18:10
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Յուրաքանչյուր հայի երազանքն է ունենալ ազատ, Հայաստանի հետ միացյալ Ղարաբաղ

2013-05-08 15:21

                           «Դե Ֆակտո» 72 (2012թ.)

Վլադիմիր Կասյան, ԼՂՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահ

 Շուշին դառնալու է ԼՂՀ  մշակույթի և տուրիզմի կենտրոն։  

 -Պարո՛ն Կասյան, նախ շնորհավորում ենք Ձեզ Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի ստեղծման  20-ամյակի առթիվ։ Դուք անցել եք պատերազմի միջով, ունենալով ամուր ընտանիք, հինգ երեխա՝ եղել եք պատերազմի դաշտում։ Ինչպիսի՞ գաղափարներով էիք առաջնորդվում, որոնք Ձեզ ուժ էին տալիս չնահանջելու։

-Իհարկե, առաջին հերթին իմ մեջ խոսում էր ազգային գաղափարախոսությունը, որին գումարվում էր ընտանիքս, երեխաներիս պաշտպանելու մղումը։ Ես Ստեփանակերտում էի ապրում, իմ հարևաններից շատերը ադրբեջանցիներ էին։ Աշխատանքի գնալիս և վերադառնալիս տեսնում էի, թե ինչպես են երեխաներիս՝ չորս աղջիկներիս (տղաս փոքր էր),  բակում խաղալիս մեր հարևանները նեղացնում։ Այդ տեսարանն  ավելի էր ամրապնդում կամքս և ցանկությունս աննահանջ պայքարելու։ Ես ուզում էի, որ իմ երեխաներն իրենց հայրենիքում ազատ ու հանգիստ ապրեն և իրենց ոչ մի վտանգ չսպառնար։  Ոտքի էր կանգնել ողջ ժողովուրդը՝ պատրաստ անկոտրում պայքարի։ Դա մեզ համար պատվի հարց էր։ Եվ ահա շարժման արդյունքում հասանք այն ամենին, ինչ որ այսօր ունենք։

-Դուք 10 տարուց ավելի ղեկավարել եք Շուշիի շրջանը։ Ինչպիսի՞ն էր Շուշին 20 տարի առաջ և ինչպիսի՞ն է այսօր։

-1994թ. օգոստոսին զինադադարից հետո Ռոբերտ Քոչարյանն ինձ կանչեց և ասաց, որ թողնեմ բանակը և անցնեմ քաղաքացիական   աշխատանքի։  Ես ասացի՝ դեռ պատերազմը չի վերջացել, նա ինձ ասաց՝ պատերազմն արդեն վերջացել է և ավելացրեց, որ համոզված է՝ ես կկարողանամ ինձ  դրսևորել այս աշխատանքում նույնքան արդյունավետ, որքան պատերազմի դաշտում։ Ես նշանակվեցի որպես Շուշիի վարչակազմի ղեկավար։

Այդ ժամանակ Շուշին ավերակների, փլատակների մեջ թաղված էր. ընդամենը երկու տարի էր անցել Շուշիի ազատագրումից։ Սակայն խաղաղ պայմաններում արդեն մենք ձեռնամուխ եղանք վերականգնել երբեմնի  Շուշին։ Սկսեցինք առաջին հերթին մաքրել փողոցները ավերակներից, բացեցինք դպրոցներ,  մանկապարտեզներ։ Շուշին կամաց-կամաց սկսեց ոտքի կանգնել։ Կարճ ժամանակահատված ես նորից վերադարձա բանակ և այնուհետև մինչև 2007թ. աշխատեցի Շուշիի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում։ Շուշիում մեծ ծավալի աշխատանքներ իրականացվեցին հատկապես վերջին 3 տարիների ընթացքում, որոնք շարունակական բնույթ են կրում։ 

-Պարո՛ն Կասյան, Շուշին պատմամշակութային արժեք ներկայացնող քաղաք է։ Ի՞նչ աշխատանքներ են տարվում Շուշին տուրիզմի կենտրոն դարձնելու ուղղությամբ։

-Այո՛,  Շուշին պատմամշակութային արժեք ներկայացնող քաղաք է։ Այսօր համապատասխան աշխատանքներ են տարվում այն մշակութային, տուրիզմի կենտրոն դարձնելու ուղղությամբ։ Կարծում եմ մոտ ապագայում այն հենց այդպիսի քաղաք էլ կդառնա։ Արդեն իսկ   քայլեր են ձեռնարկվում Արցախի մշակութային կյանքը, պետական հաստատությունները Շուշիում կենտրոնացնելու ուղղությամբ։ Մոտ օրերս մշակույթի նախարարությունը կտեղափոխվի Շուշիի «Օրիորդաց դպրոց»-ի շենք, որը հիմնովին վերանորոգվել է ու շատ գեղեցիկ տեսք ստացել։ 

-Ի՞նչ ձեռքբերումներ և բացթողումներ կնշեք։

-Ես գոհ եմ Շուշիի զարգացման տեմպերից։ Եթե այսպես շարունակվի, ապա մենք կունենանք մշակութային գեղեցիկ քաղաք։

Շուշիի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ այսօր այնտեղ ծնվում են երեխաներ, որոնք շուշեցիների թոռնիկներն են, այսինքն՝ Շուշիում սերնդափոխություն է տեղի ունենում։  Բացթողումն այն է, որ նախկինում այդքան էլ մեծ ֆինանսական միջոցներ չէին տրամադրվում Շուշիում աշխատանքներ իրականացնելու համար, սակայն դա պատճառաբանված էր, քանի որ պետությունն այդ հնարավորությունները չուներ։ 

-Դուք ԼՂՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովի նախագահն եք։ Ինչպիսի՞ աշխատանքներ է կատարում հանձնաժողովը։

-Արդեն երեք տարի է, ինչ Աժ պատգամավոր եմ։ Արտադրութան և արտադրական ենթակառուցվածքների մշտական հանձնաժողովը ընդլայնված գործունեություն է ծավալում, որը մշտապես ծանրաբեռնված է աշխատաքներով։ Մեր հանձնաժողովը վերահսկում է ԼՂՀ կառավարության գյուղատնտեսության, քաղաքաշինարարության նախարարությունների կողմից իրականացվող աշխատանքները, ընդունում նրանց ներկայացված առաջարկությունները, ուսումնասիրում, քննարկում, հանդես գալիս առաջարկություններով։ Ես այդ ամենի ակտիվ մասնակիցն եմ և բազմիցս հանդես եմ եկել սեփական առաջարկություններով։

-Ինչպիսի՞ զարգացում է ապրում ԼՂՀ տնտեսության արտադրական ճյուղը։

-Վերջին տարիներին ԼՂՀ-ում մեծ թափով զարգանում է  հանքարդյունաբերությունը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ղարաբաղի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով։ Մարտակերտի շրջանում հայտնաբերվել է քարածուխ, որը բաց հանք է։ Մեծ   քանակությամբ  ոսկու, պղնձի պաշարներ են հայտնաբերվել  այնտեղ։

Մեծ հաջողություններ են գրանցվել  հատկապես էներգետիկայի ոլորտում։ Այսօր ունենք հինգ գործող հիդրոէլեկտրակայան։ Վերջերս Լաչինի և Քաշաթաղի շրջանում բացեցինք  «Սյունիք» երկրորդ հիդրոէլեկտրակայանը, որը  1 ժամում 3.2 մվտ էներգիա է արձակում։  Այն երկրորդն էր Քաշաթաղի շրջանում։ Երեք գործող հիդրոէլեկտրակայաններ ունենք նաև Մարտակերտում։ Ես համոզված եմ, որ Ղարաբաղի բյուջեի հիմնական եկամուտները կարող ենք լրացնել հանքարդյունաբերության և էներգետիկայի ոլորտների զարգացման միջոցով։

-Քանի՞ աշխատատեղ է բացվել։    

-Օրինակ, Դրմբոնում մոտ 4 հազար աշխատող կա, նախատեսվում է  ևս մեկ հանք բացել. երևի թե հազար աշխատատեղ էլ այդ հանքում ստեղծվի։  Աշխատատեղեր կբացվեն նաև քարածխի հանքի գործարկման ժամանակ։

 Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց ԼՂՀ գյուղատնտեսության ամենազարգացած ճյուղերը լինելու են անասնապահությունը և հողագործությունը։

 -Ինչպիսի՞  վիճակում է գյուղատնտեսության ոլորտը։ 

-Վերջին տարիներին բավականին մեծ ծավալի ներդրումներ են իրականացվել գյուղատնտեսության բնագավառում, հատկապես ոռոգման համակարգում։ Այսօր մոտ 15 հազար հա-ից ավելի ոռոգվող հողատարածքներ ունենք։ Ոռոգման համակարգերի անցկացման  աշխատանքներին զուգահեռ՝ մշակելի հողատարածությունները կավելանան։ Այսօրվա ներդրումները հեռանկարային են, որոնց արդյունքները մենք անպայման կստանանք։

Նախկինում  Արցախի գյուղատնտեսության ամենազարգացած և ամենաեկամտաբեր ճյուղերից մեկը խաղողագործությունն է եղել։ Այսօր  էլ են խաղողագործությամբ զբաղվում գյուղացիները, բայց բերքի սպառման խնդիրները լուծված չեն, այդ պատճառով էլ խաղողագործությունը նախկինի պես մեծ ծավալների չի հասնում։  Այսօր ԼՂՀ կառավարության քաղաքականությունը հիմնականում ուղղված է  անասնապահության և հողագործության զարգացմանը։ Տարբեր երկրներից ներկրվել է խոշոր և մանր եղջերավոր անասունների որոշակի գլխաքանակ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ անց ԼՂՀ գյուղատնտեսության ամենազարգացած ճյուղերը լինելու են անասնապահությունը և հողագործությունը։

-Ինչպիսի՞ Ղարաբաղի մասին եք երազում։

-Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայի երազանքն է ունենալ ազատ, Հայաստանի հետ միացյալ Ղարաբաղ։

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...