22:38
12/10/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Բարգավաճ Հայաստանը» իր սկզբունքներին հավատարիմ քաղաքական ուժ է

2019-07-22 12:00

 

Մենք կառուցողական ընդդիմություն ենք, որն ունի մեկ նպատակ` խթանել կառավարության հաջողությունը, բարգավաճ, բարեկեցիկ եվ խաղաղ Հայաստանի կայացումը:

Նորա Առուստամյան
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր

-Տիկի՛ն Առուստամյան, Դուք 2018թ.երկրորդ անգամ ընտրվեցիք ԱԺ պատգամավոր բավականին մեծ թվով ձայներով: Ինչպիսի՞ եռանդով և նպատակներով եք այս նստաշրջանում աշխատում, արդյո՞ք նախորդ փորձը օգնում է Ձեզ:

-Այո՛, փաստացի ԱԺ երկրորդ նստաշրջանն է, ինչ աշխատում եմ օրենսդիր մարմնում: Թեև նախորդ գումարումը բավականին կարճ տևեց, բայց ինձ համար դրական փորձառություն էր, որը միանշանակ օգնում է ինձ այսօր աշխատելիս:
Իսկ եռանդս, նպատակներս ու ծրագրերս օր օրի ավելանում են, դրանք միտված են մեր երկրի և ժողովրդի, մասնավորապես` Արագածոտնի մարզի զարգացմանը, առկա խնդիրների լուծմանը:

-Այս նստաշրջանի աշխատանքների մեկնարկին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանն անընդհատ հարց էին ուղղում, թե արդյո՞ք ընդդիմադիր ուժ է իրեն համարում, թե ոչ, իսկ այժմ կարծես թե նման հարց ոչ ոք չի տալիս: Ինչպիսի՞ ակնկալիքներ ունեք Դուք և, առհասարակ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հետհեղափոխական, նորացող Հայաստանի կառավարությունից:

-«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այն քաղաքական ուժն է, որը, ինչպես մեր առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է նշում, մշտապես կանգնած է ժողովրդի կողքին, և զարմանալի չէ, որ համաժողովրդական պայքարի ժամանակ ևս մեր քաղաքական ուժը մնաց իր խոստմանը հավատարիմ: Այսօր մեր խմբակցությունը հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից` կրկին ի շահ մեր ժողովրդի. մեր ընդդիմադիր լինելն ինքնանպատակ չէ, մենք կառուցողական ընդդիմություն ենք, որն ունի մեկ նպատակ` խթանել կառավարության հաջողությունը, բարգավաճ, բարեկեցիկ և խաղաղ Հայաստանի կայացումը: Եվ անհիմն քննադատությունները, չարախոսությունները, զրպարտությունները մեր գործելաոճում տեղ չունեն ու շատ կցանկանայինք, որ մյուս քաղաքական ուժերը ևս զերծ մնային նման աշխատաոճից:
«Բարգավաճ Հայաստանը» որդեգրել է տնտեսական զարգացմանը նպաստելու քաղաքականություն, և մեր ակնկալիքներն ու նպատակները հիմնականում կապված են տնտեսության հզորացման հետ, որի իրականացման պարագայում կարդարանան ոչ միայն մեր, այլ նաև ողջ հայության ակնկալիքները:

-Այսօր ժողովրդի շրջանում ցանկացած դժգոհություն դառնում է փողոցները փակելու առիթ, ինչպե՞ս եք վերաբերվում այդ երևույթին:

-Դա հայկական իրականության մեջ նոր ի հայտ եկած, սակայն քաղաքակիրթ աշխարհում բողոքն արտահայտելու տարածված ձև է, որի մեջ ես որևէ արտառոց բան չեմ տեսնում: Նորմալ է, որ մարդիկ իրենց կարծիքն են արտահայտում:

-Դուք ընտրվել եք թիվ 7 ընտրատարածքից, արդյո՞ք կապը պահում եք Ձեր ընտրողների հետ, ունե՞ք գրասենյակ, որտեղ հնարավոր կլինի հանդիպել նրանց հետ:

-Ինչպես նշեցի, իմ գերնպատակն է աջակցել իմ մարզի ժողովրդին, որին ուղղված իմ առաջին քայլերից մեկը դեռևս նախորդ գումարման ազգային ժողովի ժամանակ Աշտարակ քաղաքում գրասենյակ հիմնելն էր: Այդ մասին ինձ հորդորել էին մարզի բնակիչները, որպեսզի հնարավորություն ունենային իրենց պատգամավորի հետ հանդիպելու: Աշտարակում գործում է նաև «Բարգավաճ Հայաստան»-ի տարածքային գրասենյակը: Ես մշտապես կապի մեջ եմ մարզի բնակչության հետ, ունեմ ընդունելության օրեր, որոնց ընթացքում հանդիպում եմ նրանց հետ, լսում իրենց խնդիրները, փորձում աջակցել:

-Ի՞նչ խնդիրներ են նրանք հիմնականում բարձրաձայնում:

-Խնդիրները հիմնականում սոցիալական բնույթ են կրում, քանի որ Երևանից դուրս յուրաքանչյուր բնակավայրում դրանք առավել սուր են արտահայտված` անգամ Երևանին այդքան մոտ գտնվող մարզում, ինչպիսին Արագածոտնի մարզն է: Ես սիրով լսում եմ մարզի բնակչության խնդիրները, փորձում հասկանալ, թե ինչ ճանապարհով կարելի է դրանք լուծել: Պարբերաբար հանդիպումներ եմ ունենում տարբեր մասնագետների և պատգամավորների հետ, քննարկում բարձրաձայնված խնդիրները, որոնք օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու առիթ են դառնում:

-Կառանձնացնե՞ք մի քանի խնդիր, որոնք պատրաստվում եք բարձրաձայնել ԱԺ ամբիոնից:

-Այս պահին բնակիչներին հետաքրքրում է խոշորացման գործընթացը, որը որոշակի անհարմարություններ կարող է ստեղծել նրանց համար: Օրերս մեր պատգամավորների և վերոնշյալ հարցով զբաղվող հանձնաժողովի անդամների հետ քննարկում էինք այդ խնդիրները, թե ինչպես իրականացնել խոշորացման գործընթացը, որպեսզի դրա արդյունքում համայնքների բնակչության կյանքում ավելորդ դժվարություններ չառաջանան: Օրինակ` ստիպված չլինեն երեխային տանել իրենց համայնքից բավականին հեռու` մի քանի համայնք հեռու դպրոց կամ մանկապարտեզ: Բազմաթիվ են նման հարցերը, որոնց լուծման ուղղությամբ այժմ աշխատում ենք, որպեսզի խոշորացման ծրագիրը առավելագույնս անվտանգ ու հարթ իրականացվի մարզում:

-Ինչպիսի՞ն է համագործակցությունը քաղաքային և մարզային իշխանությունների հետ:

-Անկեղծ ասած` մարզային իշխանությունների հետ աշխատելու առիթ դեռևս չենք ունեցել, սակայն ամենատարբեր խնդիրների լուծման շրջանակներում սիրով աշխատում ենք քաղաքային իշխանության հետ, և պետք է ասեմ, որ շատ արդյունավետ համագործակցություն է ստացվում:

-Տիկի՛ն Առուստամյան, ինչպե՞ս կգնահատեք ՀՀ արտաքին քաղաքական գործընթացները` որպես միջազգայնագետ, ի՞նչ տեսլական ունեք Արցախի խնդրի հետ կապված:

-Որպես միջազգայնագետ և ՀՀ քաղաքացի` Արցախի հարցի հետ կապված պետք է ցիտեմ իմ ղեկավարի խոսքերը. «Արցախի հարցը լուծված է, այն լուծել է Արցախի ժողովուրդը»: Եվ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող:
Շատ կցանկանայի, որ ունենայինք դիվանագիտական խորհրդարան, ինչը հնարավորություն կտար զարգացնելու խորհրդարանական դիվանագիտությունը: Ես կարծում եմ, որ արտաքին քաղաքականության հետ կապված բոլորս մեր տեղում անելիք ունենք. պատգամավորները պետք է ձգտեն հնարավորինս արդյունավետ աշխատել միջխորհրդարանական, բարեկամական խմբերի շրջանակներում` առավել ճկուն դարձնելով ՀՀ արտաքին քաղաքականությունը:

-Դուք ձեր խմբակցության պատգամավորներով մեկնել էիք Արցախ, այցելեցիք զորամասեր, հանդիպումներ ունեցաք ԱԺ նախագահի, պատգամավորների հետ: Ի՞նչ արդյունք տվեցին այդ հանդիպումները:

-Պետք է նշեմ, որ այս գումարման ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում ընդգրկվել են նոր պատգամավորներ, որոնց համար սա առաջին այցելությունն էր Արցախ` որպես ՀՀ ԱԺ պատգամավոր: Մենք ծանոթացանք այնտեղի պատգամավորական խմբերի հետ, Արցախի ԱԺ նախագահին ներկայացրեցինք մեր պատգամավորական խումբը ու ձեռք բերեցինք համաձայնություններ Արցախի հարցն այլ երկրներում առավելագույնս արդյունավետ բարձրաձայնելու:

-Դուք ընդգրկված եք Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի` «Եվրանեսթ»-ի ՀՀ պատվիրակության մեջ, մի փոքր պատմեք կատարված աշխատանքների մասին:

-Ես ընդգրկված եմ հայկական պատվիրակության մեջ, ինչը ենթադրում է «Եվրանեսթ»-ի պատգամավորների հետ սերտ համագործակցություն, աշխատանք: Պետք է նրանց հրավիրենք Արցախ, որպեսզի գան և իրենց աչքով տեսնեն, թե ինչպիսին է Արցախի Հանրապետությունը, ինչպես են այնտեղ ապրում ժողովուրդը, և, ի վերջո, հասկանան, որ այն մի երկիր չէ, որտեղ անընդհատ պատերազմ է, այլ մի խաղաղ վայր, ուր կարելի է հանգիստ զբոսնել և ազատ զգալ:
Աշխատանքների մասին շատ բան չեմ կարող պատմել, քանի որ դեռևս մեկ նիստի ենք մասնակցել, որը կարելի է ասել, ծանոթություն էր միմյանց հետ, քանի որ կազմը ամբողջովին նոր էր: Նիստի ժամանակ նաև կազմեցինք աշխատանքային պլանը, ըստ որի` պետք է ընթանան մեր հետագա աշխատանքները: Հաջորդ այցը, հավանաբար կլինի աշնանը:

-Նշեցինք մայիսյան հաղթանակների եռատոնը, Առաջին հանրապետության տոնը, ի՞նչ կարևորություն ունեն Ձեզ համար նման տոները:

-Բնականաբար, նման տոները մեծ կարևորություն ունեն ինձ համար` որպես հայրենասեր մարդու, ով սիրում է իր երկիրը, ժողովուրդը և հպարտ է նրա անցած ուղով: Այս տոներն ինձ համար ոգեշնչման, նոր հաղթանակների ձգտելու առիթ են:

-Որո՞նք են այն արժեքները, որոնք Ձեզ համար անփոխարինելի են:

-Ինձ համար կարևորագույն արժեքներ են` հայրենիքը, ընտանիքը և հավատը: Հայրենիքը սկիզբ է առնում հայկական, ավանդական, ամուր ընտանիքից, որտեղ դաստիարակվում են ապագա սերունդները` հայրենիքի տերերը: Կարծում եմ` ընտանիքը հայրենիքի փոքր մոդելն է, և մենք պետք է լրջագույն ուշադրություն դարձնենք այն արժեքներին, որոնցով դաստիարակում ենք մեր երեխաներին: Այդ արժեքներից կարևորագույնը մեր քրիստոնեական հավատն է, որը պետք է իր մեջ կրի յուրաքանչյուր հայորդի:

-Դուք երկու հրաշալի բալիկների մայրիկ եք, ինչպե՞ս եք կարողանում Ձեր ժամանակն արդյունավետ կառավարել և նրանց ևս ժամանակ տրամադրել:

-Բավական է ցանկություն, և ամեն բան կարելի է համատեղել: Առաջին տեղում ինձ համար միշտ նրանք են, հետո նոր աշխատանքը:

-Ի՞նչը փոխվեց Ձեր կյանքում մայրանալուց հետո:

-Մայրանալուց հետո իմ կյանքում հայտնվեցին երկու մարդուկներ, ում սկսեցի ինձնից շատ սիրել: Նրանց ծնվելուց հետո ես սկսեցի նրանց համար ապրել:

-Ինչպե՞ս տոնեցիք հունիսի 1-ը:

-Այս տարի, ինչպես նախորդ տարի, հունիսի 1-ը տոնեցինք Աշտարակ քաղաքում, որտեղ իմ նախաձեռնությամբ կազմակերպվել էին միջոցառումներ: Այս տարի տարբերությունն այն էր, որ որդիներս ինձ հետ էին:

-Ինչպիսի՞ Հայաստանում կցանկանայիք ապրեին Ձեր երեխաները:

-Ես կցանկանայի, որ երեխաներս ապրեին կատարյալ Հայաստանում:

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...