22:57
04/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մարտին Յորգանս

2013-02-26 11:37

«Դե Ֆակտո» 75 (2012թ.)

Ո՞վ եմ ես, որ Աստծուն կարգադրեմ

Հարցազրույց Մարտին Յորգանսի հետ

 -Պարո՛ն Յորգանս, մի փոքր պատմեք Ձեր մասին:

- Ես ծնվել եմ Ստամբուլում: 12 տարի սովորել եմ Մխիթարյան վարժարանում, և այդ տարիներից էլ սկսել եմ երգել զանազան լեզուներով:

-Իսկ 1974 թվականին բնակություն հաստատեցի Փարիզում, որտեղ էլ ինձ միտք տվեցին, որևէ մեկի հետ համատեղ ռեստորան բացել և միաժամանակ երգել:

Միտքը հետաքրքիր էր, այն իրագործեցինք, և ռեստորանը կոչեցինք ՙԿապադոս՚: Այնտեղ երգում էի հայերեն և մատուցում էի հայկական ճաշատեսակներ:

Մի օր այցելուներիցս մեկը  հարցրեց, թե ինչու ես հայերեն երգեր չեմ ձայնագրում: Այդ ժամանակ արտասահմանում  կային հայերեն լեզվով երգող երկու երգիչներ, որոնք երկուսն էլ Լիբանանում էին ապրում: Ես նունյնպես սկսեցի ձայնագրել  հայերեն երգեր և առաջին ձայնապնակումս տեղ գտան շատ երգեր, որոնց շատերի հեղինակը անձամբ ես էի: Շատ մեծ հաջողություն ունեցա, որովհետև Ֆրանսիայում հայերեն լեզվով կատարող երգիչներ չկային:

-Ո՞րն է եղել  Ձեր հայերեն լեզվով առաջին երգը:

-Առաջին երգը, որ կատարել եմ հայերեն և ձայնագրել ՙՈւ՞ր էիր Աստված՚ երգն էր, սակայն այդ երգը երբեք չկատարեցի համերգասրահներում, մտածելով, ո՞վ եմ ես, որ Աստծուն կարգադրեմ:

-Պարո՛ն  Յորգանս, կատարել եք բազմաթիվ երգեր, ինչպե՞ս ստացվեց, որ ձայնագրեցիք մանուկների համար շատ սիրելի ՙՃկույթիկ՚ և ՙԱյբ Բեն Գիմ՚ երգերը:

-Այս երկու երգերն էլ  ստեղծվել են Հայաստանում: 1988 թվականին, երբ առաջին անգամ էի Հայաստանում, տեսա, որ այստեղի փոքրիկները շատ տաղանդավոր են: Ինձ համար շատ զարմանալի էր այդ փաստը և որոշեցի փոքրիկների համար երգեր գրել: Ութերորդ դասարանում, երբ սովորում էի Մխիթարյան վարժարանում, ուսուցիչը մեզ այբբենարանը հարցրեց և դասարանում 50 հոգուց 48-ը, այդ թվում և ես, այն չիմանալու պատճառով վերաքննություն հանձնեցինք: ՙԱյբ Բեն Գիմ՚-ը ստեղծվեց, որպեսզի երգի շնորհիվ երեխաները ավելի հեշտությամբ սովորեն այբբենարանը: Մինչ օրս երգում եմ այս երգը:

-Ինչպե՞ս ստացվեց, որ այժմ Հայաստանում եք:

-ՀՀ Սփյուռքի նախարարության հրավերով եմ այստեղ: ՙԻմ Հայաստան՚ համահայկական փառատոնի շրջանակներում մեկ շաբաթ երգել եմ Երևանում և ՀՀ մարզերում: Հայաստանով շրջագայում էի և քաղաքների հրապարակներում համերգներով հանդես գալիս:

-Ինչպե՞ս  եք ՙԿապադոս՚ ռեստորանը կառավարում Հայաստանից:

-Երեք ամիս առաջ ռեստորանը փակվեց, վաճառեցինք, որովհետև ցանկանում եմ ավելի շատ երգարվեստով զբաղվել: Տարիներ ի վեր հրավերներ եմ ունեցել Ավստրալիայից, բայց մերժել եմ, քանի որ ռեստորանային աշխատանքը թույլ չէր տալիս:

-Ի՞նչ համերգներ եք ծրագրել առաջիկայում:

-Հոկտեմբերին համերգով հանդես կգամ Երևանում: Կարծում եմ այն կանցնի Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, որը շատ գեղեցիկ սրահ է: Կներկայանամ այն երգացանկով, որով հանդես եմ եկել Սփյուռքում: Այս երկու ամիսների ընթացքում նոր երգեր պետք է գրեմ և ձայնագրեմ: Երգեր պետք է ձայնագրեմ նաև փոքրիկ ՙԱստղիկներ՚-ի հետ: Զարմանալին այն է,որ այսօրվա փոքրիկը նման չէ մեր օրերի փոքրիկին: Համերգներով հանդես կգամ նաև Գերմանիայում և ԱՄՆ-ում:

-Ինչպիսի՞ մրցանակների եք արժանացել այս տարիներին:

-Մրցանակներ շատ ունեմ, որից  առաջինը  1967 թվականին Թուրքիայում ստացած ՙՈսկե միկրոֆոն՚ մրցանակն է, որտեղ մրցույթի մասնակիցներից միակ հայազգի երգիչը ես էի: ֆրանսերեն լեզվով երգեցի և հավատացեք, որ այդ երգով շահեցի այդ  մրցանակը:

-Ինչպիսի՞ ցանկություն ունեք, որը իրականացման եզրին է:

-Ցանկությունս Երևանում տուն գնելն է, կարծում եմ այն Կենտրոն վարչական շրջանում կլինի, որպեսզի կարողանամ շատ զբոսնել և հասցնել լինել ամենուր: Նկատել եմ, որ վերջին տարիներին շատ սփյուռքահայեր Հայաստանում տներ են գնում, որը շատ լավ է: Կոչ եմ անում այն հայերին, ովքեր չեն եղել Հայաստանում, անպայման գոնե մեկ անգամ այցելեն, տեսնեն Հայաստանը և սիրահարվեն հայրենիքին:

-Ի՞նչը երբեք չեք մոռանա:

-Երբեք չեմ մոռանա 1988 թվականի հայաստանյան համերգներս, երբ 40 հոգանոց նվագախմբով հանդես եկա Կարեն Դեմիրճյանի անվան  մարզահամերգային համալիրում: Շատ էի հուզված, որովհետև երբեք հանդես չէի եկել այդքան մեծ համերգասրահում: Սակայն հասկացա, որ երբ երգիչը սիրով և հոգով է կատարում երգը և սիրում է իր հանդիսատեսին, ապա նրա համերգը կընդունվի հանդիսատեսի կողմից և կլինի անմոռաց: 1988-91 թվականներին միայն Կարեն Դեմիրճյանի անվնան մարզահամերգային համալիրում ունեցել եմ 99 համերգ: Իսկ ընդհանուր համերգներիս թիվը Հայաստանում կազմում է 126, որոնցից բոլորն էլ հիշարժան են եղել:

Հարցազրույցը՝ Լիլիթ Խաչատուրյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...