16:54
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մասնագիտական ամենամեծ ձեռքբերումս հիվանդների օրհնանքն է

2019-05-14 11:14

  «Դե Ֆակտո» N 02/148 (03/2019թ.) 

Գլաուկոման տեսողական նյարդի հիվանդություն է, որի ժամանակ տեղի է ունենում տեսանյարդի թելերի բնորոշ ատրոֆիա, տեսադաշտի սպեցիֆիկ նեղացում:
Երկար տարիներ գլաուկոման համարվում էր ամենավտանգավոր հիվանդություններից մեկը, քանի որ անխուսափելիորեն բերում էր կուրության: Այսօր` գիտության զարգացման եւ բանիմաց բժիշկների շնորհիվ, հնարավոր է այդ հիվանդությունը լիարժեք կանխարգելել, այսինքն` պահպանվում են առկա տեսողական ֆունկցիաները եւ կանխարգելվում են հնարավոր բարդությունները:
Մեր զրուցակիցն է Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար, դոցենտ Լիլիթ Ոսկանյանը, ով այս տարիների ընթացքում մշտապես իր մասնագիտական հմուտ գիտելիքներն ու միջազգային փորձը ներդրել է գլաուկոմայի բաժանմունքում:

 

-Տիկի՛ն Ոսկանյան, Դուք ավարտել եք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ստացել ակնաբույժի որակավորում, մեր զրույցի սկզբում, կցանկանայինք պատմեիք, ինչպե՞ս ընտրեցիք բժշկի մասնագիտությունը, արդյո՞ք ընտանիքում կան բժիշկներ:


-Անկեղծ ասած դպրոցական տարիներին չէի էլ մտածում, որ կընտրեմ բժշկի մասնագիտությունը, այդ տարիներին ինձ ավելի հոգեհարազատ էր դիվանագետի աշխատանքը: Մայրս բժիշկ կլիմայաբույժ էր և շատ էր ցանկանում, որ ընտրեմ բժշկի մասնագիտությունը, իսկ տարիներ անց նաև ընկերուհուս խորհրդով, ով սովորում էր Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ակնաբուժության ֆակուլտետում, ընտրեցի հենց ակնաբույժի մասնագիտությունը:
Այսօր երջանիկ եմ, որ ընտրել եմ բժշկի մասնագիտությունը և չեմ էլ պատկերացնում, որ կարող էի այլ մասնագիտություն ընտրել:

-2001 թվականից Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում գործում է գլաուկոմայի բաժանմունքը, եթե հետադարձ հայացք նետենք անցած տարիներին, ապա այսօր ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կառանձնացնեք:

-Ի սկզբանե Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը կոչվել է տրախոմատոզ-գլաուկոմատոզ պրոֆիլակտիկ դիսպանսեր, որը ստեղծվել է 1978թ. Սերգեյ Մալայանի անմիջական նախաձեռնությամբ և գլխավորությամբ: Գլաուկոմայի վաղ ախտորոշումն ու կանխարգելումն այն տարիներին շատ էին կարևորվում, որովհետև չկային բուժման և վիրահատության արդյունավետ միջոցներ և հիվանդությունը համարվում էր անբուժելի, որը հանգեցնում էր տեսողության կորստի: 1982 թ. գլաուկոմայի բաժանմունքն առանձնացավ: Միայն մի կարճ ժամանակահատված բաժանմունքը միավորվեց գլաուկոմատոլոգիական հանրապետական կենտրոնի հետ, իսկ արդեն 2001թ. մայիսից սկսեց գործել որպես առանձին բաժանմունք:
2006 թվականին Ռոջեր Հովհաննիսյանի «Հայկական Ակնաբուժության նախագիծ» բարեգործական կազմակերպության և Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի համագործակցության շրջանակներում վերապատրաստվեցի Կալիֆոռնիայի համալսարանում` աչքի խցիկի անկյան շունտավորմամբ արվող վիրահատությունների ուղղությամբ: Արդյունքում` 2007 թվականից այդ վիրահատությունները սկսեցինք կատարել նաև Հայաստանում, և մեր երկիրը` ի դեմս Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի, դարձել է միակը ԱՊՀ երկրներից, որտեղ հաջողությամբ կատարվում են շունտավորմամբ գլաուկոմայի վիրահատությունները:
Կամաց-կամաց հասանք այն արդյունքի, որ հիվանդները սկսեցին վստահել մեզ, քանի որ մեզ մոտ իրոք, այսօր ունենք գլաուկոմայի կանխարգելման և բուժման լավագույն արդյունքները և մեր բաժանմունքում ներդրված են միջազգային մակարդակին համապատասխան բոլոր նորագույն մեթոդներն ու տեխնոլոգիաները:

 

Այսօր մեր բաժանմունքում ներդրված են միջազգային մակարդակում առկա բուժման բոլոր նորագույն մեթոդներն ու տեխնոլոգիաները:


-Տիկի՛ն Ոսկանյան, ի՞նչ է իրենից ներկայացնում գլաուկոմա հիվանդությունը և որո՞նք են դրա առաջացման պատճառները:

-Գլաուկոման հունարեն բառ է, որը ծագել է գլաուկոզ բառից, այն նշանակում է կապույտ, որն աչքի ոսպնյակի կապտավուն մթագնումն է: Գլաուկոման այն հիվանդությունն է, որը բարձր ներակնային ճնշման պատճառով բերում է տեսողական նյարդի քայքայման և առաջացնում է կուրություն:
Հիվանդության ընթացքում ներակնային բարձր ճնշման հետևանքով աստիճանաբար պակասում է տեսողության սրությունը, սահմանափակվում է տեսադաշտը, առաջանում է տեսողական նյարդի ապաճում և կուրություն. ներակնային ճնշման մակարդակը հանդիսանում է ռիսկի գործոն: Այսինքն, եթե աչքը մնա երկարատև ներակնային ճնշման տակ, և այդ ճնշումը թեկուզ մի քանի միավորով բարձրանա կամ անգամ մնա նորմայի սահմաններում, ապա տվյալ տեսողական նյարդի համար այն կլինի վտանգավոր: Իսկ եթե ճնշումը շատ է բարձր նորմայից, ապա մեկ շաբաթ կամ անգամ 15 օր հետո առողջ նյարդը սկսում է վնասվել: Այդ հիվանդությունը երեք գործոնի ազդեցությամբ է զարգանում` բարձր ներակնային ճնշում, տեսողական նյարդի վատթարացում և ապաճում, տեսադաշտի սահմանափակում, իսկ գլաուկոմայի հետևանքով կորցրած տեսողությունը երբեք հետ բերել չի լինում: Ուստի գիտությունն այսօր աշխատում է, որպեսզի ժամանակին ախտորոշվի հիվանդությունը, հնարավոր լինի այն կանխարգելել և թույլ չտալ, որ հիվանդությունը բարդանա:
Ժամանակին գլաուկոմա ասելով հասկանում էին չարորակ հիվանդություն, քանի որ ինչ բուժում էլ նշանակվեր, աչքն ուշ թե շուտ կուրանալու էր: Բայց վստահորեն կարող եմ ասել, որ այսօր գիտությունը հնարավորություն է տալիս լիարժեք կանխարգելել գլաուկոմա հիվանդությունը
Գլաուկոման հիմնականում զարգանում է առանց ակնհայտ կամ հատուկ ախտանշանների: Ցանկացած ներակնային հիվանդություն իր ախտանիշներով կարող է խոսել գլաուկոմա հիվանդության մասին: Կարող են լինել որոշ ընդհանուր գանգատներ. աչքի ծանրության զգացում, կարմրություն, երբեմն` տեսադաշտում լողացող պղտորումներ, սև կետ քթային հատվածում, տեսողության պարբերաբար մթագնում, սակայն այդ նշանները մարդիկ սովորաբար վերագրում են հոգնածությանն ու բժշկի չեն դիմում, բայց դրանք կարող են նաև գլաուկոմայի նախանշաններ լինել: Վաղ կանխարգելումը շատ կարևոր է, որովհետև գլաուկոման համարվում է անդառնալի հետևանքներով հիվանդություն, իսկ վաղ շրջանում բժիշկն ու հիվանդը պայքարում են եղածը պահպանելու համար:

-Գլաուկոմայի ո՞ր տեսակի և ո՞ր փուլերի դեպքում է հնարավոր դեղորայքային բուժումը, ո՞ր դեպքերում է գործը հասնում վիրահատության:

-Դեղորայքային բուժումը նշանակում ենք այն դեպքում երբ հիվանդությունը միջին փուլում է, գլաուկոմայի վաղ շրջանում նյարդը դեռ լավ վիճակում է, կարող է դիմակայել հարաբերական բարձր ներակնային ճնշմանը, և այս փուլում շատ արդյունավետ է դեղորայքային կամ լազերային միջամտությունները: Լազերային վիրաբուժության արդյունավետությունն այնքանով է լավ, որ պացիենտը սահմանափակվում է միայն տարին 1-2 միջամտությամբ, և դեղորայքի կարիք չի լինում: Առաջին և երկրորդ, երբեմն նաև երրորդ փուլում դեղորայքը կարող է լիովին բավարար լինել կանխելու տեսողության վատթարացումը: Երբեմն էլ խնդիրը կարելի է լուծել այդ երկուսի համակցությամբ և, իհարկե, ստենդավորմամբ:
Եթե նյարդի 90 տոկոսը վնասված է, գերադասելի է վիրահատական միջամտությունը, որովհետև միայն այդպես կարող ես աչքի ճնշումն իջեցնել նորմայից ցածր թվերի: Ու ամենակարևորը. մինչ վիրահատությունը կլինեն դեպքեր, երբ հիվանդը պարբերաբար չի կաթեցնի դեղն աչքի մեջ, ինչն էլ կհանգեցնի ճնշման տատանումների, իսկ վիրահատությունից հետո տատանումներ չեն լինում, և այն ոչ միայն իջեցնում, այլ նաև կայունացնում է ներակնային ճնշումը:
Նաև կցանկանամ խոսել ստենդավորման մասին, որն արվում է ավելի թույլ զարգացած գլաուկոմայի համար և հետվիրահատական բարդություն չունի, այն տևում է մեկ րոպե, արվում է տեղային անզգայացմամբ, չունի բորբոքման հավանականություն:

-Տիկի՛ն Ոսկանյան, իսկ կարո՞ղ ենք ասել, որ այսօր գլաուկոման բուժվող հիվանդություն է:

-Այո՛, գլաուկոման բուժվող հիվանդություն է, հարկ է նշել, որ բուժումը` նախ և առաջ կանխարգելումն է. իջեցնում ենք ներակնային ճնշումը, կայունացնում ենք տեսողությունը և թույլ չենք տալիս, որ հիվանդը կորցնի եղած տեսողությունը:
Ցանկանում եմ նշել, որ աչքի այն հատվածը, որը հիվանդության հետևանքով վնասվել է, վերականգնել չի լինում:
Պետք է շեշտեմ նաև, որ առաջնային գլաուկոման զարգանում է 50 տարեկանից հետո` պայմանավորված հատուկ գենով, և համարվում է քրոնիկական հիվանդություն, ինչպես արյան ճնշումը, շաքարային դիաբետը և այն: Սա ավելի հեշտ է բուժել: Բնածին գլաուկոմայով ծնվածներին մանուկ հասակում ժամանակին միջամտություն ցուցաբերելու դեպքում, մինչև կյանքի վերջ նրան կարող ենք պարգևել տեսողություն: Երկրորդային գլաուկոման առաջանում է այլ չբուժված հիվանդությունների հետևանքով, օրինակ` շաքարային դիաբետ, աչքի այլ չբուժված հիվանդություններ: Այդ ժամանակ խնդիրը բարդանում է, որովհետև պետք է բուժել նաև մայր հիվանդությունը:
Բժիշկը հատկապես երկրորդային գլաուկոմայի ժամանակ պետք է շատ ուշադիր լինի և չզբաղվի միայն ներակնային ճնշումն իջեցնելով, այլ պիտի բուժի նաև մայր հիվանդությունը: Ամեն դեպքում հավաստիացնում եմ, որ բոլոր տեսակի գլաուկոմաներն էլ այսօր հնարավոր է բուժել, որովհետև մոտեցումներն ու մեթոդները շատ լայնածավալ են, ու եթե մի մեթոդը չօգնեց, կարելի է կիրառել մեկ այլ մեթոդ:

 

Այսօր գիտությունը հնարավորություն է տալիս լիարժեք կանխարգելել գլաուկոմա հիվանդությունը:


-Տիկի՛ն Ոսկանյան, որքա՞ն հաճախ եք մեկնում վերապատրաստումների:

-Բավականին հաճախ: Այժմ տարվա մեջ մոտ երեք անգամ մեկնում եմ տարբեր երկրներ զեկուցումների:
Մեկ շաբաթ առաջ եմ վերադարձել Բրազիլիայից: Յուրաքանչյուր երկրում ներկայացնում ենք Հայաստանում առկա ակնաբուժական նորարարությունները և այսօր հպարտ եմ, որ մեր երկրում ակնաբուժությունը` բուժման նորարարական մեթոդներով, չի զիջում առաջավոր երկրներին:
Իմ ամերիկացի գործընկերը մի անգամ ասաց, որ Հայաստանում գլաուկոմայով հիվանդները ստանում են աշխարհում ամենաժամանակակից բուժումը:

-Դուք աշխատում եք նաև Երևանի պետական բժշկական համալսարանում, որպես դասախոս շփվում եք երիտասարդների հետ, ինչպիսի՞ն են այսօրվա երիտասարդները:

-Եվ՛ որպես բժիշկ, և՛ որպես դասախոս մշտապես շփվում եմ երիտասարդների հետ:
Այսօրվա ուսանողները, որոնց հետ ես աշխատում եմ, կասեմ, որ շատ առաջադեմ են ու նպատակասլաց. նրանց մոտ սովորելու ցանկությունը շատ մեծ է:
Նաև երիտասարդ հիվանդների հետ է բուժումն ավելի արդյունավետ ստացվում, նրանք շատ հեշտ են ենթարկվում բուժմանը, քանի որ շատ լավ պատկերացնում են իրենց անելիքներն ու գիտեն իրենց առողջության գինը:

-Դուք վերականգնում եք մարդկանց համար ամենակարևորը` աչքի լույսը, հետաքրքիր է` ինչպիսի՞ զգացողություն եք ունենում մինչ վիրահատարան մտնելը:

-Մինչ վիրահատություն սկսելը պատասխանատվության զգացումս շատ մեծ է: Տարիներ առաջ պատասխանատվության զգացումին նաև ավելանում էր լարվածությունը, սակայն այսօր այդ լարվածությունը, կարծես թե անցել է և վիրահատությունը սկսում եմ շատ ավելի վստահ:
Ցանկացած բարեհաջող վիրահատությունից հետո ես ինձ անչափ երջանիկ եմ զգում:

-Բավականին երկար տարիներ է ինչ աշխատում եք, ո՞րը կարող եք համարել Ձեր մասնագիտական ամենակարևոր ձեռքբերումը:

-Մասնագիտական ամենամեծ ձեռքբերումս` հիվանդների օրհնանքն է:

-Ինչպիսի՞ն է Լիլիթ Ոսկանյանն աշխատանքից դուրս:

-Հիմնականում ազատ ժամանակս նվիրում եմ ընտանիքիս անդամներին և ընկերներիս:
Ունեմ երեք թոռնիկ և հիմնականում ազատ ժամանակս սիրում եմ հենց իրենց հետ անցկացնել:
Ունեմ շատ լավ ընկերներ և երջանիկ եմ, որ մինչ այսօր չեմ զգացել թե ինչ բան է ընկերական դավաճանությունը:

 

Ուզում եմ երջանկություն տեսնել հայ կանանց աչքերում:


-Ընտանիքն ազգի հենասյունն է և յուրաքանչյուր ոք հարուստ է իր ընտանիքով: Մի փոքր կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Բավականին շուտ եմ ամուսնացել` 19 տարեկանում, ես և ամուսինս սովորում էինք նույն կուրսում, նա մասնագիտությամբ դատական բժիշկ է:
Ունենք երկու երեխա: Տղաս տնտեսագետ է և աշխատում է բիզնես ոլորտում, իսկ աղջիկս ընտրել է իմ ուղղությունը` ակնաբույժ է, նա ավելի շատ հետաքրքրված է ցանցաթաղանթի վիրահատություններով:

-Կինը երջանիկ է այն ժամանակ...

-Կինն ունի երկու երջանկություն. մեկն իր անձնական` կանացի երջանկությունն է, իսկ մյուսը` իր ընտանեկան երջանկությունը: Կնոջ լիարժեք երջանկության համար երկու գործոններն էլ անհրաժեշտ են:
Երբ կինն առավոտյան ցանկանում է գալ աշխատանքի և հետո ձգտում է շուտ գնալ տուն, ապա նա երջանիկ է: Կարճ ասեմ, երբ արթնանում ես ու ցանկանում ես ապրել:

-Ինչի՞ մասին եք երազում:

-Ամենամեծ երազանքս այն է, որ երեխաներս լինեն առողջ և կայանան այս կյանքում` լինեն երջանիկ թե՛ իրենց ընկերական շրջապատում և թե՛ անձնական կյանքում:

-Տիկի՛ն Ոսկանյան, և վերջում` ի՞նչ կմաղթեք հայ կանանց:

-Հայ կանայք շատ գեղեցիկ և յուրահատուկ են, միայն հայ կինը կարող է միաժամանակ ամեն ինչ հասցնել, և մշտապես լինել գեղեցիկ և խնամված:
Ցանկանում եմ, որ հայ կանանց մոտ պահպանվի ամենակարևոր օղակը` ընտանիքը: Երջանիկ լինեն և վայելեն կյանքի բոլոր փուլերը: Ուզում եմ երջանկություն տեսնել հայ կանանց աչքերում:
Ցանկանում եմ, որ հայ կանանց հայ տղամարդիկ միշտ երեք բան ասեն. «Սիրում եմ, կգնեմ, կճանապարհորդենք»:


Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...