04:49
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ամեն ոք կցանկանա ավարտին հասցնել իր հեղինակած ծրագրերը, հույս ունեմ, որ նոր եկողների համար դժվար չի լինի դրանք շարունակելը

2018-07-14 13:06

 ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆ
ՀՀ առողջապահության նախկին նախարար

«Դե Ֆակտո » N 144 ( 05-06/2018թ.) 


«Իմ` ՀՀ առողջապահության նախարար աշխատելու ժամանակահատվածում

մեկնարկել են հիմնականում ռազմավարական ծրագրեր»:

 

Կցանկանայի, որ ՀՀ առողջապահության համակարգն այնպես զարգանար, որ այսօր գոյություն ունեցող հիվանդությունների շուրջ 20 տոկոսը պարզապես չարձանագրվեր, առկա 70-75 տոկոս հիվանդությունները հայտաբերվեին վաղ փուլում, իսկ շուրջ 20-25տոկոս կազմող բարդացած դեպքերի բուժումն իրականացվեր առաջատար, տեխնիկայի վերջին նվաճումներով հագեցված մասնագիտացված կենտրոններում:

-Պարո՛ն Ալթունյան, Դուք ավելի քան մեկուկես տարի պաշտոնավարեցիք` որպես ՀՀ առողջապահության նախարար և հասցրել եք ոլորտում բարեփոխումներ իրականացնել, որոնց թվում` բազում ծրագրեր, օրենսդրական փոփոխություններ և այլն: Հետաքրքիր է, ամփոփելով Ձեր աշխատանքային այս կարճ ժամանակահատվածը` ի՞նչ ձեռքբերումներ կնշեք, որոնք հատկապես կարևորում եք:

-Խոսելով ձեռքբերումների մասին`պետք է նշեմ, որ իմ` ՀՀ առողջապահության նախարար աշխատելու ժամանակահատվածում մեկնարկել են հիմնականում ռազմավարական ծրագրեր, որոնց համար նախանշված է 3-5 տարի ժամկետ: Բոլոր ծրագրերը սահմանված ժամանակացույցով և մի քիչ էլ դրանից առաջ անցնելով` իրականացվել են: Խոսքն առաջին հերթին կլինիկական ուղեցույցների ու պացիենտի վարման գործելակարգերի մշակման, էլեկտրոնային առողջապահության համակարգի և ապահովագրական ծրագրերի ներդրման մասին է:
Պետք է շեշտեմ, որ նախարարությունում ձևավորվել է արդյունավետ աշխատող թիմ, որը փայլուն կերպով կատարում է իր աշխատանքը և պարբերաբար հաշվետվություն ներկայացնում դրա մասին:
Հատկապես ուզում եմ առանձնացնել կլինիկական ուղեցույցների, պացիենտի վարման գործելակարգերի և ընթացակարգերի մշակման ծրագիրը, որն առաջնային կարևորություն ունի ոլորտի զարգացման, բժշկական ծառայությունների որակի բարելավման գործում: Մասնագիտական մեր խումբն ընտրում է լավագույն ուղեցույցները, որոնք հիմնված են ապացուցողական բժշկության վրա, թարգմանում, տեղայնացնում մեր պայմաններին: Հաստատվելուց հետո դրանք ՏՏ մասնագետները սկսել են թվայնացնել, որպեսզի ներբեռնվեն էլեկտրոնային առողջապահության համակարգ: Դա նշանակում է, որ երկրի ցանկացած կլինիկայում` լինի մայրաքաղաքում, թե հեռավոր մարզում, կիրականացվեն ախտորոշման և բուժման միևնույն սխեմաները:
Մենք պետք է ունենանք ավելի քան 1000 կլինիկական ուղեցույց, պացիենտի վարման գործելակարգ և ընթացակարգ:Ծրագրի իրականացման համար հաշվարկված է 5 տարի, տարեկան` 200 փաստաթուղթ: Առաջին տարում Հարություն Մանգոյանի ղեկավարած հանձնաժողովը միջազգային լավագույն փորձի հիման վրա թարգմանել և տեղայնացրել է ավելի քան 300 կլինիկական ուղեցույցներ, պացիենտի վարման գործելակարգեր և ընթացակարգեր: Ընդ որում` հասարակական հիմունքներով: Դրանց մեծն մասն արդեն թվայնացվում է:
Այս տարվա համար սահմանված 200-ից 40-ից ավելին արդեն պատրաստ է:

-Իսկ ի՞նչ արդյունքներ եք ակնկալում էլեկտրոնային առողջապահության ներդրման գործընթացից:

-Ռազմավարական ծրագրերից մեկն էլ էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումն է, որն ունի բազում առավելություններ: Նախ` թույլ կտա հավաքագրել անհատի առողջական վիճակի ամբողջական և ճշգրիտ վիճակագրություն` սկսած ծննդյան օրվանից: Ցանկացած բժշկի դիմելիս հասանելի կլինի մարդու հիվանդության պատմությունը` զերծ մնալով ավելորդ թղթաբանությունից, խնայելով հիվանդի ու բժշկի ժամանակը: Միաժամանակ, կառավարելի և վերահսկելի կդարձնի հիվանդների հոսքը: Այս համակարգը հնարավորություն կստեղծի բժշկի կողմից հիվանդին առցանց դեղ դուրս գրելու, անգամ շահառուի կողմից բժշկի աշխատանքը գնահատելու, պարզելու նրանց կողմից պարտականությունների թերացումները:
Միաժամանակ, բժշկական և առողջապահական բոլոր գործողությունների հաշվառումը թույլ կտա ճշգրիտ վերլուծություններ կատարել և կառավարչական որոշումներ ընդունել: Արդյունքում կբարձրանա նաև ֆինանսավորման վերահսկելիությունը:
Եթե ամփոփ ներկայացնենք` համակարգի ամբողջական ներդրումը կբերի`
DiagnosisbySoftware` Ախտորոշում ծրագրային ապահովման միջոցով
Reducing Unnecessary Prescribed Drugs` Ոչ անհրաժեշտ դեղերի նշանակման կրճատում
Paperless Medicine` Առանց թղթաբանության բժշկություն
Reducing Medical Mistakes` Բժշկական սխալի նվազեցում:
Մնացած ծրագրերն ավելի շատ օպերատիվ կառավարման խնդիրներ են լուծում, այն է` հայտնաբերել անարդյունավետ ծախսվող գումարները, ինչի արդյունքում 2017թ. մենք տնտեսել ենք շուրջ 1 մլրդ 700 մլն դրամ և ուղղել տարբեր բուժական ծրագրերի իրականացմանը:
Կարևորում եմ, որ առողջապահության նախարարության դերը` որպես մեթոդոլոգիական կենտրոնի, ոլորտում սկսել է մեծանալ: Նախարարությունը կամաց-կամաց ընկալվում է որպես մեթոդոլոգիական կենտրոն, ինչպիսին պետք է լինի մի երկրում, որտեղ բուժհաստատությունների մեծ մասը` 70 տոկոսը, մասնավորեցված է կամ գտնվում է տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանների ենթակայության ներքո:

 

«Կոռուպցիան հիմնականում դեղագործների եւ մատակարարող ընկերությունների

մարքեթինգային քաղաքականության արդյունքում է առաջանում, երբ վերջիններս դեղերը

նշանակողների նկատմամբ իրականացնում են խրախուսական տարբեր միջոցառումներ»:

 

-Ձեր մոտեցումը աշխատանքին, գաղափարները, առաջարկած ծրագրերը փոքր-ինչ տարբերվող են, երբեմն դժվար էին ընկալվում և ընդունվում, ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին:

-Իմ աշխատանքային առաջին եռամսյակի ընթացքում ես բոլոր ծրագրերը ներկայացրել եմ ՀՀ կառավարությանը, որոնք հավանության են արժանացել, և դրանց իրականացման համար նախատեսվել են ռեսուրսներ:
Իհարկե, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ցանկացած ռեֆորմ երբեմն արդեն իսկ կայացած ենթակառուցվածքների շրջադարձային փոփոխություն է ենթադրում, ինչը դժգոհության ալիք է բարձրացնում: Դա բնական է, քանի որ ռեֆորմների իրականացումը որոշակի նյութական վնաս է դրանցից օգուտներ ստացողների համար:
Պետք է հաշվի առնել, որ նոր ծրագրի իրականացման և դրական արդյունքների արձանագրման համար ժամանակ է պահանջվում, այդ իսկ պատճառով դժգոհություններին ի պատասխան` գոհունակության ալիք չի բարձրանում:
Ծրագրերի շարունակականության ապահովման դեպքում, կարծում եմ, մեր հասարակությունը մոտակա երկու-երեք տարիների ընթացքում անպայման կզգա առողջապահության համակարգում իրականացվող բարեփոխումների արդյունքները և կտա իր դրական գնահատականը:

-Ի՞նչ դրական արդյունքներ պետք է ակնկալել դեղերի դեղատոմսերով բացթողնման կարգի վերաբերյալ նոր որոշումից: Արդյո՞ք, այն կոռուպցիոն ռիսկեր չի պարունակում:

-Նախ նշեմ, որ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի դեղատոմսերին վերաբերող դրույթի հիմքում կոռուպցիայի դեմ պայքարի գաղափարն է: Կոռուպցիան հիմնականում դեղագործների և մատակարարող ընկերությունների մարքեթինգային քաղաքականության արդյունքում է առաջանում, երբ վերջիններս դեղերը նշանակողների նկատմամբ իրականացնում են խրախուսական տարբեր միջոցառումներ` սեմինարների կազմակերպում հանգստյան գոտիներում, դրամական պարգևատրումներ և այլն:
«Դեղերի մասին» օրենքում այս փոփոխությունների կատարման մասին դրույթն ամրագրվել է մինչև իմ նախարար դառնալը: Սակայն ես լիովին հավանություն եմ տվել դրանց և սիրով ջանացել եմ դրանք կյանքի կոչել:
Հատկապես կարևորում եմ այն հանգամանքը, որ դեղատոմսում պետք է նշվի դեղի հիմնական ազդող քիմիական նյութի անունը, որպեսզի հիվանդը կաշկանդված չլինի և ըստ իր հնարավորության ընտրություն կատարելու հնարավորություն ունենա: Մյուս կողմից` կարևոր է, որպեսզի դեղատան աշխատակիցը պարզապես ներկայացնի նշանակված ազդող քիմիական նյութով առկա բոլոր դեղերը, ներառյալ` որ երկրի արտադրանք են և գները: Դեղատան աշխատակցի կողմից հիվանդին ուղղորդելը խախտում է, որի համար վարչական տույժ է սահմանված: Իհարկե, կան դեպքեր, երբ ինչ-որ բրենդներ որոշ դեպքերում ավելի ցուցված են, այդ դեպքերի համար պատրաստում էինք պարզաբանումներ, համաձայն որոնց բժիշկը պետք է գրառի դեղատոմսի հակառակ կողմում: Սակայն նախապատվությունը կոնկրետ բրենդին պետք է հիմնավորված լինի:
Երկրորդ` այդ դրույթն ունի դեղերի շրջանառության վերահսկողության տարր: Դա հատկապես վերաբերում է բնակչության կողմից հակաբիոտիկների անհարկի օգտագործմանը: Մեր ազգաբնակչությունը դրանք օգտագործում է իր որոշումով կամ հարևանների, դեղատների աշխատակիցների խորհրդով, ինչը ստեղծել է անկառավարելի իրավիճակ: Դա անթույլատրելի է և հղի վատ հետևանքներով: Հակաբիոտիկների անհարկի և հաճախակի օգտագործումն օրգանիզմում առաջացնում է դեղակայուն միկրոօրգանիզմներ, ինչը դժվարացնում է հիվանդությունների բուժումը. հակաբիոտիկներն այլևս որևէ բուժական ազդեցություն չեն թողնում: Այդ ամենից խուսափելու համար նախարարությունը ծրագրել էր խիստ վերահսկողություն իրականացնել հակաբիոտիկների շրջանառության նկատմամբ` կարևորելով հասարակության առողջության պահպանման խնդիրը:

-Քանի՞ փուլ էիք նախատեսել վերը նշված գործընթացի իրականացման համար:

-Գործընթացը տրոհված էր երեք փուլերի: Նախ` հանրային իրազեկման աշխատանքների շարունակականության ապահովում: Օրենքի կիրարկման նկատմամբ վերահսկողություն է իրականացրել դեռևս համալրման փուլում գտնվող տեսչական մարմինը: Այցելելով 481 դեղատուն` արձանագրվել է 54 խախտում:
Միաժամանակ, նախատեսված էր էլեկտրոնային առողջապահության համակարգում տարեվերջին ներդնել էլեկտրոնային դեղատոմսերի ձևերը, իսկ 2019թ. երկրորդ եռամսյակից` 100%-ով կիրառել էլեկտրոնային դեղատոմսերը, ինչը գործընթացները էականորեն կհեշտացներ թե՛ բժիշկների, թե՛ բնակչության համար՝ նպաստելով վերահսկողության մակարդակի բարձրացմանը և կեղծիքները բացառելուն:



«Կցանկանայի, որ ՀՀ առողջապահության համակարգն այնպես զարգանար, որ այսօր գոյություն ունեցող հիվանդությունների շուրջ 20 տոկոսը

պարզապես չարձանագրվեր, առկա 70-75 տոկոս հիվանդությունները հայտաբերվեին վաղ փուլում,

իսկ շուրջ 20-25տոկոս կազմող բարդացած դեպքերի բուժումն իրականացվեր առաջատար, տեխնիկայի

վերջին նվաճումներով հագեցված մասնագիտացված կենտրոններում»:


-Ինչպե՞ս կգնահատեք առողջապահական ապահովագրության համակարգը Հայաստանում:

-Հարկ է նկատել, որ մեքենաների ապահովագրության համակարգը Հայաստանում ներդրվեց կարճ ժամանակում և շատ արդյունավետ կերպով` արժանանալով հասարակության դրական գնահատականին:
Ինչ վերաբերում է առողջապահական ապահովագրությանը, ապա ներկայումս մեր բնակչության 3.5-5%-ը կամավոր ապահովագրության մեջ ընդգրկված է գործատու կազմակերպությունների կողմից:
2017թ. հոկտեմբերի 1-ից մեկնարկել է սոցիալական փաթեթի շուրջ 100 հազար շահառուի բժշկական ծառայությունների ապահովումը պետության կողմից ձեռք բերված առողջապահական ապահովագրական փաթեթներով: Դրա արդյունքում պետական ծառայողներն անհրաժեշտ բժշկական ծառայությունները ստանում են առանց հերթագրումների, իրենց նախընտրած կլինիկաներում: Մենք նախատեսում էինք պիլոտային այս ծրագրի հիման վրա 2018թ. շահառուների թիվն ավելացնել ևս 500-600 հազարով` պետության կողմից բժշկական ապահովագրական փաթեթներ ձեռք բերելով նաև սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված բնակչության համար: Դրանից հետո ևս մեկ տարի իրականացնելով մշտադիտարկում, հաշվի առնելով առկա թերություններն ու հնարավոր ռիսկերը` պետք էր մշակել բժշկական պարտադիր ապահովագրության հայեցակարգ:

-Հաշվի առնելով ոլորտի զարգացման ներկայիս միտումները` ինչպիսի՞ն եք ցանկանում տեսնել ՀՀ առողջապահական համակարգը:

-Ես կցանկանայի տեսնել այնպիսի մի զարգացած համակարգ, որի արդյունավետ աշխատանքի շնորհիվ այսօր գոյություն ունեցող հիվանդությունների շուրջ 20 տոկոսը պարզապես չարձանագրվի: Շատ կցանկանայի, որ այսօր առկա հիվանդությունների 70-75 տոկոսը հայտնաբերվեր վաղ փուլում և բուժվեր շատ ավելի արդյունավետ ու մատչելի գներով, քան այսօր: Եվ շուրջ 20-25 տոկոս կազմող բարդացած դեպքերի բուժումն իրականացվեր առաջատար, տեխնիկայի վերջին նվաճումներով հագեցված մասնագիտացված կենտրոններում:

-Որպես մարդ` ի՞նչ կարևորություն ուներ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը Ձեզ համար, ի՞նչ պահանջներ էիք դրել Ձեր առջև և արդյո՞ք չեք ափսոսի սկսած ծրագրերն ավարտին չհասցնելու համար:

-Ես ընդհանրապես հատուկ պահանջներ չեմ դնում իմ առջև, իմ տեսակն այնպիսին է, որ ցանկացած գործունեության մեջ հաճույք եմ գտնում, կոմերցիայում հաճույքն ազատության մեջ էր, այստեղ` ժողովրդին ծառայելու գիտակցության:
Իհարկե, ամեն ոք կցանկանա ավարտին հասցնել իր հեղինակած ծրագրերը: Ինչպես ասացի, առողջապահության ոլորտում բարեփոխումները սկզբնական շրջանում ավելի հաճախ ցավոտ են լինում: Բայց ինձ համար այս պահին առավել կարևոր է, որ ոլորտում համակարգային բարեփոխումների տանող ծրագրերն արդեն իսկ մեկնարկել են և հույս ունեմ, որ նոր եկողների համար դժվար չի լինի դրանք շարունակելը:


Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...