03:16
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Իսկ վերնագիրը վերջում

2013-02-27 11:08

«Դե Ֆակտո» 28 (2008թ.)

ՙԴե Ֆակտո՚-ի հարցերին պատասխանում է Սոնա Վանը:

 Սիրելի Սոնա, քո այցելությունները հայրենիք միշտ են բեղմնավոր (ՙՆարցիս՚, ՙՑոլքեր՚, ՙՓոքրիկ իշխան՚ մրցանակաբաշխություններ, հանդիպումներ, ելույթներ), բայց այս անգամ այն առավելապես պտղաբեր եղավ: ՙԵս անուն չունեմ՚ գրքի թարգմանությունը վրացերեն լեզվով և վրաց ընթերցողի տաք արձագանքը, որը կջերմացներ ցանկացած գրողի սիրտ: Արտակ Համբարձումյանի անվան գրական մրցանակը` սևակյան օրերի շրջանակում: ՙՀայկական պոեզիայի օրերը՚ Վրաստանում ՀԳՄ պատվիրակության կազմում, և գրքիդ շնորհանդեսները Թբիլիսիում, Գորիում և Բաթումիում: Այնուհետև արտերկրում ապրող հայ գրողների համագումարը, որտեղ արժանացար Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալին: Ինչպե՞ս կարժևորեիր այս համագումարը և ընդհանրապես ի՞նչ զգացողություններով ես մեկնում Հայաստանից:

Զգացողություններս տաք են այն ջերմության չափով, որին արժանացած արվեստագետը ոգևորությամբ է սնվում ու ես այդ առումով բացառություն չեմ: Լավ է երբ գնահատված ես, հատկապես քո կոչման տարածքում, որտեղ ինքդ քեզ դրել ես անմնացորդ: Փրկվում ես վատնված լինելու զգացողությունից, հասկանում ես, որ պետք ես, սպասված ես, պահանջված ես: Չկա ավելի հաճելի զգացողություն: Թեպետ ամենևին չէի սպասում (չափանիշների, կոչումների և մրցանակների` չարաշահման մթնոլորտը հաշվի առնելով), բայց ասեմ, որ անկեղծորեն ու արժանավայել ձևով ընդունեցի պետության ու նախարարության բարձրագույն այդ պարգևը: Մեդալը էսթետիկորեն ևս շատ չքնաղ էր ու կցանկանայի շնորհավորել այն նախագծողին: Գիտեմ, որ այն համաձայնեցված է ՀԳՄ-ի հետ, և սա ևս արժևորում է մրցանակը:

Համաժողովը, կարծում եմ, հրաշալի միջոցառում է, եթե հաշվի առնենք այն երևակայական տեսլականը, որ այն կրկնակի քաղաքակրթություններ կրող գրողների համահավաք էր: Կամ` կարող էր այնպիսին լինել, որտեղ կհնչեին ժամանակակից գրականության էությանն ու գլոբալ միտումներին վերաբերող ելույթներ ու կբաժանվեինք ոչ միայն սենտիմենտալ հիշողություններով (թեպետ, սա ևս կարևոր է), այլ ինչ-որ չափով մշակութաբանորեն փոխ-հարստացած: Ցավոք գրողներին այս անգամ ևս հաջողվեց ճարպկորեն շրջանցել գրականությունը: Հուսանք, որ հաջորդ անգամ այն այլ ընթացք կունենա և կամ պետք է համակերպվել այս հավաքների ՙբացառապես ընկերային՚ նպատակին, թուլանալ-հանգստանալ ու վայելել միմյանց ներկայությունը: Իմ լսած ելույթներից ամենանշանակալիցը պաշտպանության նախարար` Սեյրան Օհանյանի ելույթն էր, որտեղ նա խոսքը զուգահեռում էր ամենահզոր զենքի հետ, դրան տալով պետական ապահովության ուժ: Ուրախ եմ, որ մեր իշխանավորների մեջ այնուամենայնիվ կա°ն խոսքի ուժն ու գրողի դերը կարևորող խոսքի կրողներ: Գեներալը խոնարհումով եկել էր մեծարելու գրողներին, որպես հասարակության բարոյական առաջնորդների և, մանավանդ, Երվանդ Ազատյանին` իր իրապես գրական մեծ վաստակի համար: Հիշենք Նապոլեոնի խոնարհումը Գյոթեին և նրա խոսքը` ՙահա մարդը՚: Տա Աստված, որ վարակիչ լինի այս կեցվածքը:

 Որպես պատվավոր հյուր մասնակցեցիք նաև ՙՈսկե ծիրան՚ կինոփառատոնին: Ինչպե՞ս կզուգահեռեիք այս երկուսը: 7-օրյա կարճատև մշակութային իրադարձությունները կարո՞ղ են ինչ-որ բան փոխել:

7 օրն այնքան էլ կարճ ժամանակահատված չէ: Աստված այդ ընթացքում հասցրեց արարել աշխարհը, ու դեռ մեկ օր էլ հանգստանալ: Կարճատևությունը խնդիր չէ ընդհանրապես, եթե այն զուգակցվում է ինտենսիվությամբ ու նպատակայնությամբ: Ամենաճակատագրական ու ամենահաճելի զգացողություններն անգամ կարճատև են: Անակնկալ հակիրճ հովը, որն անցնում է բթացնող տապի միջով, այնուամենայնիվ, կենդանացնում է մարդուն: Բանաստեղծությունը կարճատևության ու ինտենսիվության խաչաձևումն է` մտքի ու երևակայության հանդիպման կարճատև պահի մեջ: Ցավոք գրողների համագումարի ժամանակ ինտենսիվության ու նպատակամղվածության պակասի պատճառով էր, որ չստացվեց հավաքին բանաստեղծական ուժ հաղորդել: Նաև ու երևի ամենից առաջ, հավաքված գրողների զգալի մասի ստեղծած գրականության չափի ու ասելիքի ՙհամեստության՚ պատճառով:

Կինոգործիչների առումով Հարություն Խաչատրյանը ավելի շահեկան վիճակում էր հայտնվել: Հավաքվել էին աշխարհի լավագույն մտածողներն ու տեսնողները: Այստեղ չկար հայ լինելու սահմանափակող հանգամանքը, և չափանիշը արվեստն էր ու տեսլականը: Ես կարծում եմ, որ ՙկերպարի այս որակներին՚ գրավել էր նաև իր` Հարությունի կերպարը, որպես փոքր քաղաքի նյութեղեն, քարեղեն հեղձուկում ոգեղեն գեղեցիկով աշխարհը փրկելու հեքիաթին հավատացող մեծ մանկան է նման, այլապես դժվար է հավատալ, թե ինչը կարող էր ժամանակակից կինոյի առումով առանձնապես ոչնչով չփայլող Հայաստան բերել այսքան մեծ թվով հայտնի բեմադրիչների: Կինոն, որպես ամենաարագ և մասսայական ազդեցության միջոց, որպես բոլոր արվեստների սինթեզ ամենից ունակն է այսօր գլոբալ առումով մարդու մտքի ու սրտի մեջ ինչ-որ բան փոխել ու հենց այդ պատճառով էլ անփոխարինելի է նրա արժեքը: Վաղվա ֆիլմից է կախված վաղվա հերոսի կերպարը, այն, թե դեպի ո՞ւր է տանելու ծնողասպան սերնդի հորինած նոր նավը: Կայսրություններ, որ ժամանակին չեն նկատել ու շրջել բարոյական խեղաթյուրման, նյութի ու հեշտամոլության ընթացքի կործանարար բնույթը` այսօր չկան:

 Ասում են` արվեստը կփրկի աշխարհը, մինչդեռ թվում է: Դա ավելի շուտ կրոնի պարտականությունը չէ՞: Ինչպես ես պատկերացնում աշխարհի փրկությունը արվեստի միջոցով:

Արվեստն աշխարհը փրկել է կրոնից դեռ շատ առաջ: Քարանձավային ժայռապատկերները հոգին փրկելու փորձեր են, գեղեցիկով վեհանալու, շրջակա աշխարհի և սեփական ներաշխարհի անհասկանալի քաոսը ծեսի, ռիթմիկ, կանխատեսելի շարժումներով, նախշով, հնչյունով ու գույնով հավասարակշռելով հոգևորի բնատուր ծարավը լրացնելու նախնական ձև: Կրոնը եկավ ավելի ուշ, երբ կարիքը կար մարդկային բարոյականության նոր չափանիշների, թեպետ մինչև իսկ բարոյականության հաստատման համար ևս արվեստի դերը պակաս չէ. հատկապես գրականության, որն ի սկզբանե ծառայել է հոգու էվոլուցիային, գործելով հոր և որդու միջև, լինելով մարդու և հասարակության հարաբերության հիմքում, մարդու և աշխարհաճանաչողության խորքում: Մարգարեն գրող է եղել իր խորքում և հենց գրող-մարգարե տեսակի կորուստն է, որ բերել է այսօրվա տխուր իրականությանը: Գրողի նոր տեսակը, որը վախի վաճառական է, ոչ թե փրկության (պարզապես որովհետև ավելի եկամտաբեր է վախը սնող գրականությունը) այսօր մեծ դեր ունի ծնողասպան սերդի գոյության, ժամանակակից դեպրեսիայի, մենության համաճարակի մեջ: Ճշմարիտ գրականությունը զարգացնում է անհատական հոգին այնպես, որ այն կարողանա մուտք գործել մեկ ուրիշի տառապանքի տարածքի մեջ, դառնալով սոսինձը ես-ի և բոլորի միջև, այդպիսով իսկ փրկելով մարդուն` մենության զգացողությունից: Այն մարդուն տալիս է ապրելու և բարոյականության պատրաստի մեխանիզմ, զգայական փորձարկված համակարգ, առանց որի ցանկացած նոր զգացողություն կարող է փսիխոզի տանել մարդուն, նրան մատնել քաոսի զգացողության:

Ճիշտ է, որ արվեստը, որպես փրկության ճանապարհ անցնում է հաճույքի ու զգայությունների միջով (ի տարբերություն կրոնի, որն անցնում է զրկանքի ու մեղքի տարածքով), բայց նպատակը միևնույնն է` հոգու էվոլուցիան ու փրկությունը: Արվեստը, հատկապես գրականությունը, փրկության ճանապարհից հաճույքի առարկա դարձնելը, իմ կարծիքով, մարդկության կոլեկտիվ գիտակցության ամենամեծ սխալներից մեկն է և ժամանակն է, որ նորից ընդգծվի դրա առաքելությունը, որպես փրկության ճանապարհ, որ վերականգնվի գրող-մարգարե տեսակը և գրականությունը վերածվի նորօրյա վանքի: Սա կտանի գրողի և վարչակազմի առավել առողջ համագործակցության, առավել առողջ հասարակարգի, կստեղծվի զուգահեռ դրախտ երկրի վրա:

Սա գուցե դուր չգա երկնային դրախտի վաճառականներին, բայց գրականության նպատակը ոչ թե որոշ, այլ բոլո°ր հոգիների փրկությունն է: Այսօ°ր, քանի դեռ իշխանության չի հասել բթացած զգայարաններով ծնողասպան երեխաների սերունդը: Սա սպառնալի, ահազանգող ճշմարտություն է: ՙԵրանի նրան, ով հավատում է առանց տեսնելու՚, իսկ մնացածի համար փրկության ճանապարհը անցնում է արվեստի միջով:

 

 Ի՞նչ է ճշմարտությունը պոետի համար:

 

Ճշմարտությունը կոնկրետ հարաբերություն է իրականության հետ: Ձկան ճշմարտությունն այլ է թռչնի իրականությունից, հետևաբար այս դիտակետից է կախված շատ առումներով: Պոետիկ ճշմարտությունը ապրում է միայն տվյալ բանաստեղծության տարածքի ու ժամանակի սահմաններում, այն երբեք վերջնական չէ, որ լիովին համապատասխանում է գրողի փիլիսոփայությանը:

Ճշմարտությունը այստեղ ավելի շատ ենթարկվում է տողի տրամաբանությանը, քան թե կենսագրությանը, խորը հավատամքին կամ փիլիսոփայությանը:

Բանաստեղծությունը բարոյախոսություն չէ և գրողը հաճախ մի այլ գործի մեջ քանդում է այն, ինչ խնամքով կառուցել էր նախորդի մեջ: Ստեղծագործությունը ապրելու պես քմահաճ ու անկանխատեսելի պրոցես է ու լավ է, որ այդպես է, քանի որ հակառակ դեպքում ձանձրալի կլիներ նույն գրողին նորից կարդալը:

 Վերջերս շատ է ՙմեղադրվում՚ գլոբալիզացիան: Մշակութային առումով արդյո՞ք այն վտանգ է իրենից ներկայացնում:

Գլոբալիզացիան նոր երևույթ չէ, այլ նոր թափ է ստացել առաջին գնացքի հայտնագործումից հետո ու գնալով արագանում է ոչ թե թվաբանական, այլ երկրաչափական պրոգրեսով: Գիտա-տեխնիկական մտքի ու ձեռքբերումների հաջորդական էվոլուցիոն էտապն է սա և ճիշտ չէ այն միանշանակ որպես բացասական երևույթ պիտակելը: Այն, որ գլոբալիզացիան մոլորակի վրա պատվարներն ու սահմանները քանդելու համագործակցության միջոց է, արդեն իսկ դրական, բուժիչ երևույթ է, ու գրողը չի կարող հակադրվել այս երևույթին, որը իդեալական պայմաններում պիտի տաներ դեպի աշխարհի հարստության համահավասարեցմանը` հաղորդակից անոդների օրենքով, փոքրացնելով անջրպետը հարուստի և աղքատի միջև, մի բան, որ երազել են բոլոր մարդասեր մտքերը:

Ցավը նրանում է (որը կարելի է անվանել որպես գլոբալիզացիա կոչվող դեղանյութի կողմնակի վատ ազդեցություններից մեկը), որ պրոցեսը կատարվում է ոչ թե ըստ բնության օրենքների կամ հաղորդակից անոդների, այլ հարստության օրենքով և մթության մեջ: Նոր օրերի ծովահենների պես մուլտի-նացիոնալ կորպորացիաները համագործակցելով կաշառված տեղային իշխանավորների հետ, թալանում են աղքատ երկրի բնական հարստությունները` առավել խորացնելով վիհը` հարուստի և աղքատի միջև: Սա կապիտալ ՙսահմաններ չճանաչող՚ բնույթի և մարդկային բարոյականության խնդիրն է արդեն և ոչ թե գլոբալիզացիայի` որպես բնականոն էվոլուցիոն էտապ: Վտանգը նրանում է, որ մարդկային մտքի և երևակայության աննախադեպ աճը չի զուգորդվում մարդկային հոգու և բարոյականության նույնատիպ աճով: Մեծ ազատությանը, ինչպես և մեծ իշխանությանը` մեծ բարոյականություն է պահանջվում, այն չչարաշահելու, զսպվածության մեխանիզմը պահպանելու համար: Հակառակ դեպքում, այն չարիք կարող է դառնալ աշխարհի համար, ինչպես որ տեսնում ենք:

Գրականության դերը անփոխարինելի է այս նոր էտապում, նոր մարդկային տեսակ, նոր հերոս պատրաստելու գործում: Սա այն պահն է, երբ սրտի բուժումը հնարավոր չէ այլևս, այն պետք է փոխարինել գրական նոր տրանսպլանտով:

Ինչպե՞ս փոխել ծնողասպանության գնացող զավակի սիրտը: Այսպիսին է գրականության մարտահրավերն այսօր: Ինչպե՞ս փրկել մոլորակը` կոլեկտիվ փսիխոզից: Ինչպե՞ս համակցել տիեզերքում սեփական ուղեծրերով ազատ թափառող հոգիները: Մարդկային ուղեղի մեջ բջիջները միմյանց միացնող նյութը ներոտինն է: Սա է փրկում մարդու միտքը` փսիխոզից: Հասարակության մեջ այդ նյութի դերը կատարում է արվեստը` գրականությունը: Մի՞թե ավելի մեծ պիտի լիներ գրականության առաքելությունը, որպեսզի այն դիտվեր որպես փրկության հրատապ միջոց, որպեսզի իշխանությունների ուշադրությանն արժանանար այն. որպեսզի գրողը, հատկապես տաղանդավոր գրողը, գիտակցեր իր արարքի վտանգն ու արժեքը` հոգիների փրկության առումով:

 Գիտեմ, որ շատ ես կարդում: Ո՞ր գրական հերոսի մեջ ես ամենաշատը տեսնում ինքդ քեզ:

Երևի Դոն Քիշոտ: Ապրում եմ` հավատալով ռոմանսին ու ասպետականությանը, մի տեսակ հաճելի փսիխոզի մեջ ասես կյանքում կես-արթուն, իրականի ու երևակայականի սահմանի վրա` երբեմն կյանքն ու կարդացածս չզանազանելով: Տարբերությունն այն է, որ իմ կողքին ոչ թե իրատես Սանչոն է, այլ մեկ այլ Դոն Քիշոտ, որը ոչ թե իրականության է կոչում ինձ, այլ ընդհակառակը, ինձ հավաստիացնում է իմ ցնորքների մեջ: Այս վիճակն ինձ համար հետաքրքիր գրական խայծ է ու բացառված չէ, որ իմ ինքնակենսագրական վեպը մի օր Դոն Քի-Սոն կոչվի:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...