20:57
06/15/2021
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Les Laboratoires Servier 12 տարի Հայաստանում

2018-05-24 12:42

 «Դե Ֆակտո » N 143 ( 04/2018թ.) 

Servier-ը շահույթ չհետապնդող հիմնադրամի կողմից ղեկավարվող միջազգային դեղագործական ընկերություն է, որի գլխամասը գտնվում է Ֆրանսիայում: Servier հայտնի դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 1954 թվականին Ֆրանսիայում: Ընկերությունը ներկայացված է աշխարհի հինգ մայրցամաքներում եւ ավելի քան 148 երկրներում:
Այսօր ընկերությունում աշխատում են 21.600-ից ավել աշխատակիցներ ամբողջ աշխարհում: Servier դեղագործական ընկերությունն ունի 16 արտադրական գործարաններ եվրոպական եւ մի շարք այլ առաջավոր երկրներում:
Ընկերության կողմից առաջարկվող դեղամիջոցների, դրանց առավելությունների եւ առաջիկա ծրագրերի մասին զրուցեցինք Les Laboratoires Servier-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գագիկ Վելիջանյանի հետ:

 

-Պարո՛ն Վելիջանյան, 2006 թվականին Servier միջազգային դեղագործական ընկերությունը ներկայացավ նաև Հայաստանում, կխնդրեի ներկայացնեք` ի՞նչ զարգացման փուլեր է այն անցել և արդյո՞ք Հայաստանում պահանջարկը կար:

-Servier ընկերության ներկայացուցչությունն արդեն 12 տարի է, ինչ իր գործունեությունն է ծավալում Հայաստանում: Ընկերության հայաստանյան ներկայացուցչությունն իր աշխատանքային ուղին սկսել է երեք աշխատակցով, գործունեության զարգացման էտապները եղել են խիստ տարբեր: Այսօր արդեն ընկերությունն ունի քառասունից ավել բանիմաց, հմուտ և խելացի աշխատակիցներ, որոնց հիմնական առաքելությունն է` ներկայացնել ընկերության արտադրանքը` բժշկության ոլորտում առկա վերջին նորարարական դեղամիջոցները Հայաստանում: Իսկ Ձեր այն հարցին, թե արդյո՞ք միջազգային հայտնի ընկերության դեղամիջոցների պահանջարկը կար այստեղ` ասեմ, որ իմ կարծիքով, յուրաքանչյուր երկրի առողջապահական համակարգի համար շատ կարևոր է ունենալ նման հայտնի դեղագործական ընկերության ներկայացուցչություն և պետք է նշեմ, որ Servier միջազգային դեղագործական ընկերության արտադրանքն իրականում մեծ պահանջարկ ուներ Հայաստանում: Այն իր երկարամյա գործունեության ընթացքում միմիայն բարձրորակ դեղամիջոցներ է ներկայացրել հայ բժիշկներին տարբեր հիվանդությունների բուժման և կանխարգելման համար` նպաստելով հիվանդների կյանքի որակի բարձրացմանը:
Ընկերությունը վերջին երկու-երեք տարիների ընթացքում սկսել է իր դեղամիջոցները ներկայացնել նաև ՀՀ մարզերում և Արցախի Հանրապետությունում: Ներկայումս մեր դեղամիջոցները ներկայացված են գրեթե բոլոր մարզերում: Մեր առաջիկա նպատակներից մեկն է` բարձրաձայնել առողջապահության ոլորտին վերաբերվող այն բոլոր խնդիրների մասին, որոնք առկա են ՀՀ մարզերում և, համագործակցելով պատկան մարմինների հետ, հնարավորինս նպաստել առկա խնդիրների կարգավորմանը` ի շահ ՀՀ քաղաքացու:

 

Servier միջազգային ընկերությունը սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների

բուժման հարցում համարվում է Եվրոպայում 2-րդ,

իսկ ամբողջ աշխարհում 8-րդ դեղագործական կազմակերպությունը:


-Ի՞նչ դեղամիջոցներ է առաջարկում Les Laboratoires Servier ընկերությունը:

-Servier ընկերությունն այսօր առաջարկում է դեղամիջոցներ հինգ բուժական ուղղություններով` սիրտ-անոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, ուռուցքային, իմունո-բորբոքային և նյարդա-հոգեկան հիվանդություններ:
Այս բոլոր հինգ թերապևտիկ ուղղություններով ընկերության կարևորագույն առաքելությունը մնում է մեկը` ձգտել բժշկական պրակտիկայում այս հիվանդությունների բուժման համար կիրառվող դեղամիջոցների նորարարության, քանի որ այսօր արդի բժշկության առջև ծառացած են այնպիսի խնդիրներ, որոնք պահանջում են նորարարական մոտեցումներ: Վերջիններս այսօր չեն կարող լինել նույնը, ինչպիսիք եղել են օրինակ` հինգ տարի առաջ, փոխվել են նաև պացիենտների պահանջները:
Պետք է նշեմ, որ ընկերության արտադրանքն ունի միջազգային հեղինակություն, ի դեպ ակտիվ դեղանյութերը սինթեզվում են ընկերության կողմից: Ներկայումս ընկերությունն ունի 16 արտադրական գործարաններ տարբեր առաջավոր երկրներում:

-Ընկերության բոլոր դեղամիջոցները ներկայացվա՞ծ են Հայաստանում:

-Ընկերությունն այսօր Հայաստանում ներկայացնում է 15 անվանում դեղամիջոց: Հիմնական ուղղությունները երեքն են` սիրտ-անոթային հիվանդություններ, մասնավորապես զարկերակային գերճնշում, անոթային հիվանդություններ և շաքարային դիաբետ:
Նշեմ, որ Հայաստանի համար արտադրվող դեղամիջոցները ներկրվում են Ֆրանսիայից և Իռլանդիայից: Ընկերության ողջ տեսականու` մեր երկրում ներկայացված լինելը ժամանակի հարց է:

-Հայաստանում համագործակցության ի՞նչ շրջանակ ունի միջազգային հայտնի դեղագործական ընկերությունը:

-Ընկերությունը սերտորեն համագործակցում է հայաստանյան գրեթե բոլոր առողջապահական հաստատությունների հետ, այդ թվում նաև մարզային առողջապահական կենտրոնների հետ, ինչպես նաև պետական մարմինների` ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության հետ:
2015 թվականին ՀՀ առողջապահության նախարարության և Servier ընկերության միջև կնքված պայմանագրի շնորհիվ այսօր շաքարային դիաբետով հիվանդները հնարավորություն ունեն անվճար ձեռք բերել Դիաբետոն ՄՌ 60 մգ դեղամիջոցը:
Սերտորեն համագործակցում ենք նաև դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի հետ, գիտական և բժշկական ասոցիացիաների հետ` մշտապես իրականացնելով փորձի փոխանակում:
Մեզ համար շատ կարևոր է նաև համագործակցությունը պացիենտների հետ: Իմ կարծիքով բուժումը կարող է լիարժեք լինել այն ժամանակ, երբ հիվանդն ընդգրկված է բուժման գործընթացում, և հենց այդ նպատակով ընկերությունը պարբերաբար նպաստում է տարբեր միջոցառումների, սեմինարների և կրթական ծրագրերի անցկացմանը` հանրությանն այս կամ այն հիվանդության կանխարգելման և բուժման գործընթացին ծանոթացնելու նպատակով:

-Ինչո՞ւմ է կայանում Les Laboratoires Servier դեղագործական ընկերության առավելությունը:

-Servier ընկերության գործունեության առանցքում մշտապես գտնվում են պացիենտները, ընկերության նպատակն է` մշտապես հոգ տանել նրանց մասին և արդարացնել սպասելիքները: Ընկերության առավելություններից է նաև որակյալ արտադրանքը, արտադրանք, որն ունի տարբեր հիվանդությունների կանխարգելման և բուժման համար գրանցված և հիմնավորված բարձր ցուցանիշներ, պատրաստված արժեքավոր դեղանյութերից` արդյունքում ցուցաբերելով կիրառման բարձր արդյունավետություն և անվտանգություն: Մենք ներկայացնում ենք նորարարական տեխնոլոգիաներով ստեղծված դեղամիջոցներ, որոնք հիվանդությունների բուժման արդյունավետության և անվտանգության ցուցանիշներով համապատասխանում են ժամանակակից աշխարհի նորագույն մեթոդներին: Servier-ը հավատարիմ է բուժական առաջընթացին: Servier ընկերության առանձնահատկություններից և առավելություններից մեկն այն է, որ ընկերությունը լիովին անկախ է, բաժնետերեր չկան: Servier ընկերությունն իր շրջանառության 25 տոկոսը ներդնում է հետազոտությունների և զարգացման մեջ, և ողջ շահույթն օգտագործում է զարգացման համար:
Ընկերության հաջողության գրավականներից մեկն, իհարկե, նաև խելացի և բանիմաց աշխատակազմն է: Այստեղ աշխատում են այնպիսի մարդիկ, ովքեր իրենց աշխատանքում գիտակներ են և հենց դրա շնորհիվ այսօր մեր ընկերության կողմից ներկայացվող դեղամիջոցներին վստահում են թե՛ հիվանդները, և թե՛ բժիշկները, որն, ըստ իս, ամենակարևոր ձեռքբերումն է այս 12 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր վստահում են մեզ և օգտվում ընկերության կողմից առաջակվող արտադրանքից, ինչն էլ ավելի է պարտավորեցնում մեզ լինել ավելի հոգատար և ուշադիր:

-Ինչպե՞ս է Servier ընկերությունը կարողանում հետևել դեղորայքի որակին:

-Ընկերության բոլոր արտադրատարածքներում, գիտաբժշկական և գիտատեխնիկական կենտրոններում, որտեղ սինթեզվում են դեղանյութերը և արտադրվում դեղամիջոցները, ներդրված են որակի վերահսկման բարձր ստանդարտներ, որոնք համապատասխանում են միջազգային բոլոր չափորոշիչներին: Մինչ սպառողին հասնելը, դեղամիջոցներն անցնում են որակի հսկման միջազգային չափորոշիչներին համապատասխանող բոլոր պահանջվող ընթացակարգերի միջով:
Ընկերության համար առաջնային է ներկայացվող դեղորայքի բարձր որակը և արդյունավետության ու անվտանգության ապահովումը:

-Պարո՛ն Վելիջանյան, 2018 թվականի հետ կապված ի՞նչ ծրագրեր կան:

-Առաջիկա տարիների ընթացքում մենք շարունակելու ենք համալրել մեր թիմը: Մեծ է ցանկությունը, որպեսզի առաջիկայում մեր դեղամիջոցները հասանելի լինեն ՀՀ բոլոր մարզերում: Ընկերության կողմից ՀՀ-ում ներկայացված այժմյան 15 անվանում դեղամիջոցներին այս տարի կավելանան ևս մի քանի նոր դեղամիջոցներ:
Շարունակական է լինելու նաև գիտաբժշկական գործունեությունը: Շարունակելու ենք հայ բժիշկներին և բուժաշխատողներին մշտապես տեղեկացնել ապացուցողական բժշկության նորագույն մոտեցումների մասին: Փորձելու ենք Հայաստանում զարգացնել բժշկագիտությունը` ներդնելով նորարարական տեխնոլոգիաներ և բուժման արդի տարբերակներ: Թերևս, սրանք այն հիմնական ծրագրերն են, որն ունենք ապագայի հետ կապված:

-Եվ վերջում, այսօր Հայաստանում առաջատար ընկերություններից մեկն եք համարվում, ո՞րն եք համարում աշխատանքային հաջողության Ձեր բանաձևը:

-Հաջողության բանաձևը, իմ կարծիքով, այն է, որ նախ և առաջ ես և իմ աշխատակազմը սիրում ենք մեր երկիրը: Լինելով միջազգային ընկերության ներկայացուցչության ղեկավար` ունեմ մեկ նպատակ` օգնել մեր հայրենակիցներին և նպաստել նրանց կյանքի որակի բարելավմանը: Մեր ընկերության հաջողության գրավականը բանիմաց աշխատակազմն ու ներկայացվող բարձրորակ արտադրանքն է: Եթե չլիներ աշխատակազմի այսչափ աշխատասիրությունն ու ջանասիրությունը, կարծում եմ, մենք այսօր չէինք ունենա այն, ինչ այժմ ունենք և այն ծրագրերը, որոնք պատրաստվում ենք կյանքի կոչել:


Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...