23:04
11/08/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱԲՈՎՅԱՆԸ՝ Հայաստանի տեխնոլոգիական քաղաք

2016-12-26 14:35

 Աբովյանի քաղաքապետ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Դե Ֆակտո» N126 (2016թ.)

-Պարո՛ն Գևորգյան, շուրջ 20 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունում գործում է Տեղական ինքնակառավարման մարմինների համակարգը: Ինչպե՞ս կգնահատեք ՏԻՄ համակարգի 20 տարիների գործունեությունը, արդյո՞ք կարող ենք այն կայացած համարել:


-Զարգացած երկրների փորձի ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ առավել ժողովրդավար են այն երկրները, որոնցում Կենտրոնական կառավարման համակարգից անցում է կատարվել Տեղական ինքնակառավարման համակարգի, և ես ուրախ եմ, որ նորանկախ Հայաստանում այդ քայլը կատարվել է: Շատ կարևոր է, որ ժողովուրդն ինքը ձևավորի իր համայնքային իշխանությունը: Պետք է նշեմ, որ ՀՀ-ում այս 20 տարիների ընթացքում ՏԻՄ-երը զարգացման և կատարելագործման կարևոր ճանապարհ են անցել` ձեռք բերելով անկախություն, և այսօր դրանց գործունեությունը կարելի է կայացած համարել, թեև դեռևս խնդիրներ կան, որոնց մասին իրենց խոսքում նշեցին ՀՀ նախագահը և ՀՀ տարածքային կառավարման նախարարը:

-Աբովյան քաղաքն այս տարի տոնում է իր 53-ամյակը: Որպես աբովյանցի և Աբովյանի քաղաքապետ` ինչպե՞ս կգնահատեք քաղաքի ձեռքբերումները:

-Նախ ուզում եմ նշել, որ շատ եմ սիրում իմ քաղաքը, որտեղ անցել է մանկությունս, պատանեկությունս, երիտասարդությունս, քաղաք, որի յուրաքանչյուր հատված ինձ հոգեհարազատ է, և որի հետ կապված հաճելի հիշողություններ ունեմ:
Իրականում ճիշտ է, Աբովյանը` որպես քաղաք, 53 տարեկան է, բայց որպես բնակավայր` բավականին հին է: Բնակավայրի հիմնումը կապվում է ուրարտական արքայատոհմի հետ, որն այդ շրջանում կոչվել է Դարանի: Այս ամրոցի տարածքում պեղումների ժամանակ հայտնաբերվել է ուրարտական արքա Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը, որի կրկնօրինակը դրված է քաղաքի միակ՝ Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի բակում: Սեպագիր արձանագրության մեջ Մենուայի որդի Արգիշտին ասում է. «Եկա, գրավեցի Դարանի ամրոցը»: Հետագայում` խորհրդային տարիներին, «Էլառ-Դարանի» ամրոցի հիման վրա ստեղծվեց Աբովյան քաղաքը:
Աբովյանը բավականին զարգացած քաղաք է` իր ենթակառուցվածքներով, տարբեր ոլորտներում արձանագրված հաջողություններով, քաղաքային ներդաշնակ կյանքով, գեղեցիկ, կանաչապատ տեսքով ու ամենակարևորը` աբովյանցիներով, հատկապես` հիանալի երիտասարդությամբ:

-Ի՞նչ ծրագրեր է հաջողվել իրականացնել Ձեր պաշտոնավարման մեկուկես տարվա ընթացքում:

-Գաղտնիք չէ, որ համայնքային բյուջեի սուղ միջոցներով, կարելի է ասել, անհնար է հետաքրքիր ու կարևոր նախագծեր կյանքի կոչել, մեծածավալ աշխատանքներ իրականացնել: Այդ պատճառով կարևորում եմ միջազգային տարբեր կառույցների, ընկերությունների հետ համագործակցության, ներդրումներ ներգրավելու միջոցով ցավոտ խնդիրներին լուծում տալու ճանապարհով գնալու անհրաժեշտությունը: Այդ գիտակցումն ունենալով` քաղաքապետ ընտրվելուց հետո իմ առաջին քայլերից մեկը եղավ քաղաքի համագործակցության շրջանակների ընդլայնումը, միջազգային կառույցների հետ համատեղ ծրագրերի իրականացումը: Պետք է նշեմ, որ այս մեկուկես տարվա ընթացքում հաջողվել է ավարտին հասցնել մի քանի ծրագրեր, ինչի արդյունքում մեր համայնքում բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել:
Օրինակ` մենք հուշագիր ստորագրեցինք UNDP ընկերության հետ, որի արդյունքում մեր համայնքի որոշ թաղամասերում անցկացվեց էներգախնայող լուսավորություն, և այսօր հաշվարկները թույլ են տալիս փաստել, որ արձանագրվել է 82 տոկոս էներգախնայողություն: Սա շարունակական գործընթաց է, որը պետք է ընդգրկի ողջ քաղաքը:
«Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հետ համագործակցության արդյունքում մենք Աբովյանի քաղաքի հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին ապահովեցինք աշխատանքով` կատարելով 20 մլն. դրամի ներդրում, ձեռք բերելով հարմարավետ, ավտոմատացված սարքավորումներ:
Արդյունավետ համագործակցություն ունենք «Ռոստելեկոմ» ընկերության հետ, ինչի շնորհիվ մեր բոլոր զբոսայգիներում ունենք անվճար WiFi հասանելիություն, մեր կոմունալ ծառայության բոլոր մեքենաներին տրամադրված է GPS սարքավորումը, ինչը հնարավորություն է տալիս վերահսկողություն իրականացնել դրանց աշխատանքի նկատմամբ: Հաջողվեց մեր քաղաք ներգրավել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խոշոր ընկերության, ներդրումներն արդեն արված են` մոտ 1.5-2 մլն ԱՄՆ դոլար: Ստեղծվել է 100-ից ավելի աշխատատեղ, կազմակերպությունում աշխատանքի են անցել ՏՏ մոտ 100 մասնագետներ:

-Որքանով տեղյակ ենք, առաջարկության փաթեթ եք ներկայացնել ՀՀ կառավարությանը: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

-Այո՛, իսկապես այդպես է: Շարունակելով «Խելացի քաղաքի» մոդելի ներդրման աշխատանքները Աբովյան քաղաքում` մենք առաջարկության փաթեթ ենք ներկայացրել կառավարությանը, որի հիմքում ընկած է Աբովյանում ՏՏ ոլորտի զարգացումը, ինչը ենթադրում է նաև օրենսդրական փոփոխությունների իրականացում, որը թույլ կտա եվրոպական շատ երկրներում գործող ՏՏ ոլորտի ընկերություններին ներդրումներ կատարել, մասնաճյուղեր բացել Աբովյանում: Մեր քաղաքում առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները այդ ամենի համար, կարևոր նախապայման է նաև այն հանգամանքը, որ քաղաքապետարանի շենքի հարևանությամբ գործող «Ռոստելեկոմ» ընկերությունն ունի ուղիղ օպտիկական մալուխային համակարգ դեպի Մոսկվա և Ֆրանկֆուրտ, որը կարելի է օգտագործել:
Այդ փաթեթի մեջ մենք առաջարկել ենք նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ՏՏ ոլորտի բաժինների գործունեությունը տեղափոխել Աբովյան, ինչը կնպաստի քաղաքի երիտասարդացմանը, ակտիվության բարձրացմանը, համաչափ զարգացմանը, ինչու ոչ, նաև Երևանի բեռնաթափմանը: Ինչպես նաև պատանիների համար Աբովյանում կարելի է բացել «Թումո» կենտրոն: Այսինքն` վերականգնել Աբովյան քաղաքի նախկին կերպարը, որը նա ունեցել է խորհրդային տարիներին` լինելով արդյունաբերական քաղաք:
Առաջիկայում մենք պատրաստվում ենք մեր քաղաքի զարգացման ծրագրերի մեծ պրեզենտացիային, որտեղ մանրամասնորեն ներկայացված են լինելու մեր քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերն` իրենց բովանդակային և ծախսային պատկերով:

-Բարեկարգման ի՞նչ աշխատանքներ են ընթանում քաղաքում: 

-Նախորդ տարի Աբովյանը ճանաչվեց «Լավագույն մարզական համայնք», իսկ այս տարի մենք հայտ ենք ներկայացրել մասնակցելու «Լավագույն մանկական խաղահրապարակ» մրցույթին, որին ներկայանալու ենք երկու նորաստեղծ խաղահրապարակներով: Հուսանք` կհաջողենք:
Իհարկե, մեր քաղաքում կան 10-յակ խաղահրապարակներ, քաղաքը բարեկարգ է, փողոցների մեծ մասն ասֆալտապատվել են մինչև իմ պաշտոնավարումը, մեր գլխավոր և երկրորդական ճանապարհները հիմնականում ասֆալտապատ են, իսկ որոնք դեռ չենք հասցրել, աշխատանքներն ընթացքի մեջ են: Վերջերս մի մեծ փողոց ասֆալտապատեցինք մեր բնակիչների մասնակցությամբ: Նախաձեռնությունը բնակիչներինն էր, նրանք պատրաստակամություն հայտնեցին ներդրում ունենալ այդ աշխատանքներում: Ինձ համար ոչ այնքան կարևոր էր նրանց ֆինանսական ներդրումը, որքան մասնակցությունը աշխատանքներին, քանի որ այն, ինչ արվում է իրենց կողմից, նրանք լավագույնս պահպանում են: Ես ձգտում եմ հնարավորինս ներգրավել բնակչությանը համայնքային աշխատանքներում, որպեսզի նրանք սրտացավությամբ շահագործեն այն, ինչ իրենց համար է արվում: Եվ արդյունքն արդեն զգացվում է:

-Ինչպիսի՞ ն է համագործակցությունը մարզային իշխանությունների հետ:

-Մենք ակտիվորեն աշխատում ենք մարզային իշխանությունների հետ, ինչի շնորհիվ` գերմանական GIZ ընկերության հետ համագործակցության արդյունքում Աբովյանի քաղաքապետարանում ներդրվեց աշխատանքային «մեկ պատուհանի» սկզբունքը: Այժմ մեր ամբողջ փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է քաղաքապետարանի առաջին հարկում գտնվող բոլոր բաժինների մասնագետ-ներկայացուցիչների միջոցով: Նրանք իրականացնում են սպասարկման ողջ աշխատանքը ինչպես տեղում, այնպես էլ համացանցի միջոցով: Այսինքն` այլևս կարիք չկա, որ քաղաքացին իր դիմումի պատասխանի հետ կապված անընդհատ այցելի քաղաքապետարան, նա կարող է հետևել իր փաստաթղթի կամ դիմումի շրջանառությանը համացանցի միջոցով:

-Միջազգային համագործակցության ի՞նչ ծրագրեր կան:

-Միջազգային համագործակցության ծրագրեր ևս կան, մենք այժմ համագործակցության պայմանավորվածություններ ունենք աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մի շարք քաղաքների հետ, որոնք գտնվում են, օրինակ, Արգենտինայում, ՌԴ-ում, Եվրոպայում և այլուր: Շուտով մեր քաղաքում կներդրվի նաև քույր քաղաքների համակարգը, որի շրջանակներում համագործակցության բազում հուշագիր կստորագրվեն:
Առաջիկայում սպասում ենք Արգենտինայի Բուենոս Այրես պրովինցիայի Վիսենտե Լոպես քաղաքի ղեկավարի այցին: Համագործակցում ենք նաև իրանական մի մեծ շինարարական ընկերության հետ, որը պատրաստակամություն է հայտնել Աբովյանում երիտասարդական թաղամաս կառուցելու:
Սիրիահայերի հետ համագործակցության շատ հետաքրքիր ծրագիր ունենք, որի շրջանակներում նախատեսվում է Աբովյանում համատեղ արհեստագործական հիմնարկներ կառուցել: Սիրիահայերը շատ լավ մասնագետներ են, արհեստավորներ, և ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ նրանք պատրաստ են ներդրումներ կատարել, աշխատել և ստեղծագործել իրենց հայրենիքում:

-Ինչպիսի՞ն է Աբովյանի մշակութային, սպորտային կյանքը:

-Մեր քաղաքն ապրում է ակտիվ մշակութային և սպորտային կյանքով: Հատկապես մեծ հաջողություններ ունենք սպորտի ասպարեզում: Աբովյանում գործում է «Գագիկ Ծառուկյան» մարզադպրոցը, որը Գագիկ Ծառուկյանի մշտական ուշադրության կենտրոնում է: Այնտեղ գործում են տարբեր խմբակներ, մեր սաները մշտապես հաջողություններով են վերադառնում Եվրոպայի, աշխարհի առաջնություններից: Քաղաքում գործում են սպորտային տարբեր ֆեդերացիաներ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում:

-Գաղտնիք չէ, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքի ձեռքբերումների և զարգացման գործում մեծ դերակատարում ունի, ինչպե՞ս կգնահատեք նրա աշխատանքը:

-Կարծում եմ` նրա աշխատանքը և նվիրվածությունը բարձր է գնահատվում ողջ ժողովրդի կողմից: Նա իր կյանքով և գործունեությամբ ապացուցել է, որ իրական հայրենասեր է, և ես հպարտ եմ, որ ի դեմս նրա` հիանալի անձնավորություն ունենք մեր կողքին, ով մշտապես պատրաստ է աջակցելու մեզ և մեծ ներդրում ունի մեր քաղաքի զարգացման մեջ:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենակարևոր առաքելությունը` որպես քաղաքապետ:

-Կարծում եմ` ամենակարևորը համայնքի զարգացման ծրագիր ստեղծելն է, որը որպես կայուն համակարգ, ներդրվի քաղաքապետարանի աշխատանքներում, և ապագա քաղաքապետերը ևս առաջնորդվեն դրանով, շարունակեն նախորդի աշխատանքը:
Իսկ բարոյական առումով` ես` որպես աբովյան քաղաքի բնակիչ, քաղաքապետ, ով պատրաստվում է դեռ երկար տարիներ ապրել իր քաղաքում, ցանկանում եմ լավագույնն անել քաղաքիս համար, թողնել իմ ձեռագիրը, որի մասին իմ երեխաներն ապագայում հպարտությամբ խոսեն:

-Ի՞նչ ծրագրեր կան` 2017թ.հետ կապված և ի՞նչ ակնկալիքներ ունեք Նոր տարուց:

-Մեր քաղաքում դեռ կան չլուծված խնդիրներ, որոնք, հույս ունեմ, 2017թ. կլուծվեն: Մասնավորապես` մեր քաղաքն ունի բնակֆոնդի պահպանության, ջրահեռացման, ներբակային փողոցների լուսավորության, մանկապարտեզների թվի ավելացման խնդիրներ: Այս բոլոր խնդիրների լուծմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներ տարվել են, իսկ 2017թ. արդեն գործնական քայլեր կարվեն:
Կցանկանայի, որ 2017թ. առավել առատ լիներ ձեռքբերումների առումով, քան 2016թ. էր, և ամենակարևորը, որ 2017թ. լիներ մեր երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրների լուծման և խաղաղության տարի:

 

Հարցազրույցը`
Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...