15:53
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Գագիկ Ծառուկյան

2013-01-28 10:28

«Դե Ֆակտո» 43Էքսկլյուզիվ

Իմ հաջողությունների բանաձևը պարզ է. կամք, ձգտում և աշխատասիրություն

-Պարո´ն Ծառուկյան, Դուք ղեկավարում եք Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժերից մեկը` ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը: Ինչպե՞ս կգնահատեիք տարին կուսակցության համար:

 -Այո´, լինելով քաղաքական դաշտի երիտասարդ կուսակցություններից`  միանշանակ է, որ այսօր ՙԲարգավաճ Հայաստանը՚ Հայաստանի քաղաքական դաշտի ամենաազդեցիկ ուժերից է:Մենք երկրորդ քաղաքական ուժն ենք Հայաստանում և մեր կոալիցիոն գործընկերների հետ իրականացնում ենք երկրի զարգացման միասնական քաղաքականությունը:  

2009թ.-ը ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության համար քաղաքական օրակարգի առումով բավականին հագեցած ժամանակահատված էր: Տարեսկզբին տեղի ունեցավ մեր կուսակցության հերթական` չորրորդ համագումարը, որին հրավիրվածների կարգավիճակով մասնակցեցին հայաստանյան խոշոր քաղաքական ուժերի, ինչպես նաև մեր արտասահմանյան գործընկեր կուսակցությունների ներկայացուցիչները: Համագումարը նախանշեց կուսակցության ապագա երկու տարիների համար նախատեսված նոր ռազմավարությունը, որի հիմնական ուղղություններ հռչակվեցին կուսակցական շինարարության արդյունավետության բարձրացումը, կուսակցության երիտասարդականացումը, սերնդափոխությունն ու երկրի սոցիալ-քաղաքական կյանքին առավել ակտիվ մասնակցության քաղաքական գործելաոճը:

                2009թ.-ին հայաստանյան քաղաքական ուժերի համար որոշակի առումով փորձաքար դարձան նաև Երևանի ավագանու ընտրությունները, որին իր համամասնական ցուցակով մասնակցեց ՙԲարգավաճ Հայաստանը՚: Պետք է փաստեմ, որ մենք զգալիորեն բարելավել ենք մեր դիրքերը մայրաքաղաքում: Կուսակցությունն այդ ընտրություններում հավաքեց ընտրողների շուրջ 23%-ի ձայները և այսօր Երևանի ավագանիում 17 մանդատով ձևավորել է առանձին խմբակցություն: Ընդամենը 2 տարվա ընթացքում մենք մայրաքաղաքում կարողացել ենք բարելավել մեր դիրքերը 8%-ով, իսկ դա նկատելի առաջընթաց է: Ինչպես գիտեք, մենք ներկայացրել էինք Երևանի սոցիալ-տնտեսական զարգացման մեր ծրագիրը և Երևանի ավագանիում մեր լիազորությունների շրջանակում բարձրացնելու ենք բոլոր այն հարցերն ու հիմնախնդիրները, որոնք այսօր հուզում են երևանցուն:Մեր կարգախոսը շատ պարզ է՝ ՙՄեր խոսքը գործ է՚, և բարգավաճ ու բարեկեցիկ երկիր ունենալու համար մեր ամենօրյա աշխատանքում մենք առաջնորդվում ենք հենց ա´յդ կարգախոսով:

                Միջկուսակցական համագործակցության առումով ևս տարին  հագեցած էր: Մեր կուսակցության պատվիրակությունը մասնակցեց ԲՀԿ գործընկեր կուսակցությունների` Հայաստանի հանրապետական կուսակցության, ՙՈւկրաինայի ռեգիոնների՚ և համառուսաստանյան ՙԵդինայա Ռոսիա՚ կուսակցությունների համագումարներին: Տարվա ընթացքում եղան փոխադարձ մի շարք այլ այցելություններ ևս: Ուստի, ամփոփելով անցնող տարին, կարող եմ ասել, որ ՙԲարգավաճ Հայաստանի՚ համար տարին, իրավամբ, դրական էր:Մեկ բան անհերքելի է. այսօր ՙԲարգավաճ Հայաստանը՚ հայաստանյան քաղաքական դաշտի լրջագույն ուժերից է և վստահելի ու կայուն գործընկեր՝ արտերկրի բազմաթիվ ազդեցիկ կուսակցությունների համար:Սրան մենք հասել ենք մեր աշխատանքով, որի նպատակը մեկն է՝ մեր երկիրը բարգավաճ ու բարեկեցիկ տեսնելը:

 -Քաղաքական կոալիցիա և ՙԲարգավաճ Հայաստան՚. ինչպե՞ս եք գնահատում համագործակցությունը կոալիցիայի ներսում:

 -Կոալիցիոն պարտավորությունները մենք ստանձնեցինք 2007թ.-ի խորհրդարանական և 2008թ.-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո` նպատակ ունենալով երաշխավորել Հայաստանի առաջընթաց զարգացումը, հասարակության ներսում հաղթահարել ներհասարակական անվստահությունն ու հաստատել հասարակական համերաշխության մթնոլորտը: Կարծում եմ, որ այս գերակա սկզբունքները մեզ համար այսօր էլ առաջնային են, և կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում մենք այսօր էլ ակտիվորեն համագործակցում ենք  մեր մնացած գործընկերների հետ: Ես միշտ ասել եմ, որ չկա այնպիսի հարց, որ հնարավոր չլինի անգամ քո քաղաքական ընդդիմախոսի հետ քննարկել փոխարդարձ հարգանքի և հանդուրժողականության մթնոլորտում:Մենք պետք է ձգտենք մեր քաղաքական մշակույթը հղկել, և դրա ճանապարհը հասարակական համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտի ստեղծումն է:

Նշեմ նաև, որ կոալիցիոն կառավարության ծրագրում տեղ գտան մեր նախընտրական ծրագրի հիմնական առանցքային դրույթները, որը ևս լուրջ հիմք հանդիսացավ մեր` կոալիցիայի կազմում ընդգրկվելու համար:

Ընդհանրապես, պետք է ասեմ, որ քաղաքական կոալիցիան աշխատող, առողջ և կենդանի օրգանիզմ է, ուստի բնավ պարտադիր չէ, որ բոլոր հարցերն այնտեղ ընդունվեն միաձայն և միակարծիք:Մենք միշտ էլ մեր սկզբունքային դիրքորոշումն ենք հայտնել բոլոր այն հարցերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ ունեցել ենք հատուկ վերաբերմունք: Այս պահին կոալիցիայի ներսում հաստատված են նորմալ, գործնական և աշխատանքային հարաբերություններ. մենք մեր տեսակետները հայտնում ենք բաց և հրապարակային, օրենսդրական ճանապարհով աջակցում ենք բոլոր այն նախաձեռնություններին, որոնք համահունչ են մեր ծրագրին, միաժամանակ, սկզբունքային ենք այն հարցերում, որտեղ մեր տեսակետները տարբերվում են կոալիցիոն գործընկերների տեսակետներից:Եվ սա նորմալ քաղաքական մշակույթ է: 

ՙԲարգավաճ Հայաստանն՚ այսօր ունի լուրջ դերակատարություն երկրի քաղաքական կյանքում և պատրաստ է ստանձնելու է´լ ավելի լուրջ պատասխանատվություն՝ երկրի քաղաքական կառավարման գործընթացում:

 -2009թ.-ի Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի կարևոր խնդիրներից մեկը, թերևս, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն էր: Ի՞նչ դիրքորոշում ունի կուսակցությունն այդ հարցի ուղղությամբ:

 -Համաձայն եմ, որ վերջին ամիսների Հայաստանի քաղաքական օրակարգի հրատապ հիմնահարցերից, թերևս, առաջինը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումներ են: Այս ամիսների ընթացքում մենք բազմիցս անդրադարձել ենք այդ հիմնահարցին: Մասնավորապես, երբ օգոստոսի 31-ին հրապարակվեցին հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները, կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ, ընդհանուր առմամբ, կողմ արտահայտվեց ՀՀ նախագահի՝ առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քաղաքականությանը:  Հարկ եմ համարում հիշեցնել, որ ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում առաջնորդվում է իր ծրագրային հիմնադրույթներում ամրագրված այն մոտեցումով, համաձայն որի` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանի Հանրապետության մասնակցության չափն ու ուղենիշերը պայմանավորված պետք է լինեն ազգային, պետական իրատեսական շահերով: Միաժամանակ, կուսակցության դիրքորոշման համաձայն, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը այլընտրանք չունի:

Առաջնորդվելով ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության քաղաքական-ծրագրային վերոնշյալ հիմնադրույթներով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումների կապակցությամբ մենք դրական համարեցինք այն, որ

1.            hրապարակված փաստաթղթերում, ընդհանուր առմամբ, արտացոլված էին առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ԲՀԿ մոտեցումները, որոնք ընկած են նաև ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում:

2.            Մենք այսօր էլ վստահ ենք, որ հայ-թուրքական առանց նախապայմանների երկխոսության ծավալումը խթան կարող է հանդիսանալ նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի և թուրք հասարակության շրջանում հանրային գիտակցության փոփոխման հարցում: Մեզ համար ընդունելի էր նաև այն, որ նախաստորագրված արձանագրություններում բացակայում էր որևէ հիշատակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը որպես նախապայման, թուրքական կողմը բազմիցս ներկայացրել էր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առնչությամբ:

3.            Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դրական միտումներ պարունակող առաջարկ էինք համարում նաև հայ-թուրքական միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը, որը թույլ կտար կառավարական  ամենաբարձր մակարդակով քննարկել հայ-թուրքական հարաբերությունների բոլոր կնճռոտ հարցերը, այդ թվում և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Քանզի, այո´, այդ հանձնաժողովի քննարկման առարկա կարող է դառնել միայն մեկ հարց՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

Կրկնում եմ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ մեզ համար առանցքային են համարվում երկու կարևոր կանխադրույթներ: Առաջին՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը չի կարող իրականանալ Հայոց ցեղասպանության մերժման հաշվին, և երկրորդ՝ հայ-թուրքական հարաբերությունները չպետք է կապակցվեն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ: Սա էր մեր դիրքորոշումը ամիսներ առաջ և այսօր էլ մնում է նույնը: Եթե Թուրքիան խախտի ձեռք բերված պայմանվորվածություններն ու փորձի կապակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վերոնշյալ կանխադրույթներից որևէ մեկով, ապա մեզ ոչինչ չի մնում անելու, քան դուրս գալ այդ գործընթացից:

 -Պարո´ն Ծառուկյան, գաղտնիք չէ, որ 2009թ.-ն անցավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմագրավելու ռազմավարության համատեքստում: Ինչպե՞ս ազդեց ճգնաժամը Ձեզ վրա, և ի՞նչ կոնկրետ քայլեր ձեռնարկեցիք Դուք:

 -Բնականաբար, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն ազդել է նաև մեր երկրի և հատկապես տեղական արտադրողների վրա: Հայկական ապրանքների համար ավանդական համարվող շատ շուկաներ այսօր ճգնաժամի մեջ են, այդ իսկ պատճառով էլ արտահանման ծավալները կրճատվել են: Սակայն հուսահատվելու պատճառ ես չեմ տեսնում: Փորձում ենք ակտիվացնել մեր կապերը ԱՊՀ տարածքի, արևելաեվրոպական երկրների, լայն թափով զարգացող չինական շուկայի հետ: Դրա հետ մեկտեղ, որպես գործարար, ես ինձ համար մի սկզբունք եմ որդեգրել. ինչքան էլ ֆինանսատնտեսական ճգնաժամը ծանր ու երկար տևի, ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի ինձ պատկանող ձեռնարկություններում կրճատումներ չլինեն: Սա սոցիալական պատասխանատվության բեռ է, որը, իմ կարծիքով, յուրաքանչյուր գործարար պետք է որոշ չափով վերցնի իր ուսերին, քանզի չի կարելի ամեն ինչ թողնել բացառապես պետության ուսերին:Այսօր ինձ պատկանող ձեռնարկություններում ներգրավված են  ավելի քան 20 000 աշխատողներ, և կրճատումների դեպքում դա կարող է շատ ծանր անդրադառնալ ինչպես այդ ընտանիքների, այնպես էլ պետության վրա: Ուստի, կրկնում եմ՝ թեկուզ կրելով վնասեր` այդ ձեռնարկություններից և ոչ մեկում աշխատատեղի  կրճատում չի լինելու:Մեկ բան պարզ է. ձեռքերը ծալած նստել և սպասել, թե երբ է այս ճգնաժամն ավարտվելու, անթույլատրելի է: Տնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարումը պահանջում է ուժերի գերլարում:Եվ միայն պետության, հասարակական-քաղաքական ուժերի և բիզնես սեկտորի համատեղ ջանքերով է հնարավոր արագ ու շուտափույթ դուրս գալ ստեղծված իրավիճակից: Պետությունն իր հերթին, մեր երկրի գործարար աշխարհն իր հերթին ամեն ինչ անելու են, որպեսզի ճգնաժամը նվազագույն կերպով ազդի մեր ժողովրդի և ազգաբնակչության վրա:       

 -Լինելով ՀԱՕԿ-ի նախագահը` ինչպե՞ս կբնութագրեիք տարին հայկական սպորտի համար:

 -Հայկական սպորտի վերջին տարիների հաջողություններն ակնհայտ են: Իսկ դա արդյունք է միայն հետևողական և տքնաջան աշխատանքի: Ես գլխավորում եմ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն 2004թ.-ից և այս տարիների ընթացքում ջանք ու եռանդ չեմ խնայել հայկական սպորտի երբեմնի փառքը վերականգնելու համար: Ես միշտ ասել եմ՝ որևէ ոլորտում հաջողության հասնելու համար, նախևառաջ, պետք է պայմաններ ստեղծել, ապահովել մեր մարզիկների համար մարզումների և բարձր արդյունքների հասնելու համապատասխան պայմաններ: Բացի պայմաններ ստեղծելուց, մենք կիրառում ենք նաև խրախուսման մեխանիզմներ: Եվրոպայի և աշխարհի առաջնության մեդալակիրները ստանում են դրամական պարգևներ, մեքենաներ, ամենամսյա թոշակներ: Պետք է արձանագրեմ, որ եթե 90-ական թվականներին շատ մարզիկներ մեկնեցին երկրից պայմաններ չլինելու և չգնահատվելու պատճառով, ապա այսօր իրավիճակը բոլորովին այլ է: Ես վերջերս հրապարակավ հայտարարեցի, որ պատրաստակամ եմ Հայաստանում լավագույն պայմաններ ստեղծել արտերկրում ապրող բոլոր մեր այն հայրենակիցների համար, որոնք պատրաստ են հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո և աչքի են ընկել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում: Ես ուրախ եմ, որ արտերկում ապրող մեր շատ հայրենակիցներ ցանկություն են հայտնում վերադառնալ հայրենիք, հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո և բարձր պահել մեր երկրի մարզական պատիվը: Մենք ամեն կերպ խրախուսում և օգնում ենք այդ մարդկանց քաղաքացիություն տալու, բնակարանային պայմանները բարելավելու և այլ հարցերում: Այդ բոլորի առկայության դեպքում արդյունքները երկար սպասեցնել չեն տա: Ես այսօր ուրախ եմ, որ հայկական սպորտը նոր շնչառություն է ստացել, մենք տարեցտարի արձանագրում ենք նոր հաջողություններ: Մեր օլիմպիականները հաջող հանդես եկան 2008թ.-ի Պեկինի օլիմպիական խաղերում, նվաճեցին 6 մեդալ: Սակայն ես կարծում եմ, որ դա մեր հնարավորությունների սահմանագիծը չէ: Ասվածի վկայությունն են 2009թ.-ի ընթացքում մեր մարզիկների ցուցադրած մարզական արդյունքերը: Ընդհանուր առմամբ, այս տարի մենք միայն Եվրոպայի և աշխարհի առաջնությունների ժամանակ նվաճել ենք շուրջ 135 մեդալ: Ամենաուրախալին ինձ համար ծանրամարտի աշխարհի առաջնությանը հայ ծանրորդուհի Նազիկ Ավդալյանի նվաճած ոսկե մեդալն էր: Երկար տարիներ մենք օլիմպիական մարզաձևերից ոսկե մեդալներ չունեինք: Այս արդյունքները մեզ լուրջ հույսեր են ներշնչում: Գալիք՝ լոնդոնյան օլիմպիական խաղերին մեր ակնկալիքներն ավելի մեծ են լինելու, իսկ դրա համար ես ոչ մի բան չեմ խնայելու:

   -Պարո´ն Ծառուկյան, Դուք հայտնի եք մեր հասարակությանը նաև Ձեր իրականացրած լայնամասշտաբ բարեգործական ծրագրերով: Ինչո՞վ առանձնացավ տարին այս առումով:

 -Այո´, ես զբաղվում եմ բարեգործությամբ. դա իմ  կենսակերպն է: Եթե ինձ Աստված շատ է տվել, ապա ես էլ, իմ հերթին, իմ ունեցածի մի մասը պարտավոր եմ վերադարձնել իմ ժողովրդին, այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն: Այս տարվա բարեգործական ծրագրերի մեջ հատկապես առանձնացան երիտասարդական նախաձեռնությունների խրախուսման, ուսանողների աջակցության ծրագրերը: Ինձ համար իսկապես կարևոր է մեր կարիքավոր երիտասարդությանը նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելը: Երիտասարդներն են երկրի ապագան: Ես այն կարծիքին եմ, որ ոչ մի շնորհալի երիտասարդ չպետք է զրկված լինի սովորելու հնարավորությունից՝ գումար չլինելու պատճառով: Ես փորձում եմ, որքան հնարավոր է, օգնել նրանց ուսման վարձերի զեղչման, ուսանողական անվճար ավտոբուսների տրամադրման հարցերում: Այս տարի ես մեր բարեգործական հիմնադրամի միջոցներից գումարներ հատկացրի Հայաստանի մի շարք բուհերի ուսանողների վարձերի զեղչման, տարաբնույթ ուսանողական միջոցառումների իրականացման համար: Սակայն այստեղ պետք է նաև պետութան համապատասխան ռազմավարություն մշակել, երիտասարդներին տրամադրել ուսանողական երկարաժամկետ վարկեր, որպեսզի նրանք կարողանան սովորել, կրթություն ստանալ, իսկ արդեն աշխատանքի անցնելուց հետո աստիճանաբար վերադարձնել այդ վարկերը: Եվ ես հանձնարարել եմ խորհրդարանական մեր խմբակցությանը՝ օրենսդրորեն կարգավորել այդ խնդիրները և հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով:Իհարկե, մեր բարեգործական ծրագրերից դուրս չեն մնում նաև տարեցներն ու թոշակառուները, սոցիալական խոցելի խմբերը: Հասարակության խոցելի շերտն ունի հատուկ ուշադրության և հոգածության կարիք և ոչ միայն նյութական, այլ նաև ուշադրության, հարգանքի ու մեծարանքի:  Այսքանը, թերևս, բավական է, ես չեմ սիրում շատ խոսել այս թեմայով, նախընտրում եմ ավելի շատ գործով օգնել:

    -2009թ.-ի ընթացքում Դուք արժանացաք նաև տարբեր պարգևների և կոչումների: Դրանցից ո՞րն է հատկապես թանկ Ձեզ համար:

 -Դրանք բոլորն էլ թանկ են ինձ համար, քանի որ դրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնակի խորհուրդն ու նշանակությունը: Ընդհանրապես, յուրաքանչյուր մարդ իր կյանքում, իր գործունեության ընթացքում պետք է որոշակի հետք և ուրույն ձեռագիր թողնի: Կյանքում ամեն ինչ անցողիկ է, և Աստծո կողմից մեզ տրված ժամանակաշրջանը պետք է այնպես ապրել, որ գոնե մի քանի սերունդներ հիշեն քեզ ու քո թողած գործերը: Ամեն մարդ էլ իրեն լավ է զգում, երբ իր կատարած աշխատանքը գնահատվում է ժողովրդի, հասարակության ու շրջապատի կողմից: Իմ ստացած պարգևները ևս մեկ անգամ պարտավորեցնում են ինձ շարունակել իմ ընտրած ուղին` իմ հայրենիքին ու իմ ժողովրդին անմնացորդ ծառայելու ճանապարհը:

 -Շատերն են Ձեզ համարում հաջողակ անձնավորություն: Իսկ կասեք, թե որ՞ն է Ձեր հաջողությունների բանաձևը:

 -Ես կյանքում հասել եմ ամեն ինչի և այդ առումով ինձ համարում եմ լիովին հաջողակ անձնավորություն: Ունեմ լավ ընտանիք, ծնողներ, hավատարիմ ընկերներ ու բարեկամներ: Ես սիրում եմ իմ հայրենիքը, իմ հողն ու ջուրը: Ես աշխարհի շատ երկրներում եմ եղել: Նկատել եմ, որ արտաքին շքեղության տակ  թաքնված է մարդկային սառնությունն ու անտարբերութունը: Իսկ Հայաստանում ես զգում եմ տաքություն ու ջերմություն: Այո´, իսկապես, իմ ընտանիքը ինձ տվել է ջերմություն, հարգանք դիմացինի նկատմամբ, բարություն և գթառատություն, բիզնեսը՝ ճշտապահություն, արագ կողմնորոշվելու և վճռական գործելու ունակություն, իսկ քաղաքականության մեջ ես աշխատում եմ հենց այդ հատկանիշներով առաջնորդվել: Այդպիսի համատեղությունը լիովին բավարար է մարդուն` երջանիկ ու անհոգ ապրելու համար: Իսկ իմ հաջողությունների բանաձևը պարզ է. կամք, ձգտում և աշխատասիրություն: Կյանքում անհնարին ոչինչ չկա, պետք է միայն հավատալ սեփական ուժերին, մինչև վերջ նվիրվել սիրած գործին, և, իհարկե,  առանց Աստծո ցանկության ոչինչ չի լինում: Աստված եթե կամենա, ուրեմն մարդուն կտա, սակայն ճիշտ չօգտագործելու դեպքում կարող է վայրկենական խլել ամեն ինչ: Եվ ամենակարևորը, ես լավատես եմ մեր երկրի փայլուն ապագայի, նրա հզորացման և բարգավաճման հարցում և իմ ուժերի ներածին չափ նպաստելու եմ այդ նպատակների շուտափույթ իրականացմանը:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...