13:50
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
-Պետությունները մշտապես թշնամիներ և բարեկամներ չեն կարող մնալ

2013-03-02 11:14

«Դե Ֆակտո» 52 (2010թ.)

Ստամբուլահայ գործարար Տիգրան Ալթուն

-Պարո՛ն Ալթուն, սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվե, որը երկակի է մեկնաբանվում:  Թուրքիան կարծես թե գնում է ժողովրդավարական ճանապարհով, բայց  կա տեսակետ, որ սա ընդամենը ձևականություն է, և Թուրքիայի ներքին կյանքում ոչինչ չի փոխվել: Իրականում ի՞նչ է տեղի ունենում, ներսից դիտարկելով այդ ամենն` ի՞նչ գնահատական կտաք:

-Այդ համոզմունքը սխալ է: Այսօրվա իշխանությունները 8 տարվա ընթացքում շատ բան փոխեցին Թուրքիայում, և այս հանրաքվեում անցած սահմանադրական օրենքները, համոզված եմ, Թուրքիան ավելի ժողովրդավար կդարձնեն:  Թուրքիան մինչև 2002թ., նույնիսկ կարող եմ ասել մինչև մեկ-երկու տարի առաջ, տոտալիտար երկիր էր:

-Ի՞նչ է փոխվել այս մեկ-երկու տարվա ընթացքում:

-2002թ. սկսած` Էրդողանը սկսեց կամաց-կամաց փոփոխություններ իրականացնել, բայց հնարավոր չէր ամեն ինչ միանգամից փոխել: Շատ դժվար էր ժողովրդին վարժեցնել դրանց, մանավանդ` զինվորներին և դատական մարմիններին:

-Դժվար է զինվորականների ձեռքից միանգամից վերցնել  իշխանությունը:

-Այս վերջին ռեֆորմը վերջակետը չէր, ստորակետն էր, քանի որ ժողովրդի 58 տոկոսն այո ասաց:

-Ինչո՞ւ էր այդքան ցածր այո ասողների տոկոսը:

-58 տոկոսը շատ ցածր չէ, եթե նկատի ունենանք այն, որ Թուրքիայում ժողովուրդը քվեարկում է իր ընտրած կուսակցությունների ղեկավարների ուղղորդմամբ: Ժողովուրդը, թերևս, այնքան էլ պատկերացում չունի այդ 24 կետերի մասին: Պարզապես իրենց կուսակցության ատենապետը ասում է` ոչ քվեարկեք, ոչ են քվեարկում և հակառակը:

-Պարո՛ն Ալթուն, Դուք, որպես մարդ, որն ապրում է Թուրքիայի տարածքում, Ձեր կյանքում զգո՞ւմ եք փոփոխություններ դեպի ժողովրդավարություն, դեպի մարդու իրավունքների պաշտպանություն, դեպի խոսքի ազատություն:

-Վստահաբար, զգում եմ: Նախ ասեմ, որ այսօր այլևս պետական պաշտոնյաների առջև առաջվա պես չենք խոնարհվում, ընդհակառակը, նրանք ուզում են մեզ օգտակար լինել: Վերջին տարիներին Թուրքիայում հայկական հարցերի մասին բավականին բացահայտորեն է խոսվում, ոմանք նույնիսկ ցեղասպանությունն ընդունեցին: Իշխանությունը ցույց է տալիս, որ իրենք ավելի ազատ են դարձել:

-Դուք հավատո՞ւմ եք, որ Էրդողանը, Գյուլը և նրանց կուսակից ընկերները անկեղծորեն ցանկանում են Թուրքիան դարձնել ժողովրդավարական, եվրոպական երկիր:

-Ես, անձամբ, հավատում եմ: Չեմ կարող ասել, թե գաղտնի իրենք ինչեր  են մտածում, բայց հիմնվելով այն ամենի վրա, ինչ տեսնում եմ,  հավատում եմ, որ դրանք անկեղծ են:

-Հայերի համար ավելի արդյունավետ և անվտանգ է, որ իշխանության լինեն Գյուլն ու Էրդողա՞նը, թե՞ քեմալականները: Ինչպիսի՞ն են ընկալումները Թուրքիայում:

-Քեմալականներն ունեն իրենց կուսակցությունը, որը կոչվում է ՙՋեհեբե՚: Դա Թուրքիան հիմնադրած Աթաթուրքի կուսակցությունն է: Ըստ ինձ` ՙՋեհեբե՚-ն Թալեաթ և Էնվեր փաշաների շարունակությունն է, նույն մտածելակերպն ունի:

-Այսօ՞ր էլ:

-Այսօր էլ: ՙՋեհեբե՚-ն միշտ ասում է, թե ձախակողմյան կուսակցություն է, սոցիալիստ է, բայց ես կարծում եմ` ՙՋեհեբե՚-ն նացիոնալ- սոցիալիստական կուսակցություն է, ինչպես Հիտլերն էր` սոցիալիստ, բայց սոսկալի ազգայնամոլ:

-Պարո՛ն Ալթուն, Հրանտ Դինքի մահից հետո Ստամբուլում կարծես թե  ընդգծված լիդեր չձևավորվեց: Արդյո՞ք պետք չէ, որ հայկական համայնքը ձևավորի մի մարդու` լիդերի, ով կկարողանա շարունակել Հրանտ Դինքի  ընդգծված քաղաքականությունը, թե՞ դրա կարիքը չկա:

-Ըստ իս` դրա կարիքը չկա: Բայց պետք է ընդունենք, որ Հրանտը եզակի անձնավորություն էր: Հրանտի պես ևս մեկին արդյո՞ք կարող ենք գտնել: Եթե մենք կարողանանք մեր պատրիարքարանում լավ պատրիարք ունենալ, ապա որոշ առումով հնարավոր կլինի Հրանտի գործը շարունակել:

-Այդ խնդիրը ոչ մի ձևով չե՞ք կարողանում լուծել:  

-Դրանք մեր ներքին համայնքային խնդիրներն են: Այս առումով` տարակարծությունները շատ են: Ոմանք մեկին են նախընտրում, մյուսներն` ուրիշին, և, դժբախտաբար, մարդիկ նույնիսկ պետությունն  են օգտագործում, որ իրենց ուզածներն անեն:

-Շատ է քննադատվել Մեսրոպ Մութաֆյանը` որպես հոգևոր առաջնորդ: Շատերն ասում էին, որ նա համագործակցում էր թուրքական իշխանությունների հետ: Բայց նրա գործունեությանը հետևելով` մենք  նման  տպավորություն  չստացանք, այլ, ընդհակառակը,  նա հայ մարդ էր և ծառայում էր հայկական համայնքին:  Դա ճի՞շտ տեսակետ է, թե՞ սխալ:

-Մութաֆյան սրբազանը հավանաբար հայկական եկեղեցու  ամենալավ պատրաստված սրբազաններից մեկն էր: Ես էլ չեմ հավատում, որ նա հայության դեմ որևէ քայլ կարող էր անել: Նրա հիվանդությունն է հավանաբար տեղիք տվել նման մտայնությանը: 

Ես կուզենամ Մութաֆյան սրբազանի մասին մի անեկտդոտ պատմել: Տարիներ առաջ` 2002թ., Էրդողանի ընկերներից մեկն ինձ զանգահարեց և  ասաց` ուզում եմ Ձեր պատրիարքի հետ հանդիպել: Հարցրեցի` ի՞նչ է պատահել, որ ցանկանում եք հանդիպել նրան: Ասաց` Ձեր պատրիարքը Էրդողանի մոտ է գնացել, Էրդողանն ասում է` մենք ինչո՞ւ այսպիսի կրոնականներ չունենք: Այս ի՞նչ հիանալի կրոնական է:

-Ձեզ հետ շփվելիս  տպավորություն եմ ստանում, որ Ձեր մեջ վառ են մնացել հայկական արմատները, թեև Դուք ծնվել և մեծացել եք թուրքական միջավայրում: Նոր սերնդի հետ շփվելիս նույն տպավորությունը չեմ ստանում: Նրանց մեջ կորո՞ւմ է հայկական մտածելակերպը, սերը Հայաստանի հանդեպ: 

-Իմ և ինձնից առաջվա սերունդը ցեղասպանության մնացորդներն են: Նրանք իրենց կյանքի ընթացքում այնքան դժվարություններ են տեսել հայ լինելու և հայ մնալու  համար, որ իրենց մեջ ավելի է ուժգնացել արմատներին հավատարիմ մնալու ձգտումը: Այսինքն` թուրքի ամեն մի գավազանը, որ զարկել է մեզ, մեր հայությունն ավելի է ամրացրել մեր  մեջ: Եթե Թուրքիան ավելի ժողովրդավար երկիր լիներ, ինչպես Անգլիան է, ԱՄՆ-ն, ապա ձուլվելու վտանգն ավելի մեծ կլիներ: Ժողովրդավարական երկրներում շատ ավելի հեշտ է ձուլվելը: Եթե Թուրքիան դառնա ժողովրդավարական երկիր, նոր սերունդը կկանգնի այդ վտանգի առջև:

-Այսինքն` ավելի լավ է Թուրքիան այսպիսի՞ն մնա:

-Եթե մեր հայ մնալու մասին մտածենք, ապա գուցե ավելի լավ է Թուրքիան այսպիսին մնա: Բայց աշխարհը փոխվել է, համամարդկային, ազգային զգացմունքերն ավելի կարևոր են դարձել: Մեր երիտասարդներն էլ կամաց-կամաց ձգտում են դեպի այդ արժեքները: 

-Եվրոպայում կա տեսակետ, որ եթե Եվրոպան շարունակի նման քաղաքականություն վարել Թուրքիայի նկատմամբ և նրան չընդունի եվրոպական ընտանիք, միգուցե  Թուրքիան գնա դեպի արևելք, դեպի մուսուլմանական աշխարհ, ավելի ուժեղանա և դառնա վտանգ նույն Եվրոպայի համար: Ապագային միտված նման խնդիր կամ նման պատկերացում կա՞:

-Կա: Եվրոպան պետք է ընդունի, որ Թուրքիան այսօր աշխարհի ամենամեծ և տնտեսապես զարգացած երկրներից է և իսլամական երկրների հետ համեմատած` բավականին ժամանակակից, ժողովրդավարական պետություն է: Թուրքիան միակ երկիրն է Եվրոպայում, որտեղ ծնելիությունը բարձր է:

-Հենց այս պատճառով էլ չեն ուզում նրան եվրոպական ընտանիք ընդունել: 

-Նկատի ունեցեք, որ այսօր Գերմանիայում  աշխատող մարդու պակաս կա: Գերմանիան թոշակներ տալուց դժվարանում է, քանի որ աշխատողներն ավելի քիչ են, քան թոշակառուները: Այս դեպքում Եվրոպան, Թուրքիային ընդունելով, նման խնդիրներ չի  ունենա:

-Դուք տեսնո՞ւմ եք Թուրքիային Եվրոպական միության կազմում:

-Կարծում եմ, որ 15 տարվա ընթացքում Եվրոպան Թուրքիային կընդունի իր շարքերը:

-Թուրքիայի ամենամեծ խնդիրներից մեկն էլ քրդական գործոնի ուժեղացումն է Թուրքիայի տարածքում:  Բավականին մեծ թվով քրդեր զբաղվում են մանր և միջին  բիզնեսով, այսինքն` ինտեգրվում են տնտեսություն: Քրդական գործոնը երբևէ կարո՞ղ է լուրջ խնդիրներ առաջացնել Թուրքիայի համար և, ընդհանրապես,  կա տեսակետ, որ ապագայում Քրդաստանն, ամեն դեպքում, ստեղծվելու է: Այս տեսակետը որքանո՞վ է ռեալ: 

-Այժմ քրդերն ապրում են Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում` Դիարբեքիրում, բայց այսօր այնտեղ ապրողներն ավելի քիչ են, քան Ստամբուլում և այլ քաղաքաներում ապրողները: Եթե քրդական հանրապետություն ստեղծվի, Ստամբուլի քուրդը կտեղափոխվի՞ Դիարբեքիր: Ես, անձամբ,  չեմ հավատում: Ես կարծում եմ, որ քրդերը ինքնավարություն են ուզում, ուզում են ավելի ազատ լինել և կարողանալ իրենց ժողովրդավարական իրավունքներն օգտագործել` իրենց լեզուն սովորեցնել և այլն: Քրդերի 1-2 տոկոսը կցանկանա Քրդաստան ստեղծել, իսկ մնացածը ձգտում է ավելի հավասար պայմանների: Թուրքիան պետք է հիշի, որ 80 տարվա ընթացքում քուրդը քուրդ մնաց, չթրքացավ: Նրա միակ ելքը ժողովրդավարությունն է: 

-Շատ խոսվեց Վանի Սուրբ Խաչ եկեղեցու մասին: Արդյո՞ք պետք էր, որ հայերը մասնակցեին: Դա շոո՞ւ էր Թուրքիայի կողմից, թե՞ ոչ:

-Ես կարծում եմ, որ շոու էր, բայց չեմ մեղադրում այդ շոուն անողներին, որովհետև պետություններն առաջնորդվում են  իրենց շահերով: Եթե պետությանը շոու է պետք, ապա շոու է կազմակերպում:

-Կուզենայի խոսենք հայ-թուրքական հարաբերությունների մասին: Կարծես թե մի պահ էր եկել, երբ բոլորը հավատում էին, որ բացվելու է հայ-թուրքական սահմանը, նորմալ դիվանագիտական հարաբերություններ ենք ունենալու: Դա միանգամից ձախողվեց և պետք է նկատել, որ Թուրքիայի կողմից: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը արեց նաև ավելին, որպեսզի հարաբերությունները կարգավորվեն և տարածաշրջանում խաղաղություն ստեղծվի: Բայց թուրքերը միանգամից փակեցին բանակցությունների դուռը և քաշվեցին հետ: Ինչո՞ւ:

-Ես չեմ կարծում, որ այդ դուռը միանգամից փակվեց: Բասկետբոլի մեջ մի խոսք կա` Time Out: Հիմա մենք Time Out-ի վիճակի մեջ ենք:

Թուրքիան իր դժվարություններն ունի: Առաջինը` Ադրբեջանից սպասելիքներ ունի նավթի հետ կապված, Թուրքիան ուզում է նավթի և գազի ճանապարհ լինել Եվրոպայի և Միջին Ասիայի միջև: Հետո` հայության հանդեպ արված որևէ լավ արարք ընդդիմադիրների կողմից օգտագործվում է իշխանության դեմ: Պետք է ընդունել, որ Թուրքիայի ժողովուրդը դեռ պատրաստ չէ հայերի հետ շատ մտերիմ հարաբերություններ ունենալու: Կարծում եմ, որ մինչև հուլիս ամիսը, ինչ-որ բան պետք չէ սպասել, քանի որ ԱԺ ընտրություններ պետք է լինեն:

-Դուք հավատո՞ւմ եք, որ մի օր սահմանը կբացվի և նորմալ հարաբերություններ կունենանք:

-Հնարավոր չէ ժամանակագրական առումով ասել: Պետությունները մշտապես թշնամիներ և բարեկամներ չեն կարող մնալ: Կարող է մի օր Թուրքիան և Հայաստանը պայքարեն Ադրբեջանի դեմ կամ Ադրբեջանը և Հայաստանը` Թուրքիայի դեմ: Կարծում եմ, որ չորս-հինգ տարվա ընթացքում բավականին առաջխաղացումներ կլինեն:

-Վտանգ չե՞ք տեսնում, որ Գյուլը և Էրդողանը  կորցնեն իշխանությունը և իշխանության գան քեմալականները, որոնք հաստատ չեն գնա հարաբերությունները կարգավորելու ճանապարհով:

-Կարծում եմ` Գյուլն ու Էրդողանը ևս 4 տարի  իշխանության գլուխ կմնան:

Սուսաննա Թամազյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...