13:53
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Տիգրան Սարգսյանը դուրս է վարչապետի ավանդական կարծրատիպից

2013-04-02 11:22

«Դե Ֆակտո»  59 (2011թ.)

Տիգրան Սարգսյանը դուրս է վարչապետի ավանդական կարծրատիպից

Վլադիմիր Միքայելյան, հոգեբան

Եթե քայլեր են արվում վերացնել անջրպետը պետություն-հասարակություն հարաբերություններում, ապա դա նշանակում է, որ այդ անջրպետը գիտակցվում է պետական այրերի կողմից։

 -Պարո՜ն Միքայելյան, համաձա՞յն եք պատասխանել քաղաքական բնույթի հարցերի։

-Այո՜, որևէ խնդիր չեմ տեսնում։ Փա՜ռք Աստծո, մենք Հյուսիսային Կորեայում չենք։

-Այսօր մեր քաղաքական գործիչները սկսել են կարևորել  հասարակության մեջ բարի համբավ ունենալու խնդիրը և ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ։ Ի՞նչ է դա նշանակում։

-Դա արդեն նշանակում է, որ անջրպետ կա պետություն-հասարակություն փոխհարաբերություններում։ Եթե քայլեր են արվում այդ անջրպետը վերացնելու ուղղությամբ, ապա ակնհայտ է, որ  այդ օտարվածությունը գիտակցվում է պետական այրերի կողմից, ինչը դրական եմ գնահատում։ Ցանկացած իշխանություն, որպես համակարգ, ենթադրում է ունենալ որոշակի տարանջատում, հեռավորություն հասարակությունից։ Այդպես ընդունված է եղել մարդկության պատմության  մեջ` իշխանության առաջին համակարգի ձևավորման ժամանակվանից ի վեր։ Այդ սահմանն ուրվագծվում էր, քանի որ իշխանությանը վերագրվում էին մոգական որոշակի գծեր, որոնք չէին  կարող ունենալ սովորական մարդիկ։

Իշխանությունը խորը հոգեբանական երևույթ է, այն պաշտոն չէ։ Սակայն հասարակության մեջ իշխանությունը հաճախ ընկալվում է որպես այդպիսին։  Պետք է ասեմ, որ մարդիկ, ում հասարակությունը օժտում էր իշխանությամբ, պետք է ունենային մեծ պատասխանատվություն հասարակության առջև։ Եվ այս տեսակետից` մարդը, ում իշխանություն էր փոխանցվում, պետք է հոգար ցեղի հանապազօրյա հացի մասին, իսկ դա չափազանց դժվար խնդիր էր։ Եթե մենք անդրադառնանք նախնադարյան մարդուն, հոտային կյանքին, ապա կտեսնենք մի պարզ օրինաչափություն` իշխանությամբ օժտվում էին մարդիկ, ովքեր ունեին կամ ֆիզիկական, կամ հոգեկան առավելություններ։ Այդպիսի մարդուն վերագրում էին աստվածային հատկանիշեր։ Եթե մենք իշխանության ինստիտուտը  դիտարկենք արժեքային համակարգի մեջ, ապա հենց պատասխանատվության զգացումը պետք է կազմի այդ համակարգի առանցքը։ Հոգեբանական այդ գաղափարը, որ նրանք օժտված են ինչ-որ աստվածային հատկանիշերով, իրենց իրավունք էր տալիս ղեկավարել և իրենց ենթարկել մարդկանց։ 

-Ինչպիսի՞ն պետք է լինի պետության և հասարակության շփման սահմանը, որպեսզի նրանց միջև բևեռացում չառաջանա։

-Սահման միանշանակ պետք է լինի։ Ինչպես նշեցի, մարդը, ով իշխանության ներկայացուցիչ է, արդեն մեխանիկորեն իր և ժողովրդի միջև ինչ-որ սահման է գծում` դրա հետ մեկտեղ ստանձնելով ժողովրդին պաշտպանողի դերը…. Սակայն այդ սահմանը չի նշանակում հակադրություն։ Սոցիալական որոշակի հեռավորություն անհրաժեշտ է, սակայն այն պետք է լինի հսկելի հասարակության կողմից։ Եթե այդ հեռավորությունը շատ է, ապա առաջանում է բևեռացում։ Եվ եթե  երկու բևեռները սկսում են հեռանալ միմյանցից, ապա առաջանում է քաղաքական լարվածություն։

-Վերջերս նման քայլերի շարք մենք նկատեցինք վարչապետի գործելակերպում։ Խոսքը նրա` գյուղացիների հետ հանդիպումների մասին է։ Նման քայլերն ազդեցի՞կ են։

-Իհարկե, ազդեցիկ են։ Եթե քաղաքական այրերը, տվյալ դեպքում` վարչապետը, այդպիսի քայլ է անում. որպես հասարակ մարդ` (տեսնո՞ւմ եք` մենք հիմա էլ ենք օգտագործում այս արտահայտությունը` իշխանավորը, որպես հասարակ մարդ, այսինքն` հիմա էլ մեր հոգեկանում կա այդ բևեռացումը) մտնում է գյուղ, փորձում է անմիջական շփում հաստատել ժողովրդի հետ, ապա դա նշանակում է միտում` այդ բևեռները մոտեցնելու։ Այսինքն` քաղաքական իրավիճակը կայունացնելու կարիք կա։ 

Մեր ժողովուրդն ընտելացել է վարչապետի մեկ ուրիշ կերպարի` կարծրատիպային, իսկ Տիգրան Սարգսյանի խոսքը հղկված է եվրոպական չափանիշերով։

-Վարչապետի իրականացրած քայլերն ունա՞կ են շտկել իրավիճակը։

-Դրանք ոչ թե ունակ են շտկել իրավիճակը, այլ դրանք անհրաժեշտ քայլեր են, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի կայունացման։ Եթե ժողովրդի  և պետական այրերի միջև առաջացած տարածությունը սկսում է քիչ-քիչ կրճատվել, ապա դա նշանակում է, որ ժողովրդի մեջ մեծանում է  վստահությունը պետության նկատմամբ։ Եթե ժողովուրդը չգիտի, թե վարչապետն այնտեղ նստած ինչով է զբաղված, ապա իր մեջ բազմաթիվ կասկածներ են ծագում նրա գործունեության վերաբերյալ։ Իսկ եթե նա ժողովրդի հետ խորհրդակցելով է որոշում կայացնում, ապա դա առաջացնում է վստահություն իր անձի  հանդեպ, և եթե նույիսկ նա սխալվի, ապա դա կնշանակի, որ նրա սխալի համար պատասխանատվություն միայն ինքը չի կրում։ 

-Պաշտոնյայի կերպարի և գործողությունների միջև չպե՞տք է լինի համարժեքություն, որպեսզի վերջինիս արած քայլերը ադեկվատ ընկալվեն հասարակության կողմից։ 

-Սովորաբար մարդու մասին դատում են ոչ միայն խոսքերով, այլ նաև գործերով։  Կողքից դատելը ամենամեծ տաղանդը չէ։ Ինչպես ասում են. «Ամեն ոք իրեն հերոս է համարում` դիտելով մարտը կողքից»։ Յուրաքանչյուր ժողովուրդ ունի ներքին իմաստություն, որը բոլորս կրում ենք։  Իրականում ժողովուրդն է ցանկացած պետական գործչի գործունեության դատավորը։ Եվ այստեղ մեծ նշանակություն ունի տվյալ գործչի անձը։

Տիգրան Սարգսյանն իրենից ներկայացնում է մի քիչ այլ կերպար, որը դեռ ամբողջովին չի յուրացվել մեր ժողովրդի մտածելակեպի կողմից։ Նա ավելի եվրոպական կառավարման ոճի մարդ է, ու դա շատ լավ է, պարզապես նա ինչ-որ իմաստով ժամանակից շուտ է եկել։  Մեր ժողովուրդն ընտելացել է  վարչապետի մեկ ուրիշ կերպարի` կարծրատիպային։ Իսկ Տիգրան Սարգսյանի խոսքը հղկված է եվրոպական չափանիշերով։ Նա ունի մտածելակերպ, որը գործնականում ճիշտ է, բայց շատ հաճախ չի համընկնում մեր մշակութային մտածելակերպին։ Բայց նրա մտածելակերպը, աշխատանքի ոճը միանշանակ հեռանկարային են։  Չնայած պետք է ասեմ, որ մենք արդեն ունեցել ենք նախատիպ նման ոճի վարչապետի` Արմեն Սարգսյանի դեմքով։ Սա նշանակում է, որ քաղաքական իրականությունը ուշ թե շուտ պետք է առաջ բերի նման մարդկանց իշխանության դաշտ։

Ամեն դեպքում, կարծրատիպը պետք է կոտրվեր, ու դա կհաջողվի Տիգրան Սարգսյանին, եթե նա այդ հարցում հետևողականություն դրսևորի։ Վարչապետն առաջին հերթին պետք է լավ տնտեսագետ լինի և դեմոկրատ։ Իսկ եթե նա դեմոկրատ է, ապա անպայման պետք է մտնի ժողովրդի մեջ։ Մարդիկ, ովքեր ծաղրում են նրան, ուղղակի չեն տեսնում նրա քայլերի հեռանկարը։ Նրանք ուղղակի գտնվում են կարծրատիպի ազդեցության տակ։

Ընդհանրապես, քաղաքականության մեջ ավելի հեռանկարային է համարվում մարդու այն տեսակը, ով տեսնում է հեռանկար։ Տիգրան Սարգսյանը հեռանկարային վարչապետ է, պարզապես Ժամանակ է պետք նրան իր ծրագրերն իրականացնելու համար, քանի որ կարծրատիպերը շատ դժվար են քանդվում, որովհետև դրանք ձևավորվում են դարերի  ընթացքում։

Անշուշտ, վարչապետը, ընտրելով գործունեության շատ ճիշտ մարտավարություն, պետք է հետևողական լինի և շարունակի իր այդ գործելաոճը։

-Կարո՞ղ ենք ասել, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի քայլերն ուշացած են։

-Ո՜չ, քանի որ նա պետք է լիովին տիրապետեր ստեղծված տնտեսական իրավիճակին։ 

-Ինչպիսի՞ շարունակություն եք տեսնում նրա գործելաոճում։  

-Քաղաքականությունը սիրում է հետևողականություն, խոսքի և գործի համընկնում։ Անշուշտ, վարչապետը, ընտրելով գործունեության շատ ճիշտ մարտավարություն, պետք է հետևողական լինի և շարունակի իր այդ գործելաոճը, հակառակ դեպքում` մենք պարտադրված կլինեք նոր հայեցակարգեր որոնելու, իսկ դա մեզ համար անթույլատրելի շռայլություն է։ 

-Պարո՜ն Միքայելյան, հետաքրքիր է, ինչպե՞ս պետք է ազդել հասարակական կարծիքի վրա վստահություն և հավատ ներշնչելու համար։

-Վստահություն և հավատ ներշնչելու համար քաղաքական գործչի խոսքը և գործը պետք է համընկնեն։ Գիտե՞ք, մյուս կողմից էլ, եթե այն բևեռացումը, որի մասին մենք խոսում էինք, անհայտանա, ապա ցանկացած ազդեցություն դատարկ բան կլինի։ Տեսեք, իշխանավոր մարդը, ով զբաղվում է կոնկրետ գործերով, որոնք ակնհայտորեն ուղղված են հասարակության կյանքի բարելավմանը, կարիք չունի ազդել այդ հասարակության վրա։ Ամենալավ ազդելու միջոցը գործն է։ Մարդն իր բնույթով լավատես է, նա միշտ ուզում է հավատալ։ Յուրաքանչյուրս հակված ենք հավատալու։ Ու քանի որ այդ դիրքորոշումը կա, մենք բոլորս լավատես ենք, ապա քաղաքական գործիչները կարող են այնպես անել, որ ժողովուրդը լավը տեսնի։

-Ձեր գնահատմամբ` Հայաստանում քաղաքական կյանք, որպես կենսական օրգանիզմ, կա՞։ 

-Կարծում եմ` դեռ չկա։ Դրա վառ ապացույցն այն է, որ երբ մենք ասում ենք` քաղաքական դաշտ, ընդդիմություն, իշխանություն, մենք այդ հասկացությունների ներքո տեսնում ենք ոչ թե խնդիրների քննարկում, այլ սահմանափակվում ենք անձնական հարաբերությունների, անձերի մակարդակով` ես լավն եմ, դու վատն ես սկզբունքով։ Իսկ դա արդեն քաղաքականություն չէ, քանի որ քաղաքականությունը չի ընդունում անձնավորված հարաբերություններ, քաղաքականությունը վեր է դրանից։

Չերչիլն ասում էր. «Լավ քաղաքագետը նա է, ով կարողանում է ինչ-որ բան կանխատեսել, իսկ երբ կանխատեսումը չի իրականանում, պետք է կարողանա բացատրել, թե ինչու է այդպես»։

-Ինչո՞ւ է այդպես։

-Դա շատ պարզ բացատրություն ունի` պետությունը, որն ունի 20 տարվա պետականություն, չի  կարող ունենալ ձևավորված քաղաքական կյանք։  Անգլիան միանգամից Անգլիա չի դառել։ Նա դարեր շարունակ կերտել է այդ քաղաքականությունը։ Չերչիլն ասում էր. «Լավ քաղաքագետը նա է, ով կարողանում է ինչ-որ բան կանխատեսել, իսկ երբ կանխատեսումը չի իրականանում, պետք է կարողանա բացատրել, թե ինչու է այդպես»։ Դա է քաղաքականությունը` պատկերավոր ասած։ 

-Դա կապված չէ՞ մեր քաղաքական գործիչների անձնային աճի հետ։

-Միանշանակ քաղաքական գործիչը պետք է ունենա համապատասխան քաղաքագիտական կրթություն։ Քաղաքական գործիչն առաջին հերթին պետք է ունենա  հոգեբանական կրթություն։ Այդ դեպքում նա խնդիրներ քիչ կունենա։ 

Տնտեսապես հզոր բոլոր երկրներում մեծ կարևորություն են տալիս  քաղաքական հոգեբանությանը, քանի որ դրա շնորհիվ են այդ պետությունները հզոր դարձել։ Չնայած պետք է ասեմ, որ մեր քաղաքական գործիչներն այդ առումով այնքան էլ մեծ ընտրություն չունեն, քանի որ քաղաքական հոգեբանությունը Հայաստանում նույնպես կայացման փուլում է։ Եթե Հայաստանում լիներ զարգացած հոգեբանական դաշտ, ապա քաղաքական գործիչները հաստատ կօգտվեին հոգեբանների ծառայություններից։ Բայց միտումը` քաղաքականությունը դարձնել ավելի գիտական, պրոֆեսիոնալ, առկա է։

Երբ օտարացումն անցնում է թույլատրելի շեմը, առաջանում է շատ վտանգավոր սոցիալական, քաղաքական ճգնաժամ։ Հենց նման իրավիճակներում է ժողովրդական դժգոհությունը վերաճում հեղափոխական շարժման։

-Ինչպիսի՞ վտանգներ են իրենց մեջ պարունակում ժողովրդի անվստահությունը, հավատի կորուստը իշխանության հանդեպ։

-Վտանգն օտարացումն է ժողովուրդ-իշխանություն փոխհարաբերություններում, որը կարող է հանգեցնել շատ ծանր հետևանքների։ Երբ օտարացումն անցնում է թույլատրելի շեմը, առաջանում է շատ վտանգավոր սոցիալական, քաղաքական ճգնաժամ։ Հենց նման իրավիճակներում է ժողովրդական դժգոհությունը վերաճում հեղափոխական շարժման։ Այդ իրավիճակում մարդը կորցնելու բան չունի։ Իսկ եթե մարդը կորցնելու բան չունի, ապա նա ընդունակ է գնալ հեղափոխության, հեռանալ երկրից, որը նույնպես հեղափոխական մտքի արդյունք է։

-Պարո՜ն Միքայելյան, որքա՞ն ժամանակ է պետք բևեռացումը կանխելու համար։

 -Դա ժամանակի խնդիր չէ։ Դա ավելի շատ պատրաստակամության խնդիր է։ Ուղղակի պետք է  գնալ ժողովրդին ընդառաջ։ Դրա համար պետք է ելնել իրադրությունից, այլ ոչ թե իրադրությանը պարտադրել սեփական տեսակետը։ 

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...