15:38
04/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱՌՎԻ ՀԱԿԱՌԱԿ ԱՓԸ

2013-05-17 11:19

«Դե Ֆակտո» 83 (2013թ.)

Մեր ամեն այսօրը լցված է քարոզարշավի «խոստումնալից» ապագայով, չիրականամերձ ակնկալիքներով, որոնցից  փախչելու ու մտքերիս խաղաղությունը վերագտնելու  ցանկությամբ զբոսնում էի, երբ նկատեցի, թե ինչպես է իր խաղաղ ու ինքնուրույն հունով հոսում առուն` առանց մտավախության, որ իր անդորրը կարող է խանգարվել։  Ուզում էի մոռանալ լսածս անհեթեթ ու հեթեթ խոսքերը, որոնք ամենուր են` մամուլ, հեռուստատեսություն, ռադիո, ինտերնետ։ Ուզում էի մոռանալ թեկնածուների շուրթերից հնչող Չարենցի տողերը հիշեցնող՝ «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից  բացի», ելույթներն ու հայտարարությունները։ Ուզում էի մենակ մնալ ինքս իմ խոհերի հետ ու հասկանալ, թե որ քաղաքական ուժն  եմ ընտրելու` որպես Երևան քաղաքի ավագանի, որի խոսքն ու կերպարն է առվի պես պարզ ու թափանցիկ, առվի պես անկողմնակալ։ Ուզում էի հասկանալ այն, ինչ մինչ փախուստս  ոչ մի կերպ չէր հաջողվում։ Նայում էի առվին ու խորհում այս ամենի մասին։

Առուն, որ կենդանի ջուրն է ու կյանք է տալիս, հավասար է վերաբերում թե՛ ձախ, թե՛ աջ ափին, նրանց երկուսին էլ ծաղկեցնում է` չառանձնացնելով որևէ մեկին, չնայած, որ նա հոսում է, իսկ ափերը մնում են։ Տարօրինակ հակադրություն է։ Ափերի վրա աշուն է գալիս, ձմեռ, իսկ առուն, բարակ սառույցով պատված, բայց, այնուամենայնիվ,  շարունակում է հոսել։ Ամեն ինչ բնական է ու ներդաշնակ, ինչպես Աստծո ստեղծած աշխարհում ամեն բան, ամեն ինչ ապրում է խաղաղ ներդաշնակության մեջ, քանի դեռ մարդը չի որոշում ստեղծել քաղաքական կուսակցություն, չի որոշում հասնել իշխանության, լինել երևելի, իշխել ուրիշներին, իսկ երբեմն էլ այնքան հետևողական համառությամբ, ինչպես շորին կպած մաստակը, որը ոչ մի կերպ հնարավոր չէ պոկել։  Երբ հայտնվում է իշխելու ցանկությունը, հայտնվում են քաղաքական կուսակցությունները, հայտնվում են տեղի ու մանավանդ անտեղի գործիչները, և անմիջապես էլ խախտվում է առվի և իր երկու ափերի խաղաղ ներդաշնակությունը։

Առուն ժողովուրդն է, որին  փրկելու տենչով մարդիկ դիմում են քաղաքական տեղահանության` տեղափոխվելով մի ափից մյուսը` ընդդիմությունից չընդդիմություն և հակառակը։ Բոլորը խոսում են առվի անունից և առուն փրկելու մասին, որն ուղեկցվում է միմյանց վրա քար նետելով` մի ափից մյուսը` առանց մտածելու, որ իրենք գոյություն ունեն առվի հետևանքով, առուն է, որ պահում է իրենց։

Այնինչ խեղճ առուն, կարծում եմ, խոսքս տեղին է, ժողովուրդը հնարավորություն չունի մտածելու, ինքնուրույն որոշում կայացնելու, հասկանալու, թե որ քաղաքական ուժն է իր ապագայի տերը, որն  է արժանի այդ պատասխանատու գահին։ Փողոցով հանգիստ քայլում ես,  քեզ մոտենում են որևէ կուսակցության աշխատակիցներ և հարցեր  տալիս, տանն ես` դուռն են թակում, ընտրակաշառք առաջարկում, ստորագրություն են խնդրում այս կան այն կուսակցության օգտին, իսկ եթե չես կողմնորոշվել, մերժում ես,  նեղանում են։

Մինչդեռ չպետք է մոռանալ, որ առուն` ժողովուրդը, պահում է երկու ափերին էլ, որոնք, քարկոծելով միմյանց,  անտարբերորեն չեն նկատում, որ այդ քարերը հաճախ լցվում են առվի մեջ` խափանելով նրա ներդաշնակ ընթացքը, որ բնությունն է պարգևել իրեն։ Չեն վախենում նաև, որ հակաբնական ցանկացած հանդգնություն դեմ է նույնիսկ գնված հոգու ներսի Չաստծուն։ Հետաքրքիր է, թե ինչու են կասկածում քաղաքացու կողմնորոշմանը, մտածողությանը։ Պետք է տարբերակել նաև համոզել ու  ստիպել  հասկացությունները։ Այո՛, ստիպում են, երբ  ազդում են մարդու գիտակցության վրա։ Մարդը միշտ դիմադրում է, երբ ցանկանում են իրեն խելք սովորեցնել։ Այնինչ պետք է ազդել ոչ թե գիտակցության, այլ ենթագիտակցության վրա։ Կարծում եմ` ԽՍՀՄ-ի փորձը,  որ լվանում էր մարդկանց ուղեղները, կարող է հուշել ստացվող արդյունքների մասին։ Այսպես ժողովուրդը տեռորի է ենթարկվում` հնարավորություն չունենալով մտածել։ Փոխարենը քաղաքական ուժը կարող է հասկանալի լեզվով ներկայացնել իր ծրագիրն այնպես, որ յուրաքանչյուրը հասկանա, թե այն ինչպես կարող է ազդել իր վաղվա օրվա վրա,  ինչպես  կարող է յուրաքանչյուր քաղաքացի զգալ այդ եկող դրականը, այլ ոչ թե  ժամանակ ծախսել միմյանց սևացնելու վրա, իսկ ծրագրին անդրադառնալիս էլ հնչեցնեն միանման մտքեր։ Քաղաքական ուժերն  այսօր ավելի շատ հաշվարկներով են տարված, թե ինչպես կարող են ձեռք բերել, գնել ձայներ…

Ու ամեն ինչ կարծես անիմաստության զգեստ  է հագնում և  ցանկություն է առաջացնում պայքարել ու տեր կանգնել քո ձայնին և թույլ չտալ, որ նմանատիպ հաշվարկների՝ իրականություն դարձնելու տենչի զոհը դառնա քո ձայնը, քո իրավունքը ապագայիդ մասին երազելու։

Այնինչ, երբ ուշադիր ենք հետևում առվին, նկատում ենք, որ առուն հակառակ ափ չունի, այսինքն` ընդդիմությունն ու չընդդիմությունը գոյություն ունեն առվի շնորհիվ և առուն է, որ նրանց ապրեցնում  է։ Մնում է պարզապես գիտակցել, որ Երևանի ավագանու  ընտրություններով և առհասարակ, ընտրություններով գնում ենք պահպանելու մեր առուն և մեր առվի երկու ափերը։

                                                                                                      Սուսաննա Թամազյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...