19:32
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայ` ում հերոսական ուղին վառ օրինակ է երիտասարդ սերնդի համար

2019-07-19 12:20

Գեներալ-մայոր ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 

Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939 թ. մայիսի 22-ին Վրացական ԽՍՀ-ի մայրաքաղաք Թբիլիսիում: Նրա արմատները տանում են դեպի պատմական Կարս, որը նրա համար սրբավայր է: Կոմանդոսի ընտանիքում միշտ պատմություններ են պատմել հայրենի հողի մասին. նա մեծացել է հայրենասիրական մթնոլորտում:


Հայրը Հայոց ցեղասպանությունը վերապրածներից է: 1915-ի դեպքերից հետո հաստատվել է Անիի Մայր տաճարի դիմաց` Արաքսի հայաստանյան ափին գտնվող Խարկով փոքրիկ գյուղում ու ստանձնել տեղի բնակչության հոգևոր հովվի պարտականությունները:
1937-ի ստալինյան բռնաճնշումների տարիներին գյուղացիների հարգանքը վայելող հոգևորականը, նախապես տեղեկանալով, որ իրեն պատրաստվում են աքսորել, հասցնում է հեռանալ գյուղից: Նախ` մեկնում է Ռուսաստան, այնուհետև հաստատվում Վրաստանում` Թբիլիսիում, որտեղ էլ` 1939թ. մայիսի 22-ին, ծնվում է ապագա հրամանատարը:
Արկադի Տեր-Թադևոսյանը միջնակարգ կրթությունը ստացել է Թբիլիսիի համար 9, իսկ հետո` համար 10 ռուսական դպրոցներում: Մի առիթով Կոմանդոսը պատմել է, որ դպրոցական տարիներին առիթ է եղել մասնակցելու մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայի: Ե՛վ ինքը, և՛ ուսուցիչները վստահ են եղել, որ ոսկե կամ արծաթե մեդալի հավակնորդ աշակերտը ձեռնունայն չի վերադառնա: Մնում էր կատարել միակ պահանջը, որ դրված էր մրցույթին մասնակցելու համար` փոխել հայկական ազգանունը. պահանջը չի բավարարվում:


Դպրոցն ավարտելուց հետո Տեր-Թադևոսյանը զորակոչվում է բանակ, այնուհետև` ավարտելով Բաքվի զինվորական ուսումնարանը, ընդունվում Սանկտ Պետերբուրգի կապի ռազմական ակադեմիա, որից հետո ծառայության է անցնում Գերմանիայում, հետո Աֆղանստանում, Չեխիայում ու Բելառուսում, իսկ 1987-ին, ինչպես ինքն է նշել, հայրենիքի կարոտը, ռազմարվեստում արդեն կոփված ու կայացած զինվորականին բերում է Հայաստան: Կոմանդոսը նախ ծառայության է անցնում Գյումրիում, հետո` Երևանում, միաժամանակ դասախոսելով գյուղատնտեսական ինստիտուտում` որպես ռազմական ամբիոնի դասընթացակարգի (ցիկլի) պետ:
Առաջին անգամ Արկադի Տեր-Թադևոսյանի Ստեփանակերտ մեկնելը ստացվել է պատահական: Իրավիճակն Արցախում ծանր էր ու անհրաժեշտ էր, որ համալսարանի զինվորական դասախոսներից մեկն ուղեկցեր Երևանից բուժօգնություն և բժիշկներ տեղափոխող ուղղաթիռը: Ամբիոնի մյուս աշխատակիցները, որոնց մեծամասնությունը ռուսներ էին ու առանձնապես հետաքրքրված չէին Արցախի դրությամբ, հրաժարվում են աջակցել: Այդ գործն իր վրա է վերցնում Կոմանդոսը: Ստեփանակերտից վերադառնալուց հետո, սեփական աչքերով տեսած սարսափելի տեսարանների ազդեցության տակ, շտապ զեկուցում է իրավիճակի մասին իր վերադասներին ու դիմում «Սասունցի Դավիթ» ջոկատի հրամանատարությանը` խնդրելով իրեն ընդգրկել ջոկատի կազմում որպես խորհրդական:


Կոմանդոսը լավ էր հասկանում, որ ռազմաճակատ մեկնողներն ունեին կամք, հայրենասիրություն ու նպատակասլացություն. որոնք պարտադիր, բայց ոչ բավարար պայմաններ են պատերազմում հաղթելու համար: Երիտասարդ ջոկատայինների բարոյական ոգին ի զորու կլիներ հրաշքներ գործել միայն զենք բռնել սովորելուց հետո: Հենց այս համոզմամբ էլ Արկադի Տեր-Թադևոսյանը սկսում է մարզել ու սովորեցնել երիտասարդներին, որոնցից շատերը մինչ այդ երբևէ ձեռքերը զենք չէին վերցրել:
1991 թվականին Արկադի Տեր-Թադևոսյանը նշանակվում է Արցախի պաշտպանության պետական կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ: 1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը վերջինիս հրամանատարության տակ փայլուն գործողության շնորհիվ թշնամուց ազատագրում են ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան), իսկ 1992-ի մայիսի 8-ին իրականացվում է Շուշիի` ռազմարվեստի մեջ գլուխգործոց համարվող գործողությունը` «Հարսանիքը լեռներում» օպերացիան: Բերդաքաղաքը, որտեղից օրուգիշեր կրակ էր տեղում ստեփանակերտցիների գլխին, ազատագրվում և անցնում է իր օրինավոր տերերի ձեռքը:


Նա չի սիրում խոսել նաև այն մասին, թե ինչպես է ստացել Կոմանդոս անունը: Սակայն իր մերձավորների շրջանում մի անգամ անկեղծացել ու պատմել է, որ Կոմանդոս անունով իրեն կնքել են զինակից ընկերները Արցախում` որպես առաջնորդ, ում խոսքով շարժվել են գործողությունների ժամանակ: Տեր-Թադևոսյանին կոչել են նաև Լեռնային աղվես: Այս անունը կապված է մի գործողության հետ, որն իրականացրել են Արցախի լեռնային անտառներում` գյուղերը պաշտպանելիս: Պատմում են` Կոմանդոսը լեռնային տարածքներում շատ արագ կողմնորոշվելու շնորհիվ կարողացել է տարբեր կողմերից հարվածներ հասցնել թշնամուն ու վերջիններիս թվացել է, թե սարերում հայկական բազմաթիվ ջոկատներ են գործում:

 

Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան, Արցախի հերոս, Երևանի պատվավոր քաղաքացի, «Պատվո նշան» շքանշան, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 50-ամյակ» հոբելյանական շքանշան, «Մարշալ Բաղրամյան» մեդալ և «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ:
Պարգևատրվել է առաջին աստիճանի Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» շքանշանով:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...