17:17
01/25/2020
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱՄԵՆԱԾԱՆՐ ՄԵՂՔԸ, ՈՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՔԱՎԵԼ

2013-06-28 11:11

           «Դե Ֆակտո» 15 (2007թ.)

ԵԿԵՔ ՉԽԵՂԱԹՅՈՒՐԵՆՔ ՄԵՐ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ - Երբ է մարդը երևակայում, թե կվերագտնի իրեն, և այն ամենը, ինչը վերացել է իր եզակի աշխարհից, այն ժամանակ, երբ ակամայից հայտնվում է երկու իրարամերժ, հակասական ընտրության առաջ` դադարել կամ շարունակել ապրել։  Որքան էլ տարօրինակ է և անսպասելի, շատերն ընտրում են դժվար, սակայն առաջին հայացքից հեշտ թվացող ուղին` այլևս չապրել անիմաստ աշխարհում, այլ ինքնասպան լինել։    Ինքնասպանության հոգեբանական իմաստը կայանում է աֆեկտի, հուզական լարվածությունը հանելու, այնպիսի իրավիճակից փախուստի մեջ, որում մարդը կամա թե ակամա հայտնվում է։  Ինքնասպանությունը, այլ կերպ ասած սուիցիդը, բացարձակապես մարդկային գործողություն է։  Մարդը, որը գործում է սուիցիդ, տառապում է խորը հոգեկան ցավից և գտնվում սթրեսի վիճակում, նա անհնար է համարում պրոբլեմների հաղթահարումը։  Հաճախ տառապում է հոգեկան հիվանդություններով, հուզական խանգարումներով, հատկապես դեպրեսիայով, և ապագան պատկերացնում` աղոտ ու մութ։ 

Սուիցիդը, որպես անձի ինքնարտահայտման ձև, գոյություն ունի այնքան ժամանակ, որքան որ երկրի վրա ապրում է մարդը։  Ոչ կարիճը, որը գրգռված վիճակում կարող է խայթել նույնիսկ ինքն իրեն, ոչ էլ վանդակում ապրող կենդանին, որը հրաժարվում է կերից և իրեն դատապարտում մահվան, չեն գործում գիտակցորեն։  Հենց սրանում է մարդու և կենդանիների գլխավոր տարբերություններից մեկը։  Մարդը կենդանիներից տարբերվում է նրանով, որ կարող է իր կյանքը ընդհատել ինքնասպանությամբ և մարդը իր ստեղծման իսկ օրվանից օգտվել և օգտվում է իր այդ առավելությունից, - սա հրեացի էքզիստենցիալիստ Ժան Պոլ Սարտրի կարծիքն է։ 

Մարդկության պատմության ընթացքում ինքնասպանությունը կրել է ավանդույթի բնույթ։  Էսկիմոսները, զգալով մոտալուտ վտանգը, հեռանում էին սառչելու Տունդրայում։  Հնդկաստանում այրի կնոջ ինքնայրումը, ամուսնու գերեզմանի վրա ինքնասպանությունը ոչ ոքի չէր զարմացնում։  Անտիկ շրջանում տարածված էր աստվածներին զոհ մատուցելու երևույթը, ուստի կարևորվում էր ինքնակամ ինքնազոհողության դրսևորումը։  Պատերազմներում ինքնասպանությունը նույնպես արդարացված է եղել։  Ավանդույթի ուժով ինքնասպանություն են գործել հռոմեացի կայսրեր Օտոնը, Ներոնը, Մարկ Անտոնիոսը, Կլեոպատրան.  նրանք երբեք կենդանի գերի չեն հանձնվել։  Ճապոնիայում խարակիրին արվեստ է ինքնասպանության մասին։  Այն մարդը, ով որոշել է ինքնասպանություն գործել, պետք է վեր կենա արևածագին, լվացվի, ոչինչ չպետք է ուտի կամ խմի, պետք է հագնի տոնական սպիտակ կիմանո /սպիտակը Ճապոնիայում մահվան գույն է համարվում/ ու այցելի այն վայրը, որտեղ պետք է կատարվի ինքնազոհողությունը։  Այդպիսի տաճար է կամ վայր է բուդդայական տաճարը կամ այգին։  Ընտրված վայրւմ, հողի վրա փռում է ծղոտ, իսկ հետո ալ կարմիր կտոր, որպեսզի հոսող արյունը չնկատվի և խորհրդավոր մահվան տեսարանը դիտորդների ուշադրությունը չշեղի։  Իջեցնելով կիմանոն գոտկատեղից ներքև և հանելով կոշիկները` ինքնասպանը սամուրայի թուրը մխրճում է սեփական որովայնի մեջ։ 

Այս իրողությունները չեն շրջանցել նաև հայոց պատմությունը։  Սուիցիդը  ընդունված երևույթ է եղել նաև անտիկ Հայաստանում։

Մովսես Խորենացին իր Հայոց պատմություն  աշխատության մեջ նշում էր, թե որքան բազմություն մեռավ Արտաշեսի մահվան ժամանակ, նրա սիրելի կանայք, կին ծառաները, մտերիմները ինքնազոհողության գնացին։ 

Ինքնասպանությունը մեղքերից ամենածանրն է, քանի որ նրանում չկա մեղքը քավելու հնարավորություն։

Մեր օրերում ինքնասպանության երևույթը մի փոքր այլ է ընկալվում։  Եթե անտիկ շրջանում այն շատ դեպքերում վեհ արարք է եղել, ապա մեր դարաշրջանում ինքնասպանությունը բոլորովին էլ վեհ արարք չէ, այն չի ենթարկվում ավանդույթի ուժին, այն պարզապես իրականացվում է։

Ինքնասպանություն կարող է գործել ցանկացած մարդ և նշանակություն չունի ուժեղ մարդ է նա, թե` թույլ։  Առօրյայում մեր ականջներին հասնում են ինքնասպանության մասին բազում պատմություններ, որոնք լսելիս ակամայից զարմանում ենք, թե ինչպես կարող էր նման ուժեղ բնավորությամբ, հեղինակավոր մարդը դիմել այդ քայլին։  Պատճառները թվում է, թե գիտենք, սակայն դրանք ընդամենը եզրակացություններ են, իսկ թե ինչն է դրդել մարդուն գործել ինքնասպանություն, մենք չգիտենք։  Պատճառը կա, բայց այն կարող է և չլինել, եթե ժամանակին հասկանանք և օգնենք այդ մարդուն։ 

Ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ դեռահասները ընդհանուր առմամբ ինքնասպանություն են գործել, որպեսզի ծնողների ուշադրությունը գրավեն իրենց պրոբլեմների վրա, դրանով նրանք հակադրվել են մեծահասակների անհոգությանը, անտարբերությանը, ցինիզմին և դաժանությանը։  Նման քայլի են դիմում պարփակված, նեղացկոտ բնավորությամբ դեռահասները` միայնակության, սեփական անպետքության և կյանքի իմաստի կորստի պատճառով։  Ճիշտ ժամանակին հոգեբանական օգնությունը, դեռահասի կյանքի դժվարին իրավիճակներին բարի մասնակցությունը կօգնեն խուսափել այդ ողբերգությունից։ 

  ԱՊՐԻԼԸ ԱՄԵՆԱԴԱԺԱՆ ԱՄԻՍՆ Է - Ինքնասպանություն հաճախակի են գործում գարնանը, երբ մարդկային դժբախտությունները հակասության մեջ են գտնվում բնության գույների հետ։  Ձմռան խամրած գույները ինչ որ չափով ներդաշնակության մեջ են լինում հոգեկան ճնշվածության հետ, բայց մարդկային Ես-ի  մշուշոտ ապրումների և գարնան վառ օրերի միջև հակասություն է առաջանում։  Գարնան և հոգու անհույս վիճակի միջև կտրուկ անհամապատասխանությունը կարող է դրդել ինքնասպանության։  Ապրիլ ամսին սուիցիդների  մակարդակը շատ ավելի բարձր է լինում, քան մնացած ամիսներին։ Իզուր չի ասել Թոմաս Էլիոթը, որ ապրիլը ամենադաժան ամիսն է։   Սուիցիդները  հաճախակի են դառնում Սուրբ ծննդյան տոներին։  Մարդը զգում է, որ երջանիկ եղանակը  սպասված ուրախություն չի բերում, հուսալքվածության մեջ գտնվելով` նա որոշում է իր կյանքին վերջ դնել։  Ոմանց համար ինքնասպանության ակտը կարող է կրկնակի ծնունդի փորձ լինել։  Այդ առումով Սուրբ ծնունդը լավագույն հնարավորությունն է տոնական սինդրոմի առաջացման համար, որին բնորոշ է հարություն առնելու, վերածնվելու ցանկությունը, ինչպես դա եղել է Քրիստոսի հետ։  Մարդը կարծում է, որ այդ կերպ հրաշալիորեն կլուծվի կենսական պրոբլեմը։ 

Ինքնասպանությունը ինքնաքայքայիչ վարքի ձև է։  Թմրանյութերի օգտագործումը, ալկոհոլի, ծխախոտի չարաշահումը, նպատակադրված աշխատանքային գերծանրաբեռնվածությունը, չբուժվելու համարձակությունը, ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, վտանգավոր ռիսկային սպորտաձևերը, այս բոլորը ինքնաքայքայիչ վարք են։  Հիասթափված մարդը անհաղթահարելի թվացող դժվարությունների պատճառով իր կյանքը կարող է համարել անտանելի և նույնիսկ կարող է անգիտակցաբար ձգտել մահվան։  Իսկապես, երբեմն մարդիկ ձգտում են իրագործել սեփական օրգանիզմի քայքայումը` չգիտակցելով նրա լետալ ավարտը։  Ավտովթարների մոտ 40%-ը իրենցից ներկայացնում են դիմակավորված ինքնասպանություններ, քանի որ մեքենան լավագույն ինքնաոչնչացման միջոց է։  Ուսումնասիրված դժբախտ պատահարների զոհերի մոտ 25%-ը օտարվածներ, ճնշվածներ են եղել, ունեցել են անօգնականության զգացում` բնորոշ սուիցիդալ անձնավորությանը։  Մինչև դժբախտ պատահարը նրանք ունեցել են մահվան կամ ինքնաոչնչացման մասին երևակայական մտքեր։  Իսկ ահա հարբեցողների կազմում են ինքնասպանությունների 25-30%-ը։  Անչափահասների մոտ այն հասնում է 50%-ի։  Ալկոհոլի երկարատև օգտագործումը նպաստում է դեպրեսիայի, մեղքի զգացման առաջանալուն, հոգեկան ցավի խորացմանը, սրանք նախասուիցիդալ վիճակներ են։  Հարբեցողները հաճախ գիտակցաբար չեն ձգտում մահանալ, սակայն խրոնիկ ալկոհոլամոլությունը կյանքը կրճատող վարքագիծ է։ 

Ինքնասպանության հիմքում միշտ ընկած են լինում ինքնաոչնչացման մասին պատկերացումները և գործողությունները։  Ինքնասպանություն գործում են այն մարդիկ, որոնց մոտ առկա են լինում թերարժեքության բարդույթ, օտարվածություն, հուզական խանգարումներ` դեպրեսիա, հուսալքվածություն։

Այն մարդը, որը պատրաստվում է սուիցիդի, կարծում է, որ այլևս չի կարող հաճույք ստանալ այն ամենից, ինչը նախկինում երջանկություն էր պարգևում։  Նրա տրամադրությունը կարծես թե շնչահեղձ է լինում, նրան համակում է անհույս վիճակը, մեղքը, ինքնաքննադատությունը։  Թուլանում է մարդու շարժողական ակտիվությունը կամ, ընդհակառակը, երբեմն լինում են արագ, անզգույշ խոսքի նոպաներ` լի բողոքներով, մեղադրանքներով, օգնության աղերսանքներով։  Լինում են քնի խանգարումներ։  Տագնապի մարմնական նշանները դրսևորվում են դողով, բերանում չորությամբ և արագացված շնչառությամբ։  Լինում են գլխացավեր, փորացավեր։  Մարդն անընդհատ զգում է իր անցանկալի լինելը, մեղավոր և ոչ օգտակար լինելը, որի հետևանքով նրան թվում է, թե կյանքը կորցրել է իր իմաստը։

Ինքնասպանությանը դրդող գործոն է վիշտը, հարազատի կորուստը, կարոտը։  Դեպրեսիվ վիճակը սկսվում է, երբ մահացածի մեկ տարին է լրանում, որի ժամանակ մարդը կարող է նույնիսկ չգիտակցել մոտեցող տարեթիվը։  Վիշտն ապրող մարդը հաճախ չի կարողանում արտահայտել իր մեջ կուտակված զգացմունքները, դրանք մղվում են անգիտակցական, որի արդյուքնում ներքին լարվածությունը և ֆրուստրացիան  ավելի են խորացնում ապրվող վիշտը։  Հուսալքվածության մեջ գտնվելով` մարդն ինքնասպանություն է գործում։  Ականավոր հոգեբան և հոգեբույժ Զիգմունդ Ֆրոյդը ինքնասպանությունը դիտել է` որպես ագրեսիայի խեղաթյուրված դրսևորում։

Եվ իսկապես, մարդը, որը գտնվում է  ինքնաոչնչացման շեմին, չարացած է լինում և՛ իր, և՛ աշխարհի հանդեպ` բողոքը և զայրույթը ուղղելով իր իսկ կյանքի դեմ։  Քիչ չեն դեպքերը, երբ մեր շուրջը գտնվող մարդկանց շուրթերից լսում ենք այսպիսի արտահայտություններ.  ինքնասպանություն է գործել, շենքի 9-րդ հարկից նետվել է ցած։  Հետաքրքիրն այն է, որ բոլորս քննարկում ենք միայն վերջնական արդյունքը` դիմել է այդ քայլին և վերջ։  Մենք չենք փորձում հասկանալ այն հոգեբանական վիճակը, որում գտնվել է այդ դժբախտ մարդը, մի վիճակ, որն աննկատ է մնացել իրեն շրջապատող մարդկանց կողմից։  Գործելով ինքնասպանություն` նա կարծես պատժել է իր հարազատներին` վերջապես նրանց ուշադրությունը գրավելով սեփական անձի վրա։  Ահա թե ինչու բոլորիս պարտականությունն է գոնե մի փոքր հասկանալ, ուշադիր ու հոգատար լինել մեր մտերիմների, հարազատների, ընկերների նկատմամբ, չէ՞ որ շատ ու շատ ինքնասպանություններ հետևանք են մարդու անօգնական վիճակի, օգնենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը, դա կարող է լինել նյութական օգնություն, մարդկային վերաբերմունք, ի վերջո սիրո պահանջմունք և փոխադարձ բավարարում։ 

                                                                                                                   Կարսլյան Մարինե



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18

ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի...

Ավելի


Պահոց