11:07
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սահմանամերձ համայնքի բնակչի կյանքը դեպի լավն է փոխվում

2018-02-12 11:12

 ՌԱԴԻԿ ՕՂԻԿՅԱՆ

Երասխ համայնքի ղեկավար

  «Դե Ֆակտո » N 140 ( 01/2018թ.) 

-Պարո՛ն Օղիկյան, տարին մոտենում է ավարտին, ինչպիսի՞ն էր այն Երասխ համայնքի համար:


-2017թ. բարենպաստ տարի էր Երասխ համայնքի համար, քանի որ այս տարի մեր համայնքում մի շատ կարևոր և մեծ ներդրումային ծրագրի մեկնարկ տրվեց, որի արդյունքում բացվեցին աշխատատեղեր, ինչի կարիքը մեր համայնքի բնակչությունը շատ է զգում: Մանրամասնեմ` մեր համայնքում իրականացվում է կաթիլային ոռոգմամբ, հակակարկտային համակարգերով ինտենսիվ այգիների հիմնման աշխատանքներ, որոնցում ներգրավված է մեր համայնքի 30-40 բնակիչ: Իմ տեղեկություններով` մեր համայնքում ներդրում կատարող «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ն պետք է ներդնի 1.5 մլրդ. դրամ, աշխատանքների ավարտից հետո աշխատատեղերի թիվը կաճի, մշտական աշխատատեղերի թիվը կկազմի մոտ 100, իսկ սեզոնային աշխատանքներում կներգրավվի 200-400 աշխատող: Սա իսկապես մեծ և սպասված հաջողություն է մեզ համար:
Մյուս հաջողությունը, որի մասին կցանկանայի հատկապես նշել, մեր մարզի ԱԺ պատգամավոր, մեզ համար հարազատ և սիրելի անձնավորություն Արայիկ Գրիգորյանի միջնորդությամբ ՀՀ նախագահի մոտ մեր համայնքի ցավալի խնդիրներից մեկի` մանկապարտեզ չունենալու խնդրի բարձրաձայնումն էր և դրական արձագանք ստանալը: Խնդրի լուծման հետ կապված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հանձնարարականներ տրվեցին, մանկապարտեզի կառուցման նախագիծը հավանության արժանացավ ՀՀ կառավարության կողմից, և այժմ ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ` համաֆինանսավորման սկզբունքով (10 տոկոսը վճարելու է համայնքը) 186 մլն. դրամ կազմող աշխատանքների նախագծանախահաշվային աշխատանքներն են ընթանում: Համայնքի դպրոցի երեք մասնաշենքերից մեկը պետք է ամբողջովին հիմնանորոգվի, որի առաջին հարկը կծառայի որպես մանկապարտեզ, որտեղ կհաճախի մոտ 30 երեխա:
Այս տարին հաջող էր նաև բերքատվության առումով: Մեր համայնքում հատկապես ծիրանի բերքն է առատ լինում. մեզ հաջողվեց ստանալ մոտ 200 տոննա ծիրան, որի մի մասը սպառվեց ներքին շուկայում, իսկ մյուս մասը արտահանվեց: Բանջարաբոստանային կուլտուրաների բերքը ևս առատ էր, սակայն ի տարբերություն ծիրանի` դրանք շուկայում սպառվեցին ավելի ցածր գներով:
Ինձ համար ամենաուրախալին այն է, որ այս տարի ես իմ համագյուղացիների դեմքին ժպիտ եմ տեսնում, դա նշանակում է, որ սահմանամերձ գյուղում ապրող մարդու կյանքը դեպի լավն է փոխվում, և նա հույս ունի, որ ապագայում ավելի լավ օրեր են սպասվում իրեն:

-Դուք 2012թ. սեպտեմբերի 9-ից զբաղեցնում եք Երասխ համայնքի ղեկավարի պաշտոնը, ի՞նչ կարևոր աշխատանքներ եք իրականացրել համայնքում:

-Երբ ես ընտրվեցի համայնքապետի պաշտոնում, Երասխում բազում խնդիրներ կային: Համայնքը չուներ լուսավորության ցանց, համայնքի բյուջեով ես կարողացել եմ լուսավորության խնդիրը 90 տոկոսով լուծել: Մնացել է դեպի իմ տուն տանող փողոցի լուսավորության հարցը, որը մյուս տարի կլուծենք:
Համայնքն ունի արտեզյան հոր, որից օգտվում է մեր բնակչությունը: Ինձ հաջողվեց համայնքի երեք փողոցների ոչ բարվոք վիճակում գտնվող ջրագծերի խողովակաշարերը փոխարինել նոր, մետաղապլաստե խողովակներով, ինչպես նաև ջրի հոսքի նոր ուղղություն բացել դեպի այն տարածքներ, որոնք չէին ոռոգվում:
Ինչպես նաև համայնքի սուղ բյուջեով ինձ հաջողվում է օգնել համայնքի ուսանողներին, սոցիալապես անապահով, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին: Մենք ունենք Սարի գրավման օր` մայիսի 18-ը, որը ամեն տարի տոնում ենք: Մեր համագյուղացի երկրապահ կամավորական տղաները, որոնք Արցախյան պատերազմի ժամանակ մասնակցել են Երասխի ինքնապաշտպանական մարտերին, ազատագրել այժմ «Նաիրի» կոչվող բլուրը, և ում հրամանատարը եղել է իմ հայրը` զոհված ազատամարտիկ Ռաֆիկ Օղիկյանը, այդ օրը հավաքվում են, ու միասին նշում այդ տոնը, համայնքապետարանը նրանց տրամադրում է սոցիալական աջակցություն, շնորհում պատվոգրեր, նվերներ:
Իմ նախաձեռնությամբ 2015թ.` Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, համայնքի կենտրոնում` տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորող Օղակաձև հրապարակում կառուցվեց և տեղադրվեց Հայոց ցեղասպանությունը ընդունած պետությունների պետական դրոշները: Հրապարակի ամենաբարձր կետում տեղադրված է հայկական դրոշը: Տարածքը լուսավորված է:

-Ի՞նչ ծրագրեր կան նախանշված 2018թ. համար:

-Մանկապարտեզի կառուցման աշխատանքները կմեկնարկեն հաջորդ տարի, ինչպես նաև 2018թ. կարևոր ծրագրերից է Երասխում ֆուտբոլի դաշտի կառուցումը, ես դա անպայման պետք է անեմ մեր երեխաների համար, ինչպես նաև կարևոր նախագիծ է համայնքապետարանի կիսակառույց շենքի շինարարությունը, քանի որ այժմ աշխատում ենք բազմաբնակելի շենքի 1-ին հարկում` բնակելի տարածքում:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...