09:36
04/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Միհրան Նազարեթյան

2015-08-15 13:49

                                         «Դե Ֆակտո» N110 (2015թ.)


-Պարո՛ն Նազարեթյան, վերջերս մեծ հնչեղություն է ստացել պորտալարի արյունից  ցողունային բջիջների հավաքագրման և դրանք փոխպատվաստման համար օգտագործելու  հարցը։ Ի՞նչ մոտեցում  ունեք այդ հարցի շուրջ, որքանո՞վ է արդյունավետ այդ մեթոդը։

-Նախ նշեմ, որ պորտալարի արյան օգտագործումը` որպես ցողունային բջիջների  աղբյուր, սկսվել է 1980-ական թվականների սկզբին և ժամանակի ընթացքում  տարբեր երկրներում կիրառություն ստացել։ Սակայն Հայաստանում այդ հնարավորության օգտագործումը  զրոյական մակարդակի վրա էր, մինչև “Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր” բարեգործական հիմնադրամի նախաձեռնությունը։ 

Մեր կազմակերպությունը նախորդ տարվանից սկսեց այդ գործընթացը` ձեռք բերելով պայմանավորվածություններ տարբեր ծննդատների հետ։

Ինչ վերաբերում է իմ մոտեցմանը, ապա պետք է նշեմ, որ պորտալարի ցողունային բջիջների պաշարումը և օգտագործումը պետք է դիտարկել որպես այլընտրանք  դոնորական կամ քույրերից և եղբայրներից վերցրած ցողունային բջիջների համեմատ, որն ունի առավելություններ։ Առաջին հերթին, այն վերցվում է նոր ծնված երեխայի պորտալարի արյունից ծննդաբերությունից հետո առաջիկա 20 րոպեների ընթացքում` անհանգստություն չպատճառելով ոչ մորը, ոչ երեխային։ Մյուսը` այն ցողունային բջիջների հավաքագրման անսպառ և մատչելի աղբյուր է, քանի որ տարեկան շուրջ 32 հազար (2013թ. տվյալներ) երեխա է ծնվում Հայաստանում, և եթե կարողանանք համապատասխան հետազոտություններ անցկացնելուց հետո նրանց 10-15 տոկոսից վերցնել ցողունային բջիջներ, ապա կունենանք ցողունային բջիջների մեծ բանկ, որը կդառնա բազում կյանքեր փրկելու երաշխիք մեր հանրապետության համար։

Եթե համաշխարհային մակարդակով դիտարկենք, ապա աշխարհում մոտ 700 հազար նմուշ պորտալարի ցողունային բջիջներ կան  պաշաւրված, որոնք  օգտագործվում են այն դեպքում, երբ կա հիվանդ, որը չունի քույր, եղբայր կամ  համատեղելի դոնոր։

Կարևոր առավելություն է նաև  այն, որ այս պարագայում փոխպատվաստման պահանջներն ավելի մեղմ են։ Եթե ոչ ազգակից դոնորի դեպքում պահանջվում է 100 տոկոս համատեղելիություն, ապա այս պարագայում պահանջներն այդքան խիստ չեն դրված, որը հեշտացնում է նաև   համապատասխան պորտալարի ցողունային բջիջներ գտնելու գործընթացը։  

Ի դեպ` 1մլ արյան մեջ 100 հազար ցողունային բջիջներ կան։ Սակայն ուզում եմ ևս մեկ անգամ նշել,  որ սա այլընտրանքային տարբերակ է և պետք է օգտագործել միմիայն որպես այլընտրանք։

-Ովքե՞ր են ցողունային բջիջների սպառողները։

-Պորտալարից վերցված ցողունային բջիջները հիմնականում ուղղվում են երեխաների առողջացմանը։  Բոլոր հիվանդների գրեթե կեսը` 47 տոկոսը,  սուր լեյկիմիա ունեցող երեխաներն են, մնացած մասը ընդգրկում է տարբեր հիվանդություններ, որոնցից կարելի է մատնանշել բնածին հիվանդությունները։

Պորտալարի արյունից վերցված ցողունային բջիջները յուրաքանչյուր ծնվող երեխայի համար առողջության ապահովագրության երաշխիք են։ Երեխան ծնվելուց հետո ապահովագրված է, քանի որ հիվանդանալու պարագայում ունի իր տվյալներով պահպանված ցողունային բջիջներ, որոնք միմայն իրենն են։

Ի դեպ` ցողունային բջիջները կենսաբանորեն ավելի  երիտասարդ են, հետևաբար` առողջ և կենսունակ, քան, օրինակ,  40-60 տարեկան դոնորների ցողունային բջիջները։

-Ինչո՞ւ է այս հնարավորությունը դիտարկվում  որպես այլընտրանք։

-Առաջին հերթին ամենալավ կլինիկական արդյունքները` վերականգնելու ոսկրածուծի աշխատանքը, արձանագրվում են  այն դեպքում, երբ ոսկրածուծի  փոխպատվաստման համար դոնոր են հանդիսանում քույրերն ու եղբայրները, սակայն, ցավոք,  նրանց թիվն  այդքան էլ մեծ չէ։ Եթե ընտանիքում երկու երեխա կա,  ապա համատեղելիության հնարավորությունը 25 տոկոս է, միայն երեք, չորս և ավելի երեխաների պարագայում է ապահովվում 80 տոկոս համատեղելիություն։ Իսկ նման  մեծ ընտանիքներ այսօր  քիչ կան։

-Ինչպիսի՞ գործընթաց է անցնում զույգը, որի երեխայի ծնվելուց հետո պորտալարից պետք է վերցվեն ցողունային բջիջներ։

-Նախ յուրաքանչյուր հղի իր հղիությունը վարող բժշկի մոտ այցելելիս կամ այլ աղբյուրներից տեղեկանում է, որ կա նման հնարավորություն։ Եվ եթե զույգի մոտ առաջանում է ցանկություն ապահովագրել իր երեխայի առողջությունը՝ սպառնացող հնարավոր ռիսկերից, իսկ դա հիմնականում լինում է ինտելեկտուալ զույգերի մոտ, ապա գալիս են մեզ մոտ, հարցաթերթեիկ  լրացնում, հետազոտվում, վճարում կատարում ցողունային բջիջների հավաքագրման և պահպանման համար։ Իրենց երեխայից վերցված և մեզ մոտ պահպանվող ցողունային բջիջները պատկանում են միմիայն այդ երեխային և չեն կարող օգտագործվել` առանց համապատասխան թույլտվության։

Սակայն հիանալի կլիներ, եթե մեր պետությունը հնարավորություն ունենար իրականացնելու պորտալարից ցողունային բջիջների հավաքագրման համապետական ծրագիր` հոգալով անհրաժեշտ ծախսերը։ Այդ դեպքում ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունեցող երեխաների առողջության վերականգնման գործընթացն ավելի մեծ մասշտաբներ կկրեր։

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...