գիտահետազոտական ինստիտուտներում, որոնք ընդունված են ամբողջ աշխարհում: Այս հետազոտությունները շատ կարևոր են, քանի որ դրանք հստակ ինֆորմացիա են փոխանցում բժշկին և այցելուին երեխայի մասին. չէ՞ որ կան հիվանդություններ, որոնք կարող են ճակատագրական դառնալ ընտանիքի համար, հատկապես, երբ ժամանակին և ճիշտ չեն ախտորոշվում:

-Նման դեպքերը շա՞տ են Հայաստանում, և որքանո՞վ են այդ հետազոտությունները մատչելի:

-Պետք է նշեմ, որ դեպքերը բավականին շատ են Հայաստանում, սակայն ի ուրախություն բոլորիս` «Էկոսենս»-ում ներդրված NIPD Genetics ինստիտուտի թեսթերը հնարավորություն են տալիս հղիության վաղ շրջաններում ճշգրիտ ինֆորմացիա տալ պտղի գենետիկ հիվանդությունների մասին` հղիության հետագա ճակատագիրը թողնելով հղիի և բժշկի որոշմանը:
Իհարկե, բժշկության մեջ նման գենետիկ հետազոտությունները շատ մատչելի գին ունենալ չեն կարող, որովհետև դրանք, իրոք, թանկարժեք հետազոտություններ են, բայց մեզ հաջողվել է համաձայնության գալ մեր գործընկերների հետ և սահմանել բացառիկ իջեցված գներ: Վերջիններս, հաշվի առնելով Հայաստանի ֆինանսական իրավիճակը, մեզ ընդառաջ գնացին: Իրականում կան քաղաքական որոշակի մոտեցումներ, որ նման երկրները պարտադիր պետք է օգտվեն այդպիսի հետազոտություններից, բայց մատչելի գնով, որից հետազոտությունների որակը բնավ չի տուժում:
-Խրոնիկ հազը, հաճախակի անգինաները այսօր շատ մեծ տարածում ունեն հատկապես երեխաների շրջանում: «Էկոսենս»-ում վերջերս ներդրվել է նշիկների սառեցման մեթոդը: Կներկայացնե՞ք` ինչ է այն իրենից ներկայացնում և արդյո՞ք մեծահասակների խնդիրների, օրինակ` ֆարենգիտի դեպքում կարելի է այն կիրառել:
-Մեծ պարծանքով ուզում եմ ասել, որ այո, «էկոսենս»-ն ունի քիթ-կոկորդ-ականջաբանության նեղ մասնագիտական ծառայություն, որը հագեցած է բուժման և ախտորոշման ժամանակակից աշխարհում ընդունված բոլոր հնարավորություններով: Անկեղծ պետք է ասեմ, որ այս ծառայության ներդրմանը, որպես մայրիկ եմ վերաբերվել` հասկանալով, որ բոլորս էլ բախվում ենք քիթ-կոկորդ-ականջ հատվածում առաջացող կրկնվող հիվանդություններին` խրոնիկ անգինաներ և այլն, և կարիք ունենք լավագույն մասնագետի ու հագեցած, որակյալ ծառայության մատուցման: Պետք է նշեմ, որ ունենք գրագետ, վերապատրաստված մասնագետ, ով տիրապետում է ծառայությունում ներդրված բոլոր սարքավորումներին և իրականացնում է ոչ միայն նշիկների սառեցում, այլ նաև լազերային և այլ տեսակի բուժումներ` կախված ախտորոշումից:
Ծառայությունը նախատեսած է բոլոր տարիքային խմբերի համար, մեզ դիմում են լսողության խնդիրներ, ֆարենգիտ և այլ հիվանդություններ ունեցող մեծահասակ մարդիկ և ազատվում տարիներ շարունակ իրենց անհանգստացնող խնդրից:


-Ի՞նչ է իրենից ներկայացնում «Էկոսենս»-ում ներդրված պարբերական հիվանդության հետազոտման նոր մեթոդը:


-Քսան տարուց ավելի Հայաստանի Հանրապետությունում հետազոտվել է պարբերական հիվանդության 13 մուտացիա, սակայն բազմաթիվ աշխատանքներ են գրվել, որ պոպուլյացիայի մեջ առկա են գեների շեղումներ, ինչը նշանակում է, որ մուտացիաների թիվն ավելի մեծ է: Այժմ արդեն աշխարհում կա 26 մուտացիայի ախտորոշման համար նախատեսված հետազոտություն, որը թույլ է տալիս լիարժեք ախտորոշել պարբերական հիվանդությունը այն մարդկանց շրջանում, որոնց մոտ առկա է 13 մուտացիայի շրջանակից դուրս մուտացիա: Սա հրաշալի հնարավորություն է, քանի որ նախկինում այդ մարդիկ ստանում էին կեղծ բացասական պատասխան:
Սկսած 2019թ. փետրվար ամսից` մենք այդ հետազոտությունն իրականացնում ենք «Էկոսենս»-ում: Մինչև այսօր մեզ դիմած հիվանդների 10 տոկոսի դեպքում ստացել ենք դրական պատասխան, որոնք կլինեին բացասական,եթե ախտորոշման հիմքում ներդրված լիներ ոչ թե 26,այլ 13 մուտացիա: Մենք վիճակագրություն ենք կազմում մեր կատարած հետազոտությունների վերաբերյալ, որը կհրապարակենք, կներկայացնենք միջազգային կոնֆերանսներին:
Հարկ է նշել, որ այս հետազոտությունն արդեն կիրառվում է տարբեր երկրներում, և մենք այդ երկրների ինստիտուտների հետ կապի մեջ ենք: Մենք նաև միջազգային կոնֆերանսների ժամանակ նրանց հետ միասին կունենանք քննարկումներ, փոխադարձաբար կներկայացնենք մեր արդյունքները: Ի դեպ` վերջերս մենք մեր արդյունքները ստուգել ենք Վիեննայի լաբորատորիայի հետ և ստացել ենք 100 տոկոսանոց համապատասխանություն: Այն ռեֆերենս լաբորատորիա է համարվում և երկար ժամանակ աշխատել է Հայաստանի հետ` որպես պարբերական հիվանդությունների ռեֆերենս լաբորատորիա:

-«Էկոսենս»-ում արդեն ներդրված է նեյրոմիոգրաֆիա հետազոտությունը, որքանո՞վ է այն պահանջված, ի՞նչ կարևոր խնդիրներ կարող են լուծվել հետազոտության արդյունքների հիման վրա, և արդյո՞ք այն ներառված է կենտրոնի շարժական հետազոտությունների շարքում (տնային պայմաններում):

-Պետք է շտապեմ նշել, որ, այո, նեյրոմիոգրաֆիան ներառված է մեր շարժական հետազոտությունների շարքում: Մեր սարքավորումը թույլ է տալիս և՛ հիվանդանոցային, և՛ տան պայմաններում կատարել այդ հետազոտությունը: Այն շատ պահանջված է, քանի որ ցուցված է տարբեր հիվանդությունների, առողջական խնդիրների դեպքում, որոնց հետևանքով կարող է ախտահարվել նյարդը, և պետք է պարզել վերջինիս շարժական ֆունկցիան կվերականգնվի՞, թե՞ ոչ, օրինակ, էնդոկրին համակարգի հիվանդությունների, շաքարային դիաբետի, հենաշարժական համակարգի հիվանդությունների, տարբեր տեսակի տրավմաների և այլնի դեպքում:


-Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման նորագույն մեթոդը ևս ներդրվել է «Էկոսենս»-ում, ի՞նչ առավելություններ ունի այն, որքանո՞վ կարող է նպաստել բուժման արդյունավետության բարձրացմանը:


-Շագանակագեղձի քաղցկեղի այս հետազոտությունը կատարվում է Հոլանդիայում, որը միակն է աշխարհում, և այնտեղ գործող գիտահետազոտական ինստիտուտն այն կատարում է ամբողջ աշխարհի կլինիկաների համար: Այս հետազոտությունը բժշկագիտության վերջին երկու-երեք տարիների խոշոր նվաճումներից է, քանի որ եկել է որոշ դեպքերում փոխարինելու նախկինում բիոպսիայի միջոցով կատարվող հետազոտությանը, որը ինվազիվ պրոցեդուրա է, ինչին հիվանդը պետք է գաղափարապես և ֆիզիկապես պատրաստ լինի, մյուս կողմից էլ` փոքր, բայց վիրահատություն է: Մենք հետևում ենք ուռոլոգիական բոլոր կոնգրեսներին, նրանք ժամանակ առ ժամանակ հրապարակում են իրենց արդյունքները, որոնք ևս մեկ անգամ խոսում են այն մասին, որ այս հետազոտությունն ունի ապագա:
Մեզ մոտ կատարվում է նաև վահանաձև գեղձի բիոպսիան, որի հետ կապված ունենք երկրորդ կարծիքի հնարավորություն. կնքել ենք պայմանագիր մեր Սանկտ-Պետերբուրգի գործընկերների հետ, ովքեր աշխատում են շատ ճանաչված գիտահետազոտական ինստիտուտում, հայտնի մասնագետներ են, որոնց կարծիքն այս ոլորտում կարևորներից է: Մենք տեղում կատարում ենք այդ հետազոտությունը, նաև հնարավորություն ունենք առցանց պայմաններում այն քննարկել նրանց հետ, քանի որ նույն սարքավորումներով ենք աշխատում, ինչ նրանք և կարող ենք այնտեղ աշխատող շատ հայտնի պրոֆեսոր Վորոբյովի կարծիքը ստանալ: Այսինքն` կարիք չկա գնալ Պետերբուրգ դրա համար, մենք ամեն ինչ կազմակերպում ենք տեղում` մեկ օրվա ընթացքում

-Տիկի՛ն Նազարյան, երկար ժամանակ է անցել մեր վերջին հանդիպումից, սակայն մեծ աշխատանք է իրականացվել այդ ընթացքում, հետաքրքիր է, արդյո՞ք հեշտ է տրվում Ձեզ ամեն նոր հետազոտության ներդրումը:
-Երևի թե ես շահել եմ կյանքում, քանի որ մեծ հաճույք եմ ստանում իմ աշխատանքից, ստացված նախագծերից, որոնք Ձեր խոսքով ասած` այնպիսի դրայվ են հաղորդում ինձ, որ կարծես իմ աշխատանքը վերաճած լինի հոբբիի և հակառակը: Ես մեծ էներգիա ու ոգևորություն եմ ապրում ամեն հաջողությունից և ուժ ստանում` առաջ գնալու և նորանոր բարձունքներ նվաճելու:
Իսկ արդյո՞ք հեշտ է տրվել...իհարկե, ոչ, կյանքում ոչ մի արժեքավոր և մնայուն բան հեշտ չի տրվում, պարզապես մեր առավելությունն այն է, որ մեր սարքավորումները հաճախակի են նորացվում և մեզ թույլ տալիս ուղղակի ավելացնել հետազոտությունները, որովհետև դրանք լավագույն արտադրողների արդի նվաճումներն են, որոնք չեն սահմանափակում մեր կարողությունները, ունեն մեծ պոտենցիալ:


-Անշուշտ, կարող ենք փաստել, որ «Էկոսենսը» վայելում է հասարակության լայն շերտերի վստահությունը, ինչն անչափ մեծ և կարևոր ձեռքբերում է յուրաքանչյուր կենտրոնի համար, հետաքրքիր է, ի՞նչ դեռևս չնվաճված բարձունքներ կան Ձեզ համար:


-Դրանց ծավալն այնքան մեծ է, որ միշտ կան դեռ չնվաճված բարձունքներ, ընդլայնվելու հնարավորություններ: Իսկ եթե վաստակել ես սպառողի վստահությունը, ապա նա ինքն է քեզ դրդում, որ դու նորանոր ծառայություններ ներդնես, և դու դա պետք է անես, քանի որ նրանք քեզ հավատում են:
Շատ եմ ցանկանում, որ մեր ծառայությունները հասանելի լինեն հեռավոր մարզերում, քանի որ դրանցում պահանջարկը շատ մեծ է: Եթե այդ վայրերում մասնաճյուղ ունենանք, մարդիկ ստիպված չեն լինի գալ Երևան:


-Հիանալի ղեկավար լինելուց բացի, Դուք նաև հոգատար մայր եք և կին: Ի՞նչ արձագանք են գտնում Ձեր հաջողությունները ընտանիքում:


-Ստացվել է այնպես, որ իմ ընտանիքը մասնակցում է «Էկոսենս»-ում տեղի ունեցող բոլոր գործընթացներին: Անգամ փոքրիկ աղջիկս պարտադիր մասնակցում է դրանց, հետաքրքիր, խելացի խորհուրդներ տալիս, որոնք, երբեմն շատ ավելի կենսունակ են լինում, քան մի քանի մասնագետների խորհուրդները: Իմ բոլոր կարևոր որոշումներում ընտանիքս ունի իր ներդրումը, մենք երկար քննարկումներ ենք ունենում,ինչը ինձ թույլ է տալիս չկտրվել ոչ աշխատանքից, ոչ ընտանիքից և չառնչվել այն հաճախ պատահող կոնֆլիկտին, թե մայրիկը ամբողջ օրը տանը չէ, ուշացավ:


-Առջևում Ամանորն է` նոր սպասումներով լի: Ինչպիսի՞ տոն է այն Ձեզ համար, ի՞նչ ակնկալիքներ ունեք Նոր տարուց: Ձեր բարեմաղթանքը:


-Շատ եմ սիրում Ամանորը, և ես ամենալավ Ձմեռ պապն եմ, քանի որ շատ եմ սիրում անակնկալներ մատուցել, հետաքրքիր նվերներ գնել, ավելի շատ նվիրել, քան ստանալ: Մեր ընտանիքի բոլոր անդամները անհամբերությամբ սպասում են Նոր տարվան, Ձմեռ պապին: Ես էլ եմ ուրախանում երեխաներիս հետ միասին, հատկապես, երբ պատրաստածս անակնկալները ստացվում են:
Կարծում եմ`սա այն տոնն է, որը միանշանակ պետք է անցկացնել ընտանիքի հետ, անգամ ծննդյան տոնը կարելի է չնշել ընտանիքի հետ, բայց Նոր տարին ընտանեկան տոն է, որի ժամանակ յուրաքանչյուրը պետք է զգա ընտանիքի կարևորությունը, քաղցրությունն ու ջերմությունը, իսկ թե որտեղ նշել Ամանորը, թող որոշի Ձմեռ պապը:
Շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթում բոլորի ընտանիքներին ամենակարևորը` առողջություն, ներդաշնակություն, ջերմ մթնոլորտ, մեր երկրին` կապույտ երկինք, խաղաղություն, թող որ ունենանք ապահով և պաշտպանված ներկա և հուսալի ապագա: Մենք ստեղծագործ ազգ ենք, կարող ենք ամեն ինչի հասնել:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...