22:52
04/18/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Միշտ լինել կուսակցության հետ, բայց ապրել ու արարել ազգի համար

2013-05-14 11:57

«Դե Ֆակտո» 48 (2010թ.)

Հարցազրույց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Վազգեն Կարախանյանի հետ

Շնորհավորում եմ իմ բոլոր կուսակիցներին Հանրապետական կուսակցության 20-ամյակի առթիվ։ Ցանկանում եմ` կյանքում լինեն հաջողակ` միշտ առաջնային համարելով ազգի և պետության արժեքային համակարգը, հավատարիմ մնան կուսակցության ոգուն ու տառին։ Միշտ պետք է հիշել, որ այն, ինչ ձեռք բերվեց վերջին ազատամարտի ժամանակպետք է ամրացնել և հզորացնել։ Պետք է հավատարիմ մնալ «մեր մեծ մեռելների պատգամին»` միշտ լինել կուսակցության հետ, բայց ապրել ու արարել ազգի համար։

-Շնորհավորում ենք Ձեզ ՀՀԿ-ի 20-ամյակի առթիվ։ Պարո՛ն Կարախանյան, ինչպե՞ս ձևավորվեց ՀՀԿ հիմնադրելու  գաղափարը։

-Քաջ հայտնի է,  որ 1987թ. Աշոտ Նավասարդյանը վաղաժամկետ ազատվեց կալանքից, ինչն  իսկապես  մեծ ուրախություն էր բոլորիս  համար։ Նա եզակի մարդ էր, մեծ հայրենասեր, ընդ որում միակը, ով երրորդ անգամ դատապարտվել էր հակասովետական պրոպագանդայի և ագիտացիայի գործունեության համար` այնտեղ նրան տալով շերտավոր հագուստ. կալանավայրը,  որտեղ նա բանտարկված էր, կոչվում էր «շերտավորների կալանավայր»։ Այնտեղից շատ հազվագյուտ մարդիկ էին  կենդանի վերադառնում, ուղղակի հուրախություն մեզ`  գորբոչովյան վերակառուցման գործընթացի շնորհիվ Աշոտ Նավասարդյանը վաղաժամկետ ազատվեց։ Ինչպես հայտնի է,  այն ժամանակ սկսել էր նաև նախանշաններ ցույց տալ Արցախյան ազատամարտի գաղափարը։ Բնականաբար մենք` բոլորս, ովքեր  համախմբված էին 1966թ. ստեղծված Ազգային միացյալ կուսակցության  դրոշի ներքո, անդամագրվեցինք զենքի և զինամթերքի կռվի նախապատրաստական աշխատանքներին, քանի որ մեզ քաջ հայտնի էր, որ պայքարը վերջանալու է կռվով, և հաղթելու են նրանք, ովքեր  և՛ հոգեպես, և՛  տեխնիկապես  պատրաստ կլինեն այդ կռվին։ Աշոտ Նավասարդյանի  հետ մենք քննարկում էինք Ազգային միացյալ կուսակցության անունը` հանրությանը ներկայացնելու համար, սակայն  ինչ-ինչ պատճառով համաձայնության չեկանք, և նա ստեղծեց «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կառույցը։  Այդ ժամանակ զբաղված էին բոլորը. ես անձամբ զենքի և զինամթերքի արտադրության ուղղությամբ ծավալային աշխատանք էի տանում, ստեղծում էինք  ջոկատներ։ Երբ ժամանակն անցնում էր, և մենք մեր լուման ներդնում էինք այդ սրբազան գործում, կուսակցություն ստեղծելու անհրաժեշտություն առաջացավ, և գաղափարը Աշոտ Նանվասարդյանին էր։ 1989թ.-ի վերջից արդեն այդ գաղափարը շրջանառվում էր մեր մեջ, և օրերից մի օր  նա զանգահարեց ինձ և ասաց իր այդ մտադրությունների, գաղափարների մասին։ Բնականաբար, այդ ծրագիրը հավանության արժանացավ, և 1990թ. Ապրիլի 2-ին արդեն արդարադատության նախարարության մատյանում կուսակցությունը գրանցվեց։ Սկզբնական շրջանում կուսակցությունը սակավաթիվ էր, սակայն կամաց-կամաց շարքերը համալրվեցին։ Պետք է նշեմ, որ կուսակցության շարքերն էին գալիս հիմնականում անմնացորդ նվիրումով հայ մարդիկ, ովքեր պատրաստ էին կռվելու և իրենց կյանքը նվիրելու ժողովրդին և հայրենիքին։ Արցախյան ազատամարտն արդեն սկսվել էր, և բոլորը, հատկապես  Անկախության բանակն ու ՀՀԿ-ի մարտիկները անդամագրվում էին այդ սրբազան գործին։

-Պարո՛ն  Կարախանյան, իսկ Դուք այն օրերին պատկերացնո՞ւմ էիք, որ ՀՀԿ-ն Հայաստանի քաղաքական կյանքում կունենա այսպիսի մեծ դերակատարություն։

-Իհարկե ո՛չ։ Այն ժամանակ ընդհանրապես չէինք մտածում, որ մեզ պետք է գնահատեն։ Մի բան կար հստակ. մենք այս անգամ պետք է կարողանայինք անել  անկարելին, որպեսզի պատվով դուրս գայինք, և մեր ժողովուրդը ևս մեկ անգամ գաղթի ու ցեղասպանության տարիները շալակին` չգնա օտար աղբյուրներ, օտար ափեր։ Սա էր մեր հիմնական մտահոգությունը։ Գաղափարը, որի շուրջ հավաքված էին մարդիկ, անարգ թշնամուց աշխարհն ազատագրելն էր։

-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀԿ-ի դերը քաղաքական դաշտի կայացման գործում։

-Ես մեկ անգամ մի առիթով ասել եմ` եթե ՀՀԿ-ն ուրիշ բան արած չլիներ, միայն այն, որ կարողացավ ազգային արժեքները պետական մակարդակի վրա դնել, դա արդեն գովելի արարք է։ Նժդեհյան գաղափարներն  ունենալ և հավիտենական արժեքների մասին քարոզել, երիտասարդությանը դաստիարակել… Կարծում եմ` ՀՀԿ-ի դերն ու նշանակությունը հենց այստեղից է սկսվում։

-Տարիների ընթացքում ՀՀԿ-ն հավատարի՞մ է մնացել իր գաղափարախոսությանը։

-ՀՀԿ-ն միշտ հավատարիմ է իր գաղափարախոսությանը, որովհետև ՀՀԿ-ում կա մի կուլիս, որ նրա երդվյալ զինվորներն են այնտեղ հավաքված։ Ինչպես հայտնի է, ՀՀԿ-ն բազմաթիվ մարդկանցով է լցված, իհարկե, չեմ կարող ասել, թե բոլորը գաղափարների համար վառվում են, այրվում են։ Սակայն  մի քանի անգամ ասել եմ, որ վարար գետը, որ սրընթաց գնում է, իր հետ տանում է տիղմ, շինարարական աղբ, ամեն ինչ էլ տանում է, բայց վերջիվերջո նա գնում է մեր շինականի այգին ջրելու, բերք ու բարիք ստեղծելու։

-Ձեզ հատկապես ի՞նչն է գրավել ՀՀԿ-ի գաղափարախոսության մեջ։

-Սերն առ Աստված, առ Հայրենիք։

-Սերնդափոխությունն ինչպե՞ս է կատարվում ՀՀԿ-ում։

-Կարծում եմ` բնականոն ընթացքով, ինչպես մեր հայկական հինավուրց ընտանիքներում. զավակները սկզբում սովորում են, հետո սկսում են հզորանալ, ուժեղանալ, և կամաց-կամաց մեծերը գնում են` իրենց տեղը զիջելով արժանավոր երիտասարդներն, որովհետև նրանք ավյունով ավելի լեցուն են։ Այստեղ մի կարևոր բան կա. երիտասարդը պետք է կարողանա հավատարիմ մնալ այն նվիրումին ու գաղափարներին, որոնք ունեցել են իրենց նախնիները։

-Պարո՛ն Կարախանյան, իսկ սերնդափոխությունը կարո՞ղ է փոխել ՀՀԿ-ի դիմագիծը։

-Ես հեռու եմ այդ մտքից, քանի դեռ կան մարդիկ, ովքեր  բաց աչքերով հետևում են երիտասարդների ընթացքին։ Ես այսօր նման վտանգ չեմ տեսնում։

-Ըստ Ձեզ` ՀՀԿ-ի որ ղեկավարն ինչով էր առանձնանում։

-ՀՀԿ-ի առաջին ղեկավարը` Աշոտ Նավասարդյանը, ազնվագույն, վեհանձն մարդ էր։ Նա կենցաղային հարցերում կարող էր զիջել, որոշ դեպքերում անգամ չմտնել բանավեճի մեջ, սակայն չէր կարողանում հանդուրժել, երբ մարդիկ հայերենով օտարածին գաղափարներ էին ցանկանում սերմանել։ Աշոտ Նավասարդյանը դեռ պատանի հասակից անդամագրվել էր Ազգային միացյալ կուսակցությանը  և մինչև իր մահկանացուն կնքելը հավատարիմ մնաց այդ արժեքային համակարգին։ Հաջորդ ղեկավարը Անդրանիկ Մարգարյանն էր` մարդ, որ փայլում էր իր վերլուծական շնորհով, իր բացառիկ քայլերի շարունակությունը տեսնելու հմտությամբ, մեծ հայրենասեր էր, սիրում էր իր երկիրը։ Նա նաև 7 երկար ու ձիգ տարիներ եղել է ՀՀ վարչապետ և նժդեհյան գաղափարը դրել պետական հիմքերի վրա։ Կարծում եմ` մեր ժողովրդի սերը Անդրանիկ Մարգարյանի հանդեպ մինչև այսօր վառ պահպանվում է։

Ռազմի և հայրենիքի նկատմամբ մեծ նվիրում ուներ ՀՀԿ-ի լիդեր Վազգեն Սարգսյանը։ Բոլորին քաջ հայտնի է, որ նա մահապարտների խումբ ստեղծեց, որը պատվով կատարեց իր առաքելությունը։

Հայրենիքի նկատմամբ անսահման սեր` ահա թե ինչ հատկանիշով եմ բնութագրում նրանց երեքին. սերը, նվիրվածությունը առ հայրենիք բավականին մեծ է, և այսօր ցավալի է, որ նրանք այսօր մեզ հետ չեն։

-Պարո՛ն Կարախանյան, Ձեզ համար` որպես ՀՀԿ անդամի, որո՞նք են երկիրը կառավարելու գլխավոր  սկզբունքները։

-Հայեցի մտածողությունը, ազգի, հայրենիքի, ժողովրդի նկատմամբ սերը… Մենք պետք է մտածենք, որ փոքրիկ Հայաստանը, զրկված լինելով աշխարհից, զրկված լինելով ճանապարհային միջոցներից, ունի հիմնական մարդկային ռեսուրս, որ պետք է գնահատենք, պետք է հայ մարդուն փայփայենք և պետք է սեր սերմանենք քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչների միջև։ Ես  չեմ ընդունում «ներքին թշնամի» ասվածը, դա սարսափելի բան է, և նման բան գոյություն չունի, կարող են լինել ներքին հակառակորդներ, սակայն «ներքին թշնամի» հասկացությունը, կարծում եմ, ապազգային  մտածողություն է։

-Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն պետք է լինի հայ պաշտոնյան։

-Հայ պաշտոնյան, իհարկե,  պետք է լինի առաքինի, մաքրամաքուր, հայրենիքին նվիրված։ Այսինքն` նա պետք է ծառայի, գա իր ուժերը,  գիտելիքները, կամքը դնելու իր հողի և ջրի վրա, որպեսզի մենք ունենանք հզոր Հայաստան։ Վերջինս պետք է լինի անմնացորդ նվիրված  և ունենա  անսահման սեր իր պետության և իր ժողովրդի հանդեպ։                                                          

                                                                                    Հարցազրույցը` Լուսինե Գրիգորյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...