08:33
09/19/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄենՔ` ՄԵՐ ՄԻՋՈՑՈՎ ԵՎ ՀԱՆՈւՆ ՄԵԶ

2013-06-05 11:25

       «Դե Ֆակտո» 11 (2007թ.)

   Երբ անընդմեջ պայքար է լոկ պայքարելու համար, երբ Եսն  անվերջ զատվում է Մենքից,  հույսն ընկնում է Նրանց  վրա։ Բոլորովին վերջերս անսովոր մի պատկեր եկավ աչքիս առջև։ Ի՞նչ էր դա։ Գուցե նաև հայրենական պատմության չհասկացված մի էջ, երբ Ավարայրում իրար դեմ կռվի էին ելել հայերն ու հայերը։ Ո՞վ պարտվեց, և ո՞վ հաղթեց։ Երկա՜ր մտածեցի, բայց ո՛չ այն պատճառով, որ լավ չէի հիշում, այլ՝ քանի որ թաքնված իրականությունն ընդունելն ու խոստովանելն ինձ համար չափազանց դժվար էր։ Պատմական իրողությունը, երբ հաղթեցին պարսիկներն ու բյուզանդացիք, իսկ հայերն ու հայերը պարտվեցին։ Դա պատմական ցավալի թյուրիմացությո՞ւն էր, թե՞ ազգային դիմագիծ, երբ հեռուն քաղցր է, և հեռավորը միշտ արդարացի։ Պատմական այլ իրողություններ ևս փաստում են, որ ցանկացած առիթով` պատեհ կամ անպատեհ, օգնության ձեռք ենք մեկնել օտարներին` աղերսելով նրանց գութը։ Իսկ վերջիններս մեզ խամաճիկ են դարձրել իրենց նպատակներին հասնելու ճանապարհին։ Իսկ երբևէ մտածե՞լ ենք, թե ումից ենք օգնություն հայցում և ո՞ւմ դեմ ենք պայքարում։ Այս խնդրի առաջ կանգնեցինք նախընտրական և հետընտրական շրջաններում։ Նույնպիսի պայքարի քաղաքակիրթ տարբերակն էր ընթանում կրկին հայերի ու հայերի միջև։ Ընտրություններից առաջ քաղաքականությունը թարմացման կարիք է զգում, բայց անհասկանալի է, թե ինչու է այն արտահայտվում  անընդմեջ ավելացող կուսակցությունների տեսքով, որոնք նման են լինում անձրևից հետո հանկարծակի դուրս ելած սնկերի։ Հիմնավորելու համար բազմաթիվ պատճառներ կարող ենք բերել. չկա այնպիսի մի հզոր գաղափարախոսական կուսակցություն, որին կարելի է վստահել և որի շուրջ պետք է համախմբվել։ Բայց իրական պատճառը համախմբվողների մեջ է։ Նա, ով հնարավորություն ունի ղեկավարելու, ենթարկվելու իմաստ չի տեսնում։ Ոչինչ, որ սկզբում մի քանի ախպերներով են կուսակցությունում. եթե գումար կա, նրա շուրջ պտտվողներ էլ կլինեն, և գումարի աճմանը զուգահեռ համախոհներն էլ կշատանան։ Բայց թե ո՞ւր են գնում, ինչո՞ւ են գնում, ժողովուրդն այդպես էլ չի հասկանում։ Բարձրանալու համար շատերն ընտրում են ուրիշներին ցած գլորելու ճանապարհը` բարձունքին իսկապես արժանանալու փոխարեն։ Պայքարում ենք և անընդմեջ պայքարում, իսկ հաղթանակ այդպես էլ չենք ունենում։ Իսկ հնարավո՞ր է արդյոք հաղթանակել, երբ պայքարը մեր մեջ է։ Եվ այս ոգով էլ գնում ենք ընտրության, գնում և ավարտից հետո կրկին սկսվում են փոխադարձ վիրավորանքներն ու մեղադրանքները։ Երբ մեզ մոտ ընտրություններ են անցկացվում, մենք յուրահատուկ սրտի թրթիռով ենք սպասում, թե ինչ են ասելու օտարերկրյա դիտորդները։ Բավական է, որ օտարը մեզ հուսադրող մի խոսք ասի, և մենք արդեն ակնածանքով ենք նայում մեզ` մոռանալով մինչ այդ ունեցած մեր դժգոհությունները։ Ուրախանում ենք, երբ թփթփացնում են մեր ուսին և ասում` ապրեք տղերք, դուք ժողովրդավարական երկիր եք։ Այնինչ թվում է, թե մեր ուրախությունը պետք է ուրիշ տեղում լիներ։ Ոչ թե ուրիշների խոսքն ու պարտադրանքը մեզ համար պետք է դառնա չափանիշ, այլ մեր ներքին ցանկությունները, մեր համոզմունքները, մենք մեր միջոցով, մեր շնորհիվ և հանուն մեզ սկզբունքով։  Պետք է հասկանալ, որ մեր առջև ծառացած խնդիրները մենք ինքներս պետք է լուծենք, և ոչ թե ցանկացած առիթով դիմել Եվրոմիությանը, իսկ նրանք էլ մտածեն, թե ինչպես օգուտ քաղեն մեր երկրում տիրող իրավիճակից։ Ուրիշներին դուր գալու և հաճոյանալու պատճառներ  չկան։ Մենք ենք մեր դատավորը, մենք պետք է հաղթահարենք և հաղթանակենք, այլապես անվերջ կխարխափենք անորոշության խավարի մեջ` կասկածամիտ հոգիներով և անվստահ ամեն ինչի հանդեպ։ Հնարավոր է հաջողության հասնել` ուրիշների կարեկցանքին արժանանալով։ Լինենք օտար երկրների համար ոչ թե կարեկցանքի, այլ, թող խիստ չթվա, նախանձի առարկա։ Օգնենք միմյանց բարձրանալ, չխանգարելը ևս օգնություն է, իսկ բանսարկությունը թույլերի ուժն է։ Ինչպես անընդմեջ աղմուկի տակ քնածն է արթնանում լռությունից, այնպես էլ անընդհատ գոռգռացողն  է սթափվում լռությունից։ Այսօր քաղաքականությունը լոկ խոստումներ տալու արվեստ է դարձել, որոնք թակարդներ են միամիտների համար։ Այնինչ, մենք ամեն ինչ լավ հասկանալով` թույլ ենք տալիս, որ թակարդ լարողներն օրեցօր  շատանան, բայց դրանցից պետք է ազատվել, բայց ոչ թե վարկաբեկման ճանապարհով, այլ` արժեքավորը գնահատելով ու խրախուսելով։ Իսկ արդյո՞ք մենք կարողանում ենք գնահատել այն, ինչ ունենք, թե՞ մեր երկրում չկա օրինակելի չափանիշ։ Միայն շփոթվածն է երջանկությունը փնտրում հեռուներում, խելոքն այն աճեցնում է իր կողքին։  Իսկ մենք հիվանդ ենք օտարամոլությամբ, որն ամենևին էլ ժամանակակից արվեստն ու գիտությունը չէ, այլ կախվածությունն ու ուրիշներին ենթարկվելու սովորությունը։ Արմատախիլ անենք բոլորին ամեն ինչ սովորեցնելու սովորույթը, քանի որ նա, ով կարող է` անում է, ով չի կարող, նա է անընդմեջ սովորեցնում։ Այն օրը, երբ մենք կգիտակցենք մեր իրական ուժի զորությունը, այդ օրն էլ վերջ կդրվի մեր երկրի` անվերջ թվացող անցումային շրջանին։ Թե չէ քանի տարի է` սպասում ենք, որ երկիրն ի վերջո դուրս կգա իր համար ծանր շրջանից։ Բայց չէ՞ որ անշարժ վիճակ գոյություն չունի։ Ով առաջ չի շարժվում, նա ետ է մնում։ Իսկ մենք փորձում ենք, ոտքի կանգնածին ցեխը քաշելով, առաջ գնալ։ Ամեն ինչ կարծես խառնվել է իրար. խոսում է նա, ով տվել է, իսկ նա, ով ստացել է, անվերջ լռում է։ Հարգենք ինքներս մեզ` դրանով իսկ ստիպելով ուրիշներին հարգել մեզ։ Թերևս տեղին է այստեղ հիշել Պարույր Սևակի. «Բարեխոս եղիր ի՛մ և ի՜մ միջև» բանաստեղծությունից մեկ հատված.

Դժգոհությունից ես շատ եմ դժգոհ։

Օգնի՜ր ինձ, Մարիա՛մ, 

Եվ ասեմ` ինչո՛վ.

Բարեխոս եղիր ի՛մ և ի՜մ միջև,

Որ բանն ավարտվի ինքնահաշտությամբ։

                                                                           Հասմիկ Մարտիրոսյան



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-07-04 16:31

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց