01:44
12/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Նորընտիր համայնքապետ, երիտասարդ ներուժ և նորովի մոտեցումներ

2013-11-25 11:11

«Դե Ֆակտո» N 87 (2013թ.)

 «Ես ընտրվել եմ 2012-ի սեպտեմբերի 9-ի ընտրություններին, նոյեմբերի 12-ից ստանձնել եմ Մխչյան գյուղական համայնքի ղեկավարի պարտականությունները։ Ի պատիվ նախորդ համայնքապետի` պետք է նշեմ, որ համայնքն ինձ է հանձնվել բարվոք վիճակում, գյուղապետարանի շենքն ամբողջովին վերանորոգված, պլանային աշխատանքները ժամանակին կատարված, բարեկարգ և զարգացող համայնք է, և ինձ մնում է միայն շարունակել սկսվածը և ավելացնել նոր բարեփոխումներ»։

Խաչիկ Պողոսյան

Մխչյան գյուղական համայնքի ղեկավար

Հարցազրույց Մխչյան գյուղական համայնքի ղեկավար Խաչիկ Պողոսյանի հետ

-Պարո՛ն Պողոսյան, ինչպես նշեցիք, Ձեզ է հանձնվել բարեկարգ և զարգացող գյուղական համայնք, արդեն շուրջ 10 ամիս է, ինչ համայնքը ղեկավարում եք Դուք։ Ամփոփեք խնդրեմ այդ ժամանակահատվածը և հատկապես 2013-ի առաջին կիսամյակը։

-Երբ ես ստանձնեցի գյուղապետի պարտականությունները, գլխավոր խնդիրը համայնքի համար աղբահանության խնդիրն էր, չկար կանոնավոր աղբահանություն։ Իմ հետևողական աշխատանքների շնորհիվ կարողացանք  հասնել նրան, որ այժմ համայնքում պարբերաբար,  կանոնավոր կերպով իրականացվում է աղբահանությունը։ Կատարվել են ճանապարհաշինական աշխատանքներ` ճանապարհների ասֆալտապատում, հարթեցում, խճապատում և այլ ընթացիկ աշխատանքներ` ըստ անհրաժեշտության։ Ցանկանում եմ նաև նշել, որ ի սկզբանե ունեցել եմ նաև մեկ այլ գլխավոր նպատակ` ամբողջովին ասֆալտապատել և  բարեկարգել դպրոց տանող գլխավոր և հատվող ճանապարհները, որպեսզի մեր աշակերտները հաճույքով անցնեն այդ ճանապարհը` թե՛ անձրևոտ, թե՛ ձնածածկ եղանակին, ինչը մասամբ կատարվել է այս ժամանակահատվածում։

-Անդրադառնանք գյուղատնտեսությանը։ Այս տեսանկյունից ինչպիսի՞ն էր կիսամյակը Մխչյան համայնքի համար։

- Ինչպես գիտեք, Մխչյան համայնքում առավել զարգացած է ջերմոցային տնտեսությունը` հիմնականում աճեցնում են ծաղիկներ, նաև տարբեր բանջարաբոստանային կուլտուրաներ, գյուղացիները զբաղվում են նաև այգեգործությամբ։ Թեև կարկտահարություններից գյուղը չտուժեց, սակայն զերծ մնալ ցրտահարություններից, չստացվեց։ Սակայն փառք Աստծո, ցրտահարված տարածքների ծավալն էլ նախորդ տարիների համեմատ այդքան մեծ չէր, այնուամենայնիվ, գյուղապետարանը հարկային արտոնություններ տրամադրեց այն տնտեսություններին, որոնք առավել մեծ վնասներ էին կրել ցրտահարությունից։

-Իսկ ինչպիսի՞ն է գյուղի առօրյան, ինչո՞վ եք փորձում հետաքրքրացնել այն, ցրել ամենօրյա հոգսերը։

 -Նախ ասեմ, որ համայնքում բավականին ակտիվ է արվեստի ու մշակույթի հանդեպ հետաքրքրությունը, գործում է մշակույթի պալատը` տարբեր խմբակներով` հելյունագործություն, պար և այլն։ Մշակույթի պալատի բակում երեկոները միացնում ենք գեղեցիկ երաժշտություն, որը տներից դեպի այդտեղ է բերում բնակիչներին, ավելի է հետաքրքրացնում գյուղացիների երեկոները։

-Դուք բավականին երիտասարդ գյուղապետ եք։ Մենք սովոր ենք պաշտոնյայի դիրքում տեսնելու հասուն տարիքի մարդկանց, այդ տեսանկյունից գյուղացիները հատկապես պահպանողական են։ Ինչպե՞ս ընդունեցին նոր, երիտասարդ գյուղապետին։

-Նախքան գյուղապետ դառնալս` եղել եմ նախորդ գյուղապետի տեղակալը, մխչյանցիները ծանոթ էին իմ աշխատանքին և վստահեցին ինձ, ինչի համար անչափ ուրախ եմ և պարտավորված` արդարացնելու նրանց սպասումներն ու հուսախաբ չանելու։

-Ինչպիսի՞ն է գյուղապետարան-բնակիչ և գյուղապետարան-մարզպետարան փոխադարձ կապը։

-Գյուղապետարանի դռները մշտապես բաց են գյուղացիների համար, հնարավորությունների սահմաններում օգնում ենք բնակիչներին։ Մարզպետարանի հետ կապը նույնպես բավականին արդյունավետ է, մեր մարզպետը շատ արագ արձագանքում է ցանկացած դիմումի, ցանկացած խնդրի և անմիջապես լուծում տալիս դրանց։ Պարոն Բարսեղյանը լավ, բարի մարդ է և միաժամանակ խստապահանջ է աշխատանքի մեջ, ինչը, կարծում եմ, օգտակար է ճիշտ և արդյունավետ աշխատանքային հարաբերություններ կազմակերպելու հարցում։

-Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն եք հանձնելու Մխչյանը 4 տարի անց հաջորդ գյուղապետին։

-Ուժերիս ներածին չափով կանեմ առավելագույնը մեր համայնքի զարգացման համար և պաշտոնավարման ավարտին հաջորդ գյուղապետին կհանձնեմ զարգացած, բարեկեցիկ, հնարավորինս քիչ խնդիրներ ունեցող համայնք, քանի որ առանց խնդիրների միևնույնն է, հնարավոր չէ։

 Հարցազրույցը` Թ. Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...