02:46
04/26/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ժամանակակից մեթոդներ և բուժման բարձր արդյունավետություն Ոսկրային պաթոլոգիայի հանրապետական բաժանմունքում

2013-05-13 12:08

                           «Դե Ֆակտո» 72 (2012թ.)

Սերգեյ Սեինյան, Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ոսկրային պաթոլոգիայի հանրապետական բաժանմունքի ղեկավար

1998թ. գործում է Ոսկրային պաթոլոգիայի հանրապետական բաժանմունքը, և մինչև այսօր այն ղեկավարում եմ ես` աշխատելով անընդհատ կատարելագործել մեր աշխատանքը, հետևել ժամանակակից բժշկության նորագույն ձեռքբերումներին։

 

-Բժի՛շկ Սեինյան, խնդրում եմ ներկայացրեք որքա՞ն ժամանակ է գործում ոսկրային պաթոլոգիայի հանրապետական բաժանմունքը և որքա՞ն ժամանակ է, որ Դուք եք ղեկավարում այն։

-Ոսկրային պաթոլոգիան, որպես հասկացություն, ծնվել է նախորդ դարի 70-ական թվականներին։ Խորհրդային Միությունում երկու կամ երեք նման կենտրոններ էին գործում։ Չորրորդը Հայաստանն էր, որտեղ իմ ջանքերով ստեղծվեց Ոսկրային պաթոլոգիայի հանրապետական բաժանմունքը։

-Ի՞նչը պատճառ դարձավ բժշկության հատկապես այս ճյուղի  զարգացմանը Հայաստանում։

-Նախ նշեմ, ոսկրային պաթոլոգիան ընդհանուր ուռուցքաբանության մեջ շատ մեծ տոկոս չի կազմում։ Ընդհանուր ուռուցքների մեջ ոսկրային պաթոլոգիան  կազմում է մոտ 2-2,5 տոկոս, իսկ փափուկ հյուսվածքայինը` 2,5-3 տոկոս։ Սա այնքան էլ մեծ թիվ չէ, բայց բուժման իր ընթացքով,  կազմակերպման եղանակներով բավականին ծանր է և թանկարժեք։

Հայաստանում ոսկրային պաթոլոգիայով տառապող հիվանդների մեծամասնությունը բուժվում էր հիմնականում Ռուսաստանում կամ եվրոպական տարբեր երկրներում։ Նրանց հոսքը բավականին մեծ էր, և բժշկական այս ծառայության պահանջարկը Հայաստանում միանշանակ կար։ 1980-ական թթ. ես աշխատում էի վնասվածքաբանության ինստիտուտում, որտեղ գործում էր ոսկրային պաթոլոգիայի բաժինը, սակայն այն հիմնականում զբաղվում էր  ոսկրային բարորակ ուռուցքների բուժմամբ։ Երբ հիվանդների թիվը մեծացավ, ստիպված եղանք զբաղվելու նաև ոսկրային չարորակ նորագոյացությունների բուժմամբ։ Այդ ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ 1998թ. մենք տեղափոխեցինք Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն` ստեղծելով Ոսկրային պաթոլոգիայի հանրապետական բաժանմունքը։ Մեր կենտրոնն իրոք հանրապետական նշանակություն ուներ, քանի որ հիվանդներին ընդունելուց, բուժելուց բացի, մենք նաև խորհրդատվական շատ մեծ օգնություն էինք ցուցաբերում երկրի բոլոր բուժհիմնարկներին։

Ժամանակի ընթացքում մեզ այցելող հիվանդների շրջանակն ավելի  մեծացավ, նման խնդիրներ ունեցող բոլոր հիվանդներն արդեն դիմում էին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ոսկրային պաթոլոգիայի հանրապետական բաժանմունք։

Այսպիսով, 1998թ. գործում է Ոսկրային պաթոլոգիայի հանրապետական բաժանմունքը, և մինչև այսօր այն ղեկավարում եմ ես` աշխատելով անընդհատ կատարելագործել մեր աշխատանքը, հետևել ժամանակակից բժշկության նորագույն ձեռքբերումներին։

-Ի՞նչ հաջողությունների է հասել կենտրոնը տասնչորս տարիների ընթացքում։

-Տասնչորս տարիների ընթացքում մենք հաստատել ենք մեր իրավունքը իրականացնել նման գործունեություն` լիովին պատասխանատվություն կրելով մեր աշխատանքի համար։ Կարծում եմ` մեր ոլորտում սա շատ կարևոր ձեռքբերում է, որից հետո արդեն կարելի է խոսել այլ ձեռքբերումների մասին։ 

Նշված տարիների ընթացքում խորացնելով մեր գիտելիքները` մենք ընդլայնել ենք մեր մատուցած ծառայությունների քանակը` հիվանդներին ցուցաբերվող օգնությունը, հիվանդությունների բուժումը դարձնելով համակարգային, համալիր ծառայությունների շրջանակներում։ Այսօր Ոսկրային պաթոլոգիայի հանրապետական բաժանմունքը զբաղվում է ոսկրային և հոդային բոլոր պաթոլոգիաներով, ինչպես նաև փափուկ հյուսվածքային հիվանդությունների բուժմամբ։ Այսինքն` մենք զբաղվում ենք բոլոր այն հիվանդությունների բուժմամբ, որոնք կապված են հենաշարժական ապարատի հետ։

Պետք է նշեմ, որ նման խնդիրներով զբաղվում է ոչ միայն մեր բաժանմունքը, այլ նաև այլ կենտրոններ, սակայն մեր առավելությունն այն է, որ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ոսկրային պաթոլոգիայի հանրապետական բաժանմունքում գործում է համակարգային մոտեցում, անցկացվում են այնպիսի  լայնածավալ հետազոտություններ, որոնք դժվար թե  որևէ այլ բուժկենտրոնում անցկացվեն։

2005թ. «Կոչում» մրցանակաբաշխությանը մեր բաժանմունքը հաղթող ճանաչվեց «Մարդու կյանքը փրկած եզակի վիրահատություն» անվանակարգում։

Այս տարիների ընթացքում մենք նաև ամրապնդեցինք մեր կապերը արտասահմանյան տարբեր բուժկենտրոնների հետ։ Մեզ շատ լավ ճանաչում են նախկին Խորհրդային Միության և այլ երկրներում։ Մենք մշտապես մասնակցում ենք եվրոպական և այլ երկրներում կազմակերպվող կոնֆերանսներին, նյութեր ենք տպագրում մասնագիտական հայտնի ամսագրերում։ 2011թ. հոկտեմբերին Ղազախստանի առողջապահության նախարարության հրավերով ես և իմ բժիշկները մեկնեցինք Ալմա-Աթա և «Մաստեր Կլաս» անցկացրեցինք իրենց մասնագետների համար։ Թեև ես դա ավելի հակված եմ անվանել փորձի փոխանակում, գիտելիքների, հմտությունների կատարելագործում։  Նման փոխադարձ այցերը մեր աշխատանքի մի մասն են կազմում։

-Բժի՛շկ Սեինյան, բուժման ինչպիսի՞ հնարավորություններ են ստեղծված Ձեր բաժանմունքում բարորակ և չարորակ նորագոյացությունների բուժման համար, և արդյո՞ք բարորակ նորագոյացության դեպքում պարտադիր է բուժում ստանալը։

-Նախ նշեմ, որ բուժումը յուրաքանչյուր հիվանդի համար նշանակվում է անհատական սկզբունքով։ Նախ հիվանդն անցնում է լայնածավալ հետազոտությունների փուլը, որից հետո արդեն բժիշկը նշանակում է բուժում։ Հետազոտություններն անցկացվում են ժամանակակից բժշկական սարքավորումների օգնությամբ, որոնք ապահովում են հետազոտության առավելապես ճշգրիտ պատկեր։ Եթե բարորակ նորագոյացություն է, ապա այն մանրամասն հետազոտվում է` հայտնաբերելու դրա տեսանելի և անտեսանելի վտանգները։ Երբեմն վտանգ չներկայացնող բարորակ նորագոյացության ճիշտ հետազոտությունից հետո պարզվում է, որ այն  այդքան էլ բարորակ չէ։ Այնպես որ, երբեք չի կարելի նույնիսկ բարորակ նորագոյացությունը անտարբերության մատնել, քանի որ այն կարող է անսպասելի կերպով վնաս հասցնել մարդուն։ Եթե չարորակ նորագոյացության հետ գործ ունենք, ապա այն պետք է բուժվի նաև Ուռուցքաբանության կենտրոնում, որովհետև մեր հիվանդները կարիք ունեն համակարգային և մեկտեղված բուժման։ Այս պարագայում խոսքը ոչ միայն վիրահատության մասին է։ Նրանք ստանում են  քիմիաթերապիա, որը լինում է և՛ նախավիրահատական, և՛ հետվիրահատական։ Կա նաև ճառագայթային բուժում, որը նորից անցկացվում է նախավիրահատական և հետվիրահատական ժամանակահատվածում։

Մեր խնդիրն է յուրաքանչյուր հիվանդի համար գտնել բուժման այն տարբերակն ու փուլային հերթականությունը, ինչը կապահովի հիվանդության բուժման բարձր արդյունավետությունը։  Ցավոք, գործող այլ բուժկենտրոններում ոչ միշտ է կարևորվում ճիշտ հերթականությունն ընտրելու հանգամանքը, ինչը հանգեցնում է հիվանդության բարդացած դեպքերի թվի ավելացմանը։ Այդ մասին է վկայում վիճակագրությունը. Հայաստանում բավականին շատ է ուշացած, բարդացած դեպքերի քանակը, ինչը ոչ միայն հենց իրենց` հիվանդների անհետևողականության արդյունքն է, այլ նաև պոլիկլինիկաներում կամ տարբեր բուժկենտրոններում տեղամասային թերապևտի կամ վիրաբույժի մոտեցումներում «օնկոլոգիական զգոնություն» հասկացության պակասը։ Կարծում եմ` ավելի լավ է հիվանդը մեզ մոտ հետազոտվի և համոզվի, որ իր մոտ առկա է կամ  չկա որևէ նորագոյացություն, հետո որոշում կայացնի որտեղ և ինչպիսի բուժում ստանալ, քան  մեզ այցելի վիրահատությունից կամ որևէ ավանդական բուժում ստանալուց հետո և պարզվի, որ գործ ունենք ուռուցքի հետ։ Այդ պարագայում մեզ և նաև պետության համար (ֆինանսական առումով) ավելի  դժվար է  օգնել հիվանդին, քանի որ  որքան բարդացած է խնդիրը, այնքան ավելի թանկ է և դժվար օգնել հիվանդին։

Ինչպես ինձ են սովորեցրել, այնպես էլ ես եմ սովորեցնում իմ երիտասարդ բժիշկներին՝ առաջին հերթին ժխտեք ուռուցքի առկայությունը, այնուհետև կարող եք հանգիստ խորհուրդ տալ հիվանդին զբաղվել որևէ բուժմամբ։

-Եթե հիվանդի մոտ առկա է չարորակ ուռուցք ծնկային հոդում, ապա ինչպիսի՞ բուժում է առաջարկում Ձեր բաժանմունքը։

-Եթե հիվանդի մոտ առկա է ծնկային հոդի չարորակ ուռուցք, ապա ծունկը կամ պետք է ամբողջությամբ հեռացվի, կամ տեղադրվի, այսպես կոչված, արհեստական ծունկ։ Ցավոք, մեր երկրի սոցիալ-տնտեսական պայմանները պետությանը թույլ չեն տալիս բոլոր հիվանդներին  ապահովել արհեստական հոդերով, քանի որ դրանք բավականին թանկ են։ Վերջերս մենք նման վիրահատություն արեցինք, որն արժեցավ 7.500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։

Նշեմ, որ մեր բաժանմունքը  բավականին մեծ փորձառություն ունի  ծնկային հոդի, նաև ազդրոսկրի, ուսոսկրի ամբողջական  փոփոխության վիրահատությունների անցկացման։

-Արհեստական հոդերը ո՞ր երկրներից  եք ձեռք բերում։

-Արհեստական հոդերը մենք պատվիրում ենք եվրոպական երկրների համապատասխան կենտրոններից։ Դրանք թանկարժեք մետաղներից են պատրաստվում, որի հնարավորությունն ունեն միայն զարգացած և հարուստ երկրները։ Մենք հիմնականում աշխատում ենք  Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Չեխիայի, երբեմն նաև Ռուսաստանի բուժկենտրոնների հետ։ Նշեմ, որ եվրոպական երկրներում արդեն դարեր շարունակ զբաղվում են այդ գործունեությամբ։

-Որո՞նք են ոսկրային պաթոլոգիայի առաջացման պատճառները։

-Առաջինը, իհարկե, ժառանգականությունն է։ Որոշ ժամանակ առաջ  տեսակետ կար, որ վնասվածքն է պաթոլոգիայի առաջացման պատճառ  դառնում, սակայն կարճ ժամանակ անց հերքվեց այդ տեսակետը, քանի որ այդ դեպքում ամեն երկրորդ վնասվածք պետք է հանգեցներ  չարորակ ուռուցքի առաջացման։ Պարզապես վնասվածքը խթանում է  մինչ այդ  առկա ուռուցքի  զարգացումը։ Հիվանդները հիմնականում ուռուցքի առաջացումը կապում են վնասվածքի հետ, քանի որ ոսկրային ուռուցքի առկայությունը չեն զգում։ 

-Դուք մեծ համբավ ունեք ՀՀ-ում և դրա սահմաններից դուրս։ Արդյո՞ք հետնորդներ ունեք, որոնք կշարունակեն Ձեր գործը։

-Կարծում եմ` իմ առջև դրված խնդիրը ես կատարում եմ, իսկ յուրաքանչյուր մասնագետ, որ ծառայություն է ստեղծում, պարտավոր է  իրենից հետո դպրոց թողնել` մասնագետներ, ովքեր կշարունակեն իր գործը։ Ես ունեմ հրաշալի երիտասարդ մասնագետներ, որոնք այսօր ի  զորու են ինքնուրույն  ստեղծել նման ծառայություն և ղեկավարել այն։  Երբ ես բացակայում եմ երկրից կամ արձակուրդում եմ գտնվում,  բաժանմունքը ակտիվորեն աշխատում է առանց ինձ` իմ պատրաստած բժիշկների շնորհիվ։ Մի քանի վիրահատություն կա միայն, որոնց պարագայում իմ ներկայությունը պարտադիր է։ 

Մեր մասնագետները տարին մեկ անգամ մեկնում են Ավստրիա և այնտեղի բուժկենտրոններում ծանոթանում նորագույն մեթոդներին, փորձի փոխանակում իրականացնում, և նոր մեթոդները ներդնում մեր բժշկության մեջ։

Ավելացնեմ նաև, որ հատուկ մեր բաժանմունքի համար պատրաստվել է ռենտգենոլոգ, քիմիաթերապևտ, ովքեր մասնագիտացած են հատկապես ոսկրային պաթոլոգիայի ուղղությամբ, քանի որ յուրաքանչյուր պաթոլոգիա ունի իր առանձնահատկությունը։  

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...