09:05
10/16/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ես պատրաստ եմ ծառայել իմ ժողովրդին

2016-11-28 16:34

 «Դե Ֆակտո» N124 (2016թ.)  
 

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Նոր Գեղի գյուղի գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանը:


Ծնվել է 1945 թ. մարտի 25-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում՝ գյուղացու ընտանիքում: Ծնողները Հրազդանից 20-ական թթ.-ին տեղափոխվել են Նոր Գեղի:
Հայրը Հայրենական պատերազմի հաշմանդամ էր. մահացել է 1976թ.-ին: Մայրը մահացել է 2001թ.: 1963 թ.-ին ավարտել է Նոր Գեղիի միջնակարգ դպրոցը: 1966թ.-ին ավարտել է Նոր Գեղիի գյուղտեխնիկումի մեքենայացման և էլեկտրաֆիկացման բաժինը, ստանալով տեխնիկ-մեխանիկի մասնագիտություն: 1977թ.-ին ընդունվել է Մոսկվայի բարձրագույն արհմիութենական տնտեսագիտական ակադեմիա, որն ավարտել է 1982թ.-ին. ստացել` տնտեսագետի մասնագիտություն: 
Աշխատել է Արզնու ապակու գործարանում, որպես հերթափոխի պետ, այնուհետև տեղափոխվել է Արզնու թիվ 2 առողջարան: 1973-1983թթ. եղել է գլխավոր բժշկի տնտեսական գծով տեղակալ:
1983-1986թթ. աշխատել է Հանքավանում՝ «Մարմարիկ» հանգստյան տան տնօրեն: 1986թ.-ից մինչ այսօր նոր Գեղի համայնքի ղեկավարն է:
2006թ. պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով՝ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 10-ամյակի կապակցությամբ՝ այդ մարմինների կայացմանն ուղղված ակտիվ մասնակցության համար:
2010թ. պարգևատրվել է «Կոտայքի մարզի հուշամեդալ» մեդալով՝ երկարամյա և արդյունավետ աշխատանքային գործունեություն ծավալելու համար:
2011թ. պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով:
2015թ. պարգևատրվել է Հայոց ցեղասպանության 95-100-ամյակի «Ավետիս Ահարոնյան» 1-ին աստիճանի հոբելյանական ոսկե հուշամեդալով:
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի 4 որդի, 10 թոռ, 4 ծոռ:

-Պարո՛ն Թևոսյան, շուրջ 30 տարի է, ինչ Նոր Գեղիի գյուղապետն եք: Սա, թերևս, խոսում է այն մասին, որ այս տարիների ընթացքում կարողացել եք շահել համագյուղացիների սերն ու հարգանքը: Ի՞նչ ձեռքբերումներ եք գրանցել այս տարիների ընթացքում:

-Այս տարիների ընթացքում մի շարք աշխատանքներ են կատարվել, որոնք նկատում են թե՛ համագյուղացիները, և թե՛ գյուղ այցելող հյուրերը: Դեռ նախորդ նախընտրական ծրագրիս գրեթե բոլոր կետերն իրականացվել են: Խոշոր ծրագրերից մեկը՝ մշակույթի պալատի վերանորոգման և շահագործման հանձնելն էր: Այսօր ունենք շքեղ, մոտ՝ 350 տեղանոց սրահ, որը ծառայում է ոչ միայն համագյուղացիներին, այլ նաև ամբողջ մարզին: Միայն ձայնա-լուսային սարքավորումների և վարագույրների համար հատկացվել է 10 մլն. դրամ: Գյուղում 2007թվականից սկսվել է Սուրբ Հովհաննես եկեղեցու շինարարական աշխատանքները և արդեն հաջորդ տարի տեղի կունենա եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը: Գյուղն ունի երեք մսուր մանկապարտեզ, 3 դպրոց, առողջարարական կենտրոն, արվեստի դպրոց, ինչպես նաև պետական գյուղատնտեսական քոլեջ:

-Որքա՞ն է կազմում բնակչության թիվն այսօր գյուղում և թվակազմի ինչպիսի՞ փոփոխություններ եք գրանցել այս տարիների ընթացքում:

-Գյուղն ունի շուրջ 6500 բնակիչ: Մեզ մոտ արտագաղթը շատ քիչ տոկոս է կազմում, քանի որ բնակիչներն ապահովված են աշխատանքով: Նոր Գեղիի վարչական տարածքում է գտնվում «Լուսակերտ» թռչնաբուծական ֆաբրիկան, թանկարժեք քարերի և խճաքարերի գործարանները, բացի այդ, բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և այգեգործությամբ: Գյուղում կա շուրջ 500 հա ինտենսիվ այգիներ, որտեղ տարեկան ստացվում է մոտավորապես 1000-1500տ բերք:

-Այս տարի կարկտահարությունն ինչպե՞ս անդրադարձավ գյուղատնտեսության վրա:

-Նախորդ տարվա համեմատ, այս տարի գյուղատնտեսությունը մոտ 40%-ի չափով կորուստներ տվեց:

-Գյուղացիների առաջ ծառացած ի՞նչ խնդիրներ կան, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն:

-Գյուղի կենտրոնական փողոցները հատող ճանապարհների ասֆալտապատման և բարեկարգման խնդիր ունենք: Այս տարվա նախընտրական ծրագրում կարողացել եմ ընդգրկել միայն 3կմ ճանապարհ, քանի որ աշխատանքը բավականին ծախսատար է, և միայն մեր միջոցները բավարար չեն նման ծավալի աշխատանքներ իրականացնելու համար: Կենտրոնական փողոցների ասֆալտապատման և լուսավորության հարցը լուծվել է, սակայն հարակից փողոցների բարեկարգումը շարունակում է խնդրահարույց մնալ:

-Պարո՛ն Թևոսյան, ինչպե՞ս ստացվեց, որ գյուղի երաժշտական դպրոցն ու կենտրոնական փողոցը հենց Ձեր անունով անվանակոչվեց: Մի փոքր ներկայացրեք:

-Այո, ծննդյանս 65-ամյակի կապակցությամբ գյուղի երաժշտական դպրոցն անվանվեց իմ անունով: Այնուհետև, երբ լրացավ 70-ամյակս` ավագանու որոշմամբ, այս անգամ գյուղի կենտրոնական փողոցը վերանվանվեց Թևոսյան անունով: Իհարկե, այս ամենը տրվել է համայնքում շուրջ 30 տարվա քրտնաջան աշխատանքիս համար:

-Պարո՛ն Թևոսյան, այս տարի ևս կանցկացվեն գյուղապետի ընտրություններ, որին առաջադրել եք Ձեր թեկնածությունը: Ի՞նչ կմաղթեք Ձեր համագյուղացիներին:

-Մաղթում եմ ոչ միայն իմ համագյուղացիներին, այլև մեր ողջ ժողովրդին` խաղաղություն: Ապրիլյան օրերը ևս մի ազդակ եղավ բոլորիս համար, որ առաջնահերթ մեզ անհրաժեշտ են խաղաղ սահմաններ: Երբ այցելում եմ Սուրբ Հովհաննես եկեղեցի, որպեսզի հետևեմ շինարարական աշխատանքներին, միաժամանակ նաև խնդրում եմ Աստծուն, որ խաղաղություն լինի Հայաստանում:

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ


Հարգելի՛ ընտրողներ.


Ժողովրդի հետ անմիջական աշխատանքի երկար տարիների փորձը և այսօրվա մեր հասարակության համար ստեղծված ծանր սոցիալական վիճակը ստիպում են ինձ իմ նախընտրական ծրագրում ընդգրկելու հետևյալ հարցերը՝


- Ավարտել Նոր Գեղի համայնքում գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցու շինարարությունը:


- Պաշտպանել համայնքի ամբողջ հասարակության յուրաքանչյուր անհատի ՀՀ սահմանադրությամբ սահմանված իրավունքները:


-Բոլորը հավասար են օրենքի առջև անկախ կուսակցական պատկանելիությունից ու պաշտոնից:

-Ավելի խստացնել պայքարը հանցագործությունների դեմ. համայնքում հաստատել օրինակելի կարգ ու կանոն:


-Կոտայքի մարզպետարանի և ՀՀ կառավարության օգնությամբ համայնքում ստեղծել արտադրամասեր բնակչության զբաղվածությունն ապահովելու և նրանց սոցիալական վիճակը բարելավելու համար:


- Շարունակել համայնքի «Տանձանոց» և «Միլիցիայի դաշտ» կոչվող նորակառույց թաղամասերի էլեկտրաֆիկացման և խմելու ջրի անցկացման աշխատանքները:


- Շարունակել գյուղի գազաֆիկացման աշխատանքները:


- Նորոգել մարզադաշտը:


- Համայնքում կառուցել 250 տեղանոց հոգեհացի սրահ:


-Շարունակել համայնքի կոյուղու վերանորոգման աշխատանքները և «փախստականների» ու «միլիցիայի դաշտ» կոչվող թաղամասերում կառուցել նոր կոյուղածեր:


- Լուծել համայնքի նորակառույց թաղամասերի, ինչպես նաև Բանավանի դպրոցից մինչև Արգել տանող 3 կմ ճանապարհների վերանորոգման հարցը:


- Կոտայքի մարզպետարանի և ՀՀ կառավարության օժանդակությամբ վերանորոգել Բանավանի մշակույթի տունը և մանկապարտեզի շենքը:


- «Տանձանոց» կոչվող թաղամասում կառուցել կոյուղու պոմպակայան:


- Օժանդակել դպրոցների, մսուր-մանկապարտեզների, երաժշտական դպրոցի, կուլտուր-լուսավորչական հիմնարկների կոլեկտիվներին, այս բնագավառների մշակույթային և կրթական կյանքի զարգացման ապահովմանը և սոցիալական պայմանների բարելավմանը:


- Հնարավորության սահմաններում օգնել անապահով և զոհված ազատամարտիկների ընտանիքներին, թոշակառուներին և բազմազավակ մայրերին:

 

Հարցազրույցը` Քրիստինա Միրզոյանի


 



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-10-01 12:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց