00:09
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Աբել Աբելյան` անուն-ազգանուն, որ պարտավորեցնում է

2013-07-01 11:35

 «Դե Ֆակտո» 38 (2009թ.)

 -Աբել Աբելյան, դու քո պապի անուն-ազգանունն ես կրում, մարդ, որը 25 տարի շարունակ եղել է մշակույթի նախարարի անփոխարինելի օգնական, մայրդ` Ադա Աբելյանը, շատերի կողմից ճանաչված և սիրված ռեժիսոր էր և դասախոս։ Արդյոք ազգանունը պարտավորեցնո՞ւմ է։

 -Այո՛, ասեմ, որ իմ կյանքից չշեղվելու, այսինքն` ճիշտ ուղղությամբ գնալու հանգամանքներից մեկը երևի թե ազգանունն է։ Պապիկս բավականին հայտնի, ճանաչված էր և առաջին հերթին ոչ թե որպես նախարարի օգնական, այլ որպես շատ կարգին, շատ լավ մարդ։ Բնականաբար նաև մայրս, որին բոլորը ճանաչում և հարգում էին, այնպես որ Աբելյան ազգանունը շատ պարտավորեցնող է։

 -Մասնագիտության ընտրությունը պատահակա՞ն էր, թե՞ բնական օրինաչափություն։

 -Ո՛չ, օրինաչափություն չէր, ընդհակառակը, ես չէի ցանկանում այդ ուղղությամբ գնալ։ Փորձեցի ընդունվել համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, չստացվեց, որից հետո մայրս, որ դասավանդում էր թատերական ինստիտուտում, ասաց` որպեսզի բանակ չտանեն, արի ընդունվիր։ Ես էլ ընդունվեցի և հասկացա, որ քանի որ ընդունվել եմ, ուրեմն պիտի սովորեմ և սովորեցի։

 -10 տարի Պարոնյանի անվան թատրոնում խաղալուց հետո հեռացար թատրոնից, և ինչպես ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը, դու քեզ գտար հեռուստատեսությունում, հեռուստատեսությունն էլ գտավ քեզ։

  -Այո՛, երևի թե ճիշտ է ասում Երվանդ Ղազանչյանը, որին ես շատ հարգում եմ, որից շատ բան եմ սովորել, շատ մարդկային որակներ եմ սովորել։ Պարզապես ստացվեց այնպես, որ ավելին անելու ձգտումս  ինձ տարավ հեռուստատեսություն, որն էլ թմրամոլության նման մի բան է, եթե տառապում ես այդ հիվանդությամբ, այլևս դրանից ազատվել չես կարող։ Ինչ վերաբերում է թատրոնին, այն մեծ նվիրում և ժամանակ է պահանջում, և եթե մի տեղ թերանում ես, դա երևում է բեմում։ Ես այդ նվիրումն ու ժամանակը չէի կարող տրամադրել, այդ իսկ պատճառով հեռացա թատրոնից։

 -«Կյանքի գինը» սերիալում մարմնավորում ես Ավետի կերպարը։ Ինչպե՞ս եղավ, որ սկսեցիր խաղալ հենց այս սերիալում։

 -Մինչ այդ նկարահանվում էի «Փախուստ» սերիալում, որի նկարահանումներն ավարտվելուց հետո բազմաթիվ առաջարկներ եղան տարբեր հեռուստասերիալներից, և ինչպես հաճախ լինում է, մի սերիալում հերոսը սպանվում է, որից հետո հայտնվում է մեկ ուրիշ սերիալում, ինձ մոտ էլ այդպես ստացվեց։ Մինչ այդ այդքան ծանոթ չէի «Կյանքի գինը» սերիալին, բայց դիտելուց հետո հասկացա, որ այն տարբերվում է մյուս բոլոր հեռուստասերիալներից։ Այստեղ շատ մաքուր աշխատանք է կատարվում. գրվում է լավ սցենար, շատ լավ տեխնիկական անձնակազմ, հիանալի դերասանական խումբ է հավաքված, և երբ հրավերը եղավ, ես համաձայնեցի նկարահանվել հենց այս սերիալում։ Այժմ ավելի որոշակի կարող եմ ասել, որ շատ լուրջ աշխատանք է իրականացվում։ Նախ և առաջ Աննա Թերջանյանն ամենայն լրջությամբ հետևում է սցենարի զարգացմանը, որը սերիալի հաջողության ապահովման առաջին, շատ կարևոր պայմանն է։ Երկրորդ հերթին, երբեմն աշխատում ենք 24 ժամ, և բոլորը` լուսավորողից սկսած մինչև ռեժիսորն, աշխատում են նույն եռանդով, և երբ նայում ես պատրաստի նյութը, հասկանում ես, որ արժեր տքնաջան աշխատել,  չքնել։ Ընդհանրապես ես շատ ուրախ եմ, որ աշխատում եմ Արմենիա հեռուստաընկերությունում նույնպես, CS Media-ն այսօր ունի շատ լավ նախագծեր, շուտով հեռուստադիտողը կտեսնի նաև նորերը, և այդ ամենն իրականացվում է մեկ գաղափարի շուրջ համախմբված աշխատակազմի շնորհիվ։ Եթե այս տեմպերով գնանք, Հայաստանում կնկարահանվեն նաև լուրջ ֆիլմեր, որի համար ուժերը կան, տեխնիկան կա, դերասանները կան։

 -Կցանկանա՞ս ինքդ ֆիլմ նկարես որպես ռեժիսոր, քանի որ դու նաև ռեժիսոր ես։

 -Ո՛չ, որպես ռեժիսոր դեռ այդքան չեմ «մեծացել», աճել, դեռ այդքան իրավունք ինձ չեմ վերապահում, բայց որպես դերասան, իհարկե, ինչու՞ ոչ։

 -Պատմի՛ր սերիալում քո խաղընկերների մասին։

 - Ընդհանրապես թիմը շատ լավն է, բայց առանձնահատուկ ցանկանում եմ նշել Ալեքսանդր Խաչատրյանին` մեծ արտիստ, մեծ մարդ, շատ անմիջական, հասկացող, սիրող, հասնող, կարգին անձնավորություն, որի հետ շփվելուց նույնիսկ տարիքային տարբերություն չեմ զգում։ Հարգանքով եմ վերաբերվում նաև Բարխուդարովի դերակատար Սամվել Սարգսյանին` նույնպես մեծ արտիստ, լավ մարդ։ Ես ուրախ եմ, որ շփվում եմ այսպիսի մարդկանց հետ, ուրախ եմ, որ մեր օրերում այսպիսի մարդիկ կան։

-Կարո՞ղ ես նշել ճանաչված լինելու դրական և բացասական կողմերը։

 -Այո՛, ի դեպ օրերս մեքենայիս բեռնախցիկի կափարիչի վրա սուր գործիքով գրել էին Ավետ, սա, իհարկե, բացասական կողմն է, բայց արհեստավորները, որոնց դիմեցի խազը վերացնելու համար, իրենց աշխատանքը կատարեցին առանց գումար վերցնելու, սա արդեն ճանաչված լինելու դրական կողմն է։

-Դու խաղացել ես թատրոնում, խաղացել ես Ալեքսանդր Աթանեսյանի «Сволочи» ֆիլմում, նաև Գոռ Վարդանյանի ֆիլմերում, այժմ խաղում ես սերիալում։ Որպես դերասան` տարբերություն զգու՞մ ես թատրոնի, կինոյի և սերիալի միջև։

 -Սերիալը կինոյի մեկ այլ ճյուղ է, ոլորտ է, միայն ավելի կոնվեերային մեխանիզմով է աշխատում։ Թատրոնն, իհարկե, էապես տարբերվում է, բայց չեմ կարող ասել, որ դերասանի համար այստեղ հեշտ է, այնտեղ` դժվար, երկու դեպքում էլ բավականին դժվար է, միայն մոտեցումներն են տարբեր։

 -ԱՐ հեռուստաընկերությունում, որ համարում ես քեզ համար մի փոքրիկ կղզի, ունես երկու նախագիծ` «Փոքր քաղաքի Մեծ մարդիկ» և «Ծանոթանանք, Երևան» հաղորդաշարերը, որոնք անձամբ ես մեծ հաճույքով դիտում եմ։ Ես զրուցել եմ քո «Փոքր քաղաքի Մեծ մարդիկ» հաղորդաշարի հյուրերից մի քանիսի հետ, որոնք խոստովանում են, որ քեզ հետ զրույցը շատ անմիջական և ընկերական է ստացվում։ Ինչպե՞ս է քեզ հաջողվում այդպիսի մտերմիկ մթնոլորտ ստեղծել։

 -Նախ և առաջ իմ հյուրերը մինչև ինձ մոտ գալը բնականաբար դիտում են հաղորդումը և արդեն տրամադրված գալիս են։ Ինձ մնում է միայն ջերմ մթնոլորտ ստեղծել, պարզապես թույլ տալ, որ հյուրը խոսի, կարողանալ նրան լսել, տալ այն հարցերը, որոնց նա ինքը կցանկանա պատասխանել` ընթացքում, իհարկե, տալով նաև իմ հարցերը։ Այստեղ գաղտնիքը երևի պրոֆեսիոնալ հմտության մեջ է և նաև հաղորդման ֆորմատն է լավը։

 -Դու քո բոլոր հյուրերին հարցնում ես, թե ի՞նչ են նրանք երազում։ Իսկ ի՞նչ ես երազում դու։

 -Ինչ վերաբերում է աշխատանքին, երազում եմ միշտ ունենալ այն աշխատանքը, որի մասնագետն եմ, ինչից հասկանում եմ, ինչը սիրում եմ, ինչից հաճույք եմ ստանում և ինչքան էլ հոգնեմ, միևնույն է, հոգեկան բավարարվածություն եմ ստանում։ Եղել են, իհարկե, ծանր ժամանակներ, երբ ինչպես շատերը, ես նույնպես ստիպված եմ եղել զբաղվել ինչով պատահի, բայց երբեք չէի ցանկանա, որ այդ ժամանակները հետ գային։ Ինչ վերաբերում է անձնականին, բնականաբար, ցանկանում եմ ունենալ առողջ, երջանիկ ընտանիք, որը կարծում եմ, շուտով կունենամ։

                                          Անահիտ Մանուկյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...