18:50
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՀՍԿԱՅԱԿԱՆ ԱՆԱՍԵԼԻ ՄԻ ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԱԿԱՍԵՑ ԱՇԽԱՐՀԻՑ…

2014-02-04 11:45

«Դե Ֆակտո» 81 (2013թ.)

Ժորա (Գևորգ) Հարությունյան

Դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Գ. Սունդուկյանի անվան մրցանակի դափնեկիր և ՀՀ թատերական միության գործիչների ամենամյա ՙԱրտավազդ՚ (բրոնզե) մրցանակի դափնեկիր:

Հայաստանի տարբեր թատրոնների խաղացանկում տեղ են գտել նրա ՙՍրտի արատ՚ ՙՀիվանդ համար 199՚ (1960թ.), ՙՂազարը գնում է պատերազմ՚ (1968թ.), ՙՀարսնացու հյուսիսից՚ (1973թ.), ՙԽաչմերուկ՚ (1978թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ 1979թ.), ՙՔո վերջին հանգրվանը՚ (ՀԳՄ Սունդուկյանի անվան մրցանակ 1983թ.), ՙԲախտավոր մարդիկ՚ (1987թ.), ՙՄեր այս տարիքում՚ (1991թ.) և այլ կատակերգություններ, որոնց մի մասը բեմադրվել է արտասահմանում: Դրամատուրգի սցենարներով ՙՀայֆիլմ՚ և հեռուստատեսային ֆիլմերի ՙԵրևան՚ ստուդիաներում նկարահանվել են մի շարք կարճամետրաժ և լիամետրաժ գեղարվեստական կինոնկարներ` ՙՈսկե ցլիկ՚ (համահեղինակ, 1953թ.), ՙՁախորդ Փանոսը՚ (1970թ.), ՙՇրթներկ համար 4՚ (1967թ.), ՙՀուշարձան՚ (1973թ.), ՙՀարսնացու հյուսիսից՚ (1974թ.), ՙԽոշոր շահում՚ (1982թ.), ՙՀրդեհ՚ (1984թ.), ՙԽաչմերուկի դեղատունը՚ (1988թ.) և այլն: 1975թ. արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:

Ասում են՝ տաղանդավոր մարդու գլխին Աստծո ձեռքն է փարվել:

Այդպես է, անշուշտ, այլապես ինչպես կարող էր պատահել, որ խորհրդային  տարիներին շատ շատերի համար երազանք համարվող բժշկի հեղինակավոր մասնագիտություն ձեռք բերելուց հետո որևէ մեկը ուժերը թատերարվեստում փորձելու որոշում կայացներ… Ինչն էլ պատահեց Ժորա Հարությունյանի հետ… Ի դեպ, տարիներ անց, երբ նա արդեն հայտնի դրամատուրգ էր, հարցազրույցներից մեկի ժամանակ հենց այդպիսի հարց է ուղղվել իրեն, թե ինչպես եղավ՝ լինելով բժիշկ, դավաճանեց իր մասնագիտությանը: ՙԻսկ մի՞թե կոմեդիան, երգիծանքը բժշկագիտության ճյուղերից մեկը չէ, մի՞թե սրտից ասված խոսքը, ծիծաղը, զվարճությունը պակաս բուժիչ միջոց են՚,- պատասխանել է Ժ. Հարությունյանը, որի գլխին Աստված իր ծանրակշիռ ձեռքը հաստատապես դրել էր` մարդկային մարմնի բժշկին դարձնելով մարդկային հոգու գիտակ, հոգու բժիշկ:

     Մասնագետները համարում են, որ լիաթոք ծիծաղը, ուրախ տրամադրությունը  վիտամին C-ի հրաշալի աղբյուր են: ՙՈսկե ցլիկ՚, ՙՀարսնացու հյուսիսից՚, ՙՇրթներկ №4՚, ՙՁախորդ Փանոսը՚….Հարությունյանի հրաշալի կատակերգությունների հանդիսատես՝ քանի՜-քանի՜ սերունդ է լիաթոք ծիծաղել, ուրախացել, ակամա վայելելով առողջության, առողջ իմունիտետի կարևոր այդ բաղադրիչը … Իզուր չէ ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը նրան ազգի հոգևոր բժիշկ բնորոշել, նկատելով, որ ազգն ընդհանրապես առողջանում է ծիծաղելով, իր արատը ճանաչելով, բարձրաձայնելով: Իսկ Ժորա Հարությունյանը հենց այդ հոգեբույժ դրամատուրգն էր, որի շնորհիվ էլ առայսօր չենք կորցրել քահ-քահ ծիծաղելու շնորհքը: Դրամատուրգ Ժիրայր Անանյանը ՙհայերեն՚ էր բնորոշել այդ ծիծաղը, որը, ՙեթե հնար լիներ բժշկական փորձաքննության տանելու, կպարզվեր, որ դա իսկի ծիծաղ էլ չէր, բարություն էր՝ ծիծաղի տեսքով՚:

    ՙԵս կուզենայի, որ իմ պիեսը կամ կինոֆիլմը դիտողը, դուրս գալով դահլիճից, իր հոգում տանի բարու այն հատիկը, որի մասին ես կամեցել եմ ասել իրենց…՚,- ասել է Ժորա Հարությունյանը: Կարծես հենց այս ցանկության իրագործման առհավատչյան են ժողովրդական արտիստուհի Սվետլանա Գրիգորյանի խոսքերը. ՙՆրա մարդասիրական հումորը, նրա բարի արվեստի ուժը և հմայքը դրական լիցք էին հաղորդում մարդկանց, որոնք դուրս էին գալիս թատրոնից ժպտադեմ, կյանքի և մարդկանց նկատմամբ հույսով և հավատով  տոգորված՚: 

   Բարությունը, որ նրա ստեղծագործությունների առանցքային մեխը կարելի է համարել, այնպես է հորդում, որ տասնամյակներ անց՝ արժեհամակարգերի շրջադարձային այս թուհուբոհում էլ, երբ թվում, թե ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել, չի կորցրել իր ՙապրանքային՚ արժեքը, մնացել է գնահատելի և բարձրարժեք: Սա է, թերևս, ճշմարիտ ստեղծագործողի մեծությունը. ստեղծել արժեք՝ ընդունելի անգամ այլարժեքության պայմաններում: Այս պարզ ճշմարտությունը թերևս պետք է փորձեն ընկալել ժամանակակից ՙհեռուստասերիալական՚ սցենարիստները, որոնք, եթե իրենց մի փոքր նեղություն տային և ուշադիր դիտեին Հարությունյանի գործերը, կըմբռնեին, որ դրանցում չարիքը տեսնելով, հանդիսատեսը չի չարանում, գռեհիկը տեսնելով՝ չի գռեհկանում, չի փորձում վատն ընդօրինակել, այլ ընկալում է դրանց ծիծաղելի, զավեշտալի լինելը…  Հարությունյանին իսկապես հաջողվել է հասնել նրան, որ հանդիսատեսն ինքը զգա, տեսնի, գնահատի լավն ու բարին, ծիծաղի մարդկային արատների վրա, փորձի շտկել դրանք: Իսկ դրա համար նա, ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանի խոսքերով՝ գործի էր դնում դրամատիկական և կատակերգական իր հարուստ զինանոցը՝ անսանձ երևակայություն, ասես առատության եղջյուրից հորդացող հումոր, բարի, առողջ հումոր… Ըստ Լ. Անանյանի` արվեստագետի մեծագույն երջանկությունը հանդիսատեսի անկեղծ սերն ու  գնահատանքն է, որը Հարությունյանը վաստակել էր լիուլի, արվեստի ու հանդիսականի նկատմամբ բացառիկ ազնվությամբ, մարդասիրական և բարոյական արժեքներ քարոզելով...

    ՙԳրական ժանրերից ամենալուրջ ժանրը հումորն է՚ ասույթի հանգույն՝  որքան լուրջ ու տաղանդավոր պետք է լիներ այդ ստեղծագործությունների հեղինակը,  որ ամենատարբեր գեղա-, գրա- և գիտական խորհուրդների թրի տակից անցնելով, հայկական կինոյի ոսկե ֆոնդը համալրելուց բացի` նաև ընդգրկվեր արտասահմանյան տարբեր թատրոնների խաղացանկում:

   Այս տարվա սեպտեմբերին լրանում է անվանի դրամատուրգի 85-ամյակը: 30 տարուց ավելի նրա բեղուն գրիչը  հայ թատրոնը սնել է երբևէ իրենց արդիականությունը չկորցնող բարձրարժեք գործերով, իսկ առանց անվանի կատակերգակի ապրած վերջին 10 տարիները նրա թողած հսկայական ժառանգության մնայունության  առհավատչյան են. Ամանորն ու Սուրբ ծնունդը ամենակարևոր տոներն են մեր կյանքում, իսկ կարո՞ղ ենք պատկերացնել որևէ Նոր տարի առանց այդ հրաշալի ֆիլմերի ցուցադրության, ասել է թե՝ առանց իրական տոնի զգացողության: Այդպիսին են Ժորա Հարությունյանի ստեղծագործությունները՝ համաժողովրդական, հոգեհարազատ, հանճարեղության աստիճան պարզ ու բնական: Որպես Հարությունյանի դրամատուրգիայի գլխավոր արժանիք՝ այդ պարզության գեղագիտությունը՝ արվեստի ու վարպետության աննկատելիությունն է առանձնացնում Պերճ Զեյթունցյանը, այն է՝ ՙառանց ճիգի առօրյա կյանքի փոխադրությունը գրականություն, այնպիսի բնականությամբ ու թեթևությամբ, որ թվում է, թե պիեսը ծնվում է հենց կարդալու կամ դիտելու պահին, քո անձնական մասնակցությամբ՚: Այդպես էլ դրանք ընկալում է միջին վիճակագրական հանդիսատեսը, այդպես էլ այդ մասին արտահայտվում են նրան մոտիկից ճանաչողները: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Գրիգորյանը Հարությունյանի թատրոնը համարում է ՙիր նման անկեղծ ու թափանցիկորեն մաքուր, բարի ու իմաստուն, հավասարապես քնարական ու դրամատիկական, որն իր մեջ ամփոփում է ինչ-որ անբռնելի հմայքի կախարդանք... այն ուրախ հրավեր է կյանքի իմաստի մասին մտածության…՚:  Հակոբ Ղազանչյանի համար ոչ միայն նրա ֆիլմերը, այլև հենց Ժորա Հարությունյանն է ամենաժողովրդական դրամատուրգը՝ և «ոչ միայն այն պատճառով, որ բնական էր իր ուղն ու ծուծով, իր հոգու մաքրությամբ ու անսահման նվիրվածությամբ, այլ որ տեսնում էր այն, ինչ մենք չէինք տեսնում… չէինք նկատում…: Նրա կերպարները մեր շրջապատի մարդիկ են… այնքան ծանոթ ու հարազատ…Ժորա Հարությունյանը ժողովուրդն էր, մարդն էր՝ իր միամիտ ու իմաստուն էությամբ՚: Արմեն Էլբակյանի գնահատմամբ՝ Հարությունյանն այն բացառիկ գրողներից է, ով կարողացավ նոր գեղագիտություն ներմուծել հայ դրամատուրգիա, կարողացավ զերծ մնալ կեղծ քարոզչությունից ու սխեմատիզմից, որի պիեսներում բախվում են ոչ թե ճշմարիտն ու սխալը, սևն ու ճերմակը, այլ երկու ճշմարտությունները՝ իրենց իրավունքներով ու պատճառաբանություններով…

      Ափսոսանքով կարելի արձանագրել, որ Հարությունյանի պիեսների ու կինոսցենարների ժողովրդականությանը հակադարձ համեմատական՝ քչերը թերևս գիտեն նրա բանաստեղծական ձիրքի մասին: Մինչդեռ դրանցում առավել գունեղ է արտահայտվում գրողի, մտավորականի ներաշխարհը.  նրա բանաստեղծություններից, որոնցից յուրաքանչյուրը ուրույն թանձրացված պիես կարելի է համարել, էությամբ հարուստ, կյանքի թոհուբոհում իմաստնացած, անանց արժեքները գնահատող մտավորականի կենսափիլիսոփայություն է հորդում: Բայց և կարմիր թելի նման ուրվագծվում է ցավը, ափսոսանքը՝ այդ արժեհամակարգից հանրության աստիճանաբար օտարման գիտակցությամբ. ու ժայթքում է ճշմարիտ մտավորականի բողոքը.  ՙՀոգնել եմ, ավա՜ղ…այս անմարդկային մարդկայնությունից, անճշմարիտ ճշմարտությունից, խիղճը ծախելու անխղճությունից, բարի լինելու հիմարությունից, ամոթից խոսող անամոթներից, մի ձեռքով առնող, մի ձեռքով ծախող բութ ու բախտավոր երեսպաշտներից, խղճին հազար մեղք՝ այդ անմեղներից, սահման սահմանող, սահմաններ ծախող ու բախտ բաժանող ոսկեբերան առաջնորդներից…ապրելուդ համար այդքան մուրալուց… հոգնել եմ, ավաղ, էս ծուռ աշխարհից…՚: Իրականության ճշմարտացի, բայց և դաժան արտացոլում, իսկ խոսքերն այս՝ բարձրաձայն, թե հոգու խորքում, իրենը կարող է համարել մտածելու ընդունակ յուրաքանչյուր ոք: Ասել է թե՝ ճշմարիտ է բանաստեղծի բողոքը, գլուխը կորցնելը, շվարումը, որ ՙգլուխ չի հանում օրը ցերեկով՝ էս մթությունից, էս քաղցրության մեջ՝ էս դառնությունից, էսքան ջերմագին՝ էս սառնությունից, էսքան սրտամոտ՝ անսրտությունից …՚: Եվ այսքանից հետո արդարացի հարցադրումը՝ ՙայս ունայն աշխարհում որպես արածիդ շարունակություն, կդառնա՞ս արդյոք պայծառ մի հիշողություն, կարոտ, սեր ու տխրություն՚: Ժորա Հարությունյանի տաղանդի երկրպագուները, նրա հարազատներն ու մտերիմները գոնե վստահաբար կարող են արտահայտվել նրա հանդեպ կարոտի, սիրո, իր կորստյան տխրության զգացողությամբ… և, իհարկե, վերապրել նրա մտերիմը լինելու, նրա մարդկային բարձր որակներին, նրա բարձր արվեստին առնչվելու պայծառ հիշողությունը: Այդ պայծառ հիշողությամբ է առաջնորդվել նրա դուստրը՝ բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ ժուռնալիստների միության անդամ Գայանե Հարությունյանը, Ժորա Հարությունյանի  75-ամյակի առթիվ տպագրելով նրա անտիպ ստեղծագործությունների ՙԻմ լռությունը՚ ժողովածուն: Իսկ 2005թ. լույս է տեսել ՙԵկար, զարմացրիր, գնացիր՚  հուշապատում ժողովածուն, որտեղ զետեղված են դրամատուրգի ժամանակակիցների, արվեստի ականավոր գործիչների հուշերը, վերլուծական խոսքը, մտավորականի կենսափիլիսոփայությունը արտահայտող թևավոր խոսքերը և ստեղծագործությունների վերաբերյալ հրատարակված նյութերի մատենագիտական ցանկը: Երախտագիտության և  Հարությունյանի պայծառ հիշատակի առջև խոնարհում էր նաև գրողի 80-ամյակի կապակցությամբ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում նրա վերջին պիեսի՝ ՙՊարոն Շմոն և ուրիշները՚ (բեմական խորագրով ՙՊարոն Բաբիկը և ուրիշները՚), բեմականացումը: Այդ առթիվ թատրոնի հասցեով ստացվել էր ԽՍՀՄ ժող. արտիստ Արմեն Ջիգարխանյանի և ՀՀ  ժող. արտիստ Ներսես Հովհաննիսյանի շնորհավորական հեռագիրը. ՙՀայ թատրոնում Ժորա Հարությունյանը լայնորեն բացեց բեմի և իրականության միջև եղած վարագույրը և կյանքի մարդուն ու նրա հոգսերը բեմ տեղափոխեց իրական պատկերով և բարի հումորով... ՚: Գնահատանք և անասելի ափսոսանք են արտահայտում Թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանի խոսքերը. նա իրավամբ Ժորա Հարությունյանին համարում է ազգային դրամատուրգիայի ՆՈՐ ալիքի հիմնադիր. ՙՀսկայական անասելի մի բարություն պակասեց աշխարհից…  Հարությունյանը գնաց իմ, քո, բոլորիս աշխարհից…՚:

Ռուզան ՊԵՊԱՆՅԱՆ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...