20:26
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հողն ու այգին ծարավ թողնել չենք կարող, եթե նույնիսկ ջրօգտագործողը դժվարանում է ժամանակին վճարել

2020-09-03 12:29

 
«Դե Ֆակտո» N 03/154 (03/2020թ.) 

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է «Էջմիածին» ՋՕԸ տնօրեն ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Արամ Սարգսյանը շուրջ 1 ամիս է «Էջմիածին» ՋՕԸ տնօրենն է: Մասնագիտությամբ տնտեսագետ, կառավարման մասնագետ է, երկար տարիներ աշխատել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում` առաջին կարգի մասնագետից մինչև բաժնի պետ: Երկար տարիներ եղել է համայնքային ծառայության բաժնի պետ, ապա տեղափոխվել «Էջմիածին» ՋՕԸ:

-Պարո՛ն Սարգսյան, ինչպիսի՞ խնդիրների բախվեցիք ստանձնելով աշխատանքը և ինչպե՞ս եք դրանք կարողանում լուծել:


-Աշխատանքային գործունեության մեջ խնդիրներն ավելի վառ են արտահայտվում, աչքի ընկնում, քան նախարարության սենյակում նստած: Խնդիրները շատ են, բազմազան: Ցանկացած խնդիր լուծելու համար, նախ այն պետք է հասկանալ: Մեկ ամիսը, թեև այնքան էլ մեծ ժամանակ չէ, սակայն խնդիրները հասկանալու համար լիովին բավարար եղավ: Խնդիրները հստակեցված են, մնում է գտնել դրանց լուծման ճանապարհները: Ամեն ինչ կանենք դրական արդյունք ապահովելու համար, դրանից շահելու է և՛ հողագործությամբ զբաղվող մարդը, և՛ պետությունը: Երբ առաջին անգամ ոտք դրեցի հիմնարկ, արդեն կնքված էր շուրջ 5500 հա-ի պայմանագիր: Այսօր արդեն կնքված է
6400 հա-ի պայմանագիր: Մեր աշխատանքային խմբերն այս պահին տարածքներում են, տեղում պայմանագրեր կնքելու համար:

-Կարողանու՞մ եք ջուրը ժամանակին ու բավարար չափով հասցնել հողագործին:

-Ջրի խնդիր այս ամառ չենք ունեցել: Ջուրը ստանում ենք Սևան-Հրազդան ջրառից, Քասախ գետից, Ռանչպարի պոմպակայաններից ու ինքնահոս եղանակով: Ունենք նաև սեփական, շուրջ 160 գործող խորքային հորեր և 8 պոմպակայան, որոնք ապահովում են ոռոգման ջրի 30 տոկոսը: Ոռոգման խնդիր այսօր չունենք, նույնիսկ անցած տարի, մեր ունեցած տվյալներով, նման խնդիր չի եղել: Կա ջրի ճիշտ կառավարման և հողագործին այն ճիշտ ճանապարհով հասցնելու խնդիր: Մեծ է ջրի կորուստը: Ամենօրյա ռեժիմով 4-5 տրակտոր տարբեր համայնքներում իրականացնում են առուների մաքրման աշխատանքներ: Ցավոք այս խնդիրը թույլ չի տալիս ջուրն ավելի մատչելի ճանապարհով տեղ հասցնել, 42-49 տոկոս ջրի կորուստ ենք գրանցում: Այս մեկ ամսվա ընթացքում ջրօգտագործողների կողմից որևէ դժգոհություն չի եղել, հակառակը, բազմաթիվ են շնորհակալական խոսքերը մեր բնակիչների կողմից:

-Ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում:


-Օգոստոսի 1-ից սկսվելու են հիմնանորոգման աշխատանքներ: Շուրջ 18 ամիս նախատեսվող բավականին մեծ ծավալի աշխատանքների ընթացքում 16 համայնքում կառուցվելու կամ վերակառուցվելու են շուրջ 45 կմ ջրագծեր: Ծրագիրը կարժենա 325 հազար դոլար: Ֆինանսավորման 90 տոկոսն իրականացվելու է Եվրասիական բանկի, 10 տոկոսը` համայնքի միջոցներով: Նախատեսվում է նաև միջտնտեսային մոտ 55 կմ երկարությամբ ջրանցքների վերանորոգման աշխատանքներ` բացառապես ԵԲ ֆինանսավորմամբ` 445000 դոլար աբանկրժողությամբ: Այդ ընթացքում կունենանք այլընտրանքային ոռոգման տարբերակներ, որպեսզի շինարարական աշխատանքները չդադարեն:


-Ընկերության գործունեության արդյունքները Ձեզ գոհացնու՞մ են:


-Ընկերության գործունեության լավ արդյունքը գրանցվում է կոլեկտիվի բարեխիղճ և հետևողական աշխատանքի շնորհիվ: Եթե ջրօգտագործողը բարեխղճորեն կատարի վճարումները, ապա խնդիրներ չեն լինի: Սակայն, համավարակով պայմանավորված հողագործը դարձել է պակաս վճարունակ, ինչն ազդում է նաև մեր գանձումների գործընթացի վրա: Այս պահին գանձումները գոհացուցիչ չեն: Արդեն մեկ շաբաթ է ամենօրյա ռեժիմով հանդիպումներ ենք ունենում ջրբաշխների հետ: Զանգվածային հանդիպումներից, հասկանալի պատճառներով, խուսափում ենք, բայց հնարավորինս փորձում ենք գանձումների հավաքագրումն ապահովել, որովհետև փաստացի մեր ապրանքը` ջուրը, արդեն տվել ենք ջրօգտագործողին: Գանձումներն ակտիվանում են հատկապես մթերման սեզոնին: Գյուղացին այս պահին իր ապրանքն ամբողջությամբ դեռ չի սպառել, նույնիսկ բերքն էլ չի հավաքել: Ցավոք, ջրօգտագործողներ կան, որ տարիներ շարունակ չեն վճարել ջրի համար, կուտակել են պարտքեր, այսօր էլ շարունակում են կուտակել, հետևաբար անխուսափելի են նաև դատական գործերը: Ամեն դեպքում, ջուրը հասնում է ջրօգտագործողին, հողն ու այգին ծարավ թողնել չենք կարող, եթե նույնիսկ այդ ջրի համար չի վճարվում:
Իմ առջև այս պահին գերխնդիր եմ դրել` ապահովել բնակչին ոռոգման ջրով: Երբ կավարտվի ջրառի ամենաեռուն շրջանը, նոր կմտածեմ հետագա ծրագրերի մասին: Իսկ աշխատանքի մեջ իմ առաջնային սկզբունքը, որը ես նաև պահանջում եմ իմ աշխատակիցներից, աշխատել, աշխատել ու էլի աշխատելն է:


Հարցազրույցը` Սեդա Գասպարյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...