15:54
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մեր գլխավոր նպատակը մեկն է` մեր հայրենակիցներին մատուցել որակյալ անհետաձգելի բուժօգնություն

2018-05-24 12:11

«Դե Ֆակտո » N 143 ( 04/2018թ.) 

Շտապօգնությունը դա մարդու կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող վիճակներում առաջին բժշկական օգնությունն է: Շտապօգնությունը պետք է հիվանդին անհետաձգելի և բժշկական օգնություն կազմակերպի տեղում և հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Երևան քաղաքում «Շտապօգնության» ծառայությունն իր երկարամյա գործունեության ընթացքում բազում զարգացման փուլեր է անցել, այսօր հետադարձ հայացք նետելով անցած ուղուն, վստահաբար կարող ենք ասել, որ շտապօգնության ծառայությունը թե՛ որակական, և թե՛ մասնագիտական առումով բավականին առաջխաղացում է ապրել` արդիականացվել է ամբողջ կարգավարական կենտրոնը, վերազինվելով նոր մեքենաներով և սարքավորումներով: Այս բոլոր ձեռքբերումների մեջ մեծ ավանդ ունի «Շտապօգնության» ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը, ով 2010 թվականից մինչ օրս հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկել է շտապ բուժօգնության ծառայությունների որակի բարձրացման և ոլորտում բանիմաց մասնագետների ներգրավվածության ուղղությամբ:
Վերոնշյալ բոլոր գործոնները շատ կարևոր են շտապօգնության ծառայության աշխատանքի համար, քանզի անձի կյանքի համար վտանգ ներկայացնող ցանկացած իրավիճակում նույնիսկ վայրկյանները կարող են որոշիչ լինել. շտապ բժշկական օգնության արագությունից և որակից է կախված մարդկային կյանքը:
Շտապօգնության ծառայության վերջին տարիների ձեռքբերումների, խնդիրների և առաջիկա ծրագրերի շուրջ զրուցեցինք «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանի հետ:

-Տիկի՛ն Ստեփանյան, հետաքրքիր է` ի՞նչ աշխատանքային ուղի եք անցել մինչ «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն նշանակվելը:


-Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ավարտելուց հետո, աշխատանքային գործունեությունս սկսել եմ «Էրեբունի» բժշկական կենտրոնից, մոտ տասնհինգ տարի աշխատել եմ հեմոդիալիզի բաժանմունքում որպես բժիշկ-ռեանիմատոլոգ: Այնուհետև, վերապատրաստվելով միջազգային հեղինակավոր կենտրոններում, ինչպիսիք են Մոսկվայի Բակուլևի անվան սիրտ-անոթային վիրաբուժության գիտական կենտրոնը, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան սիրտ-անոթային վիրաբուժության կենտրոնը, սկսեցի զբաղվել անոթային պաթոլոգիաների ախտորոշմամբ, և մոտ ինը տարի կատարում էի անոթային պաթոլոգիաների ախտորոշում:
2010 թվականից մինչ օրս ղեկավարում եմ «Շտապօգնության» ՓԲԸ-ն:

-Այսօր, հետադարձ հայացք նետելով շտապօգնության գործունեության տարիներին, որո՞նք կարող եք համարել ոլորտի կարևոր ձեռքբերումները:

-Երբ 2011 թվականին իրականություն դարձավ Շտապօգնության զարգացման և արդիականացման ծրագիրը, դա մի մեծ հեղափոխություն էր շտապօգնության ծառայության համար, քանի որ մինչ այդ չկային համապատասխան պայմաններ. հին մեքենաներ, ոչ ժամանակակից սարքավորումներ, այդ ամենի հետ մեկտեղ` օր-օրի ավելացող անհետաձգելի բուժօգնության դիմող քաղաքացիներ: Մեր գլխավոր նպատակը մեկն է` մեր հայրենակիցներին մատուցել անհետաձգելի որակյալ բուժօգնություն, իսկ այդ ամենը իրականություն դարձավ այն ժամանակ, երբ իրականացվեց արդիականացման պետական ծրագիրը: Առաջին փուլում ամբողջությամբ նորացվեց մեքենաների պարկը, ենթակայանը համալրվեց մոտ 35 նոր մեքենաներով, որակյալ բուժօգնություն մատուցելու համար ստացանք անհրաժեշտ բուժսարքավորումներ, ինչպես նաև մեր կարգավարական կենտրոնը ամբողջովին արդիականացվեց` դարձավ համակարգչային մի հզոր կենտրոն: Մեքենաների մեջ տեղադրվեցին GPS տեղորոշման համակարգ, որը վերահսկելի դարձրեց մեր աշխատանքը, մենք կարողանում ենք վերահսկել մեր կանչերը` սկսած զանգից, մինչև, անհրաժեշտության դեպքում, հիվանդի տեղափոխումը հիվանդանոց: Այդ համակարգի ներդրումը օգնեց նաև բավականին կրճատելու կանչի վայր արագ հասնելու ժամանակահատվածը: Արդեն հինգ տարի է աշխատում ենք էլեկտրոնային տարբերակով, այն նաև օգնում է բժիշկին, որ մինչ հիվանդին հասնելը, տեղեկանա նրա առողջական խնդիրների մասին:
Պետք է ասեմ, որ այս ընթացքում ողջ բուժանձնակազմը մասնագիտական վերապատրաստում է անցել` վերազինվելով համապատասխան գիտելիքներով: Այժմ «Շտապօգնության» ՓԲԸ-ում աշխատում են բանիմաց և փորձառու մասնագետներ, որոնց շնորհիվ այսօր շտապ բուժօգնության ծառայությունների որակական փոփոխություններն անքննելի են: Գիտեք, ես միայնակ չէի կարող հասնել նման հաջողությունների, միայն նվիրյալ, բանիմաց և սրտացավ աշխատակիցների շնորհիվ է, որ ունենք նման հաջողություններ:

-Տիկի՛ն Ստեփանյան, այսօր դեռ ի՞նչ խնդիրներ են մնացել անլուծելի:

-Անլուծելի խնդիրներ, որպես այդպիսին, գրեթե չունենք, եթե նախկինում շտապօգնության ծառայության համար խնդիր էր հին մեքենաները, վառելիքի սակավությունը, դեղորայքը ապա այսօր նման խնդիրներ այլևս չունենք:

-Եթե համեմատենք տարիներ առաջ և այսօր, ապա ավելացե՞լ է կանչերի քանակը և հիմնականում ո՞ր հիվանդություններն են գերակշռում:

-Այսօր օրեկան միջինում կատարում ենք 700 կանչ, իսկ օրինակ` 2012 թվականին, կանչերի թիվը հասնում էր մինչև 500-ի:
Տարեց տարի ավելանում է կանչերի թիվը և դա կախված է տրանսպորտի զարգացման, բնակիչների սոցիալական վիճակի, դժբախտ պատահարների թվի ավելացման հետ: Հիմնականում բարձր տոկոս են կազմում սիրտ-անոթային հիվանդությունները, շնչառական հիվանդությունները և տարբեր տեսակի վնասվածքները:

-7 ենթակայաններում գործող 36 մասնագիտական բրիգադներն արդյո՞ք բավականացնում են կանչերը սպասարկելուն:

-«Շտապօգնության» ՓԲԸ-ն իրականացնում է Երևանի բնակչության արտահիվանդանոցային շտապ բժշկական օգնություն` մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված 7 ենթակայաններում գործող 36 մասնագիտական բրիգադներով: Նաև անհրաժեշտության դեպքում սպասարկում ենք կանչերը ՀՀ մարզերում:
Շուրջօրյա գործում են 36 մասնագիտական բրիգադներ, որոնցից 23-ը` գծային, 10-ը` վերակենդանացման, 1-ը` հոգեբուժական, 2-ը` ֆելդշերական:
Երևանի շտապ բուժօգնության ծառայության բրիգադների քանակը ձևավորվել է 30000 բնակչին` 1 բրիգադ սկզբունքով, իսկ մարզերում 20.000 բնակչին` 1 բրիգադ սկզբունքով, մենք շատ կցանկանայինք, որ մարզերի այդ մեխանիզմը գործեր նաև մեզ մոտ, այդ պարագայում շատ ավելի կհեշտանար մեր աշխատանքը և մեքենաները կբավականացնեին:
Նաև ուրախությամբ պետք է նշեմ, որ առաջիկայում Չինաստանի Հանրապետությունը Հայաստանին կտրամադրի նոր մեքենաներ. նախնական տվյալներով կտրամադրվի երկու հարյուր մեքենա: Այն կօգնի, որպեսզի էլ ավելի արագ և արդյունավետ կատարվի առաջին բուժօգնությունը Հայաստանում և կարծում եմ, որ արդեն բնակիչներին սպասարկման խնդիր չենք ունենա:

-Ըստ օրենքի, շտապ օգնության ծառայություններն անվճար են, կներկայացնեք` ո՞ր ծառայություններ են այսօր վճարովի:

-«Շտապօգնության» ՓԲԸ-ում միշտ վճարովին են եղել տարբեր միջոցառումների ժամանակ հերթապահությունները, հիվանդի ցանկությամբ որևէ բուժհաստատություն հետազոտության գնալն ու տուն վերադառնալը, տնային մահվան դեպքերը և միջմարզային կանչերը:

-Տիկի՛ն Ստեփանյան, մասնագետների խնդիր ունի՞ ծառայությունը:

-Այսօր մեզ մոտ աշխատում են բանիմաց և փորձառու մասնագետներ, ովքեր իրենց գիտելիքներն ու ներուժը օգտագործում են մեր հայրենակիցներին բարձրորակ բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ:
Հիմնականում մեզ մոտ աշխատող երիտասարդ բուժաշխատողները աշխատում են նաև այլ բժշկական կենտրոններում: Այն բժիշկները, ովքեր աշխատում են բազմապրոֆիլ բուժհաստատություններում, և հետևում են բժշկագիտության նորարարություններին, օգտագործում են իրենց փորձը և հմտությունները շտապօգնության ոլորտում:

-Բժիշկի աշխատանքը շատ պատասխանատու և դժվար աշխատանք է, ի՞նչ եք մշտապես խորհուրդ տալիս Ձեր աշխատակիցներին:

-Ես միշտ խորհուրդ եմ տալիս նրանց, որ տանից դուրս գալուց առաջ իրենց վատ տրամադրությունը, ընտանեկան հոգսերը թողնեն տանը, քանի որ նրանց տրամադրության անկումները ոչ մի ձևով չպետք է անդրադառնա իրենց աշխատանքի վրա և պետք է աշխատեն այնպես, որ ոչ ոք չզգա իրենց վատ տրամադրությունը:

-Տիկի՛ն Ստեփանյան, ինչպես եք կարողանում լինել լավ ղեկավար, լավ դուստր և լավ մայր:

-Գիտեք, երևի թե բնավորության գիծ է երբ կարողանում ես աշխատանքում ճիշտ դրսևորվել և կյանքում հասցնել ամեն բան: Ես միշտ փորձել եմ այնպես անել, որ ո՛չ աշխատանքը տուժի, ո՛չ ընտանիքը: Իմ կարծիքով, կինը պետք է կարողանա համատեղել և՛ աշխատանքը և՛ ընտանիքը:

-Կյանքում կա՞ն սկզբունքներ, որոնց անդավաճան եք մնում:

-Իհարկե` չդավաճանել, չստել և սիրել դիմացինին, սրանք այն սկզբունքներ են, որոնց ես անդավաճան եմ մնում: Գիտեք, շատ նվիրվող անձնավորություն եմ, որը, կարծում եմ, մեր ժամանակներում գուցե և խանգարում է կյանքում:

-Եթե ծնվեիք նորից, ապա ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:

-Հաստատակամ ասում եմ, ոչինչ չէի փոխի, կապրեի նույն կյանքով:

-Ի՞նչն է կյանքում Ձեզ ուժ տալիս:

-Ես լավատես անձնավորություն եմ, և կյանքում ամեն ինչին հասել եմ իմ ուժերով` ինքս եմ ինձ ուժ տվել: Եթե կյանքում եղել են դժվարություններ, ապա հաղթահարել եմ դրանք և առաջ շարժվել, իսկ դժվարություններն ինձ էլ ավելի են ուժ տվել դիմակայելու և առաջ շարժվելու:

-Ի՞նչ խորհուրդներ եք ստացել Ձեր ծնողներից, որոնք այսօր փոխանցում եք Ձեր որդուն:

- Ծնողներիս կողմից ստացել եմ իմ կյանքի համար ամենակարևոր և ամենաթանկ խորհուրդները: Կյանքի ցանկացած իրավիճակում հայրիկիս պատգամներն եմ հիշում և ուղղորդվում այդ պատգամներով, որն ինձ ուժ է տալիս: Հայրս միշտ ասում էր` ցանկացած իրավիճակում ամենակարևորը, կյանքում մարդ մնալն է, ու պարկեշտությունը: Այժմ ծնողներիս տված խորհուրդներն ու պատգամները փոխանցում եմ տղայիս:

-Ինչպիսի՞ն է Թագուհի Ստեփանյանը աշխատանքից դուրս:

-Նախասիրություններս տարբեր են, սիրում եմ համեղ կերակուրներ պատրաստել, սակայն ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում շատ լինել խոհանոցում:
Շատ եմ սիրում ճամփորդել, սիրում եմ հիմնականում այցելել եվրոպական երկներ` Իտալիա, Ֆրանսիա, և ամեն անգամ ճամփորդելով, ծանոթանում եմ տվյալ երկրի մշակույթին, ազգային արժեքներին:

-Ինչի՞ մասին է երազում Թագուհի Ստեփանյանը:

-Իմ երազանքներից է, որ տղաս առողջ և երջանիկ լինի, իր տեղը գտնի կյանքում: Երազում եմ, որ իմ հարազատները և հայ ժողովուրդը առողջ ու երջանիկ լինեն:

-Եվ վերջում` ի՞նչ կմաղթեք մեր հայ կանանց:

-Կմաղթեմ, որ մեր հայ կանայք առողջ և անսահման երջանիկ լինեն, սիրեն, և էլ ավելի շատ սիրված լինեն:

 

Հարցազրույցը` Սյուզաննա Ղուկասյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...