18:15
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայոց բանակը հնագույն և հին շրջաններում

2013-01-28 12:42

Ռազմական արվեստը Հայաստանում բավականին հին պատմություն ունի: Տարբեր ճակատամարտերի մասին հնագույն հիշատակություններից և պատմագրերի տված տեղեկություններից կարելի է եզրակացնել, որ մեր նախնիները դեռևս հազարամյակներ առաջ հմտացած են եղել ռազմի գործում, օգտագործել են հստակ մշակված մարտավարություն, հնարքներ, որոնք Եվրոպայում սկսել են կիրառվել միայն ուշ միջնադարից սկսած: Հայոց բանակի և ռազմարվեստի պատմությունը ուսումնասիրվել է շատ պատմաբանների կողմից: Հատկապես ուշագրավ են պատմաբաններ Սուրեն Մարտիկյանի և Արտակ Մովսիսյանի աշխատությունները, որոնցից օգտվել ենք այս հոդվածը գրելիս:

Բանակը և ռազմարվեստը մեր պետականության սկզբնավորման շրջանում: Պատմահայր Մովսես Խորենացին մեր պետականության սկիզբը կապում է Հայկ Նահապետի` Բաբելոնի տիրակալ Բելի դեմ Հայոց ձորի ճակատամարտում տարած հաղթանակի հետ: Թեև Հայկ Նահապետը դիցաբանական, առասպելական կերպար է, սակայն իր հիմքում ունի պատմական նախատիպ կամ նախատիպեր: Այս առասպելում արտացոլված են Ք.ա. 4-3 հազարամյակներում մեր թագավորների և միջագետքյան պետությունների տիրակալների միջև եղած հակամարտություններն ու պատերազմները: Խոսելով ճակատամարտի մասին` Խորենացին գրում է, որ թե՛ հայկը, և թե՛ Բելը ճակատամարտի վայր են գալիս հետևակ զորքերով, հեծելազորն իսպառ բացակայում էր: Հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված առաջին սանձած ձիերի կմախքները վերաբերում են Ք.ա. 4-3 հազարամյակների սահմանագծին: Այդ ժամանակից ի վեր մեր տարածքում արդեն կար ձի հեծնելու արվեստը: Այսինքն Խորենացու նկարագրած դեպքերը վերաբերում են ավելի վաղ շրջանի: Արշավելով Արարատյան երկրի վրա` Բելը նախևառաջ հարձակվում է Կադմոսի տան վրա /Կորդված աշխարհ` Հայաստանի հարավային սահմանը/, որտեղ դիմադրություն չստանալով` շարժվում է դեպի երկրի կենտրոն: Այստեղից պարզ է դառնում, որ սահմանամերձ շրջաններում ընդունված չէր պահել զինված ուժերի մեծ քանակություն, հիմնական զորքը երկրի կենտրոնում էր լինում: Ճակատամարտի ժամանակ Հայկը իր զորքը դասավորում է եռանկյունաձև, իսկ Բելի զորքը գալիս է անկանոն ձևով, ամբոխի նման: Այսինքն, ի տարբերություն բաբելոնցիների, հայերի մոտ կար հստակ մշակված մարտավարություն: Հայկը իր զորքը բաժանում է թևերի, ինքը ղեկավարում է կենտրոնական թևը, աջ զորաթևին հրամանատար է կարգում իր որդի Արամանյակին, ձախ զորաթևին` իր թոռ Կադմոսին: Մնացած զինվորներին կանգնեցնում է հետևում` կազմելով սեպաձև մարտակարգ: Աջ և ձախ զորաթևերի մեջ ընդգրկում է ՙաղեղ և սուր գործածելու մեջ կորովի մարդկանց՚, որպեսզի վերջիններս իրենց վրա վերցնեն թևային գրոհների կասեցումը: Յուրաքանչյուր զորաթևի հրամանատարին կարգում է երկուական տեղակալ, որպեսզի հրամանատարի զոհվելու դեպքում անմիջապես փոխարինողներ լինեն: Այս սկզբունքը եվրոպական երկրներում սկսել է կիրառվել միայն 18-րդ դարից սկսած, և այսօր արդեն բոլոր երկրների բանակների մարտական կանոնագրքերում պարտադիր է նախօրոք հրամանատարի երկրորդ և երրորդ տեղակալ նշանակելու պահանջը: Այս ճակատամարտում հայերի կողմից կիրառված զենքերից Խորենացին նշում է սուրն ու լայնալիճ աղեղը, որով կարելի էր մեծացնել նետի խոցման հեռավորությունը: Սակայն բրոնզեդարյան այս շրջանում Հայաստանում օգտագործվել են նաև զենքի այլ տեսակներ, ինչպիսիք են տեգը, նիզակը, պարսատիկը, դաշույնը: Գովաբանելով Հայկին որպես հմուտ և դիպուկ նետաձիգ և հատուկ նշելով հայ զինվորների կողմից լայնալիճ աղեղի օգտագործման կարևորությունը` Խորենացին փաստորեն տալիս է ևս մի արժեքավոր տեղեկություն` արդեն հնագույն շրջանում զորքում դիպուկաձիգերի /սնայպերների/ առկայության մասին:

Ք.ա. 3-րդ հազարամյակ: Ք.ա. 28-րդ դարից սկսած շումերական արձանագրությունները հիշատակում են հայկական Արատտա պետության մասին, որի հետ շումերներն ունեցել են նաև ռազմական բախումներ: Համաձայն արձանագրությունների` Արատտայում արդեն որպես փոխադրման միջոց ծառայում էր ձին` ի տարբերություն հարևան երկրների, որտեղ փոխադրման միջոցն էշն էր: Հետևաբար, Արատտայի բանակն արդեն ուներ հեծելազոր: Շումերական ՙԳիլգամեշ՚ դյուցազնավեպում հիշատակված` շումերների արշավանքը դեպի Արատտա պսակվել է անհաջողությամբ, Արատտայի բանակը խայտառակ պարտության է մատնել շումերներին, այնուհետև անցել հակահարձակման:

Ք.ա. 3-րդ հազարամյակի երկրորդ կեսում արդեն աքքադացիների կողմից հիշատակվում է Արմանի-Սուբուր երկիրը` որպես հզոր ռազմական պետություն: Աքքադական Սարգոն Ա թագավորը /Ք.ա. 2316-2261/ տալով 34 ճակատամարտ` նվաճել է միջագետքյան բոլոր երկրները, սակայն չի կարողացել նվաճել Արման երկիրը: Ավելի ուշ Սարգոնի թոռ Նարամ-Սուենը գրել է, որ երբևէ`մարդկության արարումից ի վեր, ոչ մի թագավոր չի նվաճել Արմանը: Նարամ-Սուենի դեմ դուրս է եկել 17 պետություններից կազմված մի դաշինք, որը ղեկավարում էր Արմանի թագավոր Ռիդ/շ Թեշուբը: Սա մի արժեքավոր վկայություն է այն մասին, որ դեռ Ք.ա. 3-րդ հազարամյակում Հայաստանում զարգացած է եղել դիվանագիտական միտքը, եղել է ռազմական դիվանագիտություն, ստեղծվել են ռազմական դաշինքներ, ինչը ավելի արդյունավետ էր դարձնում վարած պատերազմները: Արմանի-Սուբուրի դեմ Աքքադի վարած պատերազմի մասին խեթերեն մի արձանագրությունում Նարամ-Սուենի անունից ասվում է. ՙԵրբ եկավ առաջին տարին, ես ուղարկեցի 120 հազար զորք, բայց ոչ ոք կենդանի չվերադարձավ, երբ երկրորդ տարին եկավ, ես ուղարկեցի 90 հազար զորք, բայց ոչ ոք կենդանի չվերադարձավ, երբ երրորդ տարին եկավ, ես ուղարկեցի 60700 զորք, բայց ոչ ոք կենդանի չվերադարձավ…՚: Փաստորեն, Արմանի հայ զորավարները կիրառել են թշնամու զորքերը շրջափակումներով լիակատար ոչնչացնելու մարտավարություն, նամանավանդ որ լեռնաանտառային տեղանք ունեցող Հայաստանում նման մարտավարությունը բավականին հարմար և ձեռնտու էր:

Հնագույն ռազմական շտաբներ Հայաստանում: Ք.ա. 21-րդ դարից մեզ է հասել միջագետքյան հետախույզ Արադմուի նամակն իր թագավորին, որում Արադմուն պատմում է Արմանի երկրում կատարած իր հետախուզության արդյունքների մասին: Հետախույզը նկարագրում է Արման երկրում տեսած մի կառույց` ՙարշավանքի տուն՚, որը փաստացի ռազմական շտաբ էր. ՙԵրբ ես մոտեցա /ես տեսա, որ/ նա ուներ… արշավանքի տուն, ուր կանգնեցված էին ոսկով, արծաթով, կարնեոլով ու լաջվարդով զարդարված քերոցներ/?/ և նիզակներ, որը բռնում էր մեկ հեկտար տարածք… Աջ և ձախ կողմերում զինվորները տեղակայվել էին, ամեն կողմում հինգ հազար: Նա նրանց կերակուր էր հատկացրել 6 գիրացրած ցուլ և 60 գիրացրած խոյ… Դարպասի մոտ խիստ հարցաքննելուց հետո ոչ ոք անգամ չհրավիրեց ինձ ներս մտնել…”: Փաստորեն, հետախույզը տեղեկացնում է Ք.ա. 21-րդ դարում Արման երկրի` սեփական մշտական պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին, նույնիսկ նշում 10 հազար զինվորների համար արքունիքից տրամադրվող օրական պարտադիր կերակրաչափը` ՙ6 գիրացրած ցուլ և 60 գիրացրած խոյ՚:

Հիքսոսներ, քասեցիներ, արիացիներ: Ք.ա. 18-րդ դարում հիշատակվում են հայկական լեռնաշխարհից կատարված 3 խոշոր արշավանքներ` արիների արշավանքը դեպի Իրան և Հնդկաստան, քասեցիների արշավանքը դեպի Բաբելոն և հիքսոսների արշավանքը դեպի Եգիպտոս: Քասեցիները և հիքսոսները Հայաստանի բնիկ ցեղերից էին: Նրանց արշավանքների մասին հիշատակությունների մեջ ուշագրավն այն է. որ նրանք առաջիններից էին, որ կատարել են արշավանքներ մարտակառքերով: Քասեցիները տիրելով Միջագետքին, թույլ չէին տալիս տեղական զորամասերի միաձուլումը իրենց մարտակառքերի զորամասերին` պահպանելով իրենց ինքնատիպությունը: Հիքսոսները նույնպես Հայկական լեռնաշխարհից էին, տարբեր աղբյուրներում նշվում են նաև հյուկսոս, հակսոս, հայքսոս ձևերով: Հիքսոսների հեծելազորի արշավանքի մասին պատմում են եգիպտական աղբյուրները. ՙԱրևելքից անսպասելիորեն հայտնվեցին անհայտ ծագումով մարդիկ, նրանք հանդգնորեն գրոհեցին մեր երկրի վրա և հեշտությամբ նվաճեցին այն` առանց պատերազմի…:՚: Պետք է նշել, որ հայկ-հիքսոսները գրավելով Եգիպտոսը` իրենց հետ տարան նաև իրենց մշակույթը և ռազմարվեստը, մասնավորապես մարտակառքեր կիրառելու արվեստը, ինչը մինչ այդ Եգիպտոսում չէր կիրառվել:

Հայասա /Ք.ա. 14-12-րդ դդ./: Հայկական այս թագավորության, նրա թագավորների և բանակի մարտավարության ու վարած ճակատամարտերի մասին հիշատակում են հարևան` Խեթական թագավորության թագավորների արձանագրությունները: Համաձայն այդ արձանագրությունների` Խեթական թագավորության դեմ երկարատև պատերազմ է մղել Հայասայի Աննիաս թագավորը /Ք.ա. 1345-1316թթ./: Խեթական աղբյուրների հավաստմամբ, հայոց Աննիաս թագավորը իրենց դեմ կիրառել է գիշերային մարտավարություն` անբարենպաստ իրադրության պատճառով խուսափելով բաց դաշտում վճռական ճակատամարտ տալուց: Հայկական զորամիավորումները գիշերային գրոհներով ստիպել են խեթական զորքին նահանջել: Սա գիշերային մարտավարության մասին առաջին հիշատակումն է համաշխարհային պատմության մեջ:

Վանի /Արարատյան/ թագավորություն /Ք.ա. 9-6-րդ դդ./: Մեր պատմության այս ժամանակահատվածի մասին բազմաթիվ վկայություններ և տեղեկություններ են հաղորդում արդեն ոչ միայն օտար, այլ նաև մեր թագավորների թողած արձանագրությունները: Այս շրջանում հայոց բանակը էլ ավելի հզորացավ, կատարելագործվեց ռազմարվեստը: Լայնորեն կիրառվում էր տեղանքը արդյունավետ օգտագործելու մարտավարությունը: Լեռնային տեղանքին անսովոր հակառակորդների զորքերը լուրջ դժվարությունների առջև էին կանգնում մեր տարածքում: Իշպուինի թագավորի օրոք /Ք.ա. 825-810/արքայազն Մենուան /թագավորել է Ք.ա. 810-786 թթ./ առաջարկեց ռազմավարական բարեփոխումների ծրագիր, ըստ որի, Ասորեստանի հարձակումներին պասսիվ գործողություններով դիմակայելու փոխարեն պետք էր միավորել Հայկական լեռնաշխարհի բոլոր մարտունակ ուժերը: Այս նպատակով ստեղծվեցին զորքի տեղաշարժման համար անհրաժեշտ հենակետեր, որպեսզի տեղաշարժերի ժամանակ զորքը ապահովված լինի սննդամթերքով և զինամթերքով, գործի թիկունքի մատակարարման ծառայություն: Նաև սկսեցին նախօրոք ուսումնասիրել սպասվող ռազմական գործողությունների վայրերը` տեղանքին համապատասխան զորատեսակ ընտրելու նպատակով: Իշպուինիի և Մենուայի օրոք արդեն կար ճակատամարտերի վարման հստակ մշակված մարտավարություն. մարտը սկսում էին մարտակառքերը` խախտելով հակառակորդի զորքի մարտակարգը: Ապա գրոհում էր թեթևազեն հետևակը, որից հետո` ծանրազեն հետևակը, որը նաև անդրադարձնում էր հակառակորդի հիմնական ուժերի գրոհը: Որոշ ժամանակ անց նրանց միանում էր հեծելազորը: Յուրահատկություններից հայտնի է, որ վահանակիրները զինված էին թեթև քաշ ունեցող վահաններով և դրանք կրում էին մեկ ձեռքով, մյուս ձեռքում նիզակ կամ սուր էր:

Այս նույն ժամանակներից նաև հայտնի է, որ զորավարժանքների որոշ տեսակներ վեր էին ածվել համաժողովրդական տոնախմբությունների, օրինակ ձիացատկի մրցությունները, որին մասնակցել է անձամբ Մենուա թագավորը` սահմանելով ցատկի ռեկորդ` 11 մ., 39 սմ.:

Հայոց բանակը էլ ավելի հզորացավ Արգիշտի Ա /Ք.ա. 786-764/, Սարդուր Բ /Ք.ա. 764-735/ և Ռուսա Ա /Ք.ա. 735-714/ թագավորների օրոք: Այդ ժամանակահատվածի արձանագրություններում արդեն խոսվում է մեծաթիվ բանակի և հարձակվողական արշավանքների մասին: Արգիշտի Ա-ի բանակում կային 30-40 տարվա փորձառություն ունեցող զինվորականներ: Իսկ Ռուսա Ա-ի վարած պատերազմների մասին թե՛ տեղական և թե՛ ասորական որոշ արձանագրություններում հիշատակվում է, որ Ռուսայի հարձակումից հետո հակառակորդ զորքից ոչ ոք կենդանի չի մնացել: Կրկին հանդիպում ենք հակառակորդին ֆիզիկապես իսպառ ոչնչացնելու մարտավարությանը: Կիրառվել է նաև ռազմագերիներ վերցնելու քաղաքականությունը:

Երվանդունիներ /Ք.ա. 6-3-րդ դդ./: Խոսելով Տիգրան Ա Երվանդյան /Ք.ա. 560-525/ թագավորի մասին` պատմահայր Մովսես Խորենացին գրում է.  ՙՆրա օրոք, հետևակ կռվողները ձիավոր դարձան, պարսերով կռվողները` հաջող աղեղնավորներ, լախտերով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, մերկերը պատվեցին վահաններով ու երկաթե զգեստներով: Եվ երբ նրանք մի տեղ հավաքվեին, միայն նրանց արտաքին տեսքն ու նրանց պահպանակների ու զենքերի փայլն ու շողքը բավական էին թշնամիներին հալածելու ու վանելու՚: Արդեն հասկանալի է, որ խոսքը գնում է գերազանց զինված և հմուտ բանակի մասին: Պարսից Դարեհ Ա թագավորը /Ք.ա. 522-486/ Հայաստանը նվաճելու համար ստիպված է եղել հաջորդաբար երեք անգամ մեծաքանակ զորք ուղարկել, քանի որ հանդիպել է լուրջ դիմադրության:

Ք.ա. 333 թ. տեղի ունեցած` Գավգամելայի ճակատամարտին մասնակցել է նաև Հայոց Այրուձին, որը նույնիսկ ճեղքելով մակեդոնական հեծելազորի մարտակարգը` կարողանում է դուրս գալ շրջափակումից:

Արտաշես Ա /Ք.ա. 189-160/: Արտաշես Ա-ն հայտնի է երկրում իրականացրած ռազմական խոշոր բարեփոխումներով:Նախ` սահմանամերձ 4 նահանգներին տալիս է ավելի բարձր կարգավիճակ` դարձնելով բդեշխություններ, որոնք ունեին մշտական զորք պահելու իրավունք, ինչը ապահովում էր սահմանների անվտանգությունը: Իսկ զորահավաքի կազմակերպումը հեշտացնելու համար Արտաշես Ա թագավորը երկիրը բաժանում է 120 վարչական միավորների` գավառների: Պատերազմների ժամանակ գավառապետերը պարտավորվում էին առաջին իսկ կոչով իրենց ջոկատներով ներկայանալ թագավորներին:

Տիգրան Բ Մեծ /Ք.ա. 95-55/:  Հայաստանը հասնում է իր հզորության գագաթնակետին: Իրականացվում են հերթական ռազմական բարեփոխումները: Հետևակի ծանրազեն և թեթևազեն գնդերի մեջ առանձնացվում են միատեսակ զինված ու նույն պաշտպանական հանդերձանքով երեքից վեց հարյուրակներից բաղկացած միջանկյալ ստորաբաժանումներ, որոնք հիշեցնում են այսօրվա գումարտակները: Հիշատակվում են նաև սակրավորների ջոկատներ:

Տիգրանի բանակի գլխավոր հարվածային ուժը ծանրազեն հեծելազորն էր` զինված երկար նիզակներով, աղեղներով, սրերով և պաշտպանված զրահով ու երկարացված սաղավարտով: Պատերազմներն արդեն մանրակրկիտ կերպով նախապատրաստվում էին, մշակվում էր մարտավարություն: Մարտը սկսում էր թեթևազեն հետևակը, այնուհետև գործի էր անցնում ծանրազեն հետևակը, որն անդրադարձնում էր հակառակորդի գլխավոր ուժերի գրոհը: Ծանրազեն հետևակի հետ միաժամանակ մարտի էր նետվում նաև հեծելազորը: հեծյալները նախ նետահարում էին հակառակորդին, ապա անցնում մենամարտի: Վերջին գրոհին ներգրավվում էին արդեն բոլոր ուժերը:

Տիգրան Բ Մեծը կիրառել է նաև ՙփափուկ ուժի ռազմավարություն՚` մի շարք երկրներ նվաճելով առանց որևէ կռվի:

Տրդատ Ա /52-58, 66-88/: Ծագումով պարթև, Հայաստանում Արշակունիների գահատոհմի հիմնադիր` Տրդատ Ա թագավորը հայոց գահին հաստատվելու համար հայոց զորքերով և պարթևների աջակցությամբ երկարատև պատերազմներ է մղել Հռոմեական Կայսրության դեմ: Տրդատի վարած մարտերից ամենաուշագրավը Հռանդեայի ճակատամարտն էր /62 թ./: Հայ և պարթև դաշնակից զորքերի դեմ է դուրս գալիս հռոմեական 66 հազարանոց բանակը: Մինչև պարթևական զորքի միանալը, հռոմեացիների դեմ ակտիվ գործողություններ է իրականացնում հայոց այրուձին` ապակողմնորոշելով և խուճապի մատնելով հակառակորդին: Նման հանկարծակի հարձակումներից խուսափելու նպատակով հռոմեացի Պետոս զորավարը մասնատում է իր զորքը 3 մասի`որպեսզի մարտեր վարի տարբեր հատվածներից և անդրադարձնի տարբեր կողմերից իրականացվող` հայկական և պարթևական զորամիավորումների գրոհները: Արդյունքում սխալ հաշվարկի և սխալ մարտավարության հետևանքով հռոմեացիները զրկվում են քանակական առավելությունից և Պետոսը ստիպված հաշտություն է խնդրում` հռոմեացիների համար ամոթալի պայմաններով. Հռոմեացի զինվորները պետք է անցնեին նիզակների լծի տակով: Նիզակների լուծը պատրաստվում էր երեք կամ հինգ նիզակներից: Գետնի մեջ խրվում էին երկու կամ երկուական խաչված նիզակներ, որոնց վրա դրվում էր երրորդը կամ հինգերորդը` մոտ մեկ մետր բարձրությամբ: Հանելով սպառազինությունն ու վերնազգեստը` պարտված զինվորները խոնարհվելով անցնում էին այդ լծի տակով, ինչը մեծագույն ստորացում էր համարվում զինվորականի համար:

Հայոց բանակը 2-3-րդ դարերում: Ռազմի արվեստի զարգացումը Հայաստանում շարունակվում է, զարգանում է նաև դիվանագիտական միտքը: Վաղարշ Բ թագավորը /186-198/ աչքի է ընկնում իր փայլուն ռազմական դիվանագիտությամբ: Բանակը հզորանում է Խոսրով Մեծ մականունը կրող` Տրդատ Բ թագավորի օրոք /216-256/: Վերջինս կատաղի ու հաղթական մարտեր է մղում Իրանում, պարթև Արշակունիների ձեռքից իշխանությունը խլած Սասանյան Արտաշիրի դեմ: Սասանյան Պարսկաստանի դեմ պատերազմում Տրդատ Բ-ն դաշնակցում է Հռոմի հետ` ապահովելով վերջինիս հաջողությունը: Հայկական բանակի զորամասերը կրկին աչքի են ընկնում որպես մարտունակ ու կազմակերպված ուժեր:

Այսպիսով, հայոց բանակն ու հայկական ռազմարվեստը հազարամյակների ճանապարհ է անցել: Բանակի և ռազմարվեստի հետագա զարգացումներին /4-րդ դարից սկսած/ կանդրադառնանք այլ հոդվածներում:

Կարեն Վարդանյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...