14:28
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Միանշանակ խորհուրդ եմ տալիս ներդրում կատարել Հայաստանում եւ վստահ լինել, որ որեւէ արհեստական խոչընդոտի չեք հանդիպի»

2019-10-14 11:55

ԴԱՎԻԹ ԹՈՎՄԱՍՅԱՆ

«Չաարատ Կապան» ՓԲ ընկերության տնօրեն

«Դե Ֆակտո» N 04/150 (07-08/2019թ) 

Շահումյանի բազմամետաղային հանքավայրի (հանքավայր ՀՀ Սյունիքի մարզում` Կապանի պղնձի հանքավայրի հարավարևելյան մասում) առաջին երակը հայտնաբերվել է 20-րդ դարի առաջին կեսին և փոքր քանակությամբ շահագործվել է 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին: Հանքավայրում 1929 թվականից, առանձին ընդմիջումներով, իրականացվել են երկրաբանահետախուզական աշխատանքներ: Հանքավայրի շարունակական հետախուզումը սկսվել է
1962թ-ից և շարունակվել է մինչև 1994 թվականը: Նույն թվականին վերսկսվել է հանքավայրի շահագործումը` աշխատանքով ապահովելով տարածաշրջանի բնակիչներին: Մինչ 1988 թվականը Կապանի կոմբինատը միավորված աշխատում էր Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ` պետության ենթակայության տակ. 1988 թվականից այն բաժանվեց և կոչվեց «Կապանի լեռնահարստացման կոմբինատ», իսկ 2002 թվականից Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1859 Ա որոշմամբ կոմբինատը սեփականաշնորհվեց շվեյցարական «Դենո» ընկերության կողմից:
2006 թվականին հանքավայրը շարունակել է շահագործվել կանադական «Դանդի Փրիշս Մեթալս» կորպորացիայի կողմից, իսկ 2016թ. այն վաճառվել է ռուսական «Պոլիմետալ Ինթերնեշնլ» ընկերությանը:
2019 թվականի հունվարից ձեռնարկությունը բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» (Chaarat Gold International Limited) ընկերության միավորն է:

 

 -Պարո՛ն Թովմասյան, Դուք շուրջ յոթ ամիս է, ինչ ղեկավարում եք ընկերությունը: Հետաքրքիր է, նախկինում ինչպիսի՞ գործունեությամբ եք զբաղվել, ի ՞նչ մասնագիտություն ունեք:

-Ծնվել եմ 1973թ, Սիսիանի շրջանի Ուզ գյուղում, սովորել և ավարտել եմ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, այնուհետև կրթությունս շարունակել եմ Երևանի տեխնիկական համալսարանում, 2004թ, ստացել եմ տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական կոչում: 1997թ, վերջից սկսել եմ աշխատել հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող տարբեր ընկերություններում` թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: 2019թ, հունվարի 30-ից աշխատում եմ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ում ` որպես տնօրեն, ինչի համար շատ ուրախ եմ, քանի որ հայրենիքում` այն էլ հայրենի շրջանում աշխատելն ինձ համար մեծ պատիվ է և երջանկություն:

 

-«Չաարատ Կապան» ՓԲԸ-ի նոր սեփականատերը հայ-բրիտանական ծագման «Չաարատ Գոլդ Հոլդինգս» ընկերությունն է, մի փոքր կպատմե՞ք ընկերության մասին:

-«Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» (Chaarat Gold International Limited) ընկերության ակտիվներից մեկն է: Այն շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը:
2019 թվականի հունվարից ձեռնարկությունը հանդիսանում է բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» (Chaarat Gold International Limited) ընկերության միավոր: Վերջինս արագ զարգացող հանքարդյունաբերող կազմակերպություն է, որը հավակնում է դառնալ ոսկու արտադրության խոշոր ընկերություններից մեկն աշխարհում: Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Լոնդոնում: Հայաստանից բացի, ակտիվներ ունի նաև Ղրղըզստանում, այնտեղի հանքերը այժմ հետախուզման փուլում են, այնտեղ ևս ֆաբրիկա է գործելու, որի սարքավորումներն արդեն պատվիրված են: Կարծում եմ` 2021թ, արդեն արտադրանք կթողարկվի:
Ընկերության գործունեության մեջ առաջնայինն ու կարևորը անվտանգ աշխատանքն է, աշխատակիցների բարեկեցությունը և շրջակա միջավայրի պահպանությունը:

-Ի՞նչ եղանակով է շահագործվում հանքավայրը և ի՞նչ խտանյութեր, մետաղներ են արտադրվում «Չաարատ Կապան» ՓԲԸ կողմից:

-Հանքավայրը շահագործվում է ստորգետնյա եղանակով, արտադրվում են պղնձի և ցինկի խտանյութեր, որոնք պարունակում են ոսկի և արծաթ: Մեր կողմից վաճառվող մետաղները չորսն են` ոսկին, արծաթը, պղինձը և ցինկը:

 

-Ո՞ր երկրներ է արտահանվում կոմբինատի արտադրանքը:

-Այս տարի կնքված պայմանագրերի համաձայն` պղնձի խտանյութը արտահանվելու է Կանադա, իսկ ցինկի խտանյութը` Բելգիա

 

-Ի՞նչ հզորություններով է աշխատում կոմբինատը:

-Վերջին տարիներին հանքում իրականացվել են տեխնիկական վերազինման մեծածավալ աշխատանքներ «Պոլիմետալ Ինթերնեշնլ» ընկերության կողմից: Բավականին մեծ քանակությամբ տեխնիկա է ներդրվել արտադրության մեջ` նախատեսված ստորգետնյա հանքի համար: Վերազինման որոշակի աշխատանքներ են կատարվել նաև ֆաբրիկայում:
Մենք շարունակում ենք այդ գործընթացը և ծրագրում հաջորդաբար արդիականացնել թե՛ ստորգետնյա, թե՛ վերգետնյա բոլոր սարքավորումները: Մենք ունենք նոր սերնդի սարքավորումներ, որոնք ներկայումս շատ քիչ տարածում ունեն` արդի տեխնոլոգիական ժամանակաշրջանի վերջին ճիչն են: Ունենք նաև սարքավորումներ, որոնք կոմբինատի գործունեության 50 տարիների ընթացքում շահագործվել են շուրջ 20-30 տարի, բայց անխափան աշխատում են նաև այսօր, մենք դրանք ևս շահագործում ենք: Մեզ մոտ կարծես հին և նոր տեխնիկաների սիմբիոզ լինի, չենք հրաժարվում նորմալ աշխատող հին տեխնիկայից, բայց զուգահեռ ձեռք ենք բերում նաև նորագույն տեխնիկա:

 

-Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ընկերությունում այս յոթ ամիսների ընթացքում, ի՞նչ ձեռքբերումներ կարող եք արձանագրել:

-Դեռ մեկ տարի չկա, ինչ աշխատում ենք, սակայն որոշակի հարցեր և խնդիրներ մեզ հաջողվել է կարգավորել և լուծել: Նախ և առաջ, բարելավել ենք կազմակերպության կառուցվածքը, կատարել ենք վերադասավորումներ` համապատասխանեցնելով այն միջազգային ստանդարտներին: Ինչպես նաև բարձրացրել ենք արտադրության որակը, ավելացրել քանակը, բարելավման աշխատանքներ ենք կատարել նաև հանքում, ինչի արդյունքում բարձրացել են ֆաբրիկայի աշխատանքային արդյունավետության ցուցանիշները:
Սակայն ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ մեր հիմնական կապիտալը մարդիկ են` մեր աշխատակիցները, ում հետ մենք անընդհատ խոսում ենք, քննարկում տարբեր հարցեր: Ուշագրավ է այն, որ երբ մենք նոր սկսեցինք մեր աշխատանքը, նրանք բազում մտավախություններ ունեին, քանի որ չէին ճանաչում մեզ, բայց այսօր դրանք լիովին փարատվել են, նրանք վստահ են, որ ամեն ինչ շատ ավելի լավ է լինելու, քան նախկինում էր:

 

 «2019 թվականի հունվարից ձեռնարկությունը հանդիսանում է բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ»

(Chaarat Gold International Limited) ընկերության միավոր:

Վերջինս արագ զարգացող հանքարդյունաբերող կազմակերպություն է, որը հավակնում է

դառնալ ոսկու արտադրության խոշոր ընկերություններից մեկն աշխարհում»:


-Որքա՞ն է Ձեր աշխատակիցների թիվը, ինչպիսի՞ քաղաքականություն եք որդեգրել վերջիններիս աշխատանքի և անվտանգության հետ կապված, աշխատանքային ինչպիսի ՞ գրաֆիկ է սահմանված:

-Մեր կոմբինատում տվյալ պահին աշխատում է 1070 մարդ, բայց նրանց թիվը տատանվում է` կախված աշխատանքի ծավալից: Մեզ մոտ աշխատում է նաև 250-300 կապալառու:
Մեր քաղաքականությունը հետևյալն է` մեզ համար աշխատանքային առաջնահերթություն է աշխատանքով ապահովել տեղացի մասնագետներին, որոնք բանիմաց են, խելացի և փորձառու, իսկ եթե կարիք լինի նրանց մասնագիտական հմտությունները կատարելագործելու, ապա գերադասում ենք դրսից հրավիրել մասնագետների և վերապատրաստել նրանց:
Պետք է շեշտեմ, որ աշխատողների անվտանգությունը մեր թիվ մեկ առաջնահերթություններից է, ինչի ապահովման համար մենք ոչ մի միջոց, ջանք ու եռանդ չենք խնայում: Մենք պատրաստակամ ենք նրանց համար անել ամեն բան, որպեսզի իրենք ինչպես առողջ եկել են աշխատանքի, այդպես էլ վերադառնան տուն: Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այդ հարցին:
Մեր կոմբինատը աշխատում է 24-ժամյա ռեժիմով` ըստ հերթափոխի, ունենք տարբեր` ութժամյա և տասներկուժամյա հերթափոխեր:

 

-Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում բնապահպանությանն ուղղված, և հետաքրքիր է, որտե՞ղ է թափվում հանքի պոչամբարի ջուրը:

-Ինչպես մեր աշխատակիցների առողջությունը, այնպես էլ բնության պահպանությունը մեզ համար առաջնային կարևորություն ունի: Բնական է, հանքարդյունաբերությունը չի կարող հետևանքներ չունենալ, սակայն մենք բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկում ենք նվազագույնի հասցնելու այդ ռիսկերը և վնաս չհասցնել բնությանը: Մենք ներդրումներ ենք կատարում այդ ուղղությամբ, արդիականացնում աշխատանքային գործընթացը, խողովակներ փոխում և այլն: Մենք նաև պատրաստակամ ենք պատասխանելու մեզ ուղղված հարցերին և ցույց տալու մեր չափումները:
Ինչ վերաբերում է պոչամբարի ջրին, ապա պետք է նշեմ, որ մեզ մոտ աշխատանքներն ընթանում են փակ ցիկլով, և ջուրը ոչ մի տեղ չի թափվում, այն 100 տոկոսով հետ է բերվում մեր հարստացուցիչ ֆաբրիկա և նորից օգտագործվում:

 

-Ձեր հաշվարկներով` տարեկան որքա՞ն արտադրանք կունենա կոմբինատը, և ուսումնասիրե՞լ եք արդյոք, թե քանի տարվա շահագործման պաշար կա հանքավայրում:

-Մենք փորձելու ենք ամեն ջանք գործադրել, որպեսզի արտադրության ծավալները հասցնենք տարեկան մինչև 650-700 հազար տոննա հանքաքարի մշակման: Արդեն իսկ պաշարների վերաբերյալ հաստատված տվյալներ ունենք, ըստ որոնց` հանքավայրում առկա պաշարները կբավականացնեն մինչև 2025թ, շահագործելու համար: Սակայն մենք նպատակ ունենք ևս հինգ տարով երկարացնել այդ ժամկետը, ինչին ուղղված` իրականացնում ենք հետախուզական աշխատանքներ: Վստահ ենք, որ դրանք արդյունավետ կլինեն, և հանքը ոչ թե հինգ, այլ տաս տարվա կյանք կունենա:

 

 «Աշխատողների անվտանգությունը մեր թիվ մեկ առաջնահերթություններից է,

ինչի ապահովման համար մենք ոչ մի միջոց, ջանք ու եռանդ չենք խնայում»:

 

-Համագործակցության ինչպիսի՞ շրջանակներ ունեք:

-Մենք սերտորեն համագործակցում ենք մեր օտարերկրյա գործընկերների հետ, որոնք մեր խտանյութերի հիմնական գնորդներն են: Վերջիններս հանքարդյունաբերության ոլորտում համաշխարհային գիգանտներ են համարվում, դրանցից են` «Կլենկոր»-ը, «Տրաֆիգուրա»-ն: Համագործակցում ենք նաև այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է, օրինակ, «SRK»-ը, որը կրկին շատ հայտնի է այս ոլորտում և այժմ իրականացնում է մեր պոչամբարի ամրացման աշխատանքները:
Ինչպես նշեցի, մենք անընդհատ թարմացնում ենք մեր սարքավորումները, որոնք ևս ձեռք ենք բերում գործընկեր միջազգային կազմակերպություններից և անհրաժեշտության դեպքում նրանց մասնագետներին հրավիրում ենք մեզ մոտ խորհրդատվությունների:

 

-Ինչպիսի՞ն է «Չաարատ-Կապան» ՓԲԸ համագործակցությունը ՀՀ շրջակա միջավայրի և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների հետ:

-Պետք է նշեմ, որ երկու նախարարությունների հետ էլ սերտորեն աշխատում ենք, մշտապես նամակագրական կապի մեջ ենք նրանց հետ, անհրաժեշտության դեպքում նաև ունենում ենք հանդիպումներ և քննարկումներ: Այժմ մեզ մոտ ստուգումներ են ընթանում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից, որոնց վերջին փուլն են հասել:

 

-2019թ, առաջին կիսամյակի տվյալներով` Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում «Չաարատ Կապան» ընկերությունը հանքարդյունաբերության ոլորտի խոշոր հարկատուներից մեկն է: Որպես խոշոր ներդրող` ինչպե ՞ս կգնահատեք Հայաստանում ստեղված ներդրումային հնարավորությունները, արդյո՞ք արհետական խոչընդոտներ կամ դժվարություններ կան:

-Պետք է անկեղծորեն ասեմ, որ մինչև այսօր նման խնդիրներ չենք ունեցել, եղել են հարցեր, որոնք ճշտման կարիք են ունեցել և այդ ձևով կարգավորվել են, սակայն որևէ խնդիր չենք ունեցել հարկային և այլ կառույցների հետ: Կարող եմ ասել, որ ստեղծված է առողջ աշխատանքային մթնոլորտ, և բոլոր խնդիրները ստանում են համարժեք լուծումներ:
Եթե մեր փորձը կարող է չափանիշ լինել այլ ներդրողների համար, ապա միանշանակ խորհուրդ եմ տալիս ներդրում կատարել Հայաստանում և վստահ լինել, որ որևէ արհեստական խոչընդոտ այստեղ չի ստեղծվում ներդրողների համար:

 

 Մենք սերտորեն համագործակցում ենք մեր օտարերկրյա գործընկերների հետ,

որոնք հանքարդյունաբերության ոլորտում համաշխարհային գիգանտներ են համարվում:


-Դուք նաև իրականացնում ենք խոշոր սոցիալական ծրագրեր, կուզենայի նաև խոսեինք դրանց մասին:

-Պետք է նշեմ, որ մենք ունենք սոցիալական ծրագրերի ֆոնդ, որի միջոցներով նախատեսում ենք իրականացնել ապագայի ծրագրեր: Այսինքն` մենք նպատակ ունենք իրականացնել խոշոր ծրագրեր, լուծել կապանում և հարևան համայնքներում առկա մեծ, առաջնային խնդիրներ, որոնք մնայուն արժեք կդառնան ողջ բնակչության համար: Այդ նպատակով մենք խորհրդակցել ենք մարզպետարանի համապատասխան մասնագետների, համայնքապետերի հետ, ձեռք բերել պայմանավորվածություններ աշխատանքները իրականացնելու վերաբերյալ:
Այս տարի մեր ամենախոշոր ներդրումն ուղղված կլինի Կապան համայնքի մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների իրականացմանը, որը կկազմի շուրջ 100 մլն. դրամ: Աշխատանքների մեծ մասը կիրականացվի այս տարի, մյուս մասը` հաջորդ տարի: Ծրագրի նպատակն է լուծել երեխաներին մանկապարտեզով ապահովելու խնդիրը և տալ հնարավորություն ծնողներին աշխատելու և իրենց երեխաների ապագան հայրենիքում կերտելու: Հուսով ենք նաև, որ ծրագիրը կխթանի ծնելիության աճը, երիտասարդ ընտանիքները վստահ կլինեն, որ իրենց երեխաները կհաճախեն մանկապարտեզ, իսկ իրենք չեն կորցնի աշխատանքը:
Մեր հաջորդ ծրագիրն ուղղված է «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկայի «Կանանց կոնսուլտացիա» բաժանմունքի վերանորոգմանը, քանի որ այն անմխիթար վիճակում է: Սա ևս ապագայի ծրագիր ենք համարում:
Մյուս ծրագիրն իրականացվում է Գեղանուշ բնակավայրում, այնտեղ ամառային դասարան ենք կառուցում, որը շատ շուտով պատրաստ կլինի: Ինչպես նաև դպրոցի մի հատվածը, որը չի շահագործվում, վերանորոգելու ենք, որտեղ մանկապարտեզ կբացվի:
Մեզ նաև դիմում են ամենատարբեր խնդիրներով, դրանք ևս փորձում ենք անարձագանք չթողնել և աջակցություն ցուցաբերել: Օրինակ` Օխտարի միջնակարգ դպրոցին վառելափայտ էր անհրաժեշտ, տրամադրել ենք: Նման բազմաթիվ դիմումներ ենք ստանում և փորձում օգնել:
Մենք նաև համագործակցում ենք ՀՀ պաշտպանության նախարարության հետ, բանակը մեր մշտական ուշադրության կենտրոնում է: Կարծում եմ` բանակին օժանդակելը յուրաքանչյուր հայի պարտքն է: Եթե մենք չօգնենք մեր բանակին, ապա մեխանիկորեն կաջակցենք թշնամու բանակին: Մենք միշտ մեր բանակի կողքին ենք:

 

-Ձեր աշխատակիցները և նրանց երեխաները ևս ընկերության ուշադրության կենտրոնում են, ի՞նչ ծրագրեր եք իրականացնում` նրանց ուղղված:

-Մեր աշխատակիցները և նրանց ընտանիքները, հատկապես` երեխաները, մեր մշտական ուշադրության կենտրոնում են: Մենք աշխատում ենք որպես մեծ ընտանիք և կիսում միմյանց խնդիրներն ու ուրախությունները:
Մենք պարտադիր նշում ենք բոլոր տոները, այդ օրերին միջոցառումներ կազմակերպում, խրախուսական նվերներ, գումարային պարգևներ տալիս: Առանձնահատուկ նշում ենք Հանքագործի և մետալուրգի օրը: Վերջերս նկարների մրցույթ հայտարարեցինք, որոնց բովանդակությունը աշխատանքային անվտանգությանն էր վերաբերում: Մեր աշխատակիցների երեխաները նկարել էին իրենց ծնողներին` պատկերելով, թե ինչպես նրանք պետք է անվտանգ աշխատեն և առողջ վերադառնան տուն: Շատ հետաքրքիր նկարներ կային, որոնց հեղինակներն արժանացան գումարային պարգևների: Պետք էր տեսնել երեխաների ուրախությունը, ինչն ինձ համար ամենաարժեքավորն է:


Մենք ունենք սոցիալական ծրագրերի ֆոնդ, որի միջոցներով նախատեսում ենք իրականացնել ապագայի ծրագրեր.

ծրագրեր, որոնք կլուծեն Կապանում եւ հարեւան համայնքներում առկա մեծ,

առաջնային խնդիրներ`

դառնալով մնայուն արժեք ողջ բնակչության համար:

 

-Դուք մեծ սիրով և ոգևորվածությամբ եք աշխատում, հետաքրքիր է, որտեղի ՞ց է առաջացել այն:

-Ճիշտ եք նկատել, ես սիրում եմ իմ մասնագիտությունը և մեծ հաճույքով եմ աշխատում: Գուցե պատճառներից մեկն այն է, որ մայրս և հայրս նույնպես հանքագործներ են եղել, մայրս լաբորատորիայի 10-յակ տարիների վարիչ է եղել, իսկ հայրս` ֆաբրիկայի երկար տարիների ղեկավար: Ես երկրորդ սերունդն եմ, երեխաներս գուցե երրորդը լինեն:

 

«Ես սիրում եմ իմ մասնագիտությունը եւ մեծ հաճույքով եմ աշխատում:

Գուցե պատճառներից մեկն այն է, որ մայրս եւ հայրս նույնպես հանքագործներ են եղել»:


-Քանի՞ երեխա ունեք և արդյոք կցանկանա՞ք, որ Ձեր երեխաները ընտրեն Ձեր մասնագիտությունը:

-Ունեմ երկու երեխա` մեկ աղջիկ և մեկ տղա, և շատ կցանկանամ, որ նրանք շարունակեն իմ գործը: Սակայն ես նրանց չեմ պարտադրում իմ կամքը, նրանք ազատ են իրենց ընտրության մեջ: Բայց նկատել եմ, որ սիրում են այս գործը, ամռանը, երբ այստեղ էին, աշխատում էին կոմբինատում:
Իմ աշխատանքի միակ բացասական կողմը, որը կարող է նրանց դուր չգալ, հեռավորությունն է` ես այստեղ եմ, իրենք` ԱՄՆ-ում: Ճիշտ է, տարվա ընթացքում ես եմ գնում, իրենք են գալիս, սակայն հեռավորությունն ամեն դեպքում կա:

  

«Հայրենիքն ինձ համար գերագույն արժեք է, որն անընդհատ ինձ կանչել է տարբեր հեռուներից:


Դրա վառ ապացույցն այն է, որ ես այսօր այստեղ եմ»:

 

-Ինչպիսի ՞ արժեք է Ձեզ համար հայրենիքը:

-Հայրենիքն ինձ համար գերագույն արժեք է, որն անընդհատ ինձ կանչել է տարբեր հեռուներից: Դրա վառ ապացույցն այն է, որ ես այսօր այստեղ եմ: ԱՄՆ-ում շատ լավ աշխատանք ունեի մի հեղինակավոր ընկերությունում, կար առաջընթացի հնարավորություն, առաջարկներ, սակայն հայրենիքի կանչն ավելի զորեղ գտնվեց: Որքան էլ օտար ափերում լավ ապրես, միևնույնն է, ինչ-որ բան պակասում է կյանքումդ, որը ոչ մի բանով չի լրացվում, և դա հայրենի հողն ու ջուրն է:

 


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...