15:09
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մի՛ գնա, իսկ եթե գնում ես` բարևիր մերոնց ու ասա, որ…

2013-05-18 11:43

       «Դե Ֆակտո» 17 (2007թ.)

Դեռ մանկուց չեմ սիրել օդանավակայանը, որովհետև միշտ ստիպված եմ եղել հաջողություն և բարի ճանապարհ մաղթել ինձ հարազատ մարդկանց։ Շատ տարիներ առաջ ինձ թվում էր, թե օդանավակայնն է պատճառը, որ ես պարբերաբար ստիպված եմ լինում լայն բացած աչքերով նայել իմ սիրելիներին` վայելելով րոպեները, որոնք հնարավոր է, որ միասին անցկացրած վերջին պահերը լինեն։ Երբեք չեմ մոռանա իմ հայացքը, որն ամեն կերպ փորձում էր անշարժացնել, կանգնեցնել ժամանակը` հրաժեշտ տվող հարազատներիս տխուր ու դեպի անհայտ ապագա գնացող դեմքերի արտահայտությունները դրոշմելով հիշողությանս մեջ։ Այո՛, իսկապես ատում էի օդանավակայանը, այն ինձ համար բաժանում էր խորհրդանշում։ Իմ կյանքում առաջին անգամ դառնություն ճաշակեցի հենց այդտեղ, երբ ստիպված էի հրաժեշտի համբույր տալ հայրիկիս և երկար ժամանակ ձեռքս օդում թափահարել` աչքերով հետևելով հեռացող ինքնաթիռին, որն առաջին անգամ իմ կյանքի երկու արևներից մեկին հեռացնում էր ինձանից։ Հիշում եմ, թե որքան շատ էի սիրում նվերներ ստանալ, և հայրիկիս մեկնման օրը` առավոտյան, հայրս ինձ մի գեղեցիկ շնիկ նվիրեց, որն ինձ համար այդ պահին մեծագույն ուրախություն էր, բայց հետո այն ատելի դարձավ, որովհետև ես կարծեցի, թե այդ փոքրիկ և գեղեցիկ շնիկը պետք է փոխարիներ հայրիկիս։ Ես պատրաստ էի հրաժարվել այն ամենից, ինչն ինձ ուրախացնում էր այդ ժամանակ` փոխարենը խնդրելով վերադարձնել հայրիկիս։ Առաջին անգամ ես հասկացա, թե ինչպես է ցավում սիրտը։ Տարիներ հետո ես արդեն ժպիտով էի հիշում այդ օրերը, բայց վերջերս նորից լինելով օդանավակայանում` կրկին հիշեցի իմ զզվանքն ու հակակրանքը այդ շինության նկատմամբ։ Այս անգամ ես իմ հարազատներից ոչ մեկին հրաժեշտ չէի տալիս, բայց միևնույն է` օդանավակայանում չարացած հայացքով նայում էի բոլոր մեկնողներին, և   դա ես անգամ չէի էլ նկատում, քանի դեռ ինձ չհարցրեցին իմ խոժոռված հայացքի պատճառը։ Եվ իսկապես` ես տխուր եմ, զայրացած և ընկճված` մտածում էի ես։ Օրեր շարունակ փորձում էի հասկանալ իմ հոգեվիճակը. արդյո՞ք իմ զգացողություններն անհիմն էին։ Երկար մտածեցի և ի վերջո պարզեցի` իմ տարաշխարհիկ թախծի պատճառը հայի մեկնումն է։  Վերջին մի քանի տարիների ընթացքում ես կարծում էի, թե հայն այլևս չի մեկնում` նա վերադառնում է։ Բայց այդ օրը ցավով գիտակցեցի, որ ես սխալվում էի։ Ինքս ինձ խորհում էի. երբ հաստատվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, երկրի վրայով այնքան շատ աղետներ էին անցել, որ մեր` առանց այն էլ փոքրաթիվ բնակչությամբ Հայաստանում մնացել էր ընդամենը 700 հազար մարդ։ Բայց մեծագույն հպարտությամբ պետք է նշեմ, որ անխուսափելի թվացող վտանգը մենք մերոնցով հաղթահարեցինք։ Այո՛, մեր ողջ հայոց պատմության ընթացքում մենք հպարտանալու և զորեղ զգալու առիթներ ու պատճառներ շատ ենք ունեցել, բայց վերջին տարիներին ազգովի ունեցած հաղթանակներն ու հաղթահարված դժվարություններն ինձ առավելագույնս են ոգևորում ու հիացնում, որովհետև ես համոզվում եմ, որ զրկանքներն ու դժվարությունները չեն կարող ստիպել հայ ժողովրդին կորցնել կորովն ու ազգային հպարտ դիմագիծը այս անտարբերության շնչով լցված ժամանակներում։  Թույլ տվեք հիշեցնել, թե ինչպես Հայաստանի առաջին և երկրորդ հանրապետությունների ժամանակ աշխարհով մեկ սփռված և օտար երկրներում արդեն կայացած ու հաստատված հայերը սկսեցին ներգաղթել։ Ներգաղթում էին ո՛չ թե բարեկեցիկ կյանքով ապրելու համար և ո՛չ թե որովհետև զգում էին հայրենիքի ու հայրենակիցների աջակցության կարիքը, այլ որովհետև հայրենիքն ինքն էր զգում և սգում իր զավակներից բաժանումը։  Այդ ժամանակ էր, երբ Թումանյան հանճարը գրում էր Ավետիք Իսահակյան անունով մեկ այլ հանճարի` վերադարձի՛ր, Ավո ջան։ Եվ Ավոն վերադարձավ, ու ոչ միայն Ավոն, վերադարձան ազգի շատ այլ նվիրյալ զավակներ, որոնցից էին Թորոս Թորոմանյանը, Մարտիրոս Սարյանը, Ալեքսանդր Մյասնիկյանը, Ալեքսանդր Թամանյանը և շատ այլ զինվորականներ, արվեստագետներ ու պարզ հայ մարդիկ։ Երբ պարզապես մեծագույն զայրույթով պատկերացնում եմ, թե ինչպես են վարվել Սարդարապատի մեր հերոսների հետ, իսկ վերջիններիս կացնահարեցին Էջմիածնում` ոմն Աթաբեկյանի հրամանով, ապշում եմ, թե ինչպես կարելի է այդպիսի մարդու անունով փողոցներ ու դպրոցներ կոչել։ Այս ազնվագույն մարդիկ էին, որ եկան, հավաքվեցին և ստեղծեցին ու շենացրին այն պետությունը, որտեղ հիմա ապրում ենք մենք։ Այո՛, իսկապես, հերոսական ժողովրդի հերոսական համախմբվածություն ու վարքագիծ էր։ Բայց եկան նաև անարդարության և հիասթափության ժամանակներ, ժամանակներ, որոնք բոլորիս համար արդեն անցյալի ցուրտ և մութ հիշողությունների տարիներ են, երբ դժվարությունները շատ-շատերի համար անհաղթահարելի թվացին, իսկ ոմանց համար, ցավոք, նաև եղան անհաղթահարելի։ Եվ արդեն մոտ 4 մլն բնակչություն ունեցող երկիրը սկսեց թևաթափ լինել, որովհետև սկսվեց արտագաղթը, ինչը մինչև հիմա մնում է ողջ հայության հիվանդությունը։ Փնտրել պատճառներ և գտնել մեղավորներ հայության անվերջ արտագաղթի համար, անշուշտ կարող ենք, բայց մտածում եմ` արդյո՞ք մեզ դա պետք է. այն, ինչ կրկնվում է պատմության տարբեր փուլերում, չի կարող միայն որոշ մարդկանց մեղավորությամբ լինել։ Հիմա ես կարծում եմ, որ մեր բոլոր խնդիրներն ու դժբախտություններն առաջանում եմ որպես հետևանք այն հանգամանքի, որ մենք մեր կյանքի ողջ ընթացքում մեղավորներ ենք փնտրել, փնտրել և գտել։ Մեղադրել, ենթարկվել և լինել ճակատագրի զոհը, ահա թե որն է մեր դժվարությունների ու դժբախտությունների աղբյուրն ու հիմքը։ Բայց վաղուց արդեն ժամանակն է` ո՛չ ասելու հարմարվողականությանը, ո՛չ ասելու ճնշվողի կարգավիճակին և ապրել, ապրել ու ապրեցնել։ Հայե՛ր, խնդրում եմ, փորձեք չգնալ, իսկ եթե արդեն որոշել եք անպայման գնալ, խնդրում եմ` բարևեք մերոնց…

Հասմիկ Մարտիրոսյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...