14:53
04/18/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱԶԳԱՅԻՆ ԲՐԵՆԴԸ՝ ՈՐՊԵՍ ԵՐԿՐԻ ԱՅՑԵՔԱՐՏ

2017-07-27 16:11

«Դե Ֆակտո » N 132(05/2017թ.) 


Մարդկության քաղաքակրթության բնօրրաններից՝ Հին Հռոմում դեռևս արտադրողներն օգտագործում էին սեփական դրոշմանիշ: Ժամանակի առաջընթացին զուգահեռ, արդյունաբերական հեղափոխության ժամանակներում, ապրանքային նշանը դարձավ ընկերությունների արդյունավետ ակտիվ, որով սպառողը շուկայում ընտրություն կատարելիս կողմնորոշվում էր բազմազանության մեջ: Արտադրողի դրոշմանիշը մեր կենցաղ մուտք գործեց նաև բրենդ տերմինով. այս հասկացությունն ըստ ամենայնի նյութականացված չէ և ավելի շուտ մարքեթինգային հասկացություն է: Սրան զուգահեռ ձևավորվեց նաև «բրենդինգ» ասվածը, որն ուղղակիորեն դարձավ երկրի տնտեսության զարգացման կարևոր գործոններից.

Պետականորեն
տարվող բրենդինգային
քաղաքականությունն
ու դրա կարեւորությունը

Այն, որ պետության վարկանիշը հիմնականում պայմանավորված է նաև տվյալ երկրում զբոսաշրջության ոլորտի զարգացման մակարդակով, փաստ է: Ուստի ոլորտի մասնագետները գերխնդիր են համարում առավելագույնս բավարարել Հայաստան այցելող զբոսաշրջիկների պահանջմունքները, քանզի դրական տպավորություն ստացած մեկ զբոսաշրջիկը, վերադառնալով իր երկիր, իր հետ տանում է այն, ինչը հետագայում ազդեցությունն է թողնում մեր պետության ընդհանուր վարկանիշի, զբոսաշրջության ոլորտի, հետևաբար տնտեսության զարգացման վրա: Զբոսաշրջության զարգացման պետական կոմիտեին ուղղված՝ մեր գրավոր հարցադրումները թեմայի շրջանակում էին.

-Ի՞նչ նշանակություն ունի, ընդհանրապես պետության կողմից վարվող բրենդինգային քաղաքականությունը, և որքանո՞վ այն կարող է նպաստավոր լինել երկրի տնտեսության զարգացմանը:


-Ազգային բրենդը երկրի լավագույն կողմերով այլ երկրների հետ մրցակցային առավելություններով, ինչպես նաև որոշ դեպքերում բացառիկությամբ համաշխարհային հանրությանն ու շուկային ներկայանալու միջոց է: Ազգային բրենդի ձևավորումը և համաշխարհային շուկայում հանրությանը պատշաճ ներկայացումն ու խթանումը էապես կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, գործարար կապերի ստեղծմանն ու զարգացմանը, այդ թվում նաև զբոսաշրջության զարգացմանն ու խթանմանը:

 

-Մեր երկրում, մասնավորապես բրենդինգային պետական քաղաքականությունն ինչպիսի՞ն է, ի՞նչ քայլեր են արվում տեղական բրենդները դրսում ներկայացնելու և ըստ այդմ՝ մեր երկիրը առավել ճանաչելի դարձնելու ուղղությամբ:

-Համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանին ու հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացման ու խթանման ուղղությամբ զգալի աշխատանքներ տարվել և տարվում են: Օտարերկրյա լրագրողների և զբոսաշրջության ոլորտի մասնագետների Հայաստան ճանաչողական այցերի կազմակերպում, միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսների մասնակցում, գովազդատեղեկատվական նյութերի պատրաստում և տարածում նպատակային շուկաներում, ֆիլմերի և հոլովակների պատրաստում և միջազգային հեղինակավոր հեռուստաալիքներով հեռարձակման ապահովում, էլեկտրոնային մարքեթինգի իրականացում:
 

   

Ինչ խոսք, երկրի դրական վարկանիշի ձևավորումն ուղղակիորեն անդրադառնում է տվյալ պետության սահմաններում արտադրվող ապրանքների գրավչության վրա, ինչն արտերկրում տվյալ երկրի ընկերություններին տալիս է մրցակցային առավելություն: Սրանով պայմանավորված տարվա ընթացքում, թե՛ պետական մակարդակով, և թե՛ մասնավոր հատվածի նախաձեռնությամբ, տարբեր ընկերություններ ու կազմակերպություններ են մասնակցում միջազգային տարբեր ցուցահանդեսների: Փետրվարին Լոս Անջելեսում կազմակերպված «LA Travel and Adventure Show» զբոսաշրջային ցուցահանդեսը նման մի օրինակ է, որին Հայ-ամերիկյան բիզնես-խորհրդի և Միջազգային գործնական կապերի աջակցման խորհրդի նախաձեռնությամբ ու աջակցությամբ առանձին տաղավարով ներկայացել են Հայաստանը և Արցախը: Թե իրականում ինչո՞վ էր կարևոր հիշյալ ցուցահանդեսին ունեցած մասնակցությունը և մեծ առումով ի՞նչ ձեռքբերում ունեցան մասնակիցները, Միջազգային գործնական կապերի աջակցման խորհրդի փոխնախագահ, «Պրոմ Էքսպո» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Զաքարյանը նշեց.


-Երկրորդ տարին է, որ մասնակցում ենք այդ ցուցահանդեսին. Հայաստանն ու Արցախը ներկայացված էին ընդհանուր տաղավարով: Բացի տուրիստական ոլորտը ներկայացնող կազմակերպություններից, որոշեցինք, որ պետք է ներկայանալ նաև մեր հայկական արտադրանքներով: Հենց դրանով պայմանավորված, ընտրվեցին այնպիսի բրենդային ընկերություններ կամ բրենդներ, որոնց ներկայությունը, բառիս բուն իմաստով, մեծ ու հետաքրքիր իրարանցում ստեղծեց: Դրանք էին՝ «Սիգարոն» ապրանքանիշը, «Աբրիկոն» ապրանքանիշը և ևս մի քանի բրենդներ. այսինքն` ներկայացվածները դրսում մեծ ճանաչում ունեցող բրենդներ են, որոնցով զբոսաշրջիկն արդեն կարող է պատկերացում կազմել, որ գալիս է մի երկիր, որտեղ զարգանում է լուրջ արտադրություն, և որի արտադրանքներն իսկապես մրցունակ են աշխարհում: Որպես ոլորտի մասնագետ, բարձր եմ գնահատում հատկապես «Սիգարոն» ապրանքանիշը, որը դինամիկ զարգացող բրենդ է: Ի դեպ, արտադրող ընկերությունը ցուցահանդեսին ներկայացել էր ոչ միայն «Սիգարոն» ապրանքանիշով, այլև շատ հայտնի օղիների տեսականիով՝ GODFATHER PLATINIUM, GODFATHER PREMIUM և H2O: Հատկանշական է, որ ներկայացված խմիչքները և՛ արտաքին տեսքով՝ գեղեցիկ դիզայնով, և՛ բարձր որակով անտարբեր չթողեցին տաղավարի այցելուներին: Արձագանքներն իրոք մեծ էին՝ և՛ «Սիգարոն» ապրանքանիշի, և՛ միևնույն արտադրողի կողմից ներկայացված ոգելից խմիչքների նկատմամբ: Մոտենում էին, հարցնում՝ թե որտեղից կարող են ձեռք բերել և ինչպես. մենք բացատրում էինք, որ սա առաջին քայլն է, որով փորձ է արվում ձեռք բերել գործընկերներ:


Այն, որ Հայաստանի պատմամշակութային և բնական հարստությունը ինքնին մրցակցային առավելություն է, դա փաստ է, ինչը վկայում են Համաշխարհային բանկի անցկացրած հարցման արդյունքները. ըստ այդմ՝ զբոսաշրջիկների համար Հայաստան այցելելու առավել գրավիչ ասպեկտներն են՝ մշակութային ժառանգությունը, բնությունը, հյուրընկալությունը և ծառայությունների որակը:
Տարեցտարի կտրուկ կերպով աճում է նաև տեղական արտադրատեսակների նկատմամբ զբոսաշրջիկների ունեցած հետաքրքրությունը, ինչը հուշում է, որ տեղական բարձրորակ ապրանքների արտադրությունը դառնում է զբոսաշրջության զարգացման կարևոր բաղադրիչ և խթան: Պետական կառավարման բոլոր օղակները պետք է առավելագույն օժանդակություն ցուցաբերեն միջազգային շուկա մրցունակ բրենդային ապրանքների կայուն արտահանում իրականացնող ընկերություններին՝ ընդլայնելու արտահանման աշխարհագրությունն ու ծավալները, ինչը, դրական առումով, կարևոր անդրադարձ կունենա Հայաստանի տնտեսական վիճակի վրա ընդհանրապես և զբոսաշրջության ոլորտի վրա մասնավորապես:

 


Նյութը պատրաստեց
Հերմինե Զեյնալյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...