01:11
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՙՔաղաքապետ ընտրվելուց հետո իմ խնդիրն եմ համարել տարիներով հաստատված ավանդույթները պահպանել, և եղածին նորը ավելացնելը՚

2013-02-04 14:24

«Դե Ֆակտո» N80

Նելսոն Ոսկանյան` Գորիսի քաղաքապետ

-Պարո’ն Ոսկանյան, արդեն շուրջ 12 տարի է, ինչ Գորիսի քաղաքապետն եք: Մեծ վստահություն և հեղինակություն ունեք  բնակչության շրջանում: Այս տարիների ընթացքում ինչպիսի խնդիրներ եք հասցրել լուծել:

-2000թ. քաղաքապետարանի առջև դրված էին բազում խնդիրներ: Առաջին մեծ խնդիրը այն էր, որ կուտակված էին քաղաքապետարանի և նրա ենթակառույցների 1.5 տարվա աշխատավարձերի պարտքերը: Կառավարման տեսակետից քաղաքաշինական բոլոր կոմունիկացիաները գրեթե գտնվում էին անմխիթար վիճակում, իսկ ներհամայնքային կառույցները, մշակույթը, սպորտը կարծես թե գոյատևում էին: Այս 12 տարիների ընթացքում մեծ աշխատանքներ կատարվեցին ինչպես կազմակերպչական տեսակետից, այնպես էլ բովանդակային ու ֆինանսական ուղղություններով, բարձրացվեց ներհամայնքային կազմակերպությունների գործունեության կանոնադրական պարտականնությունների իրականացումը տեղական ինքնակառավարման պատվիրակված, կամավոր և պարտադիր լիազորությունների շրջանակներում: Ներհամայնքային կազմակերպություններին ավելացան նորերը` ունեցանք Ալբերտ Օրդյանի անվան շախմատի դպրոց, վերագործարկվեց երկրագիտական թանգարանը, բացվեց Ս. Խանզադյանի անվան տուն-թանգարանը և քաղաքային պատկերասրահը: Ամեն տարի վերանորոգվում են նախակրթական հաստատություններ, սպորտ-հրապարակներ, դահլիճներ, բարելավվում է փողոցների ասֆալտապատումը, լուսավորությունը: Մեծ աշխատանքներ են տարվել ջրամատակարարման, ջրահեռացման, ոռոգման ցանցերի հիմնանորոգման ուղղությամբ: Այսօր իշխանությունների հիմնական ուղվածություններից մեկը քաղաքաշինությունն է` իր քաղաքաշինական ֆոնդերով, պատմամշակութային ժառանգությունով և տուրիստական գոտիների զարգացումով:

-Տնտեսության որ ճյուղերն են առավել զարգացած Գորիս քաղաքում:

-Պիտի ասեմ՝ եկա քաղաքապետարան, երբ մեր երկրում անցման շրջան էր և որպես քաղաքապետ՝ իմ առջև խնդիր դրեցի լիազորություններիս և հնարավորություններիս սահմաններում աջակցել նոր տնտեսական հարաբերությունների ձևավորմանը: Գորիսում նախկին արտադրական ձեռնարկություններն այլևս չկային, հարկավոր էր ճանապարհ հարթել նոր տնտեսական հարաբերությունների ձևավորման համար: Ես՝ որպես քաղաքապետ, ամեն հնարավորն արեցի, որ հատկապես փոքր ձեռներեցությունը Գորիսում զարգանա: Չեմ հիշում մի դեպք, երբ որևէ գորիսեցի հանդես է եկել ձեռներեցությամբ կամ որևէ նախաձեռնությամբ, և քաղաքապետարանը խոչընդոտել է նրան: Այսօր կարող եմ ասել, որ այդ խավը Գորիսում կայացել է, դա ակներև է և քաղաքապետարանի ֆինանսական մուտքերում, և այն բանում, որ որոշակի աշխատատեղեր են ստեղծվել: Քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ արել է, որ երբեմնի արտադրական ձեռնարկությունների գործունեությունն ինչ-որ չափով վերականգնվի: Քաղաքի գլխավոր ձեռնարկության՝ ՙՈրոտան ՀԷԿ՚ համակարգի կողքին ունենք մասնակի աշխատող երեք ձեռնարկություն՝ Գորիսի ՙԳամմա՚ ԲԲԸ, ՙԶանգեզուր՚ տեքստիլ կոմբինատը, ՙՄիկրոշարժիչ՚ գործարանը: Գործում են մի քանի արտադրություններ, որոնք նյութեր են մատակարարում շինարարական կազմակերպություններին:

-ՀՀ կառավարության ծրագրի գերակա ուղղություններից է տուրիզմի զարգացումը երկրում: Ի՞նչ մակարդակի վրա է տուրիզմը Գորիսում, զարգացման ինչպիսի՞ ծրագրեր և հեռանկարներ կան:

-ՀՀ կառավարության որոշմամբ  2011-ին Գորիս քաղաքը հայտարարվել է զբոսաշրջային կենտրոն, և հաստատվել է Գորիսի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները և գերակա խնդիրները: Դրանք են՝

Գորիս քաղաքը միջազգային չափանիշներին համապատասխանող, տարվա 4 եղանակի զբոսաշրջային կենտրոն դարձնելը՝  զարգացնելով այն որպես մշակութային, այլընտրանքային և արկածային, Էկոլոգիական զբոսաշրջության կենտրոն, համահայկական, ինչպես նաև միջազգային մանկապատանեկան և երիտասարդական ճամբարատեղի: Զբոսաշրջային կենտրոնի զարգացումը կպլանավորվի և կիրականացվի այնպես, որ   տեղի մշակութային ժառանգությունն առաջին հերթին կարժևորվի և պատշաճ կերպով կպահպանվի հենց տեղի բնակչության կողմից, զբոսաշրջային կենտրոն, որտեղ հենց համայնքի անդամներն ավանդական եղանակներով կներկայացնեն նախնիներից իրենց հասած ժառանգությունը՝ միաժամանակ զարգացնելով սպասարկման, հյուրընկալության, առևտրի, հուշանվերների արդյունաբերության ոլորտները և  ստեղծելով եկամուտների այլընտրանքային աղբյուրներ:

-Խոսենք մի փոքր քաղաքի կրթամշակութային կյանքի մասին: Գորիսում գործում են ՀՀ պետական ԲՈՒՀ-երի մասնաճյուղեր, ինչպիսի՞ն է ուսման մակարդակը քաղաքում:

-Քաղաքապետ ընտրվելուց հետո իմ խնդիրն եմ համարել և տարիներով հաստատված ավանդույթները պահպանել, և եղածին  մի բան ավելացնել: Թեև կրթական համակարգն ինչ-որ չափով առնչվում է տարածքային կառավարման մարմնին՝ մարզպետարանին, բայց ջանացել ենք տասնամյակներով կուտակված ներուժը, կադրային բազան ոչ միայն պահպանել, այլև ընդլայնել ուսուցանվող մասնագիտությունների ցանկը: Նաև մեր առաջարկության շնորհիվ Երևանի ճարտարագիտական համալսարանի Գորիսի մասնաճյուղը վերածվեց Գորիսի պետական համալսարանի, իսկ նոր կարգավիճակը հնարավորություն է ընձեռել նոր մասնագիտություններ ուսուցանել բուհում: Այնպես որ Գորիսը՝ որպես կրթական կենտրոն, շարունակում է և շարունակելու է տարածաշրջանին բարձրորակ կադրեր մատակարարելու տասնամյակներով ձևավորված իր առաքելությունը: Գորիս քաղաքում գործում են՝ 2 պետական ԲՈՒՀ, 2 քոլեջ, 2 ավագ դպրոց, 5 հիմնական դպրոց, 7 նախակրթարան, 5 արտադպրոցական հաստատություններ / 2 երաժշտական դպրոց, արվեստի դպրոց, շախմատի դպրոց, սպորտ դպրոց/:

-Երիտասարդների զբաղվածությունն ու ժամանցը կազմակերպելու նպատակով ինչպիսի մշակութային և ժամանցային կենտրոններ կան քաղաքում:

- Երիտասարդության շարժիչ ուժը ուսանողությունն է: Համայնքում իրականացվող սպորտային, մշակութային, տոնական, հիշատակի միջոցառումներին, փառատոններին, ընդգրկվում են երիտասարդները:Քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում են մշտապես գտնվում երիտասարդության ռազմահայրենասիրական ու ֆիզիկական դաստիարակությունը, զբաղվածության կարգավորումը, ազատ ժամանակի և հանգստի խելամիտ կազմակերպումը, երիտասարդ ընտանիքների հիմնախնդիրների լուծումը: Գորիսում գործում են ակտիվ երիտասարդական հասարակական կազմակերպություններ՝ ՙՖրանսախոսության մշակութային կենտրոն՚, ՙԴավիթբեկյան ուխտեր՚, ՙԳորիսի երիտասարդական միություն՚, ՙԳորիսի զարգացման կենտրոն՚  և այլն, որոնք իրենց գործունեությամբ նպաստում են երիտասարդների ակտիվ ությանը՝ կազմակերպելով ժամանցային, մշակութային միջոցառումներ: Գորիսում գործում են մշակութային կառույցներ՝ Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն, Ակ. Բակունցի անվան տուն- թանգարան, Սերո Խանզադյանի անվան տուն-թանգարան, Երկրագիտական թանգարան, Քաղաքային պատկերասրահ, Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոն, որոնք իրենց գործունեությամբ  ակտիվացնում են քաղաքի մշակութային կյանքը և երիտասարդների առօրյան:  

-Վերջին տարիներին Հայաստանում լուրջ ուշադրություն է դարձվում նաև սպորտի զարգացմանը: Այս մասով Գորիս քաղաքի հետ կապված ինչ կասեք: Սպորտդպրոցներ, առավել տարածված սպորտաձևեր կան արդյոք:

-Գորիսը մարզական լավագույն ավանդույթներ ունեցող քաղաք է: Այստեղ գործում են 2 մանկապատանեկան մարզադպրոցներ, շախմատի դպրոց և Հայաստանի շախմատի ակադեմիայի մասնաճյուղը, որոնցում ընդգրկված են շուրջ 550 դպրոցականներ: Ամեն տարի կազմակերպում և անցկացնում ենք տարբեր մարզական և ավանդական միջոցառումներ: Մասնակցում ենք Հայաստանի ֆուտբոլի պատանիների առաջնությանը, մեր ըմբիշները ամեն տարի մասնակցում են տարբեր միջազգային մրցումների ու հուշամրցաշարերի: Պատանիների շրջանում մեծ մասսայականություն է վայելում նաև շախմատ մարզաձը, որը պայմանավորված է վերջին տարիներին միջազգային արենաներում  հայ շախմատիստների փայլուն ելույթներով: Մեր պատանի շախմատիստները մասնակցում են մարզային և հանրապետական առաջնություններին, և այստեղ ևս արդեն արձանագրել են  որոշակի ձեռքբերումներ: Այսուհանդերձ այս ոլորտում ևս դեռ  ունենեք  բացթողումներ ու անելիքներ….

-ՙԴե Ֆակտո՚ ամսագրի կողմից ՀՀ Սյունիքի մարզպետը ճանաչվել է ՙ2012-ի Տարվա մարզպետ՚: Կխնդրեի Ձեր գնահատականը Սուրեն Խաչատրյանի գործունեությանը` որպես մարզպետ:

-Անկախ տնտեսական, վարչական բնագավառի իմ գործունեությունից` երկու տասնամյակից ավելի է մենք աշխատում ենք անկախ Հայաստանի` թե° տնտեսական, թե° քաղաքական համակարգում: Կան սկզբունքներ, որոնք դրված  են ղեկավար պաշտոնի հիմքում: Դրանք նրբանկատորեն և հետևողոկանորեն մեր համագործակցության հիմնական սկզբունքներն են՝  լինել մասնագետ, ունենալ մարդկային բարձր  հատկություններ, օժտված լինել կատարողական բարձր ցուցանիշներով: Շնորհավորում ենք ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին ՙԴե ֆակտո՚ ամսագրի կողմից ՙ2012թ. Տարվա մարզպետ՚  ճանաչվելու առթիվ և մաղթում ենք անսպառ եռանդ, ամենայն բարիք ու սպասում  ավելին:

-Առջևում նախագահական ընտրություններն են: Ձեր դիրքորոշումն ու սպսելիքներն այս ընտրություններից:

-Ինչ վերաբերվում է ընտրություններին, ապա կարող եմ ասել, որ մեր սպասելիքները բխում են մեր կատարած և կատարելիք աշխատանքներից: Ինձ թվում է` տարիների ընթացքում կատարած աշխատանքին ժողովուրդը կտա իր գնահատականը:

 Հարցազրույցը` Թեհմինա Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...