16:40
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՀՀԿ-ն մեր անկախ պետականության ամենահզոր անկյունաքարերից մեկն է

2013-05-15 11:16

«Դե Ֆակտո» 48 (2010թ.)

ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանով

Շնորհավորում եմ առաջին հերթին իմ ավագ ընկերներին, ովքեր եղել են ՀՀԿ-ի հիմնադրման ակունքներում և  տարբեր տարիներին  ղեկավարել են կուսակցությունը, սակայն, ցավոք, այսօր ֆիզիկապես մեզ   հետ չեն։ Նրանցից  են  Աշոտ ՆավասարդյանըԱնդրանիկ Մարգարյանը, Վազգեն Սարգսյանը և բոլոր այն տղաները, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն ՀՀ անկախության։ Նրանք չեն մտածել` ՀՀԿ-ն իշխանությո՞ւն կլինի, թե՞ ընդդիմություն։ Նրանք, ստեղծելով  Հանրապետական կուսակցությունը, մտածել են, որ հանրապետականը պետք է ծառայի Հայաստանին։ Շատ կարևոր է, որ եկող սերունդն էլ ունենա այդ գիտակցումը։

Շնորհավորում եմ իմ բոլոր կուսակից  ընկերներին և ցանկանում եմ, որ այս դժվար պայմաններում բոլորս նվիրված լինենք մեր գաղափարախոսությանը, գործին և մեր նախագահի գլխավորությամբ առաջ շարժվենք, որովհետև մենք  դեռ ապացուցելու բան ունենք,  երեք տարի հետո  քննություն ունենք հանձնելու։ Կարծում եմ` մենք պետք է մեր խոսքի տերը լինենք և արդարացնենք ժողովրդի սպասելիքները։ Շնորհավորում եմ նաև նրանց,  ովքեր գնահատում են ՀՀԿ-ի գործունեությունը, որովհետև ՀՀԿ-ն այս 20 տարիների ընթացքում ապացուցել է, որ ինքը լուրջ դերակատարում ունի Հայաստանի քաղաքական դաշտում։

 

-Շնորհավորում ենք Ձեզ ՀՀԿ-ի 20-ամյակի առթիվ։ Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը կուսակցության անցած ճանապարհի վերաբերյալ։

-Սովորաբար գնահատականը տալիս է ժողովուրդը, մի բան կարող եմ ավելացնել, որ ժողովուրդն իր ընտրությամբ իր գնահատականն արդեն տվել է։ Հանրապետականը քաղաքական դաշտում այն եզակի  կուսակցություններից է, որը ընտրությունների ժամանակ մշտապես  շատ ձայներ է հավաքել, ինչը, անշուշտ, պարտավորեցնող է։ ՀՀԿ-ն ազգային պահպանողական կուսակցություն է և Հայաստանի պատմության մեջ առաջին պետական գրանցում ստացած կուսակցությունն է։ Ճիշտ է` ՀՀԿ-ն 20-ամյա պատմություն ունի, բայց անցել է շատ լուրջ ճանապարհ և ունեցել է շատ կարկառուն առաջնորդներ` Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան։ Նրանք, ինչպես նաև Սերժ Սարգսյանը, իրենց ներդրումն ունեն պետականաշիության գործում։ ՀՀԿ-ին կարելի է այսպես բնութագրել` պետականաշինության ակունքներում կանգնած կուսակցություն։ Պատահական չէ, որ ՀՀԿ 12-րդ համագումարում Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը հստակ նշեց, որ ՀՀԿ-ն մեր անկախ պետականության ամենահզոր անկյունաքարերից մեկն է։

-Ձեզ` որպես երիտասարդի, հատկապես ի՞նչը գրավեց ՀՀԿ-ի գաղափարախոսության մեջ։

-Ինձ գրավեց առաջին հերթին ՀՀԿ-ի գաղափարախոսությունը, քանի որ լինելով պատմաբան` ես ուսումնասիրել էի մեր պատմական անցյալը, մեր մեծերին, և ինձ հոգեհարազատ էր մեր ազգային գաղափարախոսությունը։ Մեր պատմության ընթացքում շատ լուրջ դերակատարում է ունեցել  Գարեգին Նժդեհը, որի գաղափարներն ընկած են ՀՀԿ-ի գաղափարախոսության հիքում։ Ինձ վրա մեծ ազդեցություն թողեց  Անդրանիկ Մարգարյանը, ես նրան համարում եմ իմ ուսուցիչը, կարծում եմ` ոչ միայն ես, այլ նաև իմ սերնդակիցների մեծ մասը։ Նրա ղեկավարությամբ մենք ստացանք քաղաքական մկրտություն։ Մինչև նրա հետ շփվելը` պետական, քաղաքական գործչի կերպարի մասին իմ պատկերացումը փոքր-ինչ այլ էր, սակայն շփվելով նրա հետ` զգացի, որ պետական գործիչը կարող է լինել սովորական մարդ, ապրել ազգի հոգսերով և ամենակարևորը` լինել գաղափարապաշտ։ Փաստորեն, գաղափարախոսությունը, կուսակցության անցած ճանապարհը և առաջնորդը  ՀՀԿ-ի այն երեք կարևորագույն բաղկացուցիչ մասերն էին, որոնք երիտասարդ Շարմազանովին ուղղորդեցին դեպի Հանրապետական կուսակցություն։

-Ինչպե՞ս է կատարվում սերնդափոխությունը ՀՀԿ-ում։

-Հանրապետականը պահպանողական կուսակցություն է, պահպանողականությունը մերժում է ցանկացած հեղափոխականություն։ Մենք ամեն ինչում բնական ընթացքի կողմնակիցն ենք, և ամեն ինչ պետք է զարգացման բնականոն ճանապարհով անցնի, արհեստական ոչ մի բան չպետք է լինի։  Սերունդների մեջ պետք է լինի համերաշխություն, և ՀՀԿ-ն գնում է հենց այդ ճանապարհով. մենք չենք գնում հեղափոխական արմատական փոփոխությունների ճանապարհով։ Հանրապետական կուսակցությունը երիտասարդ կադրերի դարբնոց է եղել` տալով այնպիսի անուններ, ինչպիսիք են Տարոն Մարգարյանը, Հովհաննես Սահակյանը, Կարեն Ավագյանը, Աբրահամ Բախչագուլյանը, Արմեն Աշոտյանը, Արմեն Սահակյանը, ես և այլք։ Մենք երիտասարդ տարիքից  ընդգրկված ենք եղել ՀՀԿ-ի մեջ, անցել ենք զարգացման և առաջընթացի համապատասխան փուլերով և հետագայում աստիճանաբար դարձել ենք պատգամավոր, նախարար, փոխքաղաքապետ։ Շատ կարևոր է, որ թռիչքաձև չի եղել մեր առաջընթացը, ամեն ինչ եղել է ժամանակին և ոչ արհեստական։ Հանրապետականն այն եզակի կուսակցություններից է, որը միշտ ճանապարհ է տվել երիտասարդներին։

-Ըստ Ձեզ` որո՞նք են ՀՀԿ-ի ամենամեծ ձեռքբերումներն ու անհաջողությունները գործունեության 20 տարիների ընթացքում։

-Ամեն ինչի դատավորը ժամանակն է։ Կարծում եմ` ժամանակը հետագայում ցույց կտա, թե որն է ամենամեծ ձեռքբերումն ու բացթողումը։ Ամենամեծ ձեռքբերումը այն է, որ Հանրապետականը իր լուրջ լուման է ներդրել Հայաստանի անկախ պետականության սկզբնավորման  և ամրապնդման գործում։ Հանրապետականը, լինելով կուսակցություն, երբեք չքարոզեց կուսակցամոլություն։ Մեզ համար կուսակցությունը նպատակ չէ, ընդամենը միջոց է գաղափարական նպատակներին հասնելու համար։ Այսինքն` մենք ոչ մի անգամ վերմակը մեզ վրա չենք քաշել, և եթե եղել է ազգային ու պետական շահ, մենք չենք առաջնորդվել  կուսակցության շահով, այլ կուսակցության միջոցով փորձել ենք լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ծառացած են մեր ազգի առջև։ Իսկ բացթողումներ, բնականաբար, եղել են։ Ինչպես հույներն են ասում`  չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։ Մի բան պարզ է, որ Հանրապետական կուսակցությունը միշտ անկեղծ է եղել իր ժողովրդի հետ, չի դավաճանել իր գաղափարներին։ 

-Ձեզ համար` որպես ՀՀԿ անդամի, որո՞նք են երկիրը կառավարելու գլխավոր սկզբունքները։

-Առաջինը` սերը հայրենիքի հանդեպ, դու պետք է քեզ համարես ազգի ու պետության մի մասնիկը, երկրորդը պատասխանատվությունն է, երրորդը` գաղափարապաշտությունը։ Քենեդին, խոսքն ուղղելով երիտասարդներին, մի առիթով ասել է. «Մի՛ մտածիր, թե ինչ կանի Ամերիկան քեզ համար, այլ մտածի՛ր, թե ինչ կարող ես անել դու Ամերիկայի համար»։ Եթե մենք առաջնորդվենք այդ սկզբունքով, կարծում եմ` ամեն ինչ փայլուն կլինի։ Շատ կարևոր է նաև հասկանալ, որ միայնակ ոչ մի բանի չես հասնի, դու այդ նավի մի մասնիկն ես և հաջողության պետք է հասնես այդ ճանապարհով։

                                                  Հարցազրույցը` Լուսինե Գրիգորյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...