01:26
04/24/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Իմ ընտանիքն իմ մոլորակն է

2016-04-29 11:44


Կանայք միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինեն` ողջ տարվա ընթացքում: Պետք չէ սպասել հատուկ օրվա սիրելի կնոջը գեղեցիկ խոսքեր ասելու եւ ծաղիկներ նվիրելու համար:


ԻՆԵՍՍԱ ՆԱԶԱՐՅԱՆ
«Էկոսենս» ախտորոշման կենտրոնների ցանցի հիմնադիր տնօրեն, համաճարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու

«Դե Ֆակտո» N118 (2016թ.)
-Տիկի՛ն Նազարյան, ուրախալի է, որ այսօր հայ կնոջ կերպարը հարստացել է ևս մեկ հատկությամբ` նախաձեռնողականության դրսևորմամբ ընտանիքից դուրս` գործարար միջավայրում և, որ կարևոր է, փաստացի հաջողություններով: Դուք այդ կանանցից մեկն եք, ով մասնագիտական բարձր որակավորում ունեցող, հաջողակ կին գործարարի օրինակ է և ոգեշնչման աղբյուր այն կանանց համար, ովքեր դեռ այդ քայլը չեն կատարել: Կխնդրեմ պատմեք Ձեր մասին. ինչպե՞ս եք կատարել այդ որոշումը, դա վաղուց գծագրված նպատա՞կ էր, թե՞...


-Գերազանց ավարտել եմ դպրոցը, հետո ինստիտուտը և ինտերնատուրան: Ինտերնատուրայի վերջին կուրսից սկսել եմ աշխատել որպես բժիշկ-համաճարակաբան, այնուհետև, 27 տարեկան հասակում, նշանակվել եմ բաժանմունքի վարիչ: Որոշ ժամանակ անց ստացա առաջարկություն տեղափոխվել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն` աշխատելու ծառայության ղեկավարի պաշտոնում: Դրանից հետո պաշտպանեցի թեկնածուական իմ դիսերտացիան: Այդ ժամանակաշրջանում մասնավոր լաբորատորիայում զբաղվում էի նաև մարկետինգային գործունեությամբ: Ինչ-որ ժամանակ անց զգացի, որ կարող եմ արդեն ինքնուրույն ուժերով շարունակել ճանապարհս: Այնպես որ, նպատակը ձևավորվել է այն պահին, երբ ձեռք բերեցի բավականաչափ գիտելիքներ և ամենակարևորը` փորձ:

-«Էկոսենս» ախտորոշման կենտրոնների ցանցը բավականին մեծ հաջողության հասավ կարճ ժամանակահատվածում, ինչը խոսում է Ձեր կողմից իրականացված հետևողական, ծանրաբեռնված աշխատանքի մասին: Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում աշխատանքում, հաջողվո՞ւմ է ղեկավարի պաշտոնում կտրուկ և խիստ որոշումներ կայացնել` առանց կանացի հուզականության դրսևորման:

-Ես պերֆեկցիոնիստ եմ, իմ կյանքի կարգախոսն է՝ յուրաքանչյուր գործ պետք է կատարել գերազանց: Անչափ պահանջկոտ եմ ինքս իմ և հետևաբար նաև աշխատակիցներիս նկատմամբ: Ղեկավարի պաշտոնը պահանջում է կտրուկ և խիստ որոշումներ կայացնել, և այստեղ, միանշանակ, ավելորդ ու անտեղի է կանացի հուզականությունը:

-Հաջողվո՞ւմ է մշտապես պահպանել ուժեղ կնոջ կերպարը, ունենո՞ւմ եք թուլության պահեր և արդյո՞ք թույլ եք տալիս, որ դրանք նկատելի լինեն շրջապատի համար:

-Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, չեմ ստեղծել կերպար, որին պետք է մշտապես հավատարիմ մնամ: Իհարկե, ունենում եմ թուլության պահեր, բայց աշխատում եմ երբեք դրանք ցույց չտալ. չէ՞ որ հիմնարկի անձնակազմը ոգեշնչվում է, երբ տեսնում է, որ ղեկավարն ամուր կանգնած է ոտքերի վրա և վստահ շարժվում է դեպի առաջ:


-Ի՞նչն է ոգեշնչում Ձեզ կյանքում:

-Ոգեշնչվում եմ հաջողված նախագծերով, նոր գաղափարներով, յուրաքանչյուր հաղթանակով:

-Կանանց միամսյակը շարունակվում է: Սիրո՞ւմ եք տարվա մեջ կանանց նվիրված այս մեկ ամիսը, և ո՞րն է տոնի խորհուրդը Ձեզ համար:

-Համաձայն չե՞ք, որ կանայք միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինեն` ողջ տարվա ընթացքում: Ես միշտ կոչ եմ անում բոլոր տղամարդկանց, որ պետք չէ սպասել հատուկ օրվա սիրելի կնոջը գեղեցիկ խոսքեր ասելու, ծաղիկներ նվիրելու համար: Կինն ամենօրյա ուշադրության ու ջերմության կարիք ունի, և նրա ամեն օրը պետք է վերածել թեկուզ փոքրիկ, բայց անմոռանալի տոնի: Իսկ կինն իր լուսավոր ժպիտով և հոգատարությամբ կջերմացնի ընտանեկան մթնոլորտն ու փոխադարձաբար սիրով կշրջապատի իր տղամարդուն:

-Յուրաքանչյուր կին սիրում է նվերներ ստանալ, որով իրեն շոյված ու գնահատված է զգում: Ո՞րն է այն նվերը, որը կարող է ի սրտե ուրախացնել Ձեզ:
-Շատ եմ սիրում ինքս նվիրել, շատ բծախնդիր եմ ընտրության հարցում և աշխատում եմ յուրահատուկ, չկրկնվող նվերներ մատուցել ինձ հաճելի մարդկանց: Իսկ ինձ ի սրտե, հուզվելու աստիճան ուրախացնում են իմ երեխաների պատրաստած նվերները: Եվ բացարձակ կարևոր չէ, թե ինչ են նվիրում, կարևոր է միայն այն ոգևորությունը, որ նրանք ապրում են, երբ զգում են, թե որքան շատ ինձ դուր եկավ իրենց անակնկալը:

-Ձեր աշխատանքը բավականին ժամանակատար է, հաջողվո՞ւմ է ժամանակ հատկացնել ընտանիքին: Պատմեք Ձեր ընտանիքի մասին:
-Ընտանիքն ինձ համար ամեն ինչ է՝ իմ կյանքը, իմ մոլորակը և ես միշտ ձգտում եմ իմ ամբողջ ազատ ժամանակն անցկացնել ընտանեկան մթնոլորտում: Ունեմ երկու երեխա՝ որդիս 16 տարեկան է, դուստրս՝ 8: Սովորում են դպրոցում, ուսումնասիրում են լեզուներ, զբաղվում են սպորտով: Օրվա վերջում` որպես կանոն, հավաքվում ենք տանը, քննարկում ենք անցած օրը, կիսում մեր մտքերը: Ես լիարժեք հանգստանում եմ միայն այն ժամանակ, երբ ընտանիքի բոլոր անդամներն իմ տեսադաշտում են լինում:

-Սիրո՞ւմ եք խոհանոցում լինել, կա՞ն յուրահատուկ ճաշատեսակներ, որոնք Դուք միշտ պատրաստում եք:


-Քանի որ խոհանոցում հայտնվելու հաճույքն ինձ ընձեռնվում է ոչ շատ հաճախ, այդ պատճառով ամեն անգամ, երբ հաջողվում է խոհանոցում հայտնվել, այդ օրը փորձում եմ վերածել յուրահատուկ տոնակատարության: Ձգտում եմ գտնել նոր բաղադրատոմսեր և հետաքրքիր աղցաններ ու այլ կերակրատեսակներ պատրաստել ընտանիքիս համար, որոնք մենք սիրով համտեսում ենք ընտանեկան ուրախ և ջերմ մթնոլորտում:

 

 

-Ի՞նչ դեր ունի գեղեցիկը Ձեր կյանքում, գեղեցիկի ո՞ր դրսևորումներն են Ձեզ հոգեհարազատ:


-Անչափ կարևորում եմ գեղեցիկի գաղափարը և ներկայությունն իմ կյանքում: Սիրում եմ ինձ շրջապատել գեղեցիկ մարդկանցով, նրբաճաշակ իրերով: Հնարավորության դեպքում կարող եմ օրեր շարունակ անցկացնել պատկերասրահներում, իսկ բազմաոճ գեղեցիկ երաժշտությունն իմ առօրյայի անբաժան մասն է: Չեմ դադարում հիանալ նաև բնության գեղեցկության կատարելությամբ:

-Կնոջ երջանկության կարևոր գրավականներն են սիրելը և սիրված լինելը, սակայն պատկերացումներն ու պահանջներն այդ երևույթների նկատմամբ սուբյեկտիվ են: Ի՞նչ է սիրելը և սիրված լինելը Ձեզ համար:


-Ինձ համար սիրել` նշանակում է տրվել առանց մտածելու, անմնացորդ: Երբ մայրն անսահման սիրով սիրում է իր զավակին, փոխարենը ոչինչ չի խնդրում: Երբ կինը սիրում է տղամարդուն, նրան է նվիրում իր ողջ քնքշանքը, նրբությունը, ջերմությունն ու ուշադրությունը:

-Արդյո՞ք Ձեր սիրելի մարդկանց, հարազատների հետ հարաբերություններում հաջողվում է պահպանել Ձեր ես-ի սահմանը, որպեսզի հնարավոր հիասթափությունները տառապանք չպատճառեն Ձեզ:


-Շատ քիչ կանայք կարող են պարծենալ, որ իրենց նախապես հաջողվել է սիրելի և հարազատ մարդկանց հետ փոխհարաբերություններում գծել իրենց ես-ի սահմանը: Ինչպես ասացի, ըստ իս` եթե կինը սիրում է, ապա տրվում է անմնացորդ: Որպես օրենք` առաջին հիասթափություններն են առիթ հանդիսանում և օգնում կնոջը հասկանալու, թե որտեղ է իրենց ես-ի այն սահմանագիծը, որտեղից ներս թողնել պետք չէ անգամ հարազատ մարդկանց:

-Ո՞ր երևույթների նկատմամբ եք խոցելի:

-Ես ինձ առավել խոցելի եմ զգում այն դեպքերում, երբ ինձ անզոր եմ զգում որևէ ազդեցություն ունենալ ընթացող անցանկալի իրադարձությունների վրա:


-Կանացի ո՞ր հատկանիշերն եք բարձր գնահատում կնոջ մեջ:

-Շատ բարձր եմ գնահատում հատկապես կանանց բնորոշ ինտուիցիան և փոխզիջման գնալու ունակությունը բարդ իրադրությունների ժամանակ:


-Ձեր ամենօրյա աղոթքներում ի՞նչ եք խնդրում Աստծուց:


-Ես անչափ շնորհակալ եմ Աստծուց այն ամենի համար, ինչ ինձ տրված է, և ամեն օր խնդրում եմ միայն, որ իմ հարազատները և ինձ համար թանկ մարդիկ առողջ ու անփորձանք լինեն:

 

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...