15:11
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Գյումրին պետք է դառնա Հայաստանի «Սիլիկոնային հովիտ»-ը

2018-07-14 13:21

 «Դե Ֆակտո » N 144 ( 05-06/2018թ.) 

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի կողմից:
Կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները միտված են տեխնիկական եւ գործարար հմտությունների զարգացմանը, տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորարար գիտահետազոտական աշխատանքների առեւտրայնացմանը:
Այն աջակցում է տեխնոլոգիական թիմերին, սկսնակ եւ գոյություն ունեցող ընկերություններին` իրենց գաղափարները վերածել հաջողակ բիզնեսի ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ միջազգային շուկայում:
Կենտրոնի ձեռքբերումների եւ առաջիկա ծրագրերի մասին զրուցեցինք Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի բիզնես զարգացման մենեջեր Բելլա Հարությունյանի հետ:

-Երևանից հետո Գյումրին երկրորդ քաղաքն է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացվածությամբ, 2014 թվականին Գյումրիում բացվեց տեխնոլոգիական կենտրոն, կխնդրեի ներկայացնեք` այս տարիների ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել կենտրոնը:

-Գյումրիում, ավերիչ երկրաշարժից հետո, մարդիկ կորցրել էին հավատը լուսավոր ապագայի հանդեպ, և երբ 2014 թվականին ստեղծվեց տեխնոլոգիական կենտրոնը, շատ ու շատ խնդիրներ լուծում ստացան, նվազեց արտագաղթի տոկոսը: Կենտրոնի ստեղծումը նպաստեց, որպեսզի մարդիկ մնան հայրենիքում և իրենց աշխատանքային գործունեությունը ծավալեն այստեղ: Սկզբնական շրջանում ոչ ոք չէր հավատում, որ ԳՏԿ-ն կհասնի այն հաջողություններին, որն այսօր ունի: Վերլուծելով կենտրոնի անցած ճանապարհը, հստակ կարող եմ ասել, որ այսօր Գյումրիում ՏՏ ոլորտը շատ արագ է զարգանում, եթե ի սկզբանե Գյումրիում կար մեկ ընկերություն, ապա այսօր դրանք ավելի քան 30-ն են, ավելացել է մասնագետների քանակը, ընդ որում բարձր է նաև մասնագետների որակական շեմը: Անգամ Երևանի ընկերություններից մասնագետները վերադառանում են Գյումրի աշխատելու:
Մեծ ձեռքբերումից մեկն էլ այն է, որ այսօր կենտրոնը համագործակցում է մի շարք միջազգային խոշոր ընկերությունների հետ:

-Ո՞րն է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի առաքելությունը:

-Կենտրոնի առաքելությունն է Գյումրին դարձնել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոն, ստեղծել հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը և ոլորտի մասնագետների ներգաղթին, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ: Այս քայլերի իրագործումը կնպաստի տարածաշրջանի կայուն զարգացմանը:
Մի նախադասությամբ ամփոփեմ միտքս` Գյումրին պետք է դառնա Հայաստանի «Սիլիկոնային հովիտ»-ը և այդ ուղղությամբ պետք է բազում աշխատանքներ տարվեն:

-Կենտրոնը Գյումրիում ստեղծում է կրթական միջավայր, եթե համեմատեք տարիներ առաջ և այսօր` երիտասարդների շրջանում հետաքրքրվածությունը աճե՞լ է դեպի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ:

-ԳՏԿ-ում կարևորագույն բաղադրիչներից մեկը մասնագիտական կարողությունների զարգացումն ու տարբեր կրթական ծրագրերի իրականացումն է: Կենտրոնը իրականացնում է մասնագետների պատրաստում դեռ դպրոցական տարիքից, կենտրոնում գործում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղը, որտեղ կրթվում են 12-18 տարեկան երեխաներ: Երիտասարդների շրջանում այժմ բավականին աճել է ոլորտի հանդեպ հետաքրքրվածությունը: Կարող եմ հստակ ասել, որ այսօրվա սերունդը շատ ավելի խելացի և առաջադեմ է, նրանք հասկանում են ՏՏ ոլորտի կարևորությունն ու ֆինանսական շրջանառությունը:
ԳՏԿ-ում նաև գործում է «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ Եվրոպական միության աջակցությամբ ձևավորված Շիրակի մարզում տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների զարգացմանն ուղղված ծրագիրը, որը նպատակ է հետապնդում վերապատրաստել երիտասարդներին և հզորացնել ՏՏ ընկերությունների կարողությունները` տրամադրելով դրամական և բիզնես զարգացման աջակցություն: Այսօր բազմաթիվ գործազուրկ երիտասարդներ և ուսանողներ ավարտել են իրենց դասընթացները այս ծրագրի շրջանակում և մեծամասամբ արդեն իսկ ապահովվել աշխատանքով:
Այս ոլորտի մասնագետներն ունեն առաջընթացի մեծ հնարավորություններ և բարձր վարձատրվող աշխատանք

-Համագործակցության ինչպիսի՞ շրջանակ ունի Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը:

-Միջազգային համագործակցությունը շատ կարևոր է ՏՏ ոլորտի զարգացման համար:
Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը համագործակցում է առաջավոր երկրների հետ, որոնցից են Լեհաստանը, Լիբանանը, Միացյալ Նահանգները և Իսպանիան:
Նաև շատ ուրախալի է, որ ՏՏ ոլորտի միջազգային ընկերություններ իրենց մասնաճյուղն են բացում Գյումրիում:

-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում ՏՏ ոլորտը և որո՞նք կարող եք համարել ոլորտի կարևոր ձեռքբերումները:

-Այսօր ՏՏ ոլորտը համարվում է գերակա զարգացող ոլորտներից մեկը: Ամփոփելով այս տարիների գործունեությունը կարող եմ հստակ ասել, որ ոլորտը բավականին առաջընթաց է ապրել, այդ առաջընթացին նպաստել են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերություններն ու բանիմաց մասնագետները: Այս տարիների ընթացքում Հայաստանի ՏՏ ոլորտում մշակվել և ներդրվել են մի շարք նորարարական ծրագրեր, որոնք օգտագործում են ամբողջ աշխարհում:

-Ամփոփելով մեր զրույցը, վերջում կցանկանայինք իմանալ առաջիկայում ի՞նչ նախանշված ծրագրեր կան:

-Շատ մեծ ցանկություն ունենք զարգացնել Հայաստանում ՏՏ ոլորտը այլ ոլորտների հետ համատեղ, այսինքն` պետք է համագործակցենք տարբեր ոլորտների ընկերությունների հետ: Մտադրված ենք իրականացնել նոր կրթական ծրագրեր, և ընդհանրապես, առաջիկայում ցանկացած ծրագիր պետք է իրականացնենք, որպեսզի ՏՏ ոլորտն էլ ավելի զարգանա` ընդլայնելով միջազգային համագործակցությունների շրջանակը: Գյումրին ՏՏ ոլորտում արդեն մեծ հաջողություններ է գրանցել, պետք է կարողանանք մեր փորձը և հաջողությունները տարածենք այն մարզերում, որտեղ ոլորտը զարգացած չէ:


Հարցազրույցը`
Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...