05:44
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեզ մոտ կատարվում են այնպիսի բարդ վիրահատություններ, որոնք կատարվում են միայն առաջավոր երկրներում

2019-02-20 12:43

  «Դե Ֆակտո» N 147 (01/2019թ.

«Դե Ֆակտո» ամսագրի զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Վնասվածքաբանության, օրթոպեդիայի գիտական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Վաչագան Այվազյանը:

Ցանկանում եմ, որ բոլորն ապրեն իրենք իրենց հետ ներդաշնակ:

-Պարո՛ն Այվազյան, մեծ է Ձեր ավանդը բժշկության, գիտության ասպարեզում, կխնդրեմ ներկայացնեք` ի՞նչ մասնագիտական ուղի եք անցել:

-Երևանի բժշկական ինստիտուտն ավատելուց հետո` 1972 թվականին, աշխատանքի եմ անցել օրթոպեդիայի կենտրոնում որպես բուժակ, դրանից հետո երկաթգծի հիվանդանոցում աշխատել եմ մոտ ութ տարի` որպես ընդհանուր վիրաբույժ: 1978 թվականին կրկին տեղափոխվել եմ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոն` որպես կրտսեր գիտաշխատող: 1987 թվականին Կիևի օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտում պաշտպանել եմ դոկտորական ատենախոսություն` ստանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
1989 թվականին նշանակվել եմ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ԳՀԻ բաժանմունքի վարիչ, իսկ 1990 թվականից մինչ օրս աշխատում եմ որպես կենտրոնի տնօրեն:
1992 թվականից նաև ՀՀ ԱՆ ԱԱԻ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչն եմ:
1988 թվականից մինչև 2018թ. հանդիսացել եմ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վնասվածքաբան-օրթոպեդ, 1990 թվականից` ՀՀ վնասվածքաբանների և օրթոպեդների ասոցիացիայի նախագահ, 1995 թվականից` Վիրաբուժական օրթոպեդիայի և վնասվածքաբանության միջազգային ասոցիացիայի անդամ:

-Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է 1946-ին, այս տարիների ընթացքում կենտրոնն ունեցել է բազմաթիվ նվաճումներ և անցել է զարգացման տարբեր փուլեր: Վերջին տարիների ընթացքում, որոնք կարող եք համարել կենտրոնի կարևոր նվաճումները:

-1946 թվականին`պատերազմից հետո, որպես վիրավորների վերականգնողական կենտրոն, ստեղծվեց Վնասվածքաբանության, օրթոպեդիայի և վերականգնողական կենտրոնը: Տարիների ընթացքում կենտրոնը ընդլայնեց իր գործունեությունը` դառնալով գիտահետազոտական ինստիտուտ:
Չի կարելի չնշել կենտրոնի դերը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ. հազարավոր վիրավորներ տեղափոխվեցին հենց այս կենտրոն, որտեղ մասնագիտական բարձր հմտություններին տիրապետող անձնակազմը օգնեց և բուժեց շատ տուժածների:
Արցախյան պատերազմի օրերին ևս մեր կենտրոնը իր օգնությունը ցուցաբերեց մարտի դաշտում վիրավորված զինվորներին:
Պատերազմի ընթացքում կենտրոնում շուրջ 1600 տեսակի տարբեր վիրահատություններ կատարվեցին:
Ցանկանում եմ ընդգծել, որ վերոնշյալ օրերին ոչ միայն մեր կենտրոնը, այլև հանրապետության բոլոր բուժհիմնարկներն իրենց մասնագիտական և մարդկային ողջ ներուժն օգտագործել են տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու հարցում: Հուսով եմ, որ պետության կողմից երբեք չի մոռացվի ու միշտ բարձր կգնահատվի այդ ծանր օրերին բժիշկների, միջին և կրտսեր բուժանձնակազմի անձնուրաց աշխատանքն ու նվիրումը:
Վնասվածքաբանության, օրթոպեդիայի գիտական կենտրոնն իր գործունեության ընթացքում շատ մեծ դեր է ունեցել Հայաստանի պատմության մեջ:
Վստահաբար կարող եմ ասել, որ այսօր մեզ մոտ կատարվում են այնպիսի բարդ վիրահատություններ, որոնք կատարվում են միայն առաջավոր երկրներում:
Իմ ղեկավարման տարիների ընթացքում ունեցել ենք բազում ձեռքբերումներ, այս տարի վերանորոգել ենք որոշ բաժանմունքներ` զինել նորագույն սարքավորումներով. բիոքիմիական անալիզատորներ, ֆերմենտային անալիզատորներ, նոր էլեկտրասղոցներ: Լաբորատորիան հագեցվել է նորագույն սարքավորումներով:
Բժշկության մեջ օր օրի ի հայտ են գալիս բազում նորարարական մեթոդներ, մեր կենտրոնը փորձում է քայլել արդի մեթոդներին համընթաց:

-Ի՞նչ բաժիններ են գործում կենտրոնում:

-Կենտրոնը զբաղվում է ոչ միայն բուժական, այլ նաև գիտական գործունեությամբ, մենք այն եզակի բուժկենտրոններից ենք, որտեղ բուժական գործունեությունից զատ, զբաղվում են նաև գիտական գործունեությամբ:
Մեր կենտրոնում գործում է օրթոպեդիայի մեծ բաժանմունք, որտեղ կատարվում են գրեթե բոլոր օրթոպեդիկ վիրահատությունները: Ունենք ոսկորների ինֆեկցիանների բաժանմունք, ասեմ, որ ոսկորների ինֆեկցիանների բաժանմունքը Հայաստանում միակն է: Կենտրոնում գործում է հետվնասվածքային և ինֆեկցիոն բարդությունների բաժանմունք:
1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, ստեղծեցինք արտաքին պրոթեզավորման բաժանմունքը, որը գործում է մինչ օրս:
Ունենք նաև մանկական վնասվածքների և օրթոպեդիայի բաժանմունք, որտեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ:

-Կենտրոնի մասնագետները լուրջ հաջողություններ են գրանցել վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտում, ո՞րքան հաճախ են մասնագետները մեկնում վերապատրաստման:

-Ես` լինելով վնասվածքաբանների ասոցիացիայի նախագահ, ամեն չորս տարին մեկ կազմակերպում եմ տարբեր երկրների բարձրակարգ մասնագետների մասնակցությամբ միջազգային համագումար: Ասեմ, որ տարեցտարի համագումարին մասնակցող մասնագետների աշխարհագրությունն ընդլայնվում է, եթե տարիներ առաջ համագումարին մասնակցում էին 10-12 մասնագետ արտերկրից, ապա այս տարի համագումարին մասնակցել են 60 լավագույն մասնագետներ տարբեր առաջավոր երկրներից:
Կենտրոնի ձեռքբերումներից մեկն էլ կարող եմ համարել հենց մեր գիտական նվաճումները:

-Ի՞նչ եք կարծում` ինչպիսի՞ մակարդակի վրա է գտնվում այսօր Հայաստանում առողջապահության ոլորտը, ի՞նչ բացթողումներ կան:

-Առողջապահության ոլորտը շատ մեծ փոփոխությունների կարիք ունի: Իմ կարծիքով, պետք է շատ մեծ ուշադրություն դարձվի մարզերի բուժհաստատություններին, որտեղ բազմաթիվ խնդիրների հետ մեկտեղ չկան նաև համապատասխան կադրեր:
Կարծում եմ, որ ոլորտում առկա բոլոր խնդիրները ժամանակի ընթացքում կկարգավորվեն, և ոլորտում կլինեն դրական փոփոխություններ, քանի որ առողջապահության ոլորտը մշտապես աշխատում է և կանգնած է պետության և հասարակության կողքին:

-Պարո՛ն Այվազյան, ըստ Ձեզ` բնավորության ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինի բժիշկը:

-Բժիշկը պետք է լինի ազնիվ, գնահատի իր աշխատանքը` հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը:
Շատ կցանկանայի, որ այն վերաբերմունքը, որ կար բժիշկների հանդեպ Խորհրդային Միության տարիներին` վերականգնվեր:

-Ի՞նչն եք կարևորում բժիշկ-հիվանդ փոխհարաբերություններում:

-Երբեք չպետք է հիվանդին նայել վերևից. հայրս ինձ սովորեցրել է, որ յուրաքանչյուրի հետ պետք է լինել այնպիսին, ինչպիսին ինքն է. վարորդի հետ խոսել վարորդի լեզվով, ուսուցչի հետ` ուսուցչի:
Մինչև այժմ աշխատում եմ հենց այդ սկզբունքով:

-Պարո՛ն Այվազյան, և վերջում՝ ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Ամենակարևորը` ցանկանում եմ, որ բոլորը լինեն առողջ և միշտ շրջապատված իրենց սիրելի մարդկանցով:
Ցանկանում եմ, որ բոլորն ապրեն իրենք իրենց հետ ներդաշնակ, դա շատ կարևոր է:


Հարցազրույցը ` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...