03:47
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԲԵՐԴԸ ԿՈՉԵՆՔ Ի՛Ր ԱՆՈՒՆՈՎ

2020-04-14 13:55

 «Դե Ֆակտո» N 01/152 (01/2020թ.) 

Դավիթ Բեկ բանավանի մոտ, Կապանից Քաջարան տանող ճանապարհի հարևանությամբ, Գիրաթաղ գետակի աջափնյա անմատչելի ժայռերին է տեղակայված Սյունիքի հնագույն պատմական հուշարձանը` Բաղաբերդ ամրոցը:
Բարձրանում ես բերդ... խորհրդավոր է. շուրջը խոտածածկ, ամենուր բերդաքարերի կույտեր, այստեղ բույն են դրել արծիվները, եթե հաջողվեց` նրանց ճախրանքի ականատեսը կլինեք, բարձունքից բացվող տեսարանը` անկրկնելի գեղեցիկ ու տպավորիչ,անցյալի շունչն ու հոգին պատում է քեզ, անպատասխան հարցեր են ծագում թե՛ ճարտարապետության, թե՛ անառիկության, և թե՛ այն վճռական ճակատամարտերի մասին, որոնք այստեղ են ընթացել:
IV-XII դդ Հայաստանի խոշորագույն պաշտպանական կառույցներից էր, X-XII դդ. Սյունիքի կամ Բաղաց ֆեոդալական թագավորության շրջանում ուներ կարևոր ռազմաքաղաքական և մշակութային նշանակություն:
Այն, ըստ հայ մատենագրական աղբյուրների, մասնավորապես` 13-14 դդ պատմագիր Ստեփանոս Օրբելյանի, կառուցել է Բաղակ իշխանը` Սիսակ նահապետի զարմից, իսկ ըստ 18-րդ դարի նշանավոր պատմիչ Ղևոնդ Ալիշանի հեղինակած քարտեզի` կոչվել է նաև «Զեյվու» բերդ:
Սյունիքի նախարար Անդովկ Սյունին Բաղաբերդի պարիսպների տակ պարտության է մատնել պարսից Շապուհ արքայի զորագնդին:
Սյունիքի թագավորություն

Գոյատևել է 970-1170թթ., եղել է հայկական հողում վերջին ֆեոդալական թագավորությունը, ուներ 47 ամրոց, 1000-ից ավել բնակավայր:
Բաղաբերդի կործանումով` 1170թ. վերացավ Սյունիքի թագավորությունը: Այն գրավեցին Գանձակի թուրք-սելջուկները, կոտորեցին բնակիչներին և այրեցին շուրջ 10.000 ձեռագիր մատյան, կողոպտվեցին գանձերը:
Այս վարկածը պաշտոնապես ընդունված է համարել ճշմարտություն:
Ինչո՞ւ էին այստեղ առկա այդչափ ձեռագրեր ու գանձեր…
Բացատրությունը մեկն է. Տաթևի վանական համալիրից և մոտակա վանքերից դրանք այստեղ էին բերվել` վայրն անառիկ համարելով:
Անդրադառնանք այլ փաստերի ևս…
Կապանի մերձակայքում գտնվող Բեխ գյուղի մոտակա անտառում հայտնաբերվել են հին ձեռագրեր, դրանցից մեծ քանակությամբ հայտնաբերվել են նաև բերդի մոտակայքում գտնվող երկու` Ներքին և Վերին Գիրաթաղ գյուղերում, որոնց անվանումը հենց նշանակում է` այստեղ գրավոր աղբյուրներ են թաղված:
Հնավայրն այսօր գրավում է շատերին և կարող է Սյունիք բերել բազմաթիվ զբոսաշրջիկների, հետազոտողների, պարզապես` հետաքրքրասերների:
Այն իր ողջ հմայքով տեսանելի է Կապան-Քաջարան մայրուղուց, ժայռն ի վեր` պարիսպների մնացորդներն անգամ հետաքրքիր են ու խորհրդավոր:
Բերդի տարածքում, ինչպես նաև Տաթևից Բաղաբերդ լեռնային ճանապարհին առկա են մի քանի` դեռևս լիովին չուսումնասիրված քարանձավներ:
Ամրոցն ունեցել է ստորգետնյա անցուղիներ, պահոցներ, ջրատար ուղի, որոնցից այսօր միայն հազիվ նշմարելի հետքեր են մնացել:Այս ամենը վկայում է, որ այն լիովին հարմարեցված է եղել երկարատև պաշարման համար:
Կառույցը մեծապես տուժել է խորհրդային տարիներին, երբ կառուցվում էր Կապան-Քաջարան նոր ճանապարհը: Քանդվել է պարսպապատի մի մասը, նրա վրա գտնվող բուրգերը: Ներկայումս նշմարելի են երկու բուրգեր` խարխլված և կիսաքանդ:
Ավելի վերև` աշտարակների վրա պահպանվել են 7 -8 սմ տրամագծով անցքեր,որոնք ծառայել են որպես դիտանցքեր կամ էլ` ենթադրվում է, որ կռվի ժամանակ բերդապահներն այստեղից հալեցրած ձյութ են լցրել թշնամու վրա կամ նետահարել:
Ներկայումս տեղացիներից քչերն են կիրառում Բաղաբերդ անվանումը, առավել հաճախ այն կոչում են Դավիթ Բեկի բերդ: Վերջինս, իհարկե, ոչ ճիշտ անվանումն է, բնականաբար ճիշտ չէ նաև վարկածը, որ այն կառուցել է Դավիթ Բեկ զորավարը: Որ մեծ զորավարը 18-րդ դարի սկզբներին ազատագրական կռիվների ժամանակ այս բերդն օգտագործել է ռազմական նպատակներով, որպես հենակետ, ոչ միայն չի բացառվում, այլ նաև շատ հավանական է:Այս մասին պատմական փաստեր կան: Բայց այն Դավիթ Բեկի բերդ կոչելը սխալ է` մանավանդ, որ համարվում է տարածաշրջանի ամենահնագույն պատմական հուշարձանը, գոյություն է ունեցել շուրջ 15 դար` Դավիթ Բեկից առաջ:
Նման մեկնաբանությունների հանդիպում ենք տեղական մամուլի հրապարակումներում ևս` «Պղնձի համար» շրջանային թերթի արխիվներում: Անգամ մի հոդվածում պատմվում է, թե ինչպես է էքսկուրսավարը զբոսաշրջիկներին ներկայացնում խեղաթյուրված «փաստեր»` Դավիթ Բեկի` այս բերդը կառուցելու մասին:
Այսօր քիչ բան է փոխվել... վայրը Դավիթ Բեկի բերդ են կոչում շատերը` չխորանալով անգամ կառույցի պատմական կարևորության մեջ:
Երևի շփոթմունքը կկանխեն ցուցանակները, հակիրճ տեղեկություններն ու պատմական փաստերը, որոնք, ցավոք, բացակայում են պատմական հուշարձաններից շատերի մոտ:
Արխիվային նյութերից տեղեկանում ենք նաև, որ 1978 թ. ՀՍՍՀ ԳԱ կուլտուրայի հուշարձանների պահպանության գիտա-մեթոդական խորհուրդը Ղափանի երկրագիտական թանգարանին թույլատրել է հնագիտական պեղումներ կատարել տարածքում: Որոշ չափով ուսումնասիրվել են բերդի` կացարան հանդիսացող մասերը: Վերջիններիս պատերը շարված էին անկանոն քարերից: Հայտնաբերվել են խեցեղեն առարկաների բեկորներ, մեծ և փոքր կարասներ, կճուճներ, թասեր և այլն:
Շատ բան են տեսել Բաղաբերդի պարիսպները, այժմ էլ կիսականգուն, բայց` անմատչելի են, խրոխտ, շարունակում են մնալ Սյունյաց աշխարհի տարեգրության վկան ու հաղթանակների փարոսը...
Մենք մեր սերունդներին` բերդի պատմությունը ճշմարիտ մատուցելու հրամայականն ունենք...
Հ.Գ. Վերջերս դեպի բերդ տանող ճանապարհը խճապատվել է: Հուսով ենք, բարեկարգված ճանապարհը ավելի շատ մարդկանց կբերի այստեղ:

Մշակումը` Լիլիթ Իսրայելյանի
Լուսանկարները`
Սոս Դավթյանի,
Հայկ Թադևոսյանի
Քաջարան, 2018թ.



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...