14:50
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պետք է անել առավելագույնը հանուն մեր երկրի անվտանգության եւ առաջընթացի

2017-05-15 12:40

« Դե Ֆակտո» N 130 (2017թ.) 

ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆ
ՀՀԿ վարկանիշային ցուցակով թիվ 8 ընտրատարածքի (ՀՀ Գեղարքունիքի մարզ) պատգամավորության թեկնածու


Պատրաստ եմ ծառայել հայրենիքիս, հայրենի ժողովրդիս,

իմ գաղափարները, փորձը ներդնել օրենսդիր աշխատանքում`

խթանելով ՀՀ տնտեսության զարգացումը և մեր պետության հզորացումը:

-Պարո՛ն Արզաքանցյան, առաջիկայում Հայաստանի համար ներքաղաքական ամենակարևոր իրադարձությունը խորհրդարանական ընտրություններն են: ՀՀԿ-ն առաջադրել է Ձեր թեկնածությունը հայրենի Գեղարքունիքի մարզում: Հետաքրքիր է իմանալ, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ընտրություններին, և ինչո՞ւ խորհրդարանական նախորդ ընտրություններին չառաջադրվեցիք:


-Ինձ համար Ազգային ժողովի պատգամավորի աշխատանքը, նախ և առաջ մեծ պատասխանատվություն է իմ հայրենիքի և ժողովրդի հանդեպ, և առաջադրվելուց առաջ ես պետք է վստահ լինեմ, որ կարող եմ իմ ժամանակի, էներգիայի մեծ մասը նվիրել օրինաստեղծ աշխատանքին, գործուն մասնակցություն ունենալ երկրի զարգացմանը:
Նախորդ ընտրություններին չմասնակցելս սուբյեկտիվ պատճառներով էր պայմանավորված, ես ունեի կիսատ մնացած գործեր, խնդիրներ, որոնք ինքս պետք է կարգավորեի, ինչպես նաև որոշեցի ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքիս` երեխաներիս, ծնողներիս: Եվ պետք է նշեմ, որ վերջին չորս տարիները բավականին արդյունավետ են անցել ինձ համար, ունեցել եմ բազում ձեռքբերումներ գործարարության ոլորտում, ամրապնդել եմ իմ ձեռնարկությունների դիրքերը տեղական և միջազգային շուկայում:
Ինձ համար կարևոր է ամուր կանգնած լինել ոտքերիս վրա, կայուն ապագա ստեղծել իմ և եղբորս երեխաների համար, և որ կարևոր է, իմ աշխատանքով օգտակար լինել հայրենիքիս, ժողովրդիս, զարգացնել ՀՀ տնտեսությունը, ստեղծել աշխատատեղեր: Ես մշտապես կիսել եմ իմ ֆինանսական հաջողությունները իմ փոքրիկ հայրենիքի ժողովրդի հետ` սկսած 1990-ական թթ., երբ նոր էի սկսում քայլեր կատարել բիզնես շրջանակներում, այդպես է ընթացել իմ ողջ գիտակցական կյանքը, այդպես էլ կապրեմ մինչև կյանքիս վերջ:
Այսօր ես արդեն կարող եմ իմ ձեռնարկությունների աշխատանքի կառավարումը վստահել իմ որդիներին և պարզապես հեռվից հետևել նրանց աշխատանքին, անհրաժեշտության դեպքում օգնել խորհրդով և ինձ կրկին նվիրել օրենսդիր աշխատանքին, հատկապես այն պարագայում, երբ տեսնում եմ, թե ինչպիսի ճգնաժամային վիճակում է հայտնվել մեր տնտեսությունը: Կարծում եմ` կարող եմ օգտակար լինել ՀՀ տնտեսությանը` մասնակցելով ՀՀ ԱԺ օրենսդրական աշխատանքներին, քանի որ արդեն երկու անգամ ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, ունեմ փորձ, գիտելիքներ և մեծ ցանկություն ծառայելու իմ ժողովրդին:

-Ի՞նչ գործունեությամբ եք զբաղվել վերջին չորս տարիների ընթացքում:

-Գործունեություն եմ ծավալել ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում, զբաղվել եմ ոսկու արտադրությամբ Հրազդանի Լուսաջուր գյուղում` հիմնադրելով AMGM ընկերությունը: Սկզբում ընկերության լիարժեք սեփականատերը ես էի, սակայն 2013թ. որոշեցի բաժնեմասեր վաճառել և ավելի արդյունավետ դարձնել ընկերության գործունեությունն ու կառավարումը: Այժմ ընկերությունն ունի երեք բաժնետեր: Բացի այդ, Ֆրանսիայի Կոնյակ քաղաքում հիմնադրել եմ «Տուդոր» ընկերությունը, որը զբաղվում է կոնյակի արտադրությամբ:

-Պարո՛ն Արզաքանցյան, 2016թ. ընդունված սահմանադրական բարեփոխումների արդյունքում մեր երկիրը որդեգրեց կառավարման նոր` խորհրդարանական մոդել: Ինչպե՞ս կգնահատեք այդ քայլը:

-Կարծում եմ` դա մեր երկրի բարձր ղեկավարության կողմից կատարված շատ ճիշտ և մտածված քայլ էր, քանի որ այն մեզ հնարավորություն է տալիս կառուցելու առավել քաղաքակիրթ պետություն, կատարելագործելու մեր օրենքները, հասնելու երկրում օրենքի լիարժեք գերակայության:

Այսօր մեր երկրի թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է,

խաղաղ երկնքի ապահովումը, մարդու իրավունքների պաշտպանությունը,

տնտեսության զարգացումը, ժողովրդավարական պետության ամրապնդումը:

-Ի՞նչ կարգախոսով եք հանդես գալու նախընտրական քարոզարշավի ժամանակ:


-ՀՀԿ բոլոր թեկնածուներն առաջնորդվում են ՀՀԿ կարգախոսով` «Անվտանգություն և առաջընթաց», որը հոգեհարազատ է ինձ և գաղափարապես մոտ իմ` տարիներ շարունակ ունեցած «Հանուն ժողովրդի» կարգախոսին: Իսկապես, այսօր մեր երկրի թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է, խաղաղ երկնքի ապահովումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, տնտեսության զարգացումը, ժողովրդավարական պետության ամրապնդումը:

-Դուք հարգված և սիրված անձնավորություն եք ՀՀ Գեղարքունիքի մարզում, Ձեր աշխատանքը տարիներ շարունակ տեսել է մարզի բնակչությունը, գնահատել: Ինչպե՞ս կգնահատեք Ձեր հնարավորությունները, պատրա՞ստ եք թեժ ընտրապայքարի:

-Մարզի բնակչությունն իսկապես ճանաչում է ինձ և իմ ընտանիքը, ականատես է եղել մեր աշխատանքին, զգացել իրենց ուղղված մեր հարգանքն ու սերը: Ես երբեք չեմ սիրել բարձրագոչ խոսքեր ասել, ճոխ խոստումներ տալ, մշտապես աշխատել եմ, հետո խոսել կամ չեմ էլ խոսել, հիմնականում լռել եմ:
Ինչ վերաբերում է պատրաստ լինելուն, ապա պետք է նշեմ, որ ես երբևէ որևէ գործընթացի մեջ անպատրաստ չեմ մտնում: Ես պատրաստ եմ ընտրապայքարին, քանի որ իմ նպատակներն ազնիվ են, որոնց իրականացումից, վստահ եմ, մեծապես կշահի ժողովուրդը: Կարծում եմ` մեր բնակչությունը կարողանում է ճիշտ դատողություններ անել և խոհեմ ընտրություն կկատարի:

-Որո՞նք են այսօր Գեղարքունիքի մարզի առջև ծառացած ամենացավոտ խնդիրները, և ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել ընտրվելուց հետո:

-Առաջիկա խորհրդարանական ընտրություններին բոլոր թեկնածուներն առաջնորդվում են կուսակցության ծրագրով, որում նշված դրույթները, կարծում եմ, բավականին արդյունավետ կլինեն մեր մարզի համար: Այսօր Գեղարքունիքի մարզում ամենացավալի խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է, որի լուծման բանալին տնտեսության զարգացումն է, տեղական արտադրությունների ստեղծումը, ժողովրդին աշխատատեղերով ապահովումը: Դա իսկապես ամենաարդյունավետ ուղին է, որում ես համոզվել եմ սեփական փորձով: Երբ 1997թ. սկսեցի զբաղվել գինու և կոնյակի արտադրությամբ, գործարաններ հիմնեցի Էջմիածնում, Օշականում, Աշտարակում, գյուղացիական տնտեսություններում խաղողի այգիների մասսայական քանդման գործընթաց էր սկսվել: Եվ երբ ես նախաձեռնեցի խաղողի մթերման իրականացում գյուղացիական բոլոր տնտեսություններից, նրանք դադարեցրին այգիների քանդման աշխատանքները և մեծ ոգևորությամբ սկսեցին իրենց արտադրանքը բերել, հանձնել մեր գործարաններին: Այնքան մեծ հերթեր էին գոյանում, որ մթերման գործընթացը տևում էր 24 ժամ: Միայն առաջին տարում մթերված խաղողի դիմաց ես գյուղացիներին կանխիկ վճարել եմ շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար: Դրանից հետո նրանք սկսեցին ընդլայնել իրենց այգիները, լավագույնս մշակել դրանք, որպեսզի որակյալ բերք ստանան:
Մարզի խնդիրների թվում են նաև ճանապարհների բարեկարգման, գազաֆիկացման, ջրագծերի անցկացման, Գավառ գետի մաքրման հետ կապված աշխատանքների իրականացումը: Պետք է նշեմ, որ իմ պատգամավորության տարիներին այդ բոլոր ուղղություններով ես աշխատանքներ կատարել եմ, ՀՀ կառավարության հետ համատեղ` բարեկարգել ենք Գավառի մուտքից մինչև հրապարակ տանող բոլոր մայթերն ու ճանապարհները:
Այժմ ես մեծ ցանկություն ունեմ Գավառում հիմնել սպիրտի վերամշակման գործարան: Արդեն Գավառի քաղաքապետի հետ ունեմ պայմանավորվածություն, ըստ որի` նա պետք է մատչելի վարձավճարներով հողակտորներ տրամադրի բնակիչներին ցորենի մշակությամբ զբաղվելու համար: Ես խոստացել եմ ինքս վճարել վարձակալության գումարի 25-30 տոկոսը` որպես կանխավճար, որպեսզի բնակիչները դժվարությունների առաջ չկանգնեն, իսկ բերքահավաքի ժամանակ արդեն նրանց ողջ արտադրանքը կմթերվի գործարանի կողմից: Սկզբնական շրջանում կստեղծվի 100-ից ավելի աշխատատեղ, իսկ մթերման սեզոնի ժամանակ աշխատատեղերի թիվը զգալիորեն կաճի:
Մեծ ցանկություն ունեմ նաև ստեղծելու բնական հյութերի արտադրություն, որը կրկին կնպաստի տեղական արտադրության զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը: Նպատակ ունեմ ստեղծել էկոլոգիապես մաքուր, բիո արտադրանք` պատրաստված հայկական լեռնաշխարհի անուշաբույր և նրբահամ բարիքներից:

 

Քաղաքականությունն այն ոլորտն է, որը հնարավորություն է տալիս ճիշտ համադրել

պետությունը հզորացնելու ցանկություններն ու կարողությունները`

առկա ներքին եւ արտաքին մարտահրավերների ֆոնին:


-Պարո՛ն Արզաքանցյան, ճի՞շտ է, որ նոր ընտրակարգը ներկուսակցական կոնֆլիկտների առիթ է ստեղծել:

-Ես որևէ կոնֆլիկտային իրավիճակում չեմ հայտնվել և, կարծում եմ, չեմ էլ հայտնվի: Նոր ընտրակարգը հնարավորություն է տալիս թիմով պայքարելու, թիմային ընտրությունների մասնակցելու, երբ կարևորվում է ոչ թե անհատի, այլ ընդհանուրի շահը: Մենք բոլորս պետք է աշխատենք հանուն կուսակցության հաղթանակի, դա պետք է լինի բոլորիս գերնպատակը, այդ դեպքում որևէ կոնֆլիկտ չի կարող առաջանալ: Համենայն դեպս, ես այդ կարծիքն ունեմ: Ես ՀՀԿ անդամ եմ, ՀՀԿ խորհրդի անդամ և անկախ ընտրությունների արդյունքներից` իմ կուսակցության հետ կլինեմ:

-Ինչպե՞ս եք վերաբերում այն երևույթին, որ ընտրություններին ընդառաջ` շատ քաղաքական գործիչներ մի կուսակցությունից մյուսն են տեղափոխվում, փնովում այն քաղաքական ուժին, որին անդամակցել են տարիներ շարունակ:

-Շատ վատ եմ վերաբերվում այդ երևույթին, ավելին` անթույլատրելի եմ համարում քաղաքական գործչի այդ գործելակերպը, քանի որ կուսակցությունը, կարծես մի ընտանիք լինի, որտեղ կարող են լինել դժգոհություններ, վեճեր, որոնք կարելի է հարթել, ինչպես որ սովորաբար լինում է ընտանիքներում, սակայն լքել ընտանիքն ու սկսել վարկաբեկել այն, առաջին հերթին նվաստացուցիչ քայլ է հենց լքողի համար: Նման քաղաքական գործիչը չի կարող հարգված լինել ո՛չ ժողովրդի, ո՛չ քաղաքական տարբեր շրջանակների կողմից: Կարծում եմ` մարդը պետք է կայուն լինի և՛ աշխատանքում, և՛ ընտանիքում:


-Ինչպիսի՞ կազմ եք ուզում տեսնել ձևավորվելիք խորհրդարանում:

-Նոր ձևավորվելիք խորհրդարանում ուզում եմ տեսնել մարդկանց, ովքեր առաջին հերթին հայրենասեր են, ունեն գիտելիքների մեծ պաշար, աշխատանքային հարուստ կենսագրություն, պատրաստ են իրենց նոր գաղափարներով խթանել մեր երկրի հզորացումը: Նայելով ընտրացուցակներում ընդգրկված հատկապես ՀՀԿ թեկնածուներին` կարծում եմ, կհաջողվի ձևավորել նոր որակի խորհրդարան, քանի որ տեսնում եմ նոր, երիտասարդ կադրեր, թարմ ուժեր, որոնք ունակ են արդյունավետ աշխատել:

-Պարո՛ն Արզաքանցյան, հետաքրքիր է իմանալ, ըստ Ձեզ` ի՞նչ է քաղաքականությունը, և ինչպիսի՞ն պետք է լինի քաղաքական գործիչը:

-Իմ կարծիքով` քաղաքականությունն այն ոլորտն է, որը հնարավորություն է տալիս ճիշտ համադրել պետությունը հզորացնելու ցանկություններն ու կարողությունները` առկա ներքին և արտաքին մարտահրավերների ֆոնին: Պետք է երկրում ստեղծել արդարության մթնոլորտ հասարակության բոլոր շերտերի համար, յուրաքանչյուրը պետք է իրեն գնահատված զգա, որպեսզի սիրով կատարի իր պարտականությունները երկրի հանդեպ: Պետք է բարենպաստ պայմաններ ստեղծել գործարարության զարգացման, ներդրումների աճի համար, պետությունը պետք է խրախուսի գործարարի աշխատանքը, և վերջինս էլ հաճույքով կատարի իր հարկային պարտավորությունները պետության հանդեպ:
Իսկ քաղաքական գործիչը պետք է ծառայի ժողովրդին, իր գործունեությամբ նպաստի վերը նշված գաղափարների իրականացմանը` ներդնելով իր գիտելիքները, փորձն ու նոր գաղափարները:

-Ինչպե՞ս կգնահատեք վարչապետ Կարեն Կարապետյանի ջանքերը` ուղղված տնտեսությունը ճգնաժամից դուրս հանելուն:

-Ես բարձր եմ գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքը, գործադրած ջանքերը, քանի որ նա լավ մասնագետ է, առաջնորդվում է աշխատանքային արդի մոտեցումներով, առաջարկում է իրատեսական լուծումներ` երկրի տնտեսությունը ճգնաժամային վիճակից դուրս հանելուն ուղղված: Ի վերջո, նա եղել է ՌԴ-ի երրորդ խոշոր բանկի` «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահը, ինչպես նաև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահը:

«Տիգրան Արզաքանցյան» բարեգործական
հիմնադրամը 15 տարեկան է
եւ գործել է անկախ այն հանգամանքից՝ ես ԱԺ պատգամավորեմ, թե ոչ:

 

-Ձեր կյանքում բարի գործեր կատարելը, մարդկանց աջակցություն ցուցաբերելը կարևոր տեղ է զբաղեցնում, աշխատանքային ինչպիսի՞ ընթացքի մեջ է «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամը:


-Պետք է նշեմ, որ «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամն իմ կյանքում առանձնահատուկ տեղ և նշանակություն ունի, քանի որ ես մեծագույն հաճույք եմ ստանում այդ գործունեությունից: Հիմնադրամն արդեն 15 տարեկան է և գործել է անկախ այն հանգամանքից` ես ԱԺ պատգամավոր եմ, թե ոչ: Սա ապաքաղաքական գործունեություն է, իմ անձնական ցանկությունը և նախաձեռնությունը:
Գործունեության 15 տարիների ընթացքում «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամը բազում ծրագրեր է իրականացրել: Ճիշտ է, մայրս է ղեկավարում այն, սակայն ես մշտապես հետևում եմ հիմնադրամի գործունեությանը, արձագանքներին, ուրախանում, որ մեր ընտանիքը կարողանում է օգտակար լինել մեր մարզի կրթական հաստատություններին, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներին, ազատամարտիկների ընտանիքներին, Հայրենական պատերազմի վետերաններին, լուծում նրանց խնդիրները, իրենց հետ նշում բոլոր տոները, կազմակերպում համերգներ, նվերների տեսքով մատուցում դրամական և իրային հաճելի անակնկալներ և այլն:
«Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի գործունեությունը շարունակվում է և շատ շուտով պատրաստ կլինի հիմնադրամի պաշտոնական կայքը, որտեղ յուրաքանչյուր ոք կկարողանա գտնել ամբողջական տեղեկատվություն «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի գործունեության 15 տարիների մասին:

-Ո՞րն եք համարում հիմնադրամի ամենանշանակալի նախաձեռնությունը:

-Ինձ համար հիմնադրամի կողմից իրականացված բոլոր ծրագրերն էլ կարևոր են, որոնք ամենամյա բնույթ են կրում: Օրինակ, մենք ամեն տարի սեպտեմբերի 1-ին հոգում ենք Գավառի ու հարակից գյուղերի (17 համայնք) առաջին դասարանցիների գրենական պիտույքների, պայուսակների խնդիրը, ապահովում նրանց դեպի կրթօջախ առաջին քայլը կատարելու համար անհրաժեշտ բոլոր միջոցներով: Մայրս այդ օրերին այցելում է բոլոր դպրոցներ, անձամբ շնորհավորում երեխաներին, մատուցում նվերներ, փորձում նրանց օրը տոն դարձնել:
Ես երջանիկ եմ, որ մայրս, ինչպես նաև ընտանիքիս մյուս անդամները ներգրավված են բարեգործական հիմնադրամի գործունեության մեջ: Ինձ համար մեծ ուրախություն էր, որ 2014թ. եղբորորդիս` Նոյը, որոշեց իր վաստակած գումարներով վերանորոգել և կահավորել Գավառի հատուկ դպրոցի մեկ խաղասենյակ, երեխաներին ապահովել անհրաժեշտ խաղերով` փորձելով նրանց կյանքն առավել գունեղ ու հետաքրքիր դարձնել:
Մեր աշխատանքները բազմաթիվ են, բազմապիսի, սակայն մեր բոլոր ծրագրերի մեջ ես կցանկանայի առանձնացնել 2008թ. բանակին ուղղված ծրագիրը, որի շրջանակներում «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամը բանակին փոխանցեց շուրջ 15 մլն. ԱՄՆ դոլար գումար: Ամեն անգամ, երբ հիշում եմ այդ ծրագրի մասին, ուրախանում եմ, որ կարողացել եմ նման մեծ աջակցություն ցուցաբերել մեր բանակին: Կցանկանայի, որ հայ գործարարների մեծամասնությունը պատրաստ լիներ իր եկամուտների մի մասը բանակին հատկացնել: Այդպես մենք կարճ ժամանակահատվածում կկարողանայինք հզորացնել մեր բանակը, որը մեր հայրենիքի անվտանգության գլխավոր երաշխավորն է:

-Ապրիլյան պատերազմը մեծ ցավ պատճառեց մեր ժողովրդին, բայց նաև համախմբվածության յուրահատուկ մթնոլորտ ստեղծեց, ի՞նչ դասեր պետք է քաղել ապրիլյան պատերազմից:

-Իսկապես, այդ մի քանի օրերը մեր կյանքում շատ բան փոխեցին: Յուրաքանչյուր հայորդու մահ մեծ կորուստ է բոլորիս համար, մեր երեխաներն արժանի են ապրելու խաղաղ երկնքի տակ, սակայն մեր հարևան Ադրբեջանը չի ցանկանում ընդունել իր պարտությունը պատերազմում, գիտակցել, որ հայն իր հայրենիքի յուրաքանչյուր թիզ հողի համար պատրաստ է պայքարելու ու դիմակայելու բոլոր դժվարություններին: Մենք ցույց տվեցինք աշխարհին, որ հայրենասեր ու արժանապատիվ ազգ ենք և ընդունակ ենք սխրանքների հանուն մեր հայրենիքի պաշտպանության: Այդ օրերին համախմբվել էր ողջ հայությունը, Հայաստան-Սփյուռք աշխարհները միացել էին իրար: Իմ որդիներն էլ տարբեր երկրներից, առանց ինձ զգուշացնելու, վերադարձել էին հայրենիք և մեկնել Արցախ: Ողջ հայությունն էր ոտքի ելել: Անշուշտ, այդ ամենի ականատեսը եղավ նաև մեր թշնամին, և ապրիլյան պատերազմը մեծ դաս տվեց առաջին հերթին նրան: Ինչ վերաբերում է մեզ, ապա մեր ամենակարևոր անելիքը տնտեսության կայուն զարգացումն ապահովելն է, հզորանալը, այդ դեպքում ողջ աշխարհը հաշվի կնստի մեզ հետ:


Ես եւ իմ ընտանիքը մշտապես ձգտում ենք ճշմարտության մեջ ապրել,

լինել ազնիվ ինքներս մեր եւ շրջապատի հանդեպ,

կառուցել ճշմարիտ հարաբերություններ:


-Ինչո՞վ եք հպարտանում կյանքում:


-Հպարտանում եմ, որ հայ եմ, ունեմ հայկական, ավանդական ընտանիք, լավ զավակներ: Կարծում եմ` յուրաքանչյուր հայի համար ամենակարևոր արժեքները հայրենիքն ու ընտանիքն են:

-Ինչպիսի՞ ապագա եք երազում Ձեր երեխաների համար:

-Իմ բոլոր երեխաները կրթություն են ստացել աշխարհի լավագույն համալսարաններում, դա իմ կողմից արված նպատակային քայլ է եղել, քանի որ ցանկացել եմ, որ նրանք ստանան բարձրակարգ կրթություն և վերադառնան Հայաստան` իրենց գիտելիքները ծառայեցնելու հայրենիքին: Եվ այսօր նրանք այստեղ են, աշխատում են և իրենց լուման ներդնում հայրենիքի շենացման գործում: Նրանց երազանքն էլ է Հայաստանն առավել հզոր տեսնելը, և այսօր ես երազում եմ, որ իմ, իմ որդիների և համայն հայության երազանքը իրականություն դառնա:

-Կա՞ն բացարձակ ճշմարտություններ Ձեզ համար:

-Ինձ համար բացարձակ ճշմարտություն է Աստված: Ես մշտապես զգացել եմ նրա ներկայությունն ու աջակցությունն իմ կյանքում, հատկապես` իմ նկատմամբ կազմակերպված մահափորձերից հետո: Ես շատ մարդկանց կյանքեր եմ փրկել, ձեռք մեկնել ընկածին և այդ ամենի պատասխանը ստացել եմ Աստծուց:
Ինձ համար բացարձակ ճշմարտություն է հայրենիքը, որն իմ տունն է, իմ ծննդավայրը:
Ինձ համար բացարձակ ճշմարտություն է սերը ծնողներիս և երեխաներիս հանդեպ, ովքեր իմ լույսն են, իմ ապավենը, իմ մեծ հարստությունը:
Ես և իմ ընտանիքը մշտապես ձգտում ենք ճշմարտության մեջ ապրել, լինել ազնիվ ինքներս մեր և շրջապատի հանդեպ, տալ և ստանալ բարություն, ազնվություն, կառուցել ճշմարիտ հարաբերություններ:

-Հետաքրքիր է, Ձեր կյանքում հիասթափություններ եղե՞լ են:

-Իհարկե, եղել են, ցավում եմ, որ նման պահեր եմ ապրել, սակայն դրանք սովորեցրել են ինձ կյանքին այլ հայացքով նայել, մարդկանց այլ կերպ տեսնել ու լսել, տարբերել կեղծ, բաժակաճառային խոսքերը ազնիվ ու անկեղծ վերաբերմունքից: Հատկապես 2007թ. իմ նկատմամբ կատարված մահափորձից հետո ես սկսել եմ վերաիմաստավորել կյանքը, մարդկանց, իմ անելիքները: Դրանից հետո երբեք հապշտապ որոշումներ չեմ կայացնում, մարդկանց խոսքերին միանգամից չեմ հավատում, ամեն փոքրիկ հարցի շուրջ երկար եմ մտածում, յուրաքանչյուր քայլս կշռադատում:

 

Իմ արած գործն անմահ է, ես հզոր եմ ձեզանով:


-Հավատո՞ւմ եք հրաշքների:


-Մարդու գոյությունն արդեն իսկ հրաշք է, և նա մեծագույն հաճույք է ապրում, երբ ինքն է հրաշք ստեղծում: Կարծում եմ` Աստված մարդուն շնորհել է բոլոր հատկություններով, որպեսզի նա կարողանա հրաշք ստեղծել, լինել ինքն իր հերոսը, հավատալ ու վստահել իր ուժերին, ստեղծել մնայուն արժեքներ և ոչ թե ոչինչ չանել ու սպասել, թե իր կյանքում հրաշք պետք է կատարվի: Դա արդեն հեքիաթ է:

-Ի՞նչ տեղ է զբաղեցնում սերը Ձեր կյանքում:


-Սերը մարդկային ամենավեհ զգացմունքն է, որը ազնվացնում է մարդու հոգին, նրան դարձնում ավելի լավը, մղում գեղեցիկ արարքների: Յուրաքանչյուր բարիքի հիմքում սեր կա, և սիրով արված յուրաքանչյուր գործ պսակվում է հաջողությամբ: Ես հավատում եմ սիրո ուժին և ամեն ինչի մեջ սեր եմ դնում: Անիմաստ է կյանքն առանց սիրո, իսկ երջանիկ լինելը` անհնար:

-Եվ վերջում Ձեր կոչը` ուղղված Ձեր ընտրողներին:

-Հարգելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում բոլորիդ, անպայման մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, արժևորել ձեր քվեն և ընտրել իսկապես արժանի թեկնածուի: Իմ արած գործն անմահ է, ես հզոր եմ ձեզանով:

 

 

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...