21:14
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Երևանի գյումրեցի քաղաքապետը

2013-08-16 10:43

«Դե Ֆակտո» N 85 (2013թ.)

ՀՀ նախագահին կից  ներման հանձնաժողովի նախագահ, «Գյումրի-վերածնունդ» բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի ասպետ Մուրադ Մուրադյանն այն գործիչներից է, ովքեր մնայուն հետք են թողնում երկրի հասարակական-քաղաքական կյանքում, ումից սովորում են, ում միշտ օրինակ են բերում։ Ճակատագիրը բազում փորձություններ է նրան առաջադրել` ՀԿԿ Լենինականի քաղկոմի 1-ին քարտուղար, Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ գերագույն խորհուրդների պատգամավոր, ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամ… Այսօր, հանրագումարի բերելով անցյալը, Մուրադյանն արձանագրում է, որ կարողացել է դրանք պատվով հաղթահարել, բացի, թերևս մեկից՝ ծխելուց, որը սկսել է  դեռևս պատանեկության տարիներին։ Ժպտալով արդարանում է, որ ընտանիքի հոգսը թեթևացնելու, մորն օգնելու համար ծխախոտ էր վաճառում. իսկ վաճառել մի բան ու չփորձել, բնականաբար, ազնիվ չէր լինի։ Ամենադժվարինն ու իր իսկ խոսքերով՝ վտանգավորը, 1975-85թթ. Երևանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի նախագահը լինելու փորձությունն է համարում.

- Երևանի քաղաքապետի պաշտոնը որքան պատվաբեր, նույնքան էլ դժվար և վտանգավոր է։ Վտանգավոր էր հատկապես խորհրդային իշխանության տարիներին, քանի որ քո դեմ գրված անգամ մեկ հատիկ անանուն նամակի հետքով կենտկոմից  մի ողջ բրիգադ էր գալիս, իսկ եթե հանկարծ «Պրավդա»-յում էլ հրապարակում լիներ, ապա բոլոր թերթերը պիտի արտատպեին և անպայման կենտկոմի բյուրոյի քննարկման առարկա դառնար։ Վերահսկողությունը շատ ուժեղ էր…

   Բայց այդ տարիներն էլ իրենց առավելություններն ունեին։ Օրինակ, Հայաստանը ինքնուրույն կարո՞ղ էր մետրոպոլիտեն, մարզահամերգային համալիր կառուցել կամ ասենք քաղաքապետարանի, Ամերիկյան  համալսարանի ներկայիս շենքերը։ Մետրոյի միայն մեկ  կայարանի կառուցման արժեքը մոտավոր հաշվարկներով երկու անգամ ավելի է, քան մեր հանրապետության այսօրվա բյուջեն…  Իսկ մեր թիմն այդ ժամանակահատվածում իսկապես հրաշքներ գործեց։ Տեղադրեցինք Վարդան Մամիկոնյանի, Գայի, Եղիշե Չարենցի, Արմեն Տիգրանյանի, Ավետիք Իսահակյանի, և ընդհանուր առմամբ, 30-ից ավելի արձաններ ու հուշարձաններ։ Կառուցեցինք Օղակաձև այգին։ Քաղաքապետարանի ներկայիս շենքի շինարարության թույլտվության և կառուցման աշխատանքներն սկսելու համար Կարեն Դեմիրճյանի, Ֆադեյ Սարգսյանի հետ միասին ԽՍՀՄ մինիստրների խորհրդում, կենտկոմում և  պետպլանում մեր պայքարը 5 տարի հետո միայն արդյունք տվեց։ Կարևորը ոչ թե այն էր, թե ոնց կկառուցես, այլ, թե ինչ ձևով կառույցը կմտցնես տիտղոսացուցակի մեջ, քանի որ այդ դեպքում այն անպայման պիտի կառուցվեր, անկախ ով է ղեկավարը, պատասխանատուն։ Ես հասցրեցի հիմքերը գցել, մի 10 մետր էլ բարձրացնել, ապա այդպես մնաց 10-15 տարի, որից հետո Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի ջանքերով հնարավոր եղավ կառույցն ավարտին հասցնել։ Հիշում եմ՝ ոչ միայն իմ շրջապատից, այլ հանրապետության շատ պաշտոնյաներ ինձ ասում էին՝ ինչ ես այդպես պինդ կպած ուզում այդ շենքը կառուցել, ինչ է քեզ տալու՝ գլխացավանքից բացի։ Շատերը չէին պատկերացնում, որ պարզապես կարելի է ցանկանալ, որ Երևանն ունենա Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքին վայել քաղաքապետարան։ Սա էր իմ նպատակը և, փառք Աստծո, ես հասա այդ նպատակին, թեև գիտեի էլ, որ որպես քաղաքապետ գուցե թե չհասցնեմ այդ շենքում աշխատել։

- Պարո՛ն Մուրադյան, երբ ստանձնեցիք Երևանի քաղաքապետի պաշտոնը, գյումրեցիները խանդով չվերաբերվեցի՞ն Երևան տեղափոխվելու Ձեր մտադրությանը։   

- Կարեն Դեմիրճյանն առաջարկեց ստանձնել այդ պաշտոնը։ Խոստովանեմ՝ հենց սկզբից հրաժարվեցի, բավականին երկար դիմադրում, չէի համաձայնվում։ Բայց, հիշում եմ, երբ պատրաստվում էի դուրս գալ Դեմիրճյանի առանձնասենյակից, հնչեց նրա վերջնական խոսքը՝ բա՞ ուր մնաց ընկերությունը… Ես զենքերս վայ դրեցի, ասելով՝ դու հաղթեցիր։ Պատճառաբանում էի, որ եթե ինձ Երևանի գլխավոր փողոցներից բացի, որևէ փողոցում մենակ թողնեն, չեմ կարող ոտքով վերադառնալ կենտրոն, նա էլ թե՝ մի երկու-երեք ամսում կսովորես։ Իհարկե, Երևան գնալու լուրը գյումրեցի մտավորականությունը որոշակի վերապահումով ընդունեց։ Բայց այդ մտայնությունը շատ կարճ տևեց, քանի որ բոլորը գիտեին, որ ես Գյումրին չեմ կարող մոռանալ, և առհասարակ համարում եմ, որ արմատներից հեռացող, արմատները մոռացող մարդը, ոչ մի ասպարեզում էլ չի կարող հաջողության հասնել։ Մյուս կողմից էլ գյումրեցուն բնորոշ հումորով կատակում էին՝ դե Երևանում մարդ չգտան, ուզեին, չուզեին, պիտի  գյումրեցուն տանեին… Գյումրեցին աշխարհի որ անկյունում էլ լինի, վստահ եմ, հոգով էլի նույն գյումրեցին է՝ իր փոքր հայրենիքի յուրաքանչյուր անկյուն սիրով ու կարոտով հիշող։ Գյումրվա կոլորիտով մանկությունս այսօրվա պես աչքիս առաջ է։ Մեր տունը թատրոնին մոտ էր, երեք րոպեի ճանապարհ։ Թատրոնի մի պատը հողին էր կպած, խոնավանում էր, և մինչև ներկայացումը սկսելը հետնամուտքի դռները բացում էին, որ օդը մաքրվի։ Փակելուց մի քանի րոպե առաջ մենք երեխաներով գաղտագողի մտնում և նստարանների տակ թաքնվում էինք և սկսելուն պես դառնում «օրինավոր» հանդիսատես։ «Արա Գեղեցիկ»-ից, «12-րդ գիշեր»-ից սկսած՝ բոլոր ներկայացումները, բոլոր դերասանների դերակատարումները բերանացի գիտեինք։ Դերասանների հրաշալի աստղաբույլ էր՝ Արմեն Արմենյան և Եկատերինա Դուրյան-Արմենյան ամուսիններ, Ցոլակ Ամերիկյան, Արտավազդ Փաշայան, Ազատ Շերենց… Ապագայի համար ինչպիսի ցանկություններ էլ ունենայի, բոլոր դեպքերում, դժվար թե պատկերացնեի, որ տարիներ անց կլինեմ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար, կստանձնեմ դրամատիկական թատրոնի նոր շենքի շինարարության վերահսկողությունն ու ելույթ կունենամ բացման հանդիսավոր արարողությանը։ Եվ ինձ համար ցավալի է, որ համացանցի ներկա դարում երիտասարդությունը  որոշակիորեն հեռացել է թատրոնից, արվեստի հետ կենդանի, անմիջական շփումից։  Իհարկե, տեղեկացված լինելը, արագ կապի մեջ լինելը, տեխնիկական այս ողջ առաջընթացը շատ կարևոր և ժամանակի պահանջն է, բայց շատ վատ է, որ հեռացել ենք իրական, բարձր արժեքներից։ Իմ մանկության ընկերներից Ռազմիկ Մադոյանը հենց թատրոնի հանդեպ այդ մեծ սիրուց դարձավ թատերագետ։ Եվ այսօր նա հետաքրքիր գրքեր, հրաշալի պատումներ է գրում մեր հայկական թատրոնի, նրա անխոնջ մշակների մասին։ Բայց ցանկալի է, որ երիտասարդ սերունդը միայն այդ գրքերով պատկերացում չկազմի, այլ հաճախի թատրոն, իր անմիջական մասնակցությամբ ամրապնդի հայկական թատրոնի բազմադարյա պատմությունը։

- Երիտասարդությունն, իսկապես, որոշակիորեն օտարվել է մեր ակունքներից։ Մինչդեռ հայրենասիրության յուրօրինակ խենթ դրսևորում էր, թերևս ժամանակին  Մոսկվայում ուսումը թողնելու Ձեր որոշումը

- Միջնակարգն ավարտելուց հետո մեր դասարանից 8-10  լավ սովորողներով միասին մեկնեցինք Մոսկվա և ընդունվեցինք տարբեր բուհեր. ես ընդունվեցի Մոսկվայի Բաումանի անվան տեխնիկական ինստիտուտ։ Ընկերներով կապված էինք, հաճախ էինք հավաքվում, ու մի օր էլ հանկարծ որոշեցինք ամեն ինչ թողնել ու խմբով վերադառնալ Հայաստան. մտածում էինք, թե ինչ գործ ունենք այստեղ։ Չգիտեմ ինչ անուն տալ դրան՝ հայրենասիրություն, կարոտ, թե էլ ինչ, բայց իմ տարեկիցները կարող են վերհիշել, թե հետպատերազմյան ինչպիսի դժվարին ժամանակներ էին Հայաստանում։ Շատ-շատերը պարզապես նախանձում էին մեզ, որ այն ժամանակների աշխարհի կենտրոն Մոսկվայում էինք, որ այդպիսի շանս միշտ չէ և բոլորին չէ որ տրվում է, բայց մենք թողեցինք ու եկանք։ Եվ զավեշտալին այն էր, որ երբ տղաները իրենց գործերը վերցրեցին, իմ թղթերը չտվեցին. ես մարմնամարզության գծով միջբուհական մրցումներում առաջին տեղն էի գրավել,  չէին թողնում, որ հեռանամ ինստիտուտից։ Ես էլ այդպես, առանց թղթերս վերցնելու թողեցի ամեն ինչ ու եկա Հայաստան։ Սեպտեմբերին ընդունվեցի Լենինականի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի  ֆիզիկամաթեմատիկական  ֆակուլտետը. ինձ ընդառաջեցին, ուշացած՝ քննությունները մեկ օրում հանձնեցի և, ավարտելով, աշխատանքի անցա  դպրոցում։

- Բայց, պարզվեց դա էլ Ձեր տարերքը չէր

- Այո, շատ չանցած գործերս տվեցի Մոսկվայի մեքենաշինական ինստիտուտի հեռակա բաժինը և աշխատանքի անցա Լենինականի նոր գործարկվող հղկող հաստոցների գործարանում։ Եղա վարպետ, արտադրամասի վարիչ, ապա՝ արտադրության գծով գործարանի տնօրենի տեղակալ։ Որոշ ժամանակ անց ինձ կանչեցին քաղկոմի 1-ին քարտուղար Գևորգ Ղարիբջանյանի մոտ։ Աշխատասենյակում էին նաև ՀԽՍՀ ժողտնտխորհի նախագահ Գուրգեն Չոլախյանն ու ՀԿԿ կենտկոմի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ Կառլեն Ղամբարյանը։ Երկու գործարանի տնօրենի պաշտոնների միջև ընտրության առաջարկ արվեց, ես հրաժարվեցի։ Բայց երբ առաջարկվեց միկրոէլեկտրոշարժիչների գործարանի տնօրենի պաշտոնը, համաձայնվեցի։ Զարմացած զրուցակիցներս հարցրին, թե ինչու հրաժարվեցի պլանները գերակատարող եկու գործարաններից, երբ մկիրոէլեկտրոշարժիչների գործարանի ձեռքը կրակն են ընկել, քանի որ պլան չի կատարում։ Պատասխանս առավել քան համոզիչ ու սպառիչ հնչեց՝ երբ ամեն ինչ կարգին է, այդ դեպքում ինչ անեմ, ավելի լավ է պլան չկատարողը դարձնեմ կատարող։

- Ինչպե՞ս եք գնահատում Երևանի ներկան և ինչպիսի՞ն եք տեսնում ապագայի ուրվագիծը։

-Քաղաքը կենդանի օրգանիզմ է, որն ամեն օր, ամեն ժամ խնդիներ է դնում հանրապետության և քաղաքային իշխանությունների առաջ։ Տեսեք, քաղաքապետի ընտրություններին մասնակցեցին 6 կուսակցություն և մեկ դաշինք։ Նրանց կողմից նեկայացված թեկնածուների մեջ՝ բացառությամբ Տարոն Մարգարյանի, որը թաղապետ եղած ժամանակ տեսանելի գործ է արել, ես որևէ մեկին, որը կարող է առաջընթացի տանող էական փոփոխություններ անել, չէի տեսնում։ Շատ լավ է, որ մեր զրույցը քաղաքապետի ընտրություններից հետո է և իմ գնահատականն էլ չի հնչի որպես քարոզ։ Բայց չէ որ հենց այդ նույն հհշական իշխանության օրոք  

ոչնչացվեց հանրապետության ողջ ադյունաբերական ներուժը, մասնագիտական ողջ բանակը փոխարինվեց գործից չհասկացող գործարանների տնօրեններով և բարեկամական կապերով նշանակված ապաշնորհ կադրերով։ Թալանվեց բարձրակարգ տեխնիկան, կարևորագույն սարքավորումները և որպես մետաղի ջարդոն վաճառվեց այլ երկրների։ Այսօր նրանք խոսում են աշխատատեղեր չլինելու մասին։ Բայց չէ որ դուք եք դրանք վերացրել. գործարանները կարգին աշխատեցնեիք, աշխատատեղերն էլ պահպանեիք։

Քաղաքի կարևորագույն խնդիրներից մեկը տրանսպորտի կառավարումն է։ Մեր քաղաքը պատրաստ չէ իր ճանապարհային ենթակառույցներով, հետիոտնային անցումներով, արագընթաց ճանապարհներով  այսչափ տրանսպորտային միջոցներ սպասարկել։ Իհարկե զգալի աշխատանք է արվել, տրանսպորտային հանգույցներ են շահագործման հանձնվել, բայց, միևնույն է, նույն թափթփված, անկառավարելի վիճակն է տիրում փողոցներում, անգամ գլխավոր ճանապարհային հանգույցներում։ Պետք է հայեցակարգային նոր, ամբողջական մոտեցում մշակել և հետևողականորել հասնել դրա ներդրմանն ու կիրառմանը։ Այս առումով անելիք շատ կա։

Քաղաքի էկոլոգիական վիճակը ևս մխիթարող չէ։ Վիճակագրական տվյալներով ներկայում քաղաքում յուրաքանչյուր շնչին հասնում է 6-7 քմ կանաչ տարածք։ 1984 թվականին մեկ շնչին 16 քմ տարածք էր ապահովվում։ Ամեն տարի աշնանը համաքաղաքայի ծառատունկ էինք անցկացնում։ Հիմա 30 հազար ծառ են տնկում և հպարտանում դրա համար, մենք ամեն ամեն տարի ավելի քան 1մլն ծառ էինք տնկում։ Նշեմ, որ այդ տարիներին էլ բնապահպանական վիճակը լավ չէր, քանի որ քաղաքում գործում էր 300-ից ավելի  արդյունաբերական ձեռնարկություն, այդ թվում նաև թունավոր արտանետումներով, ավելացրած՝ ավտոտրանսպորտը։ Այսօր գրեթե արդյունաբերական ձեռնարկություն չկա, բայց էկոլոգիական վիճակը բարելավման կարիք ունի։ Մեծ նշանակություն ունի քաղաքում շատրվանների, ջրային մակերեսների ստեղծումը, կանաչ տարածությունների՝ հատկապես շատ թթվածին արտադրող ծառատեսակների ավելացումը. սրանք կարևոր գործոններ են, որոնք վերջին տարիներին շատ դանդաղ են արվում։ Եվ պետք է փառք տանք, որ մեր քաղաքապետն այդ գործի սիրահարն է, թեև անգամ քննադատության թիրախ է դառնում՝ իբր միայն դրանով է զբաղվում։ Ցավոք, չի կարևորվում այդ գործի մեծ նշանակությունը։ Ամենահեշտը քաղաքապետին քննադատելն է, որը սակայն միշտ չէ, որ առողջ հիմքեր է ունենում։

   Իմ դեմ էլ ժամանակին, երբ Լենինականի քաղկոմի քարտուղարն էի և կառուցում էինք Հայրենական պատերազմում զոհված լենինականցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, բողոքել էին, թե. «մեր երիտասարդ քարտուղարը փոխանակ բնակելի տներ կառուցի, հուշարձաններ է կառուցում, որ իրեն հիշեն», մինչդեռ 25 հազար քմ բնակտարածքը այդ տարիներին հասցրի մինչև 75-80 հազարի, ավելացրած՝ հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզները։ Նամակներից մեկը ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ Կոսիգինի ձեռքն էր ընկել։ Նամակի մեջ գրված աղբից ձեռքերս թուլացան՝ պատմել է ինձ հետագայում Ֆադեյ Սարգսյանը, ում հետ այդ նամակի հարցով խոսել է Կոսիգինը։ Բայց վերջինս էլ թույլ չի տվել, որ  Սարգսյանը ինչ-որ բան ասի, ինքն ասել է, թե չգիտի ով է քաղկոմի այդ քարտուղարը, բայց ամենայն հավանականությամբ հայրենասեր ու լավ մարդ է, գնացեք, օգնենք որ այդ հուշարձանը հասցնեք ավարտին։ Կարծում եմ, բոլորիս պարտքը պետք է լինի՝ օգնել ներկա քաղաքապետին, էլ ավելի գեղեցկացնելու և հզորացնելու Երևանը, ինչպես իր օրհներգում է ասվում՝ «… մեր փոքրիկ հողի մեծ երազանքը, մեր դարե կարոտը, մեր քարե նազանքը…», և երանի նրանց, ովքեր դեռ քար են դնելու նրա նվիրական պատին…

  Ռուզան ՊԵՊԱՆՅԱՆ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...