14:27
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սահակ Մինասյան

2013-11-25 11:40

«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)

Գյումրին ո՛չ մայրաքաղաք է, ո՛չ հայրաքաղաք,

այն արհեստների ու արվեստների դարբնոց է

Հարցազրույց ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ, ՀՀԿ Շիրակի մարզխորհրդի նախագահ Սահակ Մինասյանի հետ։

-Պարո՛ն Մինասյան, որպես մշակույթի վարչության պետ, ինչպե՞ս եք գնահատում 2013-ը Գյումրու և Շիրակի մարզի մշակութային ակտիվության և զարգացման տեսանկյունից։

-Վերջին տարիներին Գյումրու՝ Շիրակի մարզի ընդհանուր զարգացման ծրագրերը պայմանավորված են ակներև տարբերակված՝ առանձնակի մոտեցումներով, և նման ընդգրկուն միջոցառումը՝  Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք”, ռազմավարական ստուգատես է արվածի, առկա պոտենցիալի և անելիքների ճշգրտման մասով։

Բոլոր կազմակերպիչներին ու մասնակիցներին ուզում եմ հայտնել դրվատանքի ու երախտիքի իմ խոսքը։

Մշակութային ժառանգությունները, ավանդույթները պահպանելը և նորովի ներկայացնելը մի առանձին ավանդույթ է՝ մշակույթ։ Արժեքների ներկայացումը՝ ժամանակի, դինամիզմի մեջ, նորովի մատուցումը, հանրահռչակումը՝ իր բազմաշերտ աշխարհընկալումներով, ինքնին պայման ու խթան է՝ նոր արարումների, ստեղծագործական մտքի և երևակայության։

Գյումրին ինքնին մուսա է... Համադրությունների և ներդաշնակությունների, հնի և նորի աննկատ անցումների, սառը ու չմեկնվող գույների մեջ։ Կանոնիկ ու խորհրդավոր կամարներով...

Այս տեսակետից նույնպես միջոցառումը արդարացրեց նպատակը։ Հաջողվեց մեր ավանդական մշակույթը մատուցել ժամանակակից միտումներով՝ ամենևին չխեղաթյուրելով երևույթի պատմական արժեքը, իմաստը։ Օրինակ` դարբնի արհեստը չի կարող այնքան պահանջված լինել, որքան որ էր նախորդ դարի 50-60-ականներին։ Եվ այսօր դարբնությունը “Եռանկյունուց” հասել է առանձնահատուկ արվեստի՝ իր փիլիսոփայությամբ և հին ու նոր տեխնոլոգիաների համադրմամբ՝ դառնալով գրավիչ, արարման ու վաստակի միջոց։

Իբրև զուտ արժեքների ներկայացման՝ փոխճանաչման միջոց կառանձնացնեի Հացի փառատոնը։ Դե, Շիրակը հայոց հացի  շտեմարանն է, հացը՝ շենության խորհուրդ։

Հյուր մասնակիցները դուրս եկան այն կարծրատիպից, որ Շիրակի ավանդական ուտեստն ու այցեքարտը Գյումրվա քյալլան է (քյալլան աշկերտների՝ արհեստավորների աշակերտների ուտեստ է )։ Եթե այցեքարտ, ապա շիրակյան լավաշն ու բոքոնն է, կանաչ պանիրը, Գյումրվա ետճաշյա անուշեղենի սեղանը՝ հազար ու մի տեսակի մուրաբաներով, Գյումրվա օխլավայով (գրտնակից 2 անգամ երկար և ավելի փոքր տրամագծով) փախլավան ու շաքար- չորակին է։

Սա է ամենաքաղաքակենցաղ քաղաքի՝ հյուրընկալ Գյումրու այցեքարտը (ամենաքաղաքակենցաղը ՀՀ տարածքում, աշխարհում վիճելի է, կան Բոստոնն ու Վիեննան)։ (ժպտում է)։

Ասածը մեծախոսություն չէ, որի հիմքը անճարությունն է, այլ սովորական գլուխ գովելն է։ Այն լավատեսություն է, արածը, տեսածը խորությամբ ընկալելն է և գունեղ ներկայացնելը։ Սա էլ է մշակույթ, եթե համեմված է Գյումրվա նուրբ ու ինքնատիպ հումորով (ժպտում է)։

Հիշարժան, ընդգրկուն  փոխճանաչման միջոց էր “Արհեստների և արվեստների” փառատոնը (ՀՀ մարզեր, ԱՊՀ երկրներ)։

Հետաքրքիր է կողք կողքի տեսնել առաջին հազարամյակի (մ.թ.ա.) կուռք, որը վերջերս էր պեղվել Ջրափի գյուղի մոտակայքում, և 19-րդ դարում Գյումրիում  լայն տարածում ունեցող ձեռնափայտ-աթոռ, որի պատրաստման առանձնահատուկ տեխնոլոգիային ու գաղտնիքներին հիանալի տիրապետում էին Գյումրվա վարպետները։

Տոն էր։ Մարզերից ժամանած մասնակիցների շփման մեջ և՛ ընդգծվում, և՛ միահյուսվում էր հայկական բարբառների, մշակութային առանձնահատկությունների ու ընդհանրությունների ներդաշնակությունը։

Մթնոլորտն ուղղակի աննկարագրելի էր։

Որպես ոլորտի համակարգող՝ վստահությամբ կարող եմ ասել, որ մշակույթը Գյումրու առօրյայի զարկերակն է։

-Իսկ այսօր Դուք Գյումրին համարո՞ւմ եք արհեստների և արվեստների քաղաք` մշակութային մայրաքաղաք։ Երբեմնի հիանալի ավանդույթները որքանո՞վ են այսօր պահպանվել։

-Մեր ամենամայրաքաղաքը, հայոց պետականության, հայ մշակույթի մայրաքաղաքը Երևանն է։

Գյումրին ո՛չ մայրաքաղաք է, ո՛չ հայրաքաղաք, արհեստների ու արվեստների դարբնոց։ Մշակութային մայրաքաղաք ձևակերպման հետ համաձայն չեմ. Երևանը` միայն երևանաբնակ գյումրեցիների արվեստով, արդեն իսկ երևելի է ու մրցունակ։

Նախկինում Գյումրիում առկա էր ներկայանալի երկու բաղադրիչ՝ մշակույթ և բավականին հզոր արդյունաբերություն, որն այսօր չկա և առաջիկայում վերականգնելու մասին խոսելն էլ ողջամիտ չէ։ Ուստի հետխորհրդային շրջանում և երկրաշարժից հետո, մեջքը շտկելուց հետո տոկուն, պայքարող ու հումորով լի գյումրեցին շարունակեց զարգացնել իր համար կենսական կարևորություն ունեցող մշակութային բաղադրիչը` հատվածաբար վերականգնելով արդյունաբերական պոտենցիալը՝ ժամանակի և հնարավորությունների սահմանափակ շրջանակներով։

Որպես համակարգող՝ վստահությամբ կարող եմ ասել, որ մշակույթը Գյումրու առօրյայի զարկերակն է։ Ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ ՀՀ բոլոր մարզերում համաչափ զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է. էապես  մեծացել է պետական աջակցությունը արվեստի դպրոցների, մշակութային կենտրոնների նկատմամբ, ինչը տալիս է իր շոշափելի արդյունքները։ Ազգային նվագարանների բաժիններում, երաժշտական դպրոցներում կրթությունն անվճար է, ինչը զգալիորեն ավելացրել է հաճախող երեխաների թիվը։

-Ի՞նչ կասեք սպորտի զարգացման մասին մարզում և մասնավորապես` Գյումրիում։

-Գաղտնիք չէ, որ հայկական սպորտի մենապայքարային մարզաձևերի անվանի ներկայացուցիչների հիմնական մասը ծնունդով շիրակցի են, գյումրեցի։ Հատկապես ծանրամարտի և ըմբշամարտի ասպարեզում մենք ունեցել ենք և ունենք աշխարհահռչակ մարզիկներ։ Երբեք ոչ մի արտաքին գործոն՝  դահլիճային պայմաններ, ցուրտ ու մութ տարիներ, երկրաշարժ, չի խանգարել, որ մեր քաղաքում  աճեն անվանի  մարզիկներ։ Գիտեք, մեր հայրենական սպորտի նվաճումների մեջ գյումրեցիների ընդգծված առավելությունը, հատկապես մենապայքարային մարզաձևերում պայմանավորված է նաև ընդգծված պատվախնդրությամբ, պատվախնդրությունը գյումրեցու համար կենսաձև է, կենսափիլիսոփայություն, որը տալիս է այս հողը իր մշակույթով։

 Մանկապատանեկան սպորտի զարգացումը մեր պետության առաջնահերթություններից է, ուստի պետբյուջեի հատկացումներով և առանձին հիմնադրամների ու գործարարների աջակցությամբ մեր մարզում հսկայական աշխատանքներ են տարվում մարզադպրոցների վերանորոգման, նոր մարզադպրոցներ կառուցելու ուղղությամբ։

Մեր հերոս մարզիկների հաղթանակները միջազգային տարբեր մրցահարթակներում և մարզվելու համար ստեղծվող ժամանակակից հարմարավետ պայմաններն  էլ ավելի կխթանեն հայկական սպորտի զարգացումը։ Սակայն մենք ունենք հանրամատչելի ու համընդհանուր մարմնակրթության խնդիր. ոչ միայն առանձին մարզաձևերի, այլև ընդհանուր առմամբ առողջ սերունդ ունենալու համար պետք է, որ  հասարակության մեջ մանկուց սերմանվի սեր դեպի առողջ ապրելակերպը։ Մեր առաջնահերթ խնդիրը դպրոցներում մարզադահլիճների վերանորոգումը, վերազինումը և համալրումն է նոր սարքավորումներով։ Ունենք հիանալի մարզադահլիճներ, որոնք, սակայն, սակավաթիվ են, անհրաժեշտ է նորերի կառուցումը, ինչի ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքներ տարվում են։

-Խոսենք կրթության, մասնավորապես հանրակրթության ոլորտի բարեփոխումների, ձեռքբերումների և խնդիրների մասին։

- Մշակույթը կրթության տեսակ է, ձևերից մեկը... Մշակույթ ունենք, որովհետև կրթություն ունենք. պետական համալսարանը բացվել է Գյումրիում, տեղափոխել Երևան։

Սա տարեգրությունից։

Նպատակով և բովանդակությամբ եզակի տեխնոպարկը Գյումրիում է՝  այսօր։ Սա իմիջիայլոց։ Անելիքներ շատ կան։

Հանրակրթությունում լայնածավալ և ծրագրային բարեփոխումները ավարտվում են. բավարար և լավ արդյունք ակնկալելու համար հարկ է, որ պետական հոգածությունը զուգակցվի իրականացնողի՝ մանկավարժի բանիմաց, ստեղծագործ նվիրումով։ Ավելի արժևորվի կրթությունը՝ որպես ավելի լավ կյանք տանելու անխուսափելի ճանապարհ։ Ավանդույթը կա, զարգացումները նույնպես, բայց դեռևս ոչ գոհացնող։ Այն, որ մեր դպրոցականները՝ օլիմպիադաներում, տարբեր ստուգատեսներում հանրապետությունում վերջին 10-15 տարիներին առաջատար են՝ ավելի շատ լեռնցու, շիրակցու ընդունակությունների, ուսուցման պայմանների, ավանդույթների արդյունքն է, քան մեր աշխատանքի։

Մեզ ընդամենը հաջողվում է պահպանել այն։ Զարգացնելու խնդիր կա։

Պատմությունը՝ իր ավանդույթով ուժ է, հոգեբանության հիմք։

Խորհրդային տարիներին բարձրագույն կրթություն չունեցող տղաներին, մեղմ ասած, աղջիկ չէին տալիս կամ տալիս էին` դժկամությամբ։ Տոհմական արհեստավորի ընտանիքում էլ էր կրթությունը պարտադիր. “Թող համ էլ սորվի, որ լավ վարպետ դառնա”։

Սա էլ է պահպանվել։ Հիմա էլ որոշ  բուհեր ավարտածներին աղջիկ չեն տալիս։

Գնահատական է՝ որակի կառավարման միջոց։

 Հարցազրույցը`  Թ. Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...