11:47
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԳԱՐԴՄԱՆՔ. ՀԱՅՈՑ ԿՈՂՄԱՆՔ ԱՐԵՎԵԼԻՑ

2013-05-29 11:21

«Դե Ֆակտո» 69 էքսկլյուզիվ (2012թ.)

Հատվածներ «Ճանաչենք մեր հայրենիքը. Գարդմանք» խորագրի ներքո հրապարակված հոդվածաշարի գիտական ամփոփագրից, որի հիմք է հանդիսացել Սամվել Կարապետյանի «Հյուսիսային Արցախ» աշխատությունը

 Ադրբեջանի Հանրապետությունը ստեղծման օրվանից ոչ միայն քաղաքական նկատառումներով յուրացրել է հարևան Իրանի հյուսիսային հատվածում գտնվող Ատրպատական նահանգի անունը, այլև ի սկզբանե ձևավորվել է մեծավ մասամբ պատմական Հայաստանի հողերի վրա (Կուրի ողջ աջափնյա հատվածը)։

 Ստալինյան իշխանությունների որդեգրած` Հայաստանը Վրաստանի և Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև մասնատելով տարալուծելու ծրագիրը, ճիշտ է, ամբողջությամբ կյանքի չկոչվեց, այնուամենայնիվ պատմական Հայաստանի հայահոծ մի շարք երկրամասեր` Նախիջևանը, Լեռնային և Դաշտային Ղարաբաղն ու Հյուսիսային Արցախը, բռնակցվեցին «եղբայրական» Ադրբեջանին, Իսկ Ջավախքն ու Գուգարքի մի մասը` Վրաստանին։

 Արհեստականորեն մայր հայրենիքից կտրված և Ադրբեջանի տիրապետության ներքո հայտնված արցախահայությունը, կրելով տեղի իշխանությունների վարած մոլի ազգայնական, հակահայկական քաղաքականության ազդեցությունը, զուրկ ազգային կրթական և հոգևոր արժեքներից, տասնամյակների ընթացքում հայտնվեց ծանր կացության մեջ։

 Երկրի խորթ զավակների կարգավիճակ ունեցող հայաբնակ գյուղերը քայքայվեցին նաև տնտեսապես, և 1988թ. բռնագաղթի նախօրեին լքված և միայնակ մնացած արցախահայերի հյուսիսային հատվածն անզոր գտնվեց պայքարել հարազատ  բնօրրանում հարատևելու համար։ Արդյունքում` հազարամյականեր հայաբնակ երկրամասում պատմության մեջ առաջին անգամ մարեց հայ կյանքը։ Որբացան հայ մշակույթի անքակտելի մաս կազմող մեծաթիվ ու բազմաբնույթ պատմական հուշարձանները։

 Սույն աշխատությունը ստեղծվել է Հյուսիսային Արցախի հարյուրավոր բնակավայրերի պատմությունն ու արդեն իսկ մասամբ ջարդարարության զոհ դարձած մշակութային արժեքները մոռացումից փրկելու և սերունդներին ավանդելու մտահոգությամբ։

 Երկրամասի աշխարհագրական միջավայրը։ Հյուսիսային Արցախը Սևանի ու Մռավի ջրբաժան լեռնաշղթաների և Կուր գետի միջակայքում ընկած երկրամասի, ըստ էության, պայմանականորեն տրված անվանում է։

 Վաղ միջնադարում տարածաշրջանը ներառում էր Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգներից մի քանի գավառներ, ինչպես, օրինակ` Կողթ, Քուստ-ի-Փառանես, Գարդման, Շակաշեն և այլն։ Միջնադարում տարածքն ավելի հայտնի էր Գարդման անունով, իսկ ուշ միջնադարում կազմում էր Գանձակի (Գյանջայի) խանությունը։ Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո հայտնի էր Ելիզավետապոլի նահանգ անվամբ։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո երկրամասը միացվեց Ադրբեջանի Հանրապետությանը և տրոհվեց վարչական մի քանի շրջանների մեջ։ Դրանք են` Գետաբեկի, Դաշկեսանի, Թոուզի, Խանլարի, Կասում-Իսմայիլովի (Գյուրանի), Ղազախի, Շամխորի և ներկայիս ԼՂՀ մաս կազմող, սակայն Ադրբեջանի կողմից բռնազավթված` Շահումյանի շրջանները։

 Երկրամասն իր մեջ ներառում է Սևանի և Մռավի լեռնաշղթաներից սկիզբ առնող և աջ կողմից Կուր գետի հետ միախառնվող` Ասրիկ, Զակամ, Շամքոր, Արթինաջուր (Կոշկար), Գանձակ, Կուրակ և Սևջուր գետերի ջրահավաք ավազանները, ինչպես նաև` Ջողազ, Աղստև և Տավուշ գետերի ստորին հոսանքի շրջանները։

 Երկրամասի պատմական ժամանակագրությունը։ Պայմանականորեն Հյուսիսային Արցախ կոչված երկրամասն, ըստ «Աշխարհացույց»-ի` ներառում էր Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգներից 3-ական գավառներ. Արցախից` Քուստ-ի-Փառանես, Կողթ և Մեծ Կողմանք, իսկ Ուտիքից` Տուս-Քուստակ, Գարդման և Շակաշեն։

 Մ.թ.ա. 8-7-րդ դարերում նշված տարածքը մտել է Վանի (Արարատյան) թագավորության կազմի մեջ, իսկ մ.թ.ա. 6-րդ դարում` Երվանդունիների թագավորության կազմում։

 20-րդ դարի սկզբին Բանանց գյուղի մոտ հայտնաբերվել է սեպագիր արձանագրություն, որը Հայկական Լեռնաշխարհում եղածների մեջ ամենից հյուսիսարևելյանն է։

 Արտաշես Ա-ի և նրա ժամանակակցի` Ծոփքի թագավոր Զարեհի մասին հույն աշխարհագետ Ստրաբոնը հաղորդում է, որ նրանց ժամանակներում իրենց երկրների բնակչությունը միալեզու էր, այսինքն` խոսում էին միայն հայերեն։ Սրանից հետևում է, որ Մեծ Հայքի հյուսիսարևելյան շրջանների, այսինքն` Արցախ-Ուտիքի բնակչությունը իրենց մասնակցությունն են բերել հայ ժողովրդի կազմավորման ընթացքին և դարձել նրա անքակտելի մասը։ Ինչպես Արտաշեսյանների, այնպես էլ Արշակունիների թագավորության ժամանակաշրջանում Արցախն ու Ուտիքը կազմում էին Մեծ Հայքի անբաժանելի ու հիմնական մասերը։ Իբրև Հայաստանը կազմող մասեր-նահանգներ` վերջիններս հիշատակվում են Ստրաբոնի, Պլինիոս Ավագի, Պտղոմեոսի, Ստեփանոս Բյուզանդացու և այլոց երկերում։ Այս ու բազմաթիվ այլ հեղինակներ նշում են, որ Հայաստանի սահմանը հյուսիսարևելքում անցնում էր Կուր գետով։

 428թ. Սասանյանները, որոնք նվաճել էին ամբողջ Այսրկովկասը, ստեղծում են երեք մարզպանություն. Արմինիա, Իվերիա և Ալբանիա (Առան)։ Մինչև 451թ. Ալբանիա մարզպանության կազմի մեջ մտցվեցին Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգները։ Վարչական այս փոփոխությունները, սակայն չխաթարեցին նշված երկրամասերի բնակչության ազգային կազմն ու պատկերը։

 5-րդ դարի վերջում Արցախ-Ուտիքի հայ բնակչությունը ձեռք է բերում ժամանակավոր անկախություն։ Արցախի Վաչագան իշխանը Սասանյան Վաղարշ թագավորից ստանում է Աղվանքի (Ալբանիա) թագավորի (առանշահիկ) տիտղոսը։ Վաչագան Առանշահիկը վերանորոգում է քրիստոնեական հավատը, բաց է անում բազմաթիվ հայկական նոր դպրոցներ։

 7-րդ դարում Աղվանքում կազմավորվում է Աղվանից իշխանությունը, որի ներկայացուցիչները Գարդմանացի կամ Միհրանյաններ կոչվածներն էին։ Իշխանության կենտրոնը Պարտավ քաղաքն էր։

 Արաբների երևալուն պես, Արցախ-Ուտիքի հայ բնակչությունը Առանշահիկների և Միհրանյանների գլխավորությամբ, անհավասար, սակայն համառ պայքար են ծավալում նվաճողների դեմ։

 8-րդ դարի ընթացքում արաբների գերակշիռ ուժերի ճնշման ներքո երկրամասի բնակչությունը ստիպված է լինում հարթավայրային շրջաններից քաշվել դեպի նախալեռնային ու բարձրլեռնային գոտիները, որտեղ տեղանքը պաշտպանություն կազմակերպելու առումով առավել հուսալի էր։

 9-րդ դարում բնիկներն ուժեղացնում են պայքարը արաբական տիրապետության դեմ։ Նշանակալի էին Արցախ-Ուտիքի իշխաններ Կտրիճ Սևորդացու և Ատրներսեհ Առանշահիկի գործողությունները. արաբ զորավար Բուղան վերջիններիս գերելով ուղարկում է խալիֆին։ Այնուամենայնիվ, 887թ. Արցախ-Ուտիքի հիմնական մասերը, ներառյալ Գանձակ և Պարտավ քաղաքները, ազատվում են արաբների տիրապետությունից և մաս կազմում Հայաստանի Բագրատունյաց թագավորության։

 Ավատատիրական մասնատվածության շրջանում երկրամասի տարածքում առաջանում են Փառիսոսի և Գարդմանի հայկական իշխանությունները։

 970-ական թվականներին Առանշահիկ Հովհաննես Սենեքերիմը Փառիսոսը վերածում է թագավորության։ Վերջինիս ճանաչում են Բյուզանդիան և Պարսկաստանը։ Փառիսոսի թագավորությունն իր մեջ ամփոփում էր երկրամասի գրեթե բոլոր նախալեռնային և լեռնային շրջանները։ Մերձկուրյան հարթավայրային շրջանների մի մասը, որոնք արդեն հիմնականում պարպվել էին հայ բնակչությունից և զբաղեցվել վաչկատուն զանազան ցեղերով, դուրս են մնում թագավորության կազմից։

 11-րդ դարում Փառիսոսի թագավորության տարածքը կիսվում է հայ Բագրատունիների և Գանձակին տիրացած քրդական Շեդդադյան հարստության ներկայացուցիչների` էմիրների միջև։ Վերջիններս գրավում են երկրամասի հարթավայրային շրջանների հիմնական մասերը` Գանձակ և Շամքոր քաղաքներով հանդերձ։

 Փառիսոսն ու Գարդմանը 11-րդ դարում ենթարկվում են սելջուկյան ասպատակություններին, սակայն մինչ 12-րդ դարի սկիզբը շարունակում են մնալ Կյուրիկյան Բագրատունիների հայոց թագավորության կազմում։ Այնուհետև դրանք մտնում են Այսրկովկասում սելջուկյան իշխանությունների դեմ պայքարող վրաց Բագրատունիների (Դավիթ Շինարարի օրոք) թագավորության կազմի մեջ։ Նշված ժամանակաշրջանում երկրամասի հայ բնակչությունը ստիպված է լինում էլ ավելի քաշվել դեպի հարավ` լեռնային գոտին։ Կյուրիկյանների վերջին ներկայացուցիչները իշխում էին Կայեն և Մածնաբերդ ամրակուռ ամրոցներին և շրջակա գավառներին։

 12-րդ դարի վերջում Զաքարյան իշխաններն ազատագրում են Արցախ-Ուտիք երկրամասը սելջուկներից։ Դրա հյուսիսարևելյան հատվածում սկսում են իշխել Զաքարյանների մի ճյուղի ներկայացուցիչները` Վահրամյանները։

 Վահրամյանների իշխանությունը հարավում ընդգրկում էր ողջ լեռնային գոտին` սահման ունենալով Սևանի և Մռավի ջրբաժան լեռնաշղթաները, իսկ հյուսիսում հասնում էր Կուր գետին` ներառելով Շամքոր քաղաքը։

 Սակայն օտարամուտ ցեղերը չեն հեռանում երկրամասի բարեբեր հարթավայրերից, իսկ հայերն էլ չեն համարձակվում վերադառնալ իրենց պապերի լքած բնակավայրերը, որոշ չափով միայն ավելի հայաշատ են դառնում հարթավայրային գոտում գտնվող քաղաքները։

 11-13-րդ դարերում Հայաստանի մյուս մասերի նման Արցախ-Ուտիքում ևս հայ մշակույթը վերածնունդ էր ապրում։ Վերաշինվում են քաղաքները, կառուցվում են նոր բերդեր, վանքեր, եկեղեցիներ, նորոգվում են հները (դրանցից շատերը հասել են մեր օրերը)։ Այդ ժամանակաշրջանում երկրամասում ծնվել և ստեղծագործել են հայ մշակույթի և գիտության կարկառուն այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են Հովհաննես Սարկավագը, Մխիթար Գոշը, Վանական Վարդապետը, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին և այլոք։ Մխիթար Գոշի ջանքերով Շամքոր գետի ափին գտնվող Դասնո անապատում 1184թ. ստեղծվում է հայոց առաջին Դատաստանագիրքը։

 Բնական աղետներից կործանարար է լինում 1139թ. երկրաշարժը։ Այն խլում է տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր։

 13-րդ դարում Այսրկովկասը նվաճում են թաթար-մոնղոլները, որոնք քոչվոր ցեղերի նոր խմբերի համար ճանապարհ են բացում դեպի Հայաստան։

 14-15-րդ դարերում, ներխուժելով երկրամաս, իրենց ավերիչ գործունեությամբ մեկը մյուսին գերազանցում են Ջալալի, Չոբանյան, Ակ-կոյունլու, Կարա-կոյունլու և այլ ցեղերը։

 16-րդ դարում ողջ Արևելյան Հայաստանին տիրում էր Սեֆյան Պարսկաստանը։ Շահերը հովանավորում էին թյուրքական և քրդական ցեղերին ու իրենց քաղաքականությամբ նպաստում զավթված տարածքներում նրանց մշտապես բնակեցնելուն։ Այդ քաղաքականության արդյունքը եղավ վերջիններիս գերակշռությունը մերձկուրյան հարթավայրային շրջաններում։ Հայ բնակչության համար վտանգ էր ներկայացնում նաև Սեֆյանների կողմից տարվող բռնի մահմեդականացման քաղաքականությունը, որը, սակայն, առանձին փոփոխություններ չկարողացավ մտցնել լեռնային և նախալեռնային գոտու հայ բնակչության շրջանում։

 Նշված ժամանակաշրջանում հայ մշակույթը, բնականաբար, չէր կարող մնալ նախկին բարձր մակարդակի վրա։ Սակայն այդպիսի ծանր պայմաններում անգամ ժողովուրդը շարունակում է պահպանել, զարգացնել ու սերունդներին փոխանցել իր ձեռքբերումները։

 16-17-րդ դարերում երկրամասի տարածքի հիմնական մասն արդեն ընդգրկվել էր Գանձակի պարսից խանության սահմանների մեջ։ Այս շրջանում օսմանցիները երկրամասը գրավելու մի քանի փորձ են անում։ 16-րդ դարավերջին նրանց հաջողվում է հասնել նույնիսկ Կասպից ծովի ափերը։ Սակայն 17-րդ դարի սկզբին պարսից Շահ-Աբասը, մեծ ուժերի կենտրոնացումով ու նաև տեղի հայերի աջակցությամբ (որոնք, համադրելով թուրք և պարսիկ իշխանությունների վերաբերմունքն իրենց նկատմամբ, գերադասում էին վերջինների տիրապետությունը), կարողանում է թուրքերին դուրս մղել ոչ միայն Գանձակի, այլև շուրջ երկու տասնամյակ առաջ գրավված պարսկական բոլոր նախկին խանությունների տարածքից։ Այլ խոսքով` պարսիկներին հաջողվում է վերատիրել ողջ Արևելյան Հայաստանին։

 1639թ. Կոստանդնուպոլսում Թուրքիայի և Պարսկաստանի միջև կնքված պայմանագրին հաջորդած խաղաղ մի քանի տասնամյակները երկրամասի հայ բնակչության համար քաղաքական և մշակութային, լայն առումով` ազգային զարթոնքի ազդակ են հանդիսանում։ Իշխանական հին տների ճնշված ու թուլացած որոշ շառավիղների ներկայացուցիչներ, ամրապնդվելով ու վերակենդանանալով, սկսում են կարգի բերել ու միավորել իրենց ուժերը, շահական հրովարտակներով ամրագրել իրենց պատկանող տիրույթների սահմանները։ Այսպես, առաջիններից մեկը, որ դեռևս 1601թ. Շահ-Աբասից ստացել էր մելիքության իրավունք` Ոսկանապատի Մելիք-Նազարն էր։ Հեռատես ու քաղաքականապես հասուն այս անձը հիմք դրեց կիսաանկախ մի իշխանության (մելիքության)։ Այնուհետև հայկական մելիքություններ առաջացան Շամքոր գետի միջին ավազանում` կենտրոն ունենալով Բարսում գյուղը։ Այստեղ նստում էին Մելիք-Առուստամյանները։ Կուրակ (Քյուրակ) գետի միջին ու վերին ավազանի շրջանում ստեղծվեց Գետաշենի Մելիք-Մնացականյանների մելիքությունը։ Ծնունդ էին առել նաև հայկական ավելի թույլ մելիքություններ, որոնց տերերը իշխում էին 1-3 գյուղերի։ Դրանցից էին Կրզենի, Բադայի (Լղարակ), Հարցհանգիստի (Չովդառ) և Բանանցի մելիքությունները։ Անհամեմատ հզոր ու ընդարձակ էր Գյուլիստանի կամ Թալիշի մելիքությունը, որը մտնում էր Արցախի Խամսայի մելիքության մեջ։

 Հյուսիսարցախյան փոքրիկ մելիքությունները, որոնցից յուրաքանչյուրի տիրույթներում կային մինչ 5 և ավելի գյուղեր, վայելում էին ներքին ինքնավարություն, կախում ունեին միայն Գանձակի խաներից։ Տեղին է նշել, որ 17-րդ դարում և մինչև 18-րդ դարի 70-ական թվականների վերջերը հայաբնակ էր երկրամասի ոչ միայ նախալեռնային (ինչպես հիմնականում մինչ 1988-89 թվականներին էր), այլև` լեռնային ողջ գոտին։ Այլ կերպ ասած` հայաբնակ գյուղերի խիտ ու ապահով ցանցով ամրապնդված էր նաև մելիքությունների թիկունքը։

 18-րդ դարի մեծ արտագաղթը։ Նադիր շահի մահից հետո երկրամասում ստեղծվել էր քաղաքական աննախադեպ անկայուն իրավիճակ։ Հարևան խանությունների կամ պետությունների հետ մերթ դաշինքի, մերթ պատերազմների մեջ գտնվող Գանձակի խանությունը ծանր բեռ էր դարձել բնակչության համար։ Ռազմական անօրինակ ծախսերի համար խաներն անընդհատ ավելացնում էին բնակչության վրա դրված հարկերը։ Դրանք ոչ միայն գանձվում էին անկանոն ու կամայական, այլև հաճախ վերածվում էին բացահայտ թալանի։ Հարկաբեռն իր ողջ ծանրությամբ նախևառաջ ընկել էր Գանձակի խանության հայ բնակչության վրա։ Մահմեդական իշխողները հայերին ապօրինի հարկերով կեղեքում էին ոչ միայն այն բանի համար, որ քրիստոնյաներին համարում էին անհավատներ (գյավուր), այլ, որ հայերը մշտաբնակ էին և, ըստ այդմ, արտադրում էին հողագործական և այգեգործական մթերքներ։ Մինչդեռ խանության սահմաններում բնակվող մահմեդական տարրը (գլխավորապես` թուրք) վարում էր քոչվոր կյանք և, անընդհատ շարժման մեջ գտնվելով, լավագույն դեպքում հարկվում էր անասնամթերքով։

 Գանձակի խանության համար 18-րդ դարի երկրորդ կեսը նշանավորվում է հատկապես նրանով, որ խանն արդեն ասպատակում էր իր տարածքը, որով և հայ բնակչությունը հատնվել էր անելանելի վիճակում։ Հայերը ճարահատ մինչև իսկ դադարեցրել էին վարուցանքը, քանի որ հարկվում էր տարվա ողջ բերքը կամ, ավելի ճիշտ, այն ամբողջությամբ պարզապես թալանվում էր։

 Հայերը ոչ միայն նյութապես ու տնտեսապես էին թալանվում, այլև (իբրև հարկ) նրանցից խլում էին մանկահասակ երեխաներին։ Պակասը լրացվում էր ժամանակ առ ժամանակ Վրաստանից, Դաղստանից կամ հարևան խանություններից կատարվող ավարառուական արշավանքները։

 Չդիմանալով ծայրահեղ դժնդակ պայմաններին` 1770-ական թվականներից Գանձակի գավառի` առավելապես արևելյան ու հարավարևելյան հայաբնակ հոծ հատվածի տասնյակ գյուղերից ծայր է առնում բնակչության զանգվածային արտագաղթ. գլխավորապես դեպի հարևան Շամշադին (Շամշադիլ) և Բորչալու գավառները։ Ի դեպ, սրանք էլ ընդամենը մի քանի տասնամյակ առաջ էին հայաթափ եղել (հատկապես լեզգիների արշավանքների հետևանքով), պատված էին բազում գյուղատեղիների ցանցով, որտեղ էլ հանգրվան են գտնում Գանձակի խանության սահմանները լքած հայերը։ Գաղթականների մի մասն էլ` Շամքոր, Գանձակ քաղաքներից ու մերձակա գյուղերից, հիմնավորվում են Հավլաբար գյուղում (հետագայում Տփղիսի շրջագծի մեջ) և Քարթլ-Կախեթի տասնյակ այլ գյուղերում, ինչպես, օրինակ, Լիս, Մուխրան, Ախալքալաք և այլն։

 Երկրամասի հայաթափ շրջանները հետագայում բնակեցվում են թյուրքական ծագմամբ ղաջար, զուլքադար և այրում ցեղերով։

 1889թ. դրությամբ Գանձակի նահանգում գործում էր 11 վանք և 88 եկեղեցի։

 Դարերի ընթացքում երկրամասի հայ ազգաբնակչությունը պաշտպանական նկատառումներով ամրացել է Հյուսիսային Արցախի առավելապես անտառածածկ նախալեռնային գոտում։ 19-րդ դարում և մինչև 20-րդ դարավերջի բռնագաղթը, նշված տարածքում հայաբնակ էին շուրջ 50 գյուղեր։

 1988թ. տարածքի քաղաքային և գյուղական բնակավայրերն ունեին մինչև 70 հազար հայ բնակիչ։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...