11:17
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենք մեր կողմից անում ենք ամեն ինչ Հայաստանի վաղվա օրն էլ ավելի բարեկեցիկ դարձնելու համար

2013-04-09 11:33

«Դե Ֆակտո»  59 (2011թ.)


Այսօր` այս դժվարին պահերին, երբ մարդիկ ամեն քայլին հուսախաբ են լինումպետությունը պետք է գոնե մարդկանց, գործարարների համար  խթան հանդիսանա, որպեսզի Հայաստանում ներդրումներ կատարվեն, չէ որ սա մեր պետության զարգացման, բարեկեցության համար է։

 «Բիզի Գրուպ»-ի նախագահ Կարեն Գրիգորյան

-Պարո՛ն Գրիգորյան, որքա՞ն ժամանակ է, որ բիզնես ոլորտում եք և ի՞նչ գործունեություն եք իրականացնում։

-Բիզնես ոլորտում եմ 2004թ., սակայն աշխատել եմ դեռևս 13 տարեկանից, իհարկե, նախկինում չի կարելի ասել, որ գտնվել եմ բիզնես ոլորտում, սակայն ունեցել եմ փոքրիկ բիզնեսներ, իսկ լուրջ բիզնես հիմնադրել եմ 2004թ, հիմնելով «Բիզի» տաքսի ծառայությունը։ Սկզբնական շրջանում տաքսի ծառայությունը գործել է 8 մեքենայով, սակայն հետագայում  այն ընդլայնվել է և ներկա դրությամբ տաքսի ծառայությանը սպասարկում է արդեն 60 մեքենա և ապագայում ծրագրեր ունենք մեքենաների թիվն էլ ավելի մեծացնելու։ Ինչպես նաև ունենք լուրջ գործընկերներ Եվրոպայում, ովքեր արդեն իսկ իրենց ներդրումներն են կատարել Հայաստանում։

-Ի՞նչ ներդրումների մասին է խոսքը։

-Այսինքն` ներդրումները կապված են անշարժ գույքի կառուցման հետ, իհարկե, կառուցողները այս պարագայում մենք ենք, սակայն ներդրումները կատարվել են Եվրոպայից, և մենք Երևանի կենտրոնում կառուցել ենք ութ հարկանի բազմաբնակարան շենք։ Շենքը կառուցվել է գլոբալ տնտեսական ճգնաժամի դժվարին պայմաններում։ Այդ դժվարին ժամանակահատվածում, երբ բազում գործարաններ, կազմակերպություներ դադարեցրել էին իրենց գործունեությունները, աշխատանքները, մենք ոչ  մի վայրկյան չկանգնեցրեցինք մեր աշխատանքները, իհարկե, եղել են կողմնակի օգնություններ, ներդրումներ, վարկերի տրամադրում, սակայն ի վերջո կարողացել ենք կառուցել շենքը և այսօր մնացել են միայն ներքին հարդարման աշխատանքներ։

-Տպավորություն է, որ գործարարների մեծ մասը իրենց ներդրումները կատարում են դրսում։ Դուք ինչո՞ւ որոշեցիք նման շենք կառուցել Հայաստանում, այն էլ ճգնաժամի փուլում։

-Ես հայրենասեր մարդ եմ, շրջել եմ ամբողջ աշխարհը, սակայն որոշել եմ գործունեությունս ծավալել հենց իմ հայրենիքում, քանի որ հուսով եմ, որ չհաշված բազմաթիվ դժվարություններին, Հայաստանն  էլ ավելի է զարգանալու և բարգավաճելու։ Հայաստանում չկան ահաբեկչություններ և կարելի է այստեղ ստեղծել լավ, առողջ միջավայր և ապրել։ Հետագայում էլ ավելի շատ ծրագրեր ունենք կապված Հայաստանում ներդրումներ կատարելու հետ. փորձելու ենք  տարբեր երկրներում, քաղաքներում մեր երկիրը ճիշտ ներկայացնելով, մարդկանց չխաբելով` գտնել  գործընկերներ, ովքեր իրենց ներդրումները կբերեն Հայաստան։ Կարծում եմ` նման երևույթների և հարաբերությունների վրա է հիմնված մեր երկրի ապագան, և մենք այդ ուղղությամբ փորձում ենք ամեն ինչ անել Հայաստանի վաղվա օրը ավելի բարեկեցիկ դարձնելու համար։

-Իսկ ինչպե՞ս կարող են ձեռք բերել այդ բնակարաններից և ի՞նչ պայմաններով։

-Դեռևս մեզ մոտ վաճառքի  գծով ոչինչ զարգացած չէ, շենքը գտնվում է դեռևս շինարարության մեջ, սակայն պետք է նշեմ, որ բնակարաններն ունեն սահմանված գներ, որոնց գնորդները նախապես ծանոթանում են, այնուհետև կայացնում իրենց որոշումը։

 

Հայաստանում ավելի շատ գործում է անձնական շահը, քան պետական մտածելակերը։

 

-Պարո՛ն Գրիգորյան, ընդլայնել եք Ձեր բիզնեսը։  Որպեսզի Հայաստանը զարգանա, պետք է նաև բիզնես միջավայրը բարենպաստ լինի, որպեսզի ներդրումներ կատարվեն։ Դուք որպես  Հայաստանի բիզնես միջավայրի ներկայացուցիչ, ի՞նչ եք կարծումներդրումների համար և բիզնեսի զարգացման համար այստեղ հողը պարա՞րտ է։

-Կարծում եմ` այո՛, և այսօր այդ է պատճառը, որ որոշել եմ իմ բիզնեսը հիմնել Հայաստանում, այլ ոչ` արտերկրում։ Իհարկե, այսօր շատերն իրենց լավատեսությունը կորցրել են, սակայն ես լավատես եմ և հույս ունեմ կյանքը Հայաստանում կլինի բարենպաստ։

-Ձեր աշխատանքը, բիզնեսը, որքանո՞վ է մեր հասարակությանը մատչելի և եթե մատչելի  չէ, ապա ի՞նչ քայլեր՞ եք ձեռնարկում հասարակությանը հասանելի լինելու համար։

-Բիզնեսը, որը ներկայացնում եմ «Բիզի գրուպ»-ով, դա տաքսի ծառայությունն է, որը ամենամատչելին է և այն ստեղծվել է ավելի շատ հաճախորդների շահերից ելնելով, քան շահույթ ստանալու համար։ Մենք այսօր համագործակցում ենք տարբեր ընկերությունների, կազմակերպությունների հետ և ստեղծելով նման տաքսի ծառայություն արել ենք ամեն ինչ, որպեսզի հասանելի լինենք բոլորին։ Մենք աշխատում ենք, որ մեր վարորդները գեղեցիկ և կոկիկ հագնված լինեն, ինչը վարորդ-հաճախորդ փոխհարաբերությունները դարձնում է էլ ավելի քաղաքակիրթ, իսկ մեր տաքսի ծառայության աշխատանքը` որակյալ։

-Հարկային բեռը գործարարի համար ծանր չէ՞։

-Իհարկե, ծանր է։ Այսօր` այս դժվարին պահերին, երբ մարդիկ ամեն քայլին հուսախաբ են լինում,  պետությունը պետք է գոնե մարդկանց, գործարարների համար  խթան հանդիսանա, որպեսզի Հայաստանում ներդրումներ կատարվեն, չէ որ սա մեր պետության զարգացման, բարեկեցության համար է։

-Պարո՛ն Գրիգորյան, իսկ պետության աջակցությունը, օրինակ, Ձեզ համար` որպես գործարարի, ո՞րը կարող է հանդիսանալ։

-Պետությունը պետք է երկարաժամկետ վարկեր տրամադրի և ժամկետների մեջ քաղաքացուն «չխեղդի»։ Օրինակ` եթե գործարարն ունի 10 մլն. դրամ պարտք, պետությունը պետք է նրան աջակցի, և նրան հնարավորություն տա գոնե այդ պարտքը մարել 2 տարում։ Նման աջակցություն ստանալով` գործարարը էլ ավելի մեծ պարտավորվածությամբ է մարում իր պարտքը և այս դեպքում աշխատանքները լինում են փոխշահավետ։ Կարծում եմ` Հայաստանում անպայման պետք է զարգանա գործարար-պետություն փոխշահավետ համագործակցությունը։

 

Իհարկե, այսօր շատերն իրենց լավատեսությունը կորցրել են, սակայն ես լավատես եմ և հույս ունեմ կյանքը Հայաստանում կլինի բարենպաստ։

 

-Այսինքն` համակարգված չե՞ն աշխատում գործարար-պետություն-հասարակություն շղթան։

-Այո՛, կարծում եմ` այսօր Հայաստանում ավելի շատ գործում է անձնական շահը, քան պետական մտածելակերպը։ Ակնհայտ է, որ այսօր անձնական շահերը, պաշտոնյաների շահերն ավելի առաջնային են, քան հասարակության, ժողովրդի շահերը։ Այսօր անգամ բացակայում է պետության կողմից հոգեբանական մոտեցումը դեպի գործարարը, քանի որ օրինակ` ես այսօր ինձ մոտ  աշխատանքի եմ տեղավորում 100-150 աշխատակցի, ովքեր ունեն ընտանիքներ, այսինքն` 100-150 ընտանիք այսօր ապահաովված է գոնե հանապազօրյա հացով, իսկ պետությունը պետք է հասկանա, որ այդքան մարդ այսօր ունեն աշխատանք և փորձի իր հոգեբանական մոտեցմամբ շահագրգռի գործարարին, ով իր բիզնեսն ընդլայնելով` էլ ավելի շատ աշխատատեղեր կստեղծի, որը, իհարկե, բխում է և՛ պետության, և՛ գործարարի, և՛ հասարակության շահերից։

-Ձեր դաշտում Դուք մրցակի՞ց եք ինչ-որ ընկերության, թե՞ ինչ-որ ընկերություն մրցակից է Ձեզ։

-Ես մրցակիցներ չունեմ։ Իհարկե, այսօր ամեն քայլափոխին կան  տաքսի ծառայություններ, սակայն, ես ունեմ իմ մտածելակերպը, իմ մոտեցումը աշխատանքին  և իմ աշխատանքային սկզբունքները։

-Պարո՛ն Գրիգորյան, իսկ Դուք ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում։

-Ես կյանքում և աշխատանքում չեմ կարևորում փողը, իհարկե, գիտակցում եմ, որ փողը կարևոր դեր ունի մեր կյանքում, սակայն համոզված եմ` ամեն ինչ չէ, որ հիմնված է փողի վրա։ Սա իմ աշխատանքային առաջնային սկզբունքն է, ինձ համար կարևորը մարդկային փոխհարաբերություններն են, և այսօր  իմ երեխաներին ևս  դաստիարակում եմ նման սկզբունքով, որպեսզի նրանք իրենց կյանքում ևս առաջնային տեղ չտան «փողին»։

-Այսօր Դուք որպես գործարար, կարողանո՞ւմ եք համատեղել և ժամանակ հատկացնել և՛  բիզնեսին, և՛ ընտանիքին։

-Քանի որ ես նշեցի, որ ինձ համար կարևոր են մարդկային փոխհարաբերությունները, ասեմ, որ իմ կյանքում աշխատանքը, բիզնեսը իր տեղը ունի, իսկ ինձ համար առաջնայինն ընտանիքս է` կինս և երեք հրաշքներս։ Իհարկե, դժվար է  համատեղել, քանի որ ժամանակը կարծես` բավարար չէ, սակայն ընտանիքս միակ տեղն է, որտեղ ես ինձ զգում եմ ավելի հանգիստ և ուրախ, որը նպաստում է աշխատանքի որակի բարձրացմանը։

-Պարո՛ն Գրիգորյան, իսկ այսօր կա՞ն կուսակցություներ, որ Ձեզ առաջարկել են անդամագրվել իրենց կուսակցություններում։

-Դեռևս լուրջ առաջարկներ չեն եղել, սակայն պարզից էլ պարզ է, որ շատերը կցանկանային, որ ես անդամագրվեի իրենց կուսակցությունում։ Սակայն ես դեռ չեմ ցանկանում մտնել որևէ կուսակցության մեջ և կարծում եմ` ամեն մարդ նման քայլ անելուց առաջ պետք է պատրաստ լինի, իսկ ես դեռ պատրաստ չեմ։ Երբ  կզգամ, որ ես կարող եմ ինչ-որ բանով օգտակար լինել պետությանս, բիզնեսիս, աշխատողներիս, ընտանիքիս այդ ժամանակ միանշանակ ես կմտնեմ քաղաքականության մեջ և մեկ րոպե անգամ չեմ մտածի։

-Որո՞նք են Ձեր ապագա ծրագրերը։

-Ունենք ծրագրեր այս տարի տաքսի ծառայության մեքենաները ավելացնել ևս 50-ով, արդեն տարվում են բանակցություններ ճապոնական ընկերությունների հետ, և  այսուհետ տարեկան 100 մեքենա ավելացնելով` մենք  ցանկանում ենք ստեղծել տաքսի ծառայության մեծ ցանց, որպեսզի հասանելի լինենք բոլորին։ Ինչ վերաբերում է շինարարությանը, ամեն ինչ կապված է երկրի վիճակից։ Մենք այսօր ութհարկանի շենք ենք կառուցել և կարծում եմ` կկարողանանք  լավ վաճառք իրականացնել, որը մեր եվրոպական ներդրողների կողմից կդիտվի որպես երկրում առաջընթաց։ Հուսով եմ, որ դա խթան կհանդիսանա Հայաստանում ներդրումներ կատարելու համար։

 Հարցազրույցը` Լուսինե Գրիգորյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...